Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1169-15.02.2017-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  955-րդ հոդվածի 2-րդ մասը, 958-րդ հոդվածի 2-րդ մասը, 960-րդ, 961-րդ հոդվածները, 962-րդ հոդվածի 4-րդ մասը, 963-ից 965-րդ եւ 967-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 954-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գույքի հավատարմագրային կառավարման ժամկետները սահմանվում են հավատարմագրային կառավարման պայմանագրով, եթե գույքի առանձին տեսակների համար օրենքով սահմանված չեն պայմանագրի գործողության նվազագույն կամ առավելագույն ժամկետներ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 955-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հավատարմագրային կառավարման օբյեկտ կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում՝ գույքային իրավունք»:

Հոդված 4. Օրենսգրքի 966-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) պայմանագրից կառավարման հիմնադրի հրաժարվելու` հավատարմագրային կառավարչին այդ կապակցությամբ պայմանագրով պայմանավորված գումարը վճարելու պայմանով.».

2) 6-րդ կետում «կառավարման հիմնադիր-քաղաքացուն» բառերը փոխարինել «կառավարման հիմնադրին» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետ.

«7) հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը լրանալու:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի առավելագույն ժամկետ է սահմանված 5 տարին:

Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացի կազմակերպման հետ կապված Հայաստանի Հանրապետության փորձը վկայում է, որ գույքի (ներառյալ պետական գույքի եւ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների բաժնետոմսերի) հավատարմագրային կառավարումը ստանձնելու հավակնություն ունեցող անձինք ցանկանում են երաշխիքներ ունենալ, որ իրենց կողմից կատարված ներդրումները.

1) կհատուցվեն,

2) շահութաբեր կլինեն,

3) թույլ կտան պայմանագրով սահմանված երկարատեւ (5 տարվանից ավելի) ժամանակահատվածում իրականացնել տվյալ գույքի (կամ կազմակերպության բաժնետոմսերի) կառավարումը:

Անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրային կառավարման պրակտիկան լայնորեն չի տարածվել, թեեւ այն համարվում է կիսամասնավորեցման ձեւերից մեկը, որը թույլ է տալիս գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պահպանմամբ ներգրավել մասնավոր կառավարում: Որպես օրինակներ կարող ենք նշել Հայկական ատոմային էլեկտրակայանը, Հայփոստը:

Ուստիեւ, ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից կարեւոր է, որպեսզի բացառվեն գույքի հավատարմագրային կառավարմանը վերաբերող այն դրույթները, որոնք անհամաչափ սահմանափակումներ են մտցնում տնտեսվարող սուբյեկտերի համար:

Հետեւաբար, անհրաժեշտ է գույքի հավատարմագրային կառավարմանը վերաբերող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ վերացնելով գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի առավելագույն ժամկետը՝ նշելով, որ գույքի հավատարմագրային կառավարման ժամկետները սահմանվում են պայմանագրով, իսկ գույքի առանձին տեսակների հավատարմագրային կառավարմանը վերաբերող պայմանագրերի համար օրենքով կարող են սահմանվել նվազագույն կամ առավելագույն ժամկետներ:

Անհրաժեշտ է հստակեցնել հավատարմագրային կառավարման օբյեկտը, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել գույքի հավատարմագրային կառավարման գլխում այն դրույթները, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներում կարգավորված են կամ անհարկի ծանրաբեռնում են հավատարմագրային կառավարման գործընթացը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է վերացնել գույքի հավատարմագրային կառավարման գործարքի կնքման ժամկետային սահմանափակումը, ուժը կորցրած ճանաչել կրկնվող դրույթը, ինչպես նաեւ գույքի հավատարմագրային կառավարմանը վերաբերող այն դրույթները, որոնք կամ կարգավորված են ՀՀ օրենսգրքի ընդհանուր դրույթներով կամ պետք է  կարգավորվեն բացառապես կողմերի հայեցողությամբ՝ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը խթան կհանդիսանա գույքի հավատարմագրային կառավարման հանձնելու իրավահարաբերությունների ակտիվացման համար, ինչպես նաեւ կնպաստի  ներդրումային միջավայրի զարգացմանը:

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է փոփոխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 958-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման ժամկետը՝ նախատեսելով, որ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մինչեւ քառասունինը տարի ժամկետով:

Նախագծով առաջարկվող կարգավորումը հարկ ենք համարում համակարգային կապի մեջ դիտարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրին վերաբերող դրույթների, ինչպես նաեւ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնավորումների հետ: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով մեկ կողմը (կառավարման հիմնադիրը) որոշակի ժամկետով գույք է հանձնում մյուս կողմի (հավատարմագրային կառավարչի) հավատարմագրային կառավարմանը, իսկ մյուս կողմը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ կառավարման հիմնադրի կամ նրա նշած անձի (շահառուի): Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում հավատարմագրային կառավարչին դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման: Այսպիսով, վերոշարադրյալ իրավակարգավորումից բխում է, որ գույքի հավատարմագրային կառավորումը չի ենթադրում սեփականության իրավունքի փոխանցում, եւ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը կոչված չէ «երաշխավորելու» հետագայում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում: Հակառակը. գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի հասկացությունից պարզ է դառնում, որ այն կրում է ժամանակավոր բնույթ,  ուստի պարզ չէ հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, ըստ որի՝ հավատարմագրային կառավարման ինստիտուտի զարգացմանը խոչընդոտող հանգամանք է նաեւ այն, որ կառավարիչը «ցանկանում է երաշխիք ունենալ, որ իրեն հետագայում թույլ կտան ձեռք բերել այդ գույքը կամ շարունակել այդ գույքի կառավարումը:»:

Ինչ վերաբերում է գույքի հետագա կառավարումը շարունակելու հնարավորությանը, ապա հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է համապատասխան իրավակարգավորում գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ, համաձայն որի՝ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, այն դադարեցնելու մասին կողմերից որեւէ մեկի դիմումի բացակայության դեպքում, պայմանագիրը համարվում է երկարաձգված այն ժամկետով եւ պայմաններով, որոնք նախատեսված են պայմանագրով: Հարկ է նշել, որ նախագծով առաջարկվում է հրաժարվել սույն կարգավորումից, մինչդեռ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված չեն համապատասխան վերլուծություններ, տվյալներ, ինչը հնարավորություն կտար գնահատելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 958-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված կարգավորումը հանելու նպատակահարմարությունը: Այս առումով, նախագծի հիմնավորումը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 42 արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 13 արձանագրային որոշմանը, որով առավել խիստ պահանջներ են ներկայացվում նորմատիվ իրավական ակտերի հիմնավորումներին՝ նկատի ունենալով այդ ակտերով կարգավորվող հարաբերությունների կարեւորությունը:

Բացի այդ, նախագծով առաջարկվող կարգավորումից եւ կից ներկայացված հիմնավորումից տպավորություն է ստեղծվում, որ նախագծի հեղինակները գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը դիտարկել են բացառապես պետական սեփականություն հանդիսացող գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու համատեքստում, մինչդեռ քաղաքացիական օրենսգրքի քննարկվող կանոնակարգումները վերաբերում են սեփականության բոլոր ձեւերին, որպիսի հանգամանքը, կարծես թե, հաշվի չի առնվել նախագծում: Ասվածն ամրապնդվում է նրանով, որ նախագծի հիմնավորման մեջ խոսվում է պայմանագրային պարտավորությունների կատարման մշտական մոնիտորինգի մասին, ինչը, բնականաբար, չի կարող վերաբերվել մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրերին:

Անդրադառնալով այն հարցին, որ նախագծով առաջարկվող կարգավորումը պայմանավորված է այնպիսի երաշխիք նախատեսելու անհրաժեշտությամբ, որ գույքի հավատարմագրային պայմանագրի կնքումը կառավարիչների համար լինի շահութաբեր եւ վերջիններս կհատուցվեն, հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 965-րդ հոդվածի համաձայն՝ հավատարմագրային կառավարիչն ունի գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված վարձատրություն, ինչպես նաեւ գույքի հավատարմագրային կառավարման ընթացքում իր կատարած անհրաժեշտ ծախսերի հատուցում ստանալու իրավունք` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների հաշվին: Իսկ վարձատրության վերաբերյալ պայմանները, ինչպես եւ ամբողջ պայմանագիրը՝ որպես կողմերի ազատ կամահայտնության արդյունք, նախատեսվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւ պայմանագրի կատարման ընթացքում պայմանագրի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը համապատասխան կողմի համար առաջացնում է իրավական հետեւանքներ: Այլ կերպ ասած, գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի կողմ հանդիսացող կառավարչի համար գործող օրենսդրությամբ ապահովված են վերջինիս իրավունքների եւ շահերի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ իրավական մեխանիզմները: Հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ այն հանգամանքին, որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված միջազգային փորձը վկայում է, որ տարբեր երկրներում գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետները  տարբեր են, իսկ առանձին ոլորտային օրենքներ, տվյալ բնագավառի առանձնահատկություններից ելնելով, նախատեսում են պայմանագրի կնքման տարբեր ժամկետներ: Այս առումով, հարց է առաջանում, թե որն է պայմանագրի հենց նախագծով առաջարկվող ժամկետը նախատեսելու հիմնավորվածությունը, որի վերաբերյալ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված չեն համապատասխան տեղեկություններ:

Առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ մեր մտավախությունը ամրապնդվում է նաեւ այն հանգամանքով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 958-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ նախատեսում է գույքի առանձին տեսակների համար օրենքով պայմանագրի կնքման այլ սահմանային ժամկետներ սահմանելու, այսինքն՝ առանձին դեպքերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետ նախատեսելու հնարավորությունը, ինչն էլ իր արտացոլումն է գտել, օրինակ, ՀՀ անտառային օրենսգրքի 54-րդ հոդվածում:

Ինչ վերաբերում է նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով առաջարկվող փոփոխությանը, ըստ որի՝ ՀՀ կառավարության որոշումներով կարող են սահմանվել պետական գույքի առանձին տեսակների հավատարմագրային կառավարման հանձնելու առանձնահատկությունները եւ կարգը, ապա այս առումով, կրկին հարկ ենք համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 958-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝  հավատարմագրային կառավարմանը փոխանցվող գույքի առանձին տեսակների համար օրենքով կարող են սահմանվել պայմանագրի կնքման այլ սահմանային ժամկետներ: Այսինքն՝ առանձին տեսակի գույքի առանձնահատկություններից ելնելով, ինչպես, օրինակ, ՀՀ անտառային օրենսգրքի 54-րդ հոդվածում  սահմանվում է քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետ՝ որպես գույքի առանձին տեսակի հավատարմագրային կառավարման առանձնահատկություն, ուստի պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ են նախագծի հեղինակները գույքի առանձին տեսակի հավատարմագրային կառավարման հանձնելու առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը վերապահում ՀՀ կառավարությանը, այլ ոչ թե օրենսդրին:

Ինչ վերաբերում է նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված այն մտքին, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի «Հիսուն եւ ավելի տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» N 515-Ն «որոշմամբ սահմանված են բավականին խիստ պայմաններ, որոնց կատարման համար անհրաժեշտ է վստահություն ունենալ պայմանագրի երկարաժամկետ բնույթի մասին», ապա նման տրամաբանությամբ ուղղորդվելու դեպքում անհրաժեշտ կլինի հրաժարվել նաեւ, օրինակ, քաղաքացիական օրենսգրքի 966-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգավորումից, համաձայն որի՝ բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարում է նաեւ որպես հետեւանք՝ պայմանագրից կառավարման հիմնադրի հրաժարվելու` հավատարմագրային կառավարչին պայմանագրով պայմանավորված վարձատրությունը վճարելու պայմանով: Միաժամանակ, հարկ է նշել, որ ի կատարումն ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N ՆԿ-96-Ա կարգադրության 6.1.-րդ կետի՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ որպես հիշյալ կետով նախատեսված միջոցառման պատասխանատու մարմին, իրականացվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համալիր փոփոխությունների աշխատանքներ: Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտ է դիտարկել ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նախագծերի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 


ՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:  


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման


1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական  հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման  


«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է երկարաձգել գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի առավելագույն ժամկետը` սահմանելով նախկինում նախատեսված հինգ տարի ժամկետի փոխարեն` քառասունինը տարի, ինչպես նաեւ ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել պետական գույքի առանձին տեսակների հավատարմագրային կառավարման հանձնելու առանձնահատկությունները եւ կարգը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման առավելագույն ժամկետը սահմանել մինչեւ 49 տարի` ներկայումս նախատեսված մինչեւ 5 տարի ժամկետի փոխարեն, որը տնտեսավարող սուբյեկտներին գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու խթան կհանդիսանա` նպաստելով մասնագիտացված կառավարիչների եւ երկարաժամկետ ներդրումների ներգրավման շնորհիվ տնտեսավարող սուբյեկտների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի դրական ազդեցություն: