Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1147-13.01.2017,02.03.2017-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն կազմակերպելու եւ իրականացնելու, փաստաբանական մասնագիտական միավորում ստեղծելու եւ այն կառավարելու, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու կարգերը, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեության հետ կապված այլ հարաբերություններ։»։

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունը «քաղաքացիական դատավարության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) այն դեպքերի, երբ անձը վճարովի կամ անվճար հիմունքներով ներկայացնում է այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի քսան եւ ավելի տոկոս բաժնետոմսերը կամ բաժնեմասը պատկանում է իրեն կամ իր մերձավոր ազգականին (ազգականներին):»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետում «փաստաբանների պալատի նախագահին, խորհրդի անդամներին եւ սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձանց» բառերը փոխարինել «փաստաբանների պալատի նախագահին եւ փաստաբանների պալատի խորհրդի անդամներին» բառերով.

2) 4-րդ մասից հանել «եւ սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձանց» բառերը.

3) լրացնել նոր՝ 11-րդ մաս.

«11. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի նիստի օրակարգի, նրա աշխատանքը սկսվելու օրվա, ժամի (հեռակա քվեարկության դեպքում` տեւողության), ինչպես նաեւ տեղի (վայրի) մասին փաստաբանները ծանուցվում են առնվազն տասն օր առաջ՝ փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում եւ առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում հրապարակվելու միջոցով։»։

Հոդվածի 5. Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասում «Փաստաբանների պալատի նախագահի, փաստաբանների պալատի խորհրդի անդամների եւ սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձանց» բառերը փոխարինել «Փաստաբանների պալատի նախագահի եւ փաստաբանների պալատի խորհրդի անդամների» բառերով:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը լրացնել նոր նախադասություններով՝

«Փաստաբանների պալատի խորհրդի անդամ կարող է ընտրվել առնվազն երկու տարվա փաստաբանական ստաժ ունեցող փաստաբանը։ Սույն օրենքի իմաստով փաստաբանական ստաժ է համարվում փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալուց հետո մինչեւ դրա դադարումն ընկած ժամանակահատվածը, որի մեջ չի ներառվում փաստաբանի գործունեության արտոնագրի գործողության կասեցված լինելու ժամանակահատվածը:».

2) 5-րդ մասում՝

ա. 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) փաստաբանների պալատի նախագահի կամ խորհրդի անդամի առաջարկով՝ իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների եւ իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաեւ նույն կարգով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք է տալիս նախագիծ մշակող մարմիններին.»։

բ. 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8) հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ հաստատում եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը)` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.».

գ. լրացնել նոր 14.1-րդ կետ.

«14.1) սահմանում է փաստաբանների կողմից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անվանումը եւ խորհրդանիշն օգտագործելու կարգը».

3) 7-րդ եւ 8-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝

«7. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը կարող են անցկացվել նիստին խորհրդի անդամների ներկա գտնվելու կամ հարցման միջոցով։ Փաստաբանների պալատի խորհրդի անդամները նիստերին մասնակցում են անձամբ:

Փաստաբանների պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է (այդ թվում՝ հարցման միջոցով) անդամների առնվազն կեսը:

8. Հարցման միջոցով նիստն անցկացնելու համար փաստաբանների պալատի խորհրդի նախագահը խորհրդի սահմանած կարգով եւ ժամկետում խորհրդի անդամներին է ուղարկում հարցման ծանուցումը, այդ թվում՝ օրակարգի հարցերը, ինչպես նաեւ առաջարկվող որոշումների նախագծերը եւ նյութերը։ Խորհրդի անդամները խորհրդի սահմանած կարգով եւ ժամկետում խորհրդի նախագահին եւ անդամներին են ուղարկում իրենց դիրքորոշումը (կողմ կամ դեմ)՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։».

4) լրացնել նոր՝ 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ եւ 13-րդ մասեր.

«9. Հարցման միջոցով չի թույլատրվում խորհրդի նիստն անցկացնել սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերում նշված հարցերով:

10. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ հարցման միջոցով խորհրդի համապատասխան որոշումը համարվում է ընդունված, եթե հարցման վերաբերյալ դիրքորոշում հայտնած խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը կողմ է արտահայտվել որոշումն ընդունելու վերաբերյալ։

11. Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները ստորագրում է փաստաբանների պալատի խորհրդի նախագահը։

12. Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասի:

13. Փաստաբանների պալատի աշխատակից հանդիսացող խորհրդի անդամը խորհրդի անդամի իր լիազորություններն իրականացնելիս անկախ է փաստաբանների պալատի նախագահից եւ այլ աշխատակիցներից։ Փաստաբանների պալատի աշխատակից հանդիսացող խորհրդի անդամները չեն կարող խորհրդում մեծամասնություն կազմել»:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրված հինգ անդամ, որոնցից մեկը նույն կարգով նշանակվում է որակավորման հանձնաժողովի նախագահ».

2) լրացնել նոր՝ 7-րդ մաս.

«Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է բողոքարկվել փաստաբանների պալատի խորհրդին կամ դատարան` այդ որոշման ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում:»:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասում՝

ա. 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7) սահմանում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը, այդ թվում աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները.».

բ. 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«10) սույն օրենքով նախատեսված դեպքերում ուժը կորցրած է ճանաչում փաստաբանի արտոնագիրը.».

գ. 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13) կազմում եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում անվճար իրավաբանական օգնության տրամադրման փոխհատուցման ֆինանսական հայտերը.».

2) լրացնել նոր՝ 12-րդ մաս.

«Փաստաբանների պալատի նախագահի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում:».

3) լրացնել նոր՝ 13-րդ մաս.

«Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարը փաստաբանների պալատի նախագահի գրավոր որոշման հիման վրա իրականացնում է փաստաբանների պալատի նախագահի` աշխատակազմի կառավարման լիազորություններից բխող գործողությունները»:

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 15. Փաստաբանների պալատի գույքը եւ բյուջեն

1. Փաստաբանների պալատի գույքը ձեւավորվում է փաստաբանների հավակնորդների մուտքավճարներից, փաստաբանների անդամավճարներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներից։

2. Փաստաբանների պալատի խորհուրդը հերթական տարվա համար հաստատում է փաստաբանների պալատի բյուջեն (առանց հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող գումարների եւ ծախսերի)՝ հաշվետու տարվան նախորդող տարվա վերջին եռամսյակում։

3. Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հերթական տարվա բյուջեն չհաստատվելու դեպքում՝ փաստաբանների պալատը գործում է հաշվետու տարվան նախորդող տարվա բյուջեով, մինչեւ նոր բյուջեի հաստատումը»։

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «,բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված լիազորությունների» բառերը:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1. Փաստաբան է այն անձը, որն ունի իրավաբանի (բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի) որակավորում եւ ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար: Փաստաբանի կարգավիճակը հաստատվում է փաստաբանների պալատի կողմից տրված արտոնագրով եւ վկայականով։»։

2) 4-րդ մասում «այլ» բառը փոխարինել «ցանկացած» բառով.

3) լրացնել նոր՝ 10-րդ մաս.

«Փաստաբանների պալատի հետ փոխհարաբերություններում փաստաբանը համարվում է իր հետ կապված գործընթացի վերաբերյալ պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, եթե ծանուցումն ուղարկվել է նրա էլեկտրոնային փոստի հասցեով, եւ առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում: Եթե փաստաբանը չունի էլեկտրոնային հասցե եւ փոստային ծառայության միջոցով հնարավոր չէ ծանուցել փաստաբանին կամ սույն մասին համապատասխան ծանուցագիր ուղարկող Փաստաբանների պալատի աշխատակիցը կամ մարմինը եռօրյա ժամկետում չի ստանում ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստում, կամ ծանուցագիրը փոստային կապի միջոցով ուղարկելուց հետո՝ տասնչորսերորդ օրը, հետադարձ ծանուցում չի ստացվում (այսուհետ՝ ծանուցումն ապահովելը չի հաջողվում), ապա ծանուցումը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում: Տվյալ դեպքում փաստաբանը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումը տեղադրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:»:

Հոդված 12. Օրենքի 17.1-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին նախադասությունից հանել «փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով» բառերը.

2) լրացնել նոր՝ 3-րդ եւ 4-րդ մասեր.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով հավատարմագրված այլ պետության փաստաբանի կարգավիճակը հավասարեցվում է փաստաբանի կարգավիճակին, որն օգտվում է փաստաբանի բոլոր իրավունքներից՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, եւ կրում է բոլոր պարտականությունները։

4. Այլ պետության փաստաբանն իրավունք չունի մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, այդ թվում` հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին, ընտրելու եւ ընտրվելու պալատի մարմիններում եւ փաստաբանների պալատի նախագահ:»:

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) մուծել փաստաբանների պալատի խորհրդի սահմանած չափով եւ ժամկետում անդամավճար յուրաքանչյուր հաջորդ մեկ տարվա համար՝ կանխավճարի կարգով, եթե վճարման այլ կարգ նախատեսված չէ փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ: Փաստաբանը փաստաբանի գործունեության արտոնագիրը ստանալուց հետո առաջին մեկ տարվա ընթացքում փաստաբանի անդամավճարի կանխավճարները փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով վճարում է եռամսյակային կտրվածքով.».

2) լրացնել նոր՝ 9-րդ եւ 10-րդ կետերով.

«9) փաստաբանների պալատի աշխատակազմին տրամադրել իր բնակության կամ գործունեության վայրի հասցեի եւ էլեկտրոնային փոստի հասցեի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքի համար անհրաժեշտ լուսանկար.

10) իր բնակության կամ գործունեության վայրի հասցեի կամ էլեկտրոնային փոստի հասցեի յուրաքանչյուր փոփոխության մասին մեկ ամսվա ժամկետում տեղեկացնել փաստաբանների պալատի աշխատակազմին՝ փաստաբանների պալատի հետ կապն ապահովելու, ինչպես նաեւ նրա անձնական գործում եւ փաստաբանների ցուցակում տվյալ փոփոխությունները ներառելու նպատակով: Սույն կետում նշված փոփոխությունների մասին փաստաբանների պալատին չտեղեկացնելու դեպքում` նախորդ հասցեով ուղարկված ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում:»:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաեւ եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի՝ վեճի առարկային առնչվող շահերից բխող որոշման ընդունումը, արբիտր կամ հաշտարար.».

2) 3-րդ կետում « տվյալ անձի գործի քննությանը» բառերը փոխարինել «տվյալ գործի քննությանը» բառերով.

3) լրացնել նոր՝ 5-րդ կետ.

«5) պետք է ներկայացնի վստահորդի շահերը ընդդեմ փաստաբանների պալատի, եթե իրավաբանական օգնություն տրամադրելու պահին փաստաբանը հանդիսանում է կամ նախորդող 5 տարիների ընթացքում հանդիսացել է փաստաբանների պալատի խորհրդի կամ որակավորման հանձնաժողովի անդամ, կամ փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատող»:

Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 26. Փաստաբանական գործունեության կազմակերպական-իրավական ձեւերը

1. Փաստաբանը փաստաբանական գործունեությունը՝ որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար կարող է հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր կամ ընտրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով առեւտրային կազմակերպության համար նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ (այսուհետ՝ փաստաբանական կազմակերպություն)։

2. Փաստաբանական կազմակերպությունները օգտվում են սույն օրենքով սահմանված փաստաբանի երաշխիքներից եւ փաստաբանի իրավունքներից, բացառությամբ դատավարական այն իրավունքների, որոնք կարող է իրականացնել միայն ֆիզիկական անձ հանդիսացող փաստաբանը: Փաստաբանական կազմակերպությունները կրում են նաեւ փաստաբանի պարտականությունները այնքանով, որքանով այդ պարտականություններն իրենց էությամբ կիրառելի են իրավաբանական անձանց համար։

3. Սույն օրենքի իմաստով փաստաբանական կազմակերպություն է հանդիսանում փաստաբանական գործունեություն իրականացնող այն կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալի հարյուր տոկոսը պատկանում է փաստաբանին (փաստաբաններին): Սույն մասում նշված պահանջներին չհամապատասխանող կազմակերպությունը չի համարվում փաստաբանական կազմակերպություն եւ չի օգտվում փաստաթղթերի եւ տեղեկատվական կրիչների անձեռնմխելիության եւ փաստաբան չհանդիսացող իր աշխատակիցներին որպես վկա հարցաքննելու անձեռնմխելիության երաշխիքներից, ինչպես նաեւ իր անվանման մեջ «փաստաբան» բառն (դրա բոլոր հոլովաձեւերը կամ այդ բառը ներառող բառակապակցություններն) օգտագործելու իրավունքից։

4. Փաստաբանական կազմակերպության մասնակից փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու դեպքում, տվյալ անձը կարող է երեք ամսվա ընթացքում իր մասնաբաժինը կառավարման տրամադրել այլ փաստաբանի եւ կառավարման պայմանագրի պատճենը ներկայացնել փաստաբանների պալատին։

5. Փաստաբանական կազմակերպության մասնակից փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու դեպքում, տվյալ անձը կարող է երեք ամսվա ընթացքում իր մասնաբաժինը օտարել այլ փաստաբանի եւ մասնաբաժնի փոխանցման համապատասխան փաստաթղթի պատճենը ներկայացնել փաստաբանների պալատին։

6. Փաստաբանական կազմակերպության մասնակից փաստաբանի մահվան կամ օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչվելու դեպքում, տվյալ փաստաբանի ժառանգը կարող է երեք ամսվա ընթացքում ժառանգաբար իրեն հասաց մասնաբաժինը օտարել այլ փաստաբանի եւ մասնաբաժնի փոխանցման համապատասխան փաստաթղթի պատճենը ներկայացնել փաստաբանների պալատին։

7. Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, եւ 6-րդ մասերում նշված ժամկետում փաստաբանների պալատին համապատասխան փաստաթուղթը չներկայացնելու դեպքում, կազմակերպությունը համարվելու է փաստաբանական կազմակերպության կարգավիճակից զրկված՝ սույն հոդվածում նշված իրավական հետեւանքներով։

8. Այն դեպքում, երբ փաստաբանական կազմակերպության գործադիր մարմինը կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնելիս պայմանագրով կամ կազմակերպության կանոնադրությամբ լիազորված է առնչվելու փաստաբանական գաղտնիքի հետ, այդ մարմնի դերում կարող է հանդես գալ միայն փաստաբանը (կոլեգիալ գործադիր մարմնի դեպքում՝ փաստաբանները), բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկությունը գործադիր մարմնին փոխանցվում է փաստաբանական կազմակերպության եւ վստահորդի միջեւ համապատասխան պայմանագիր կնքելու համար:

9. Փաստաբանական կազմակերպությունները հաշվառվում են փաստաբանների պալատում՝ փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանած պարզեցված կարգով։ Փաստաբանական կազմակերպության հաշվառման վկայականը տրվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ։ Փաստաբանների պալատի կայքում հրապարակվում են փաստաբանական կազմակերպության հասցեի, մասնակիցների (բաժնետերերի), ինչպես նաեւ գործադիր մարմնի վերաբերյալ տեղեկությունները։

10. Փաստաբանական կազմակերպության հաշվառման վկայականը ուժը կորցրած է ճանաչվում փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ 6-րդ մասում նշված դեպքում»։

Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 27. Փաստաբանների վարքագծի կանոնները

1. Փաստաբանի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր փաստաբանների համար:

2. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը հաստատում է փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, որով սահմանվում են սույն օրենքով սահմանված փաստաբանի վարքագծի կանոնների անհրաժեշտ մանրամասները:

3. Փաստաբանական կազմակերպությունները եւ փաստաբանները պարտավոր են օժանդակ անձնակազմի (փաստաբան չհանդիսացող աշխատակիցներ՝ հաշվապահ, վարորդ, օգնական եւ այլն, այսուհետ` օժանդակ անձնակազմ) հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նախատեսել նրանց պարտականությունները՝ փաստաբանի վարքագծի կանոնագրքի՝ փաստաբանական գաղտնիքը չհրապարակելուն եւ վստահորդի ու այլ անձանց միջեւ շահերի բախում առաջացնող գործողություններ չիրականացնելուն առնչվող պահանջները պահպանելու վերաբերյալ, եւ հետեւել դրանց պահպանմանը»:

4. Փաստաբանը պետք է ձգտի իր գործունեությամբ եւ վարքագծով ապահովել փաստաբանական գործունեության անկախությունը, իսկ Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:

5. Փաստաբանի գրավոր հարցման հիման վրա Փաստաբանների պալատի խորհուրդը պարզաբանում է տալիս փաստաբանի վարքագծի կանոնի կիրառության վերաբերյալ:

6. Փաստաբանն առնվազն պարտավոր է.

1) լինել անկախ, զերծ մնալ իր մասնագիտական պարտականությունների կամ վստահորդի գործի նկատմամբ բացասաբար ազդող շփումներից.

2) լինել բարեխիղճ, իր գործողություններով երբեւէ կասկածի տակ չդնել փաստաբանի հեղինակությունն ու ազնվությունը.

3) դրսեւորել հարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ.

4) պահպանել փաստաբանական գաղտնիքը.

5) չիրականացնել փաստաբանական գործունեության հետ անհամատեղելի գործունեություն.

6) ապահովել վստահորդի շահերի գերակայություն՝ օրենքի եւ վարքագծի կանոնագրքին համապատասխան:

Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածի չորրորդ մասում «28-րդ եւ 33-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «33-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 18. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «ազնիվ եւ բարեխիղճ» բառերը փոխարինել «ազնիվ, անկախ եւ բարեխիղճ» բառերով:

Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Փաստաբանի կարգավիճակ ձեռք բերելու եւ որպես փաստաբան գործունեություն իրականացնելու սահմանափակումները».

2) լրացնել նոր՝ 3-րդ կետ.

«3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ փաստաբանական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որեւէ մեկով»։

Հոդված 20. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«Փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է փաստաբանների ցուցակը:».

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանի գործունեության արտոնագիր ունեցող փաստաբանին կամ փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող օտարերկրացի փաստաբանին ընդգրկում է համապատասխանաբար` փաստաբանների ցուցակում եւ այլ պետության փաստաբանների ցուցակում։».

Հոդված 21. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«1. Սույն օրենքի 36-րդ կամ 39.9-րդ հոդվածներով նախատեսված որեւէ հիմքով արտոնագիրն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում՝ փաստաբանը հանվում է փաստաբանների ցուցակից:».

2) 2-րդ մասում «Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբանը» բառերը փոխարինել «Փաստաբանը» բառով:

Հոդված 22. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել նոր՝ 7-րդ կետով.

«7) առկա է սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը.».

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«4. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում: Այն դեպքում, երբ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հնարավոր չէ հանձնել հասցեատիրոջը (ծանուցումն ապահովելը չի հաջողվում), ապա սույն մասում նշված բողոքարկման ժամկետը հաշվարկվում է արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից։».

3) Ուժը կորցրած ճանաչել 5-րդ մասը.

4) Լրացնել նոր՝ 7-րդ մաս.

«7. Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման կամ սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված կասեցման դեպքում վերջինիս դիմումի հիման վրա նրան է վերադարձվում մնացած ամիսների համար նախորոք վճարված անդամավճարի մասը: Անդամավճարի վերադարձման կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը»։

Հոդված 23. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարել իր մասնագիտական պարտականությունները` մեկ տարուց ավելի ժամանակով, եթե առկա են այդ հանգամանքը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.»,

բ. 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) անցել է հանրային ծառայության կամ նշանակվել է նոտար` պաշտոնավարման կամ նոտարական գործունեության ողջ ժամկետի ընթացքում, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով, բացառությամբ երբ սույն հոդվածով նախատեսված կարգով սահմանվել է կասեցման անորոշ ժամկետ».

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում տեղյակ պահել փաստաբանների պալատին: Սույն մասում նշված ժամկետը խախտելը հիմք է փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար».

3) 6-րդ մասում «մասնակցելու պալատի մարմինների եւ նախագահի ընտրություններին» բառերը փոխարինել «մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, այդ թվում՝ հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին, ընտրելու եւ ընտրվելու պալատի մարմիններում եւ պալատի նախագահ:» բառերով.

4) 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Փաստաբանը սույն մասով նախատեսված դիմումը պարտավոր է փաստաբանների պալատ ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Սույն մասում նշված ժամկետը խախտելու դեպքում կետանցված ժամանակահատվածի համար փաստաբանի նկատմամբ վերահաշվարկվում է անդամավճարը` կրկնապատկված չափով:».

5) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«9. Կասեցված արտոնագրի գործողությունը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով, եթե նա սահմանված կարգով չի անցել վերապատրաստման դասընթացները արտոնագիրը կասեցված լինելու ժամանակահատվածում։»:

6) լրացնել նոր՝ 10-րդ եւ 11-րդ մասերով`

«10. Մինչեւ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված կասեցման առավելագույն հինգ տարվա ժամկետը լրանալը, արտոնագիրը կասեցրած փաստաբանը կարող է գրավոր դիմել փաստաբանների պալատի նախագահին՝ կասեցման որոշակի ժամկետը անորոշ ժամկետով փոխարինելու համար։ Նշված դիմումի տրման պահից կասեցման որոշակի ժամկետը համարվում է անորոշ ժամկետով փոխարինված։ Սույն մասում նշված դեպքում արտոնագիրը կասեցրած փաստաբանը պարտավոր է վճարել անդամավճար խորհրդի կողմից սահմանված անդամավճարի հիսուն տոկոսի չափով՝ սկսած դիմումը ներկայացնելու պահից մինչեւ կասեցված արտոնագրի վերականգնումը ընկած ժամանակահատվածի համար։

11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված անորոշ ժամկետով կասեցված արտոնագրի գործողությունը վերականգնած փաստաբանը անորոշ ժամկետով կասեցման ժամանակահատվածի համար անհրաժեշտ լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցում է անվճար։»։

Հոդված 24. Օրենքի 39.1-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ կետ.

«6) փաստաբանների պալատի այն աշխատակցի զեկուցագիրը, որն իր աշխատանքային գործառույթներն իրականացնելիս ձեռք է բերել փաստաբանի կողմից սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու վերաբերյալ տեղեկություն:».

Հոդված 25. Օրենքի 39.3-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«3. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` վեց ամսվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) խախտումը կրում է շարունակվող բնույթ, կամ

2) դիմողը օբյեկտիվորեն չէր կարող իմանալ փաստաբանի կատարած հնարավոր խախտման մասին՝ պայմանով, որ դիմողը խախտման մասին իմանալուց հետո երեք ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան կարգապահական պատասխանատվության հիմքը ծագելուց երկու տարի հետո, դիմում է փաստաբանների պալատ:

Սույն մասում նշված ժամկետներն անցնելուց հետո կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ խախտմամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման: Կարգապահական վարույթ հարուցվելու օրվանից սույն մասով նախատեսված վաղեմության ժամկետը կասեցվում է: Վաղեմության ժամկետի խախտմամբ հարուցված կարգապահական վարույթը կարող է կարճվել նաեւ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ՝ մինչեւ կարգապահական գործը խորհրդին հանձնելը:»:

2) 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական ակրգով բողոքարկումը չի կասեցնում կարգապահական վարույթի ընթացքը»:

Հոդված 26. Օրենքի 39.5-րդ հոդվածի՝

1) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստում են փաստաբանների պալատի աշխատակազմի համապատասխան աշխատողները (այսուհետ` գործը նախապատրաստող անձ), որոնց թվաքանակը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Գործը նախապատրաստող անձանց փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ նշանակում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ երկու տարի ժամկետով։ Գործը նախապատրաստող անձանց լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից։

2. Կարգապահական վարույթի գործերի բաշխումը գործը նախապատրաստող անձանց միջեւ կատարվում է փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ սահմանված կարգով:».

2) 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Կարգապահական վարույթը սահմանված կարգով կասեցվելու դեպքում սույն մասում նախատեսված երկամսյա ժամկետը եւս կասեցվում է»:

Հոդված 27. Օրենքի 39.6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 39.6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության կարգը

1. Փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական գործն ըստ էության քննող եւ վերջնական որոշում կայացնող մարմինն է:

2. Գործը նախապատրաստող անձի եզրակացությունը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում փաստաբանների պալատի նախագահը՝ հաշվի առնելով փաստաբանների պալատի խորհրդի անդամների ծանրաբեռնվածությունը եւ մասնագիտացումը, կարգապահական գործը հանձնում է փաստաբանների պալատի խորհրդի անդամին, որն այդ գործը փաստաբանների պալատի խորհրդում քննելիս հանդես է գալիս որպես նիստը նախագահող (սույն գլխում այսուհետ` նիստը նախագահող):

3. Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի կողմից կարգապահական գործի քննությանը չի մասնակցում:

4. Կարգապահական գործը վարույթ ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում, նիստը նախագահողը նշանակում է փաստաբանների պալատի խորհրդի նիստ եւ փաստաբանների պալատի աշխատակազմի միջոցով նիստի տեղի եւ ժամանակի մասին պատշաճ ծանուցում է փաստաբանին, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, դիմող կողմին, իսկ անհրաժեշտության դեպքում` վկաներին եւ կարգապահական վարույթին մասնակցող այլ անձանց: Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալը արգելք չէ գործի քննության համար։

5. Դիմող կողմը պարտավոր է իր հասցեի փոփոխության մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել փաստաբանների պալատի խորհրդին։ Դիմող կողմի նշած հասցեով ուղարկված ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում։

6. Կարգապահական գործը քննող պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:

7. Կարգապահական գործը քննող փաստաբանների պալատի խորհրդի նիստի ձայնագրառումը կամ արձանագրության վարումը, ինչպես նաեւ անհրաժեշտ այլ կազմակերպչական գործողություններն իրականացնում է փաստաբանների պալատի աշխատակազմը։

8. Կարգապահական գործն ավարտվելուց հետո արխիվացվում է եւ առնվազն հինգ տարի ժամկետով պահվում է փաստաբանների պալատում։

9. Փաստաբանների պալատի խորհուրդը կարող է իր նախաձեռնությամբ լրացուցիչ ապացույցներ կամ բացատրություններ պահանջել կողմերից կամ գործը նախապատրաստող անձից։

10. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը պալատի խորհուրդը քննում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո` վեց ամսվա ընթացքում: Կարգապահական վարույթը սահմանված կարգով կասեցվելու դեպքում սույն մասով նախատեսված վեցամսյա ժամկետը եւս կասեցվում է»։

Հոդված 28. Օրենքի 39.7-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը լրացնել նոր նախադասություններով.

«Որոշումը, ինչպես նաեւ նիստի արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը եւ նիստի քարտուղարը։ Այն դեպքում, երբ խորհրդակցական սենյակում ընդունված որոշմանը դեմ է քվեարկել նիստը նախագահողը, ապա նիստը նախագահողի փոխարեն խորհրդի որոշումն ստորագրում է խորհրդի այլ անդամ։ Որոշումը կողմերին ուղարկվելուց հետո հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ դռնփակ նիստերով կայացված որոշումների, որոնց դեպքում հրապարակվում է միայն որոշման բնույթը եւ եզրափակիչ մասը։».

2) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումը ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: Այն դեպքում, երբ հնարավոր չի լինում Պալատի խորհրդի որոշումը հանձնել հասցեատիրոջը (ծանուցումն ապահովելը չի հաջողվում), ապա սույն մասում նշված բողոքարկման ժամկետը հաշվարկվում է Պալատի խորհրդի որոշումը փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուն հաջորդող հինգերորդ օրվանից։».

3) 9-րդ եւ 10-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 29. Օրենքի 39.9-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու տույժի միջոց նշանակված լինելու դեպքում անձը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացները փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված ժամանակահատվածում, իսկ նման ժամանակահատված սահմանված չլինելու դեպքում՝ կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ վեց ամսվա ընթացքում:».

2) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է նշանակել՝

1) դիտավորությամբ կատարված ակնհայտ կոպիտ կարգապահական խախտման դեպքում.

2) մեկ տարվա ընթացքում երեք անգամ կարգապահական տույժի ենթարկված փաստաբանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու դեպքում, անկախ կարգապահական տույժը մարված լինելու փաստից.

3) եթե փաստաբանը չի վճարել անդամավճարի առնվազն կեսը եւ վճարման կետանցը գերազանցում է 90 օրը.

4) եթե փաստաբանը չի վճարել անդամավճարի ամբողջ գումարը եւ վճարման կետանցը գերազանցում է 180 օրը».

3) 6-րդ մասի 1-ին կետում «մտնելուց հետո» բառերը փոխարինել «մտնելու» բառով:

Հոդված 30. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 40.Կարգապահական գործի քննության արագացված կարգը

1. Փաստաբանի նկատմամբ սահմանած ժամկետում անդամավճար չվճարելու հիմքով կարգապահական վարույթ հարուցելիս փաստաբանների պալատի նախագահը կարգապահական գործը հինգ օրվա ընթացքում հանձնում է փաստաբանների պալատի խորհրդին:

2. Վերապատրաստում չանցնելու հիմքով կարգապահական վարույթ հարուցելիս փաստաբանների պալատի նախագահը կարգապահական գործը հինգ օրվա ընթացքում հանձնում է փաստաբանների պալատի խորհրդի երեք անդամներին (սույն հոդվածի իմաստով այսուհետ՝ խորհրդի կազմ), բացառությամբ այն դեպքի, երբ կարգապահական վարույթի իրականացման արդյունքում փաստաբանի նկատմամբ կարող է նշանակվել փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը։ Խորհրդի կազմի նիստն իրավազոր է, եթե ներկա են բոլոր երեք անդամները։ Խորհրդի կազմը գործում է փաստաբանների պալատի խորհրդի անունից։

3. Փաստաբանների պալատի խորհուրդը (խորհրդի կազմը) սույն հոդվածով նախատեսված գործերը քննում է մեկ ամսվա ընթացքում։»։

Հոդված 31. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը լրացնել նոր՝ 16-րդ կետով.

«16) օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար».

2) լրացնել նոր՝ 7-րդ,8-րդ, 9-րդ եւ 10-րդ մասեր՝

«7. Հանրային պաշտպանի գրասենյակը սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց հանրային պաշտպանությունը կարող է կազմակերպել նաեւ՝

1) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ինչպես նաեւ կազմակերպությունների իրավաբանների միջոցով, որոնք կամավոր ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում: Անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու, ինչպես նաեւ այդ ցուցակը համալրելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը.

2) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով դատական ներկայացուցչության իրականացմամբ, որի դիմաց վճարումները կատարվում են հանրային պաշտպանի համար նախատեսված միջոցների խնայողության հաշվին, ինչպես նաեւ սույն օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված հատուկ ֆոնդի միջոցներից (այսուհետ՝ հատուկ ֆոնդ):

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված իրավաբանական օգնության տրամադրման կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։

9. Փաստաբանների պալատը վարում է նաեւ անվճար իրավաբանական օգնություն (դատական ներկայացուցչություն կամ քրեական գործերով պաշտպանություն) տրամադրելու պատրաստակամություն հայտնած հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների ցուցակը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նշված ցուցակում ներառված անձի համաձայնությամբ կարող է գործը հանձնել վերջինիս՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։

10. Յուրաքանչյուր տարվա ավարտին՝ մինչեւ դեկտեմբերի 25-ը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը եւ փաստաբանների պալատը իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում են այն փաստաբանների եւ փաստաբանական կազմակերպությունների ցանկը, որոնք մեկ տարվա ընթացքում առնվազն հինգ քրեական, քաղաքացիական, վարչական կամ սահմանադրական գործերով տրամադրել են անվճար իրավաբանական օգնություն»։

Հոդված 32. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով.

«4. Հանրային պաշտպանի գրասենյակը պետք է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունենա առնվազն մեկ աշխատանքային գրասենյակ»:

Հոդված 33. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 43 Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը

1. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ նշանակում է փաստաբանների պալատի խորհուրդը` առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից, երեք տարի ժամկետով:

2. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից` հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կհամարվի լուծված:

3. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը`

1) ներկայացնում է հանրային պաշտպանի գրասենյակը.

2) կազմակերպում է սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի եւ արդյունավետ իրավաբանական օգնության իրականացումը.

3) կատարում է աշխատանքի բաժանում հանրային պաշտպանների միջեւ.

4) ընդունում է որոշումներ հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.

5) քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի կամ որոշման հիման վրա կամ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու եւ գործը հանրային պաշտպանին կամ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանության իրականացնելու եւ դիմումը մերժելու մասին, երբ առկա չեն սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված հիմքերը: Հանրային պաշտպանության իրականացումը մերժելու մասին հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը պետք է լինի պատճառաբանված.

6) հսկողություն է իրականացնում հանրային պաշտպանների եւ սույն օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ եւ 9-րդ մասերում նշված անձանց կողմից իրավաբանական օգնություն իրականացնելու որակի եւ ժամկետների նկատմամբ.

7) միջնորդություն է ներկայացնում հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ հանրային պաշտպանին խրախուսելու համար.

8) կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսվարող սուբյեկտներին անվճարունակ անձանց անվճարունակության փաստն ստուգելու, ինչպես նաեւ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ պահանջվող փաստաթղթերը օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում.

9) փաստաբանների պալատի նախագահի սահմանած կարգին համապատասխան ապահովում է`

ա. հանրային պաշտպանի գրասենյակին հասցեագրված դիմումների հաշվառումը եւ քննարկումը,

բ. իրավաբանական օգնություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումների հաշվառումը,

գ. հանրային պաշտպանների կողմից փաստաբանական վարույթները ճիշտ կազմելու նկատմամբ հսկողությունը,

դ. ավարտված վարույթների ժամանակին արխիվացումը,

ե. հաշվետվությունների եւ վիճակագրության ներկայացումը` փաստաբանների պալատի նախագահին:

4. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումները կարող են բողոքարկվել փաստաբանների պալատի նախագահին կամ դատական կարգով՝ որոշումը ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում:»:

Հոդված 34. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով.

«3. Հանրային պաշտպանի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Հանրային պաշտպանի` իր համաձայնությամբ կամ նախաձեռնությամբ, սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը արտաժամյա չի համարվում:»:

Հոդված 35. Օրենքի 45-րդ հոդվածում.

1) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«6. Հանրային պաշտպանի եւ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով: Սույն օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում փաստաբանների պալատի նախագահը կարող է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ:».

2) լրացնել նոր՝ 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասեր.

«9. Յուրաքանչյուր տարի հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված հատկացման չափի ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով։

10. Փաստաբանների պալատը, պարզելով, որ հանրային պաշտպանի գրասենյակը անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել վճարունակ անձին, կարող է դատական կարգով տվյալ անձից պահանջել հօգուտ պետական բյուջեի բռնագանձել փաստաբանի իրավաբանական օգնության հետ կապված ողջամիտ վճարը, որը որոշվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում նշված գնացուցակի հիման վրա։

11. Հատուկ ֆոնդի միջոցները գոյանում են՝

1) սույն հոդվածի 10-րդ մասում նշված կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձված գումարներից.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից։»:

Հոդված 36. Օրենքի 45.1 հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Փաստաբանական դպրոցը»:

Հոդված 37. Օրենքի 45.2 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «գործունեություն» բառը փոխարինել «գործառույթներ» բառով։

Հոդված 38. Օրենքի 45.4 հոդվածի 4-րդ մասի՝

1) 1-ին կետից հանել «, դրա վճարման կարգը» բառերը.

2) 4-րդ կետից հանել «հավակնորդների» բառը, իսկ «ծրագրերը» բառը փոխարինել «պլանները» բառով:

Հոդված 39. Օրենքի 45.5 հոդվածի 2-րդ մասի՝

1) 6-րդ կետում ծրագրերը» բառը փոխարինել «պլանները» բառով.

2) 7-րդ կետում «հրահանգներ» բառը փոխարինել «ընդունում է որոշումներ» բառերով։

Հոդված 40. Օրենքի 45.6 հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Փաստաբանական դպրոցի ունկնդիր (հավակնորդ), բացառությամբ սույն հոդվածի 1.1 մասի, կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, ով Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի ծրագրերով) եւ ունի իրավաբանի կամ իրավագետի որակավորում կամ նմանատիպ որակավորում ձեռք է բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգով:».

2) լրացնել նոր՝ 1.1-րդ մասով.

«1.1 Փաստաբանական դպրոցի ունկնդիր (հավակնորդ) չի կարող լինել այն անձը, ով դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ, ինչպես նաեւ այն անձը, որի փաստաբանական գործունեության արտոնագիրը դադարեցվել է որպես կարգապահական տույժ, եւ չի լրացել սույն օրենքի 39.9-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ժամկետը:»:

Հոդված 41. Օրենքի 45.7 հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետը «դպրոցից» բառից առաջ լրացնել «փաստաբանական» բառով.

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Ունկնդիրը կարող է իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը բողոքարկել փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդին կամ դատարան՝ որոշումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:»

Հոդված 42. Օրենքի 45.8 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 45.8. Ուսուցումը փաստաբանական դպրոցում

1. Ունկնդրի ուսուցումը փաստաբանական դպրոցում իրականացվում է փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում: Ուսուցումն իրականացվում է երկու փուլով` տեսական ուսուցում եւ փորձուսուցում (մասնագիտական պրակտիկա):

2. Փաստաբանական դպրոցում ուսուցման ընդհանուր տեւողությունը առնվազն վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան մեկ տարի:

3. Փաստաբանական դպրոցում ուսուցումը կարող է իրականացվել առկա եւ հեռավար (դիստանցիոն) ուսուցման ձեւերով, որի կարգը սահմանում է Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը:

4. Իրավաբանի՝ առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի, ինչպես նաեւ նախկին դատավորի, դատախազի ուսուցումն իրականացվում է փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված պարզեցված ընթացակարգով:»։

Հոդված 43. Օրենքի 45.9 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 45.9 Ունկնդրի փորձուսուցումը (մասնագիտական պրակտիկա)

1. Ունկնդիրներն անցնում են պարտադիր փորձուսուցում: Փորձուսուցման տեւողությունը սահմանվում է ուսումնական պլանով։

2. Փորձուսուցումը կազմակերպվում է ծրագրին համապատասխան, որում ընդգրկվում են պարտադիր կատարման ենթակա առաջադրանքներ` ըստ ուսումնական պլանում նշված ուղղությունների։

3. Փորձուսուցման անցկացման կարգը սահմանվում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի կողմից:»։

Հոդված 44. Օրենքի 45.10 հոդվածի 1-ին մասը «ունկնդրին» բառից հետո լրացնել «մեկ տարվա ընթացքում» բառերով:

Հոդված 45. Օրենքի 45.11 հոդվածի 1-ին մասը «ուսուցում անցած» բառերից հետո լրացնել «եւ հավաստագիր ստացած» բառերով:

Հոդված 46. Օրենքի 45.12 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 45.12 Փաստաբանների վերապատրաստման կազմակերպումը

1. Փաստաբանը վերապատրաստում կարող է անցնել փաստաբանների պալատում, փաստաբանական դպրոցում կամ փաստաբանների պալատի խորհրդի կողմից հավատարմագրված այլ կազմակերպությունում:

2. Փաստաբանների վերապատրաստման կազմակերպման եւ անցկացման, սույն հոդվածի առաջին մասով սահմանված այլ կազմակերպության հավատարմագրման, ինչպես նաեւ փաստաբանների վերապատրաստման ժամաքանակի հաշվարկման կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։

3. Փաստաբանը պարտավոր է անցնել փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով եւ ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող տարեկան քսանչորս ակադեմիական ժամից պակաս լինել, բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված դեպքերի:

4. Վերապատրաստման դասընթացներին հավասարեցվում են փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով եւ ժամաքանակով փաստաբանի կողմից մասնագիտական գիտական հոդվածների կամ դասագրքերի հրատարակումը, ինչպես նաեւ գիտաժողովներին մասնակցությունը։

Հոդված 47. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործը նախապատրաստող անձանց լիազորությունները համարվում են դադարած։ Մինչեւ սույն օրենքով նախատեսված՝ գործը նախապատրաստող անձանց նշանակվելը հարուցված կարգապահական վարույթներն իրականացվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նախատեսված կարգով:

3. Որակավորման հանձնաժողովի հինգերորդ անդամի ընտրությունը եւ որակավորման հանձնաժողովի նախագահի նշանակումը կատարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում: Պալատի նախագահը պահպանում է որակավորման հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով որակավորման հանձնաժողովի նախագահի նշանակումը:

4. Այն անձինք, ում կասեցված արտոնագրի գործողությունը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով դադարեցվել է՝ պայմանավորված արտոնագրի գործողության կասեցման սահմանված ժամկետը լրանալու հետ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կարող են դիմել փաստաբանների պալատ՝ արտոնագրի գործողությունը վերականգնելու համար: Սույն մասում նշված ժամկետում ստացված դիմումի հիման վրա փաստաբանների պալատի խորհուրդը պարտավոր է վերականգնել արտոնագրի գործողությունը եւ կասեցնել անորոշ ժամկետով, եթե առկա չեն Օրենքի 33-րդ հոդվածում նշված հիմքերը։ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված արտոնագրի գործողությունը չի կարող դադարեցվել արտոնագրի գործողության կասեցման հինգ տարին լրանալու հիմքով, եթե արտոնագիրը կասեցրած անձը գրավոր դիմում է ներկայացնում կասեցման անորոշ ժամկետ սահմանելու համար։

5. Փաստաբանների պալատի խորհուրդը սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում: