Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-014-02.06.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման նպատակները

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք) մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան եւ նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:

2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2017-2020 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝

1) առեւտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը եւ մրցակցային միջավայրի բարելավումը.

2) պետական գույքի մասնավորեցման այն ձեւերի (մրցույթ, ուղղակի վաճառք) կամ դրանց համակցության կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող առեւտրային կազմակերպություններում ներդրումների ընդգրկմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը.

3) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առեւտրային կազմակերպությունների թվի հետեւողական կրճատումը եւ մասնավոր հատվածի շրջանակների ընդլայնումը.

4) մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը եւ սույն ծրագրի գործողության ժամկետում պետական գույքի մասնավորեցման իրականացումը.

5) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը՝ մասնավորեցման նախորդ ծրագրեր՝ «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1994 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին», եւ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» եւ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

2. Սույն օրենքում օգտագործվում են նաեւ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները:

Հոդված 3. Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները

1. Ծրագրում ընդգրկված՝ մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են՝

1) գիտաարտադրական եւ գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման գործընթացը նախաձեռնելը:

2) արտադրական եւ սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը ավարտելը.

3) ծրագրում ընդգրկված առողջապահության ոլորտի ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցման գործընթացը նախաձեռնելը.

4) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասով) այն առեւտրային կազմակերպությունների մասնավորեցումը, որոնք անհրաժեշտ չեն պետական գործառույթների իրականացման համար:

Հոդված 4. Տնտեսության այն ճյուղերը եւ ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում

1. Սույն ծրագրի համաձայն` մասնավորեցման ենթակա չեն՝

1) քաղաքացիական պաշտպանության եւ մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները.

2) քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերեւութաբանության ոլորտների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վիճակի պահպանումն իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

3) պետական ռեզերվների եւ մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները.

4) ստանդարտացման եւ չափագիտության ծառայություններ մատուցող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

5) միջպետական եւ հանրապետական նշանակության երկաթուղիները եւ ավտոճանապարհները, Երեւանի մետրոպոլիտենը, գնացքների երթեւեկության եւ օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյուները.

6) պետական ոչ առեւտրային կազմակերպությունները:

2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, եւ դրանք առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են՝

1) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ եւ այլն) եւ ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական եւ մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ).

2) պաշտպանական եւ անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում եւ դրանց կից տարածքներում:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այն կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարձակալական հիմունքներով:

Հոդված 5. Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, անավարտ շինարարության եւ «փոքր» օբյեկտները, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով

1. Սույն ծրագրի մաս են կազմում` հավելված 1-ը `««2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկը:

2. Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, «փոքր» եւ անավարտ շինարարության օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս եւ ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձեւերով:

3. Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված մասնավորեցման գործարքների առարկաները՝ մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների՝ դատարանի կողմից անվավեր ճանաչվելու արդյունքում գնորդներին հետ վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին, ,իսկ դրանց անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. Սույն ծրագրի մաս է հանդիսանում մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) որոշումներով ստեղծված ընկերությունները եւ առանձնացված գույքի տարրերը:

5. Ծրագրի մաս են կազմում նաեւ մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում առանձին ծածկագրով չընդգրկված «փոքր» եւ անավարտ շինարարության օբյեկտները՝ դրանց սեփականատեր հանդիսացող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց գույքի կազմից առանձնացվելուց հետո:

Հոդված 6. Սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործու

1. Սույն ծրագրով սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկում չի իրականացվում:

Հոդված 7. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում եւ մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:

2. «Փոքր» օբյեկտների եւ վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ վճարումների սանդղակը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2 -ում:

3. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը վճարվում է հավասար մասերով՝ տարին մեկ անգամ: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի եւ վճարման պահերի` ԱՄՆ-ի դոլարի եւ հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած ամբողջ արժեքը կամ դրա մասը:

4. Մասնավորեցված օբեկտի գնորդի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ գույքը համարվում է գրավադրված մինչեւ գույքի արժեքի լրիվ վճարման պահը: Ընդ որում, գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդը ստանձնում է օբյեկտի գնի մնացորդի վճարման պարտավորությունը նույն պայմանով, եւ գրավի իրավունքը պահպանվում է մինչեւ գույքի արժեքի լրիվ վճարման պահը:

5. Պետական գույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր» օբյեկտների եւ վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու է սահմանելու տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ եւ ժամանակացույց:

Հոդված 8. Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները՝ ըստ առանձին ընկերությունների

1. Մասնավորեցում իրականացնող՝ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) սահմանում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների բովանդակությունը: Նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը, ժամկետը եւ իրականացնող մարմինը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ընդ որում՝

1) լիազորված մարմնի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս եւ տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում մասնավորեցման գործընթացում ներգրավված իրենց համակարգի պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաեւ առաջարկություններ՝ ընկերության պարտքերի վերակառուցման վերաբերյալ:

2) կարող են հրավիրվել նաեւ մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որի հիմնական նպատակն է մասնավորեցվող օբյեկտների ակտիվների եւ պասիվների չափի ճշգրտումը, ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը եւ այլն.

3) անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, կամ հրավիրվում են անկախ փորձագետներ եւ խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու) ուղղությամբ:

Հոդված 9. Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական եւ տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները

1. Հայաստանի Հանրապետության պետական եւ տարածքային կառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները լուծարելու կամ վերակազմակերպելու (միաձուլելու, միավորելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու), բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետության պետական եւ տարածքային կառավարման մարմինները պարտավոր են սույն հոդվածի առաջին մասում նշված ընկերություններին թույլ չտալ իրականացնելու ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ:

3. Ծրագրում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին են փոխանցվում ընկերության՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե մասնավորեցման մասին կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումները կարող են սահմանվել սույն օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով:

Հոդված 10. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները

1. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝

1) հասարակությանը եւ հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, պետական գույքի մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումներին եւ այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.

2) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին տեղեկացնելու գործընթացը կազմակերպելը եւ նրանց հետ բանակցություններ վարելը.

3) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական եւ գործնական ուսուցում կազմակերպելը.

4) մասնավորեցում իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում մասնավորեցման եւ լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերություններ ու փորձագետներ ներգրավելը.

5) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնի հիմնարկներին եւ կառուցվածքային ստորաբաժանումներին անհրաժեշտության դեպքում տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը:

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելվածներ

1. Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»» ՀՀ օրենքի ընդունման

1 Անհրաժեշտությունը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ` Ծրագիր/ մշակումը բխում է «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 29.04.2010թ.-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» թիվ 474-Նորոշման պահանջներից :

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաեւ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՀ կառավարության N29.7/[385430]-16 N50 նիստի արձանագրության 2 կետով տրված հանձնարարականի կատարման արդյունքում մի շարք ՀՀ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները:

2 Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Մանավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկվում է ընդունել մասնավորեցման ժամկետային նոր ծրագիր, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը եւ սահմանափակումները:

Ծրագրի մաս է կազմում` ««2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)»» թիվ 1 ցանկը, որտեղ ընդգրկված են նոր առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները (որոնց հնգանիշ ծածկագրերը սկսվում են 901-ով), մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, մասնավորեցման օբյեկտները, ինչպես նաեւ ցանկում ընդգրկվել են ՀՀ ԱԺ-ում գտնվող (չքնարկված), մասանվորեցման ծրագրում ընդգկելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերում ընդգրկված` ««Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա»» ՊՓԲԸ-ն, ««Սեւակ եւ Սաթինե»» ՍՊԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը:

Ծրագրով, մասնավորապես, մասնավորեցման առաջարկվում են առողջապահության ոլորտի մի շարք ընկերություններ, որոնց մասնավորեցումն առաջարկվում է իրականացնել համապատասխանեցնելով ՀՀ կառավարուրության ծրագրին եւ առողջապահության ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականության պահանջներին` հաշվի առնելով ընկերությունների գործունեության առանձնահատկությունները: Մասնավորեցման առաջորկվում են հետեւյալ ընկերությունները`

- «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` Կազմակերպություն) իրականացնում է չարորակ եւ բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում, ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաեւ հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում:

Հաշվի առնելով, որ վերջին տարիներին ընդլայնվել է ուռուցքաբանական ծառայությունների աշխարհագրությունը, եւ, ներկայումս, թվով ութ բժշկական կազմակերպություններում եւս իրականացվում է ուռուցքաբանական հիվանդների բժշկական օգնություն եւ սպասարկում, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ անհրաժեշտ է իրականացնել ներդրումային ակտիվ քաղաքականություն ծառայությունն առավել մրցունակ դարձնելու նպատակով, մասնավորապես, նորագույն տեխնոլոգիաների եւ սարքավորումների ներդրումը կնպաստի առավել որակյալ եւ հասանելի բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպմանը, նպատակահարմար է մասնավորեցման գործընթացի իրականացումը:

Առաջարկվում է մասնավորեցման գործընթացից առաջ Կազմակերպության տեղեկատվական ծառայությունը տեղափոխել ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոն, քանի որ տեղեկատվական վերլուծական գործունեությունը ՀՀ տարածքում պետության մենաշնորհն է:

Բացի այդ առաջարկվում է նաեւ դիտարկել դիսպանսեր հսկողության գործառույթների ապակենտրոնացումն ուռուցքաբանական ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններում:

- «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` Կենտրոն) բժշկական օգնության եւ սպասարկման հետ համատեղ իրականացնում է գիտական, կազմակերպամեթոդական գործունեություն վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտում: Ներկայումս, այս ուղղությունը չի համարվում հազվադեպ հանդիպող, քանի որ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքներ առկա են բոլոր բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում, ինչպես նաեւ Կենտրոնը չի համարվում հանրապետական նշանակության եւ անհետաձգելի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն:

Մասնավորեցման արդյունքում ակնկալվում են ներդրումներ, նոր բժշկական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով վերազինում, որի արդյունքում, բժշկագիտության ոլորտի արագ զարգացմանը համահունչ, ծառայությունը կլինի առավել մրցունակ:

- «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` Կենտրոն) իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես.

Կենտրոնը այրվածքային եւ ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 550-600 քաղաքացի: Կենտրոնն իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի բժշկական կենտրոններում, ինչպես նաեւ ապահովում է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունը եւ բուժումը: Ներկայումս, Կենտրոնում իրականացվում է շուրջ 3000 հիվանդներ շարունակական հսկողություն:

Մասնավորեցման արդյունքում ակնկալվում են ներդրումներ՝ նորագույն բժշկական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով վերազինման նպատակով, հետայրվածքային բուժման՝ վերականգնողական պլաստիկ բուժօգնության նոր մեթոդների ներդրում:

Հաշվի առնելով, որ Կենտրոնն իր պրոֆիլով միակն է ՀՀ-ում, առաջարկվում է մասնավորեցման գործընթացն իրականացնելիս որպես նախապայմաններ կայացնել պրոֆիլի պահպանումը, ինչպես նաեւ նախատեսել պարտականություն առ այն, որ ռազմական, արտակարգ իրավիճակների եւ հատուկ դրության ժամանակ Կենտրոնը ապահովելու է սահմանված ծավալով բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը` հատկապես ճառագայթային վտանգի առկայության դեպքում, եւ ապահովելու է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողության անընդհատությունը:

- «Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` Կենտրոն) իր ուղղվածությամբ միակն է հանրապետությունում: Կենտրոնը ցուցաբերում է մասնագիտական բժշկական օգնություն եւ սպասարկում, ինչպես նաեւ իրականացնում է գիտական, կազմակերպամեթոդական գործունեություն: Կենտրոնի հիվանդանոցային ծառայությունում բժշկական օգնություն եւ սպասարկում են ստանում տարեկան շուրջ 2000 քաղաքացիներ, ինչպես նաեւ իրականացնում է արտահիվանդանոցային խորհրդատվություն շարունակական (դիսպանսեր) հսկողության տակ գտնվող 3500-4000 քաղաքացիների:

Կենտրոնը նաեւ հանդիսանում է զորակոչային փորձաքննություն իրականացնող միակ մասնագիտական կազմակերպությունը, որտեղ տարեկան իրականացվում են շուրջ 1000 հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային փորձաքննություններ:

Մասնավորեցման արդյունքում ակնկալվում են ներդրումներ՝ նորագույն բժշկական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով վերազինման նպատակով:

Հաշվի առնելով, որ Կենտրոնն իր պրոֆիլով միակն է ՀՀ-ում, առաջարկվում է մասնավորեցման գործընթացն իրականացնելիս որպես նախապայման ներկայացնել պրոֆիլի պահպանումը:

- «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը, որտեղ ապահովվում է հենաշարժական եւ մտավոր խնդիրներով` գերազանցապես հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժօգնություն` առողջարանային ռեժիմով:

Ներկայումս, նմանատիպ ծառայություններ մատուցվում են մի շարք այլ մասնագիտացված կենտրոններում, եւ Կենտրոնը չի համարվում հանրապետական նշանակության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն: Կենտրոննունի ներդրումների խիստ անհրաժեշտություն` կապված տարածքային պայմանների բարելավման, վերազինման հետ, որի արդյունքում այն կլինի առավել մրցունակ:

- ««Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ««Դիլիջան»» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան»» ՓԲԸ հաստիքացուցակում առկա է երկու հաստիք, հաշվեկշռում առկա է 1346.7քմ մակերեսով տարածք, որը վարձակալության իրավունքով եւս տրամադրված է «Առողջ ապագա» բժշկական կենտրոն ՍՊԸ-ին։ Կազմակերպությունը փաստացի որեւէ գործունեություն չի ծավալում։

- «Երեւանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն (այսուհետ` Պոլիկլինիկա) իրականացնում է երկաթուղայինների (այդ թվում` գնացքների շարժման եւ վագոնների կոմբինացիոն տեղափոխումների անմիջական աշխատանքների հետ կապված աշխատողների) բժշկական զննություններ, բժշկական փորձաքննություն եւ առողջական վիճակի գնահատում, ինչը կարեւոր է ուղեւորափոխադրման անվտանգության ապահովման տեսանկյունից եւ ֆինանսավորվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից, առաջարկվում է մասնավորեցման գործընթացում դիտարկել նաեւ «Հարավկովկասյաներկաթուղի» ՓԲԸ-ի մասնակցությունը:

- «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ում (այսուհետ` Կլինիկա) բժշկականօգնություն եւ սպասարկում է ստանում տարեկան շուրջ 750 հիվանդ, ինչպես նաեւ իրականացնում է շուրջ 2000 պացիենտների խորհրդատվություններ: Կլինիկայի կողմից իրականացվող ծառայությունները կազմակերպվում են նաեւ բազմապրոֆիլ երկու բժշկական կազմակերպություններում եւ հոգեկան առողջության կենտրոններում:

Կլինիկան ունի ներդրումների խիստ անհրաժեշտություն` կապված շենքային պայմանների բարելավման, վերազինման հետ, որի արդյունքում այն կլինի առավել մրցունակ:

- «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ն հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններից է, որը իրականացնում է նեղ մասնագիտական բուժօգնություն, որտեղ բուժվում են գերազանցապես շնչառական խրոնիկական խնդիրներ ունեցող անձիք: Այն հանդիսանում է թոքային ախտաբանության բուժման մեթոդներից մեկը։ ՀՀ-ում գործում են նաեւ նմանատիպ այլ մասնավոր կազմակերպություններ՝ նույն գործառույթներով:

Կենտրոնն ունի ներդրումների խիստ անհրաժեշտություն` կապված տարածքային պայմանների բարելավման, վերազինման հետ, որի արդյունքում այն կլինի առավել մրցունակ:

3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագծով չի նախատեսվում փոփոխություններ կատարել պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականության մեջ: Հակառակը՝ Ծրագրի նպատակն է՝ ապահովել օրենսդրությամբ սահմանված մասնավորեցման քաղաքականության դրույթների կատարումը:

4 Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի նպատակն է` Ծրագրում ընդգրկվեն մասնավորեցման առաջարկվող այնպիսի ընկերությունով, որոնց մասնավորեցումը թույլ կտա ներդրումների ներգրավման միջոցով ֆինանսական հոսքերը ավելացնելու, լրացուցիչ ներդրումներ ներգրավելու միջոցով համապատասխան ոլորտներում ընկերությունների ֆինանսապես առողջ բնականոն գործունեության ապահովելու նպատակով:

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձին

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

6 Ակնկալվող արդյունքը

Ընկերության մասնավորեցումը կնպաստի ներդրումներ իրականացնել ընկերությունում՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով եւ ծրագրային միջոցներով, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը:

2.Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչեւ նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` www.e-draft.am հասցեում, ՀՀ կառավարության ինտերնետային կայքում՝ www.e-gov.am հասցեում, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային պաշտոնական կայքում:

2. Հասարակության մասնակցությունը նախագծմանը եւ/կամ քննարկումներին

Այդպիսի մասնակցության անհրաժեշտություն չի առաջացել:

3. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա կունենա դրական ազդեցություն` բնակչությանը մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների որակի, ինչպես նաեւ դրանց մատչելիության բարձրացման առումով: Մասնավորապես, պետական բյուջեի միջոցների հաշվին անհրաժեշտ ներդրումների բացակայության պայմաններում մասնավոր ներդրումային ակտիվ քաղաքականությունը հնարավորություն կստեղծի իրականացնել մասնավորեցվող բժշկական կազմակերպությունների վերազինում նորագույն տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով` առավել հասանելի ու որակյալ բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման նպատակով: Իսկ դրա արդյունքում` առաջարկվող բուժծառայությունների ծավալների ավելացումը մրցակցության պայմաններում կհանգեցնի այդ ծառայությունների գների իջեցմանը: (ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ընկերությունները մասնավորեցման ծրագրում ընդգրկելու հիմնավորումները ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարի 12.01.2017թ. N0 ԼԱ/06/193-17 գրությամբ)

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ընդունել ժամկետային նոր ծրագիր, որով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունները եւ սահմանափակումները: Նախագծով մասնավորեցման են առաջարկվում առողջապահության ոլորտի մի շարք ընկերություններ, որոնց մասնավորեցումը պետք է իրականացվի` այն համապատասխանեցնելով ՀՀ կառավարության ծրագրին եւ առողջապահության ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականության պահանջներին` հաշվի առնելով վերոնշյալ ընկերությունների գործունեության առանձնահատկությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակներն ուղղակիորեն առնչվում են անշարժ գույքի շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով նախատեսվում է մասնավորեցնել պետական եւ պետական մասնակցությամբ մի շարք ընկերություններ, որոնց մասնավորեցումը թույլ կտա ներդրումների ներգրավման միջոցով բարձրացնել վերջիններիս գործունեության արդյունավետությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Եզրակացություն

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին

1 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասանվորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Պետական գույքի մասանվորեցման մասին 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել պետական բաժնեմաս ունեցող այն ընկերությունների ցանկը որոնք 2017-2020 թվականներին նախատեսվում է մասնավորեցնել:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի հարկային եկամուտների վրա կլինի չեզոք:

Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի ավելացման, իսկ ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի վրա կունենա չեզոք ազդեցություն: