Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-067-12.07.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ` ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Բիշկեկում ստորագրված «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ» Արձանագրությունը:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ

«Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագրի (այսուհետեւ՝ Համաձայնագիր) մասնակից պետությունները,

Համաձայնագրի 28-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների իրագործման կարգը սահմանելու նպատակով, ցանկություն հայտնելով առավել լիարժեք կարգավորելու պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերը,

համաձայնեցին հետեւյալի մասին.
 

Հոդված 1

Սույն Արձանագրության նպատակների համար օգտագործվում են Համաձայնագրով նախատեսված հասկացությունները։  
 

Հոդված 2

Սույն Արձանագրությունը սահմանում է Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի ծրագրման, հարցում կատարող Կողմի իրավասու մարմնի կողմից դրանց փոխհատուցման, ինչպես նաեւ կատարված ֆինանսական եւ նյութական ծախսերի վերաբերյալ հաշվետու փաստաթղթերը ներկայացնելու կարգը։

Սույն Արձանագրությունը չի վերաբերում Համաձայնագրի 11-րդ հոդվածի դրույթներն իրագործելիս օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերին։

Հոդված 3

Կողմերի իրավասու մարմինները փոխանակում են սույն Համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ՝ պաշտպանության միջոցների կազմակերպման եւ իրականացման ոլորտում իրենց պետությունների համապատասխան օրենսդրական եւ նորմատիվ իրավական այլ ակտեր, դրանց կատարման պրակտիկայի վերաբերյալ նյութեր, վիճակագրական տվյալներ եւ մեթոդական ուղեցույցներ։


Հոդված 4

Գույք ձեռք բերելու, աշխատանքների, ծառայությունների համար վճարման եւ պաշտպանվող անձին դրամական միջոցների հատկացման դիմաց հարցվող Կողմի ծախսերի փոխհատուցումը Ծախսերի նախահաշվով՝ սույն Արձանագրության 1-ին հավելվածի համաձայն (այսուհետեւ՝ Նախահաշիվ), չի հանգեցնում դրանց նկատմամբ տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքների անցման հարցում կատարող Կողմին։

Այն գույքի մաշվածության հաշվեգրված գումարը, որը ձեռք է բերվել ոչ Նախահաշվով, այն գույքի արժեքը, որը պաշտպանության միջոցը կիրառելիս պաշտպանվող անձի կողմից օգտագործվելու ընթացքում ծախսվել է, եւ որը ձեռք է բերվել ոչ Նախահաշվով, հարցվող Կողմին նույնպես չի փոխհատուցվում։

Նախահաշվով ձեռք բերված սննդամթերքի, ծխախոտային արտադրանքի, հագուստի, կոշիկի, անձնական հիգիենայի պարագաների, բժշկական կիրառության համար դեղային պատրաստուկների եւ բժշկական արտադրատեսակների, երեխաների համար ապրանքների եւ առաջին անհրաժեշտության այլ գույքի, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաեւ Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված դեպքերում պաշտպանվող անձին Նախահաշվով հատկացվող դրամական միջոցների նկատմամբ տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքները պաշտպանվող անձին են անցնում նրա կողմից դրանց ստացման պահից։

Անձնական պաշտպանություն իրականացնելու, պաշտպանվող անձի աշխատանքի (ծառայության) վայրի փոփոխությանը կամ ուսմանն աջակցելու հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը որոշվում է Կողմերի իրավասու մարմինների պայմանավորվածությամբ։ 


Հոդված 5

Հարցվող Կողմի տարածքում հարցում կատարող Կողմի կողմից անշարժ գույք եւ տրանսպորտային միջոցներ ձեռք չեն բերվում, այդ գույքը ձեռք բերելու համար ծախսերը Նախահաշվի մեջ չեն ներառվում եւ ենթակա չեն փոխհատուցման։

Հոդված 6

Պաշտպանվող անձի փոխանցումը Հարցում կատարող Կողմի կողմից հարցվող Կողմին եւ հակառակը իրականացվում է հարցվող Կողմի տարածքում՝ ըստ Ակտի (այսուհետեւ՝ Ակտ), սույն Արձանագրության 2-րդ հավելվածի համաձայն։

Պաշտպանվող անձի ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը հարցվող Կողմի կողմից իրականացվում է պաշտպանության միջոցի կիրառման ընթացքում եւ սկսվում (դադարեցվում) է Ակտը ստորագրելու պահից։

Հարցվող Կողմի պաշտպանության տակ գտնվող պաշտպանվող անձի ժամանակավոր բացակայության ժամանակահատվածները նույնպես ձեւակերպվում են Ակտերով։ Ընդ որում՝ առանձին միջոցների ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը (բնակելի շինությունների վարձակալություն, բնակարանի եւ գույքի պաշտպանություն եւ այլն) կարող է չդադարեցվել՝ հարցվող Կողմի որոշմամբ։

Հոդված 7

Նախահաշվի նախագիծը Կողմերի իրավասու մարմինների կողմից համաձայնեցվում է նախքան պաշտպանության միջոցներ իրականացնելու վերաբերյալ հարցում ուղարկելը (այսուհետեւ՝ Հարցում)՝ հաշվի առնելով հարցվող Կողմի տարածքում գործող գները (սակագները) եւ հարցվող  Կողմի կողմից ազգային օրենսդրությանը համապատասխան կիրառվող նորմատիվները։

Նախահաշիվը կազմվում է հարցվող Կողմի ազգային արժույթով, եթե Կողմերի առանձին միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ, եւ հարցում ներկայացնող Կողմի իրավասու մարմնի կողմից ներկայացվում է Հարցման հետ միաժամանակ։

Նախահաշիվը ձեւավորվում է մանրամսանորեն՝ ըստ պաշտպանության միջոցների կիրառման տարիների:

Նախահաշիվը (Նախահաշվի նոր խմբագրումը՝ դրա ցուցանիշների փոփոխման դեպքում) հաստատվում է հարցում կատարող Կողմի իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից եւ վավերացվում է այդ մարմնի զինանշանի պատկերով կնիքով։

Հոդված 8

Հաշվետու ժամանակաշրջանը օրացուցային տարին է։

Հարցվող Կողմի իրավասու մարմինը եռամսյակի ավարտից հետո՝ 45 օրացուցային օրվանից ոչ ուշ, հարցում ներկայացնող Կողմի իրավասու մարմին է ուղարկում գրություն՝ նշելով փոխհատուցման ենթակա գումարը եւ այն հաշվի վավերապայմանները, որին պետք է փոխանցվեն դրամական միջոցները։ Գրությանը կցվում են Ծախսերի վերաբերյալ տեղեկությունները (սույն Արձանագրության 3-րդ հավելված ) եւ հարցվող Կողմի իրավասու մարմնի զինանշանի պատկերով կնիքով վավերացված վճարման հաշիվը, որը ներառում է դա կազմելու ամսաթիվը, հարցում կատարող Կողմի իրավասու մարմնի՝ վճարողի անվանումը, հարցվող Կողմի իրավասու մարմնի՝ ստացողի անվանումը, հարցվող Կողմի իրավասու մարմնի՝ ստացողի բանկի վավերապայմանները, վճարի նշանակումը (չեն նշվում սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկությունները), վճարման գումարը (Նախահաշվի սահմաններում), վճարման արժույթը, այն ստորագրելու համար լիազորված անձանց ստորագրությունները եւ այլ վավերապայմաններ (տեղեկություններ)։

Դրամական միջոցների եւ նյութական արժեքների օգտագործման վերաբերյալ առաջնային փաստաթղթերը, Նախահաշիվը եւ Ծախսերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, արժույթների պաշտոնական փոխարժեքը հաստատող փաստաթղթերը հարցվող Կողմի կողմից պահվում են հինգ տարի՝ սույն Արձանագրության 13-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների ավարտի պահից սկսած։

Հարցվող Կողմի լեզվով կազմված փաստաթղթերին կցվում է վավերացված ռուսերեն թարգմանությունը։

Հոդված 9

Պաշտպանվող անձի այլ վայր տեղափոխվելու, այդ թվում՝ ուղեւորության եւ անձնական գույքի փոխադրման հետ կապված ծախսերը՝ ներառյալ փաթեթավորման, բեռնման (բեռնաթափման) արժեքը, մինչեւ հարցվող Կողմի տարածքում պաշտպանվող  անձին հանձնելու վայրը եւ հակառակը, կրում է հարցում կատարող Կողմը։ Նշված ծախսերը Նախահաշվի մեջ չեն ներառվում։
 

Հոդված 10

Համաձայնագիրն իրագործելիս հարցվող Կողմի կողմից ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերը ձեւակերպվում են հարցվող Կողմի ազգային օրենսդրությանն ու նրա իրավասու եւ այլ մարմինների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան։

Հոդված 11

Հարցում կատարող Կողմի իրավասու մարմինը սույն Արձանագրության 8-րդ հոդվածում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից 45 օրացուցային օրվա ընթացքում իրականացնում է դրանց ուսումնասիրությունը եւ դրամական միջոցները փոխանցում է հարցվող Կողմի իրավասու մարմնի հաշվին։

Տարաձայնություններ լինելու դեպքում հարցվող Կողմի իրավասու մարմնին ներկայացվում է համապատասխան դիմում։

Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է ավարտված եռամսյակում կատարված փաստացի ծախսերի ծավալով՝ համապատասխան տարվա համար Նախահաշվով հաստատված հատկացումների սահմաններում, Ծախսերի վերաբերյալ տեղեկություններին համապատասխան։

Պաշտպանության միջոցների դադարեցումից հետո Կողմերի իրավասու մարմինների միջեւ վերջնահաշվարկն արվում է փոխադարձ հաշվարկների համեմատման ակտեր կազմելու միջոցով։

Փոխադարձ հաշվարկների համեմատման ակտը հարցում կատարող Կողմի կողմից կազմվում է երկու օրինակով, որոնք հարցվող Կողմին ուղարկվում են դրամական միջոցների փոխանցման հետ միաժամանակ՝ հարցվող Կողմի նկատմամբ ունեցած պարտքը պաշտպանության միջոցի դադարեցման օրվա դրությամբ մարելու նպատակով։

Հարցվող Կողմն ստուգման ակտն ստանալու օրվանից 45 օրացուցային օրվա ընթացքում հարցում կատարող Կողմին ուղղում է իրավասու անձանց կողմից ստորագրված եւ հարցվող Կողմի իրավասու մարմնի զինանշանի պատկերով կնիքով վավերացված՝ փոխադարձ հաշվարկների համեմատման ակտի օրինակը։

Հոդված 12

Համաձայնագրի 28-րդ հոդվածի իրագործման հետ կապված՝ Կողմերի իրավասու մարմինների միջեւ հաշվարկները կատարվում են հարցվող Կողմի ազգային արժույթով, եթե Կողմերի առանձին միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ։
 

Հոդված 13

Պաշտպանվող անձի ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովման նկատմամբ հարցվող Կողմի կողմից իրականացվող հսկողությունը կատարվում է պաշտպանության միջոցի դադարեցման օրվանից ոչ ուշ,  քան 3 ամիս հետո։

Հսկողության հետ կապված միջոցառումներն իրագործվում են հարցվող Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հսկողության հետ կապված միջոցառումների արդյունքները հարցվող Կողմի կողմից ուսումնասիրվում են հարցվող Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով։

Անցկացված ստուգումների արդյունքում Կողմերի կողմից համատեղ ուսումնասիրություն պահանջող հարցեր առաջանալու դեպքում (նյութերից քաղվածքները) հարցում կատարող Կողմին ուղարկվում են նյութերը այն մասով, որը նրան է վերաբերում։
 

Հոդված 14

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին՝ Արձանագրությունն ստորագրած պետությունների կողմից երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնվելու ամսաթվից։ Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած պետությունների համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին հանձնելու ամսաթվից։

Արձանագրության գործողությունը դադարում է Համաձայնագրի հետ միաժամանակ։

Կատարված է Բիշկեկ քաղաքում 2016 թվականի սեպտեմբերի 16-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերենով։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։
 
 
Ադրբեջանի Հանրապետության կողմից
/ստորագրություն/
Ռուսաստանի Դաշնության կողմից
/ստորագրություն/
 
Հայաստանի Հանրապետության կողմից
/ստորագրություն/
Տաջիկստանի Հանրապետության կողմից
/ստորագրություն/ (վրապահումով)
Բելառուսի Հանրապետության կողմից
/ստորագրություն/
Թուրքմենստանի կողմից
------------------
 Ղազախստանի Հանրապետության կողմից
/ստորագրություն/
 
 Ուզբեկստանի Հանրապետության կողմից
----------------------
Ղրղզստանի Հանրապետության կողմից
/ստորագրություն/
 Ուկրաինայի կողմից
---------------------
 Մոլդովայի Հանրապետության կողմից

-----------------------------
 

Տաջիկստանի Հանրապետության

վերապահումը

«Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ» արձանագրության հարցին կից

Տաջիկստանի Հանրապետությունը կմասնակցի Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ Արձանագրության դրույթների իրականացմանը այն միջոցների սահմաններում, որոնք բյուջեով նախատեսված են հանրապետության համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների համար՝ այդ նպատակներով:
 

Տաջիկստանի Հանրապետության

Նախագահ՝                                                                                       Է. Ռահմոն
 
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագիրը վավերացվում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Սահմանադրության այս դրույթն իր արտացոլումն է գտել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքում, որի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով է ներկայացվում Կառավարության կողմից։ Ելնելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից մշակվել է «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ» Արձանագրությունը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ» արձանագրությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ» արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու կապակցությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ? ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը՝ պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերով իրագործելու վերաբերյալ»արձանագրության եւ օրենքների միջեւ հակասություններ չկան:
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը