Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0152-05.06.2017,26.09.2017-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 1-ին կետում «կատարելու),» բառից հետո լրացնել «միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու),» բառերը.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7-րդ մասով.

«7. Միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու) ժամանակահատվածները կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող կենսաթոշակային վճարը, ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, անձի համար կատարված լինելու դեպքում:».

Հոդված 2. Օրենքը լրացնել 1-ին հավելվածով` համաձայն հավելվածի:

Հոդված 3. Օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 4. Անցումային դրութներ

Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կենսաթոշակային վճարը հաշվարկվում եւ վճարվում է կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ 10 տոկոսի չափով:
 

Հավելված

«Պետական կենսաթոշակների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
 
 

«Հավելված 1

«Պետական կենսաթոշակների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԸ


1. Սույն հավելվածով սահմանվում է միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական

պարտականությունները կատարող)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում վճարման ենթակա կենսաթոշակային վճարի հաշվարկմանը եւ վճարմանն առնչվող հարաբերությունները, վճարողների շրջանակը, դրույքաչափը, հաշվարկելու եւ վճարելու կարգը:

2. Սույն հավելվածում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) աշխատավարձ` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի.

2) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին.

3) միջազգային կազմակերպություն` միջազգային կազմակերպություն, որը, միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, այդ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար կատարում է սույն հավելվածով սահմանված կենսաթոշակային վճար.

4) աշխատող` միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ում համար միջազգային կազմակերպությունը, միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, կատարում է սույն հավելվածով սահմանված կենսաթոշակային վճար:

3. Կենսաթոշակային վճարը հաշվետու ամսվա համար աշխատողի համար հաշվարկված (վճարման ենթակա) աշխատավարձի նկատմամբ սույն հավելվածով սահմանված կարգով, չափով եւ ժամկետներում հաշվարկվող եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:

4. Աշխատողի համար կենսաթոշակային վճար է վճարում միջազգային կազմակերպությունը:

5. Կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտ է համարվում հաշվետու ամսվա համար աշխատողի համար հաշվարկված (վճարման ենթակա) աշխատավարձը:

6. Կենսաթոշակային վճարը հաշվարկվում է կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ 23 տոկոս դրույքաչափով:

7. Սույն հավելվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում մինչեւ աշխատավարձի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Կենսաթոշակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժեր չեն հաշվարկվում: Կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետական հաշվին մուտքագրման օրը:

8. Կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում այն արժույթով, որով վճարվում է միջազգային կազմակերպությունում աշխատողի աշխատավարձը:

9. Լիազոր մարմինը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար մինչեւ այդ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ միջազգային կազմակերպությունից ստանում է հետեւյալ տեղեկատվությունը`

1) միջազգային կազմակերպությունում աշխատողի անձնական տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը), աշխատանքային հարաբերությունները հաշվետու ամսվա ընթացքում սկսվելու (այդ թվում` պաշտոնի նշանակվելու կամ այլ պաշտոնի փոխադրվելու) օրը, ամիսը, տարեթիվը, զբաղեցրած պաշտոնը, այդ հարաբերությունները դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) ամսական ամփոփ հաշվարկում լրացման ենթակա՝ հաշվետու ամսվա համար միջազգային կազմակերպությունում աշխատողին վճարված (հաշվարկված) աշխատավարձի եւ հաշվարկված կենսաթոշակային վճարի վերաբերյալ անձնավորված տվյալներ:

10. Լիազոր մարմինը ըստ անհրաժեշտության միջազգային կազմակերպությունից տեղեկատվություն է ստանում նաեւ միջազգային կազմակերպությունից նախկինում ստացված տեղեկատվության փոփոխության վերաբերյալ: Նույն հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ ստացված նոր տեղեկատվության արդյունքում առաջացած կենսաթոշակային վճարի լրացուցիչ պարտավորության նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում, իսկ լրացուցիչ պարտավորությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվում նոր տեղեկատվության ստացման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

11. Նույն հաշվետու ամսվա վերաբերյալ ստացված տեղեկատվության արդյունքում առաջացած ավել վճարված կենսաթոշակային վճարները հաշվի են առնվում հետագա կենսաթոշակային վճարները վճարելիս: Ավել վճարված կենսաթոշակային վճարների վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկացնում է միջազգային կազմակերպությանը:

12. Կենսաթոշակային վճարի պարտավորությունները հաշվառվում են եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվառումն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: