Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-138-03.10.2017-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր 9.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«9.1) ընտանիքի սոցիալական գնահատում` ընտանիքի սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների եւ գույքային եւ ոչ գույքային ռեսուրսների հետազոտման բազմակողմանի գործընթաց, որն ուղղված է բացահայտելու, հայտնաբերելու եւ գնահատելու պատճառների, հետեւանքների եւ հարաբերությունների միջեւ այն կապերը, որոնք բնութագրում են ընտանիքի կյանքում ստեղծված իրավիճակը.»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի եւ 18-րդ հոդվածի 1-ին մասի «համայնք» բառը իր հոլովաձեւերով փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմին» բառերով՝ իր հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում «սոցիալական սպասարկում իրականացնող» բառերը փոխարինել «խնամք, այդ թվում բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 3.1 կետով հետեւյալ բովանդակությամբ.

«3.1) իրականացնում է ընտանիքի սոցիալական գնահատում.»:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետում «սոցիալական աջակցության համայնքային» բառերը փոխարինել «տեղական սոցիալական» բառերով,

2) 1-ին մասի 3-րդ կետում «լիազորությունների» բառը փոխարինել «խնդիրների լուծման» բառով,

3) 5-րդ մասից հանել «համալիր կենտրոններում տեղակայված» բառերը:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ստեղծվում են» բառերից հետո լրացնել «ընտանիքի սոցիալական գնահատման,» բառերը, իսկ «ներառված» բառից հետո` «, ինչպես նաեւ լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական աշխատանքի մասնագետի կատարած տնային այցելության ընթացքում ձեռք բերված» բառերը,

2) 4-րդ մասում «սոցիալական ծառայություններ ստանալու համար դիմած անձանց անձնական տվյալները» բառերը փոխարինել «ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող տվյալները, ընտանիքի անդամների անձնական տվյալները,» բառերով:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 5.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«5.1) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգը.»:

Հոդված 8. Օրենքը լրացնել նոր 36.1-րդ, 36.2-րդ եւ 36.3-րդ հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 36.1 Ընտանիքի սոցիալական գնահատումը

1. Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնում է լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինը:

2. Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի միջոցով, որը ներառում է`

1) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառումը.

2) ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը.

3) ընտանիքի անապահովության գնահատումը.

4) ընտանիքի անապահովության միավորի որոշումը:

3. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինն ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքներով`

1) տալիս է սույն օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված եզրակացությունները.

2) որոշում է կայացնում դիմողին՝

ա. սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին.

բ. ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրելու կամ մերժելու մասին:

Հոդված 36.2 Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելը եւ ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը

1. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինը` սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով սոցիալական աջակցություն հայցողի կամ խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու (այսուհետ` դիմող) դիմումը կամ հայտը ստանալուց հետո.

1) ընթացք է տալիս դրանց սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում.

2) ընտանիքին հաշվառում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում ընտանիքի չափահաս անդամներից մեկի, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ տրված դիմումի հիման վրա.

3) դիմումը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում, իսկ հայտարարագրում եւ փաստաթղթերում ներառված կամ ինքնաշխատ եղանակով ստացված տվյալները մուտքագրում է ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ.

4) տնային այցելության ընթացքում ձեռք բերված տվյալները ներառվում են ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ` տնային այցելության ընթացքում.

5) կատարում է առաջին տնային այցելությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող`

ա. 15 աշխատանքային օրվա ընթացքում.

բ. մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե տեղեկությունը ստացվել է այն դիմումների, ահազանգերի, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների միջոցով, եթե դրանցում առկա է անձի (ընտանիքի) անձնական տվյալների եւ (կամ) գտնվելու վայրի մասին տեղեկություն` ահազանգում կամ հրապարակման մեջ նշված անձի (ընտանիքի) բնակության (գտնվելու) վայրը.

6) տնային այցելությունը կատարվում է դիմողի եւ (կամ) նրա ընտանիքի սոցիալական եւ նյութական պայմանները ուսումնասիրելու նպատակով.

7) տնային այցելության ընթացքում գնահատվում է՝

ա. դիմողի (ընտանիքի) սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների առկայությունը կամ բացակայությունը, սոցիալական կարիքները կամ դրանց բացակայությունը, առկա կարողությունները եւ հմտությունները, ինչպես նաեւ այդ կարողությունների եւ հմտությունների  հետագա զարգացման  հնարավորությունների առկայությունը կամ բացակայությունը.

բ. դիմողի (ընտանիքի) կենսապայմանները, մասնավորապես՝ բարեկեցությունը կամ աղքատությունը, բնակության պայմանները, կենսագործունեության սահմանափակումները, ընտանիքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, ընտանեկան բռնության առկայությունը կամ բացակայությունը կամ դրա սպառնալիքը.

գ. դիմողի (ընտանիքի) կենսապայմանների վրա` տրամադրված սոցիալական ծառայությունների ազդեցությունը.

դ. խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու նպատակահարմարությունը:

2. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը.

1) ներառում է

ա. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) անձնական տվյալները, սոցիալական վիճակը, զբաղվածությունը, եկամուտը, գույքային եւ ոչ գույքային  ռեսուրսները բնութագրող այլ տվյալները.

բ. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) սոցիալական խնդիրների, կարիքների նկարագրությունը,

գ. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) անհատական սոցիալական ծրագիրը.

դ. աջակցող ցանցի անդամների տվյալները.

ե. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունները.

զ. սոցիալական աջակցություն տրամադրելու կամ տրամադրելը մերժելու մասին որոշումը, սոցիալական աջակցության ծավալը, տրամադրման ժամկետները, դադարեցման հիմքերը.

2) ինքնաշխատ եղանակով որոշում է ընտանիքի անապահովության միավորը:

3. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգում հաշվառվելու, հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձեւերը, տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձեւավորման, դրանում ներառվող անձնական տվյալների` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի եւ տարածքային կենտրոնների միջեւ փոխանակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ ներառված տվյալները պաշտպանվում են օրենքով:

Հոդված 36.3 Ընտանիքների անապահովության գնահատման հիմնական պայմանները եւ ընտանիքի անապահովության միավորը

1. Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների` ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտ, ընտանիքի կազմ, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակ եւ այլ պայմանների հիման վրա:

2. Ընտանիքների անապահովության գնահատման կարգը մշակվում է, իսկ դրանում ներառվող ընտանիքի անապահովության բնութագրիչներն ընտրվում են՝ հաշվի առնելով տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալները:

3. Ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի անդամ չեն համարվում՝

1) ազատազրկման վայրերում գտնվող անձինք.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.

3) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները.

4) երկարաժամկետ կացարան եւ շուրջօրյա լրիվ խնամք ապահովող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող կամ տեղավորված անձինք:

4. Ընտանիքների անապահովության գնահատումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով` ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի տեղեկատվական ենթահամակարգում ներառված տվյալների հիման վրա: Ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ կիրառվող տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է սույն օրենքի 36.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ձեւավորված ընտանիքի անապահովության միավորի մեծությամբ: Ավելի բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը համարվում է ավելի անապահով: Անապահովության «0» միավոր ունեցող ընտանիքը չի ներառվում ընտանիքների անապահովության հիման վրա իրականացվող ծրագրերում:

6. Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի, անձնական տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի, 39-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի, 40-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ մասերի «սպասարկող» բառն՝ իր հոլովաձեւերով, փոխարինել «սատարող» բառով՝ իր հոլովաձեւերով:

Հոդված 10. Օրենքի 40-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 1-ին կետը «նպատակով» բառից հետո լրացնել «կամ խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար»,

2) 4-րդ մասը` «տիրապետում է» բառից հետո լրացնել «խնամակալի կամ խնամատար ծնողի կամ որդեգրել ցանկացող անձի,»,

3) 5-րդ մասի 3-րդ կետը՝ «աջակցություն» բառից հետո լրացնել «հայցողի, խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար դիմողի (ընտանիքի), սոցիալական աջակցություն», իսկ «սոցիալական» բառից հետո` «խնդիրները, գույքային եւ ոչ գույքային ռեսուրսները, սոցիալական» բառերը:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N1 հավելվածի 122-րդ կետի համաձայն` նախատեսված է «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված է արմատապես վերանայել անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման եւ պետական սոցիալական աջակցության ծրագրերը հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին (երեխաներին, միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին եւ այլ խմբերին) ուղղելու սկզբունքային մոտեցում:

ՀՀ կառավարության 19.06.2017թ. N646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի համաձայն` աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում առաջիկա 5 տարիների գործունեության նպատակներից է սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձեւավորման իրական հնարավորությունների ստեղծումն ու դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանումը, ինչը նշանակում է, որ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատումը պետք է իրականացվի առավել համապարփակ եւ ամբողջական:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլուխը վերաբերում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգին: Այդ գլխում ներառված 9-12-րդ հոդվածներով կարգավորվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի, դրանում հաշվառվելու, ընտանիքների անապահովության գնահատման կարգի, ընտանիքի անապահովության միավորի որոշման, ինչպես նաեւ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական շտեմարանների հետ կապված հարաբերությունները: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այդ գլուխը բոլոր հոդվածներով եւ այն տեղափոխել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք, որպես ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ, նախատեսելով աղքատ ընտանիքներին տրամադրվող` կենսամակարդակի բարձրացմանն օժանդակող կամ դրա վատթարացումը կանխող նպաստները, որպես սոցիալական ծառայություններից միայն մեկը:

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է «սոցիալական կարիք» հասկացությունը, որը գնահատվում է ընտանիքի սոցիալական խնդիրների եւ դրանց լուծման անհրաժեշտ ռեսուրսների համեմատականի արդյունքում, ինչը նշանակում է, որ սոցիալական աշխատողը հավասարապես գնահատում է ընտանիքի թե սոցիալական խնդիրները, թե ռեսուրսները, այսինքն իրականացնում է  ընտանիքի սոցիալական գնահատում, որի իրավակարգավորումները բացակայում են գործող օրենսդրության մեջ:

Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառումը ենթադրում է ՀՀ-ում բնակվող որեւէ ընտանիքի, անկախ աղքատության կամ բարեկեցության մակարդակից, հաշվառման գործընթաց, որով կվերածվի նաեւ այդ համակարգին դիմելը նվաստացուցիչ հանգամանք ընկալելու փաստը:

Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի միջոցով գնահատական կտրվի ընտանիքի թե? անապահովության, թե? բարեկեցության ու բարօրության վիճակին` առաջին դեպքում նախատեսելով սոցիալական ծառայությունների համապատասխան փաթեթի տրամադրում, այդ թվում նաեւ նպաստ, իսկ երկրորդ դեպքում` խնամատար ընտանիքի, խնամակալի ընտրության, ինչպես նաեւ երեխա որդեգրել ցանկացող ընտանիք հաշվառելու հնարավորություն:

Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգը կդառնա սոցիալական դեպքի վարման հիմքը, որի արդյունքում կգնահատվի ընտանիքի կենսամակարդակը` քանակական եւ որակական ցուցանիշներով, ինչպես աղքատությունը, այնպես էլ բարեկեցությունը:

Գնահատվում է նաեւ ընտանիքի ռեսուրսները՝ թե գույքային եւ թե ոչ գույքային, որով կարեւորվում է մարդն իր անհատական ներուժով, ստեղծելով նախադրյալներ մարդկային կապիտալի զարգացման համար:

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք տեղափոխվող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի իրավակարգավորումներում որոշ փոփոխություններ են կատարվել, այդ թվում հանվել է ընտանիքի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում սահմանված 6 ամիս եւ ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից բացակայողները ընտանիքի անդամ չհամարվելու դրույթը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին տվյալները համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը յոթնօրյա ժամկետում պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:», ինչը նշանակում է, որ օրինական հիմքերով ՀՀ տարածքից 6 ամիս եւ ավելի բացակայող քաղաքացիների մասին տվյալները սոցիալական աջակցության տարածքային մարմինները կստանան բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից՝ առցանց եւ այդ պարագայում, նրանք չեն կարող հանդիսանալ իրենց նախկին հասցեում հաշվառված եւ փաստացի բնակվող ընտանիքի անդամ:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սոցիալական աջակցության ոլորտում ձեւավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ, որով մեկնարկում է սոցիալական պաշտպանության քաղաքականության շրջանակներում մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծի մշակման աշխատանքներին մասնակցել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունը

5. Ակնկալվող արդյունքը

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքին սոցիալական աջակցության տրամադրման հասցեականության, իրականացվող ծրագրերի ծախսարդյունավետության մեծացում:

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ  այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2009   թվականի   հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության  գնահատման  իրականացման  կարգը  հաստատելու  մասին» N 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն  պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:                       Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում է «Ընտանիքի սոցիալական գնահատում» հասկացությունը, ինչպես նաեւ նախատեսվում են կարգավորումներ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու, ընտանիքի անապահովության գնահատման հիմնական պայմանների եւ ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ: Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում  մրցակցային միջավայրի վրա ազդեցությունը բացակայում է:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) ` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է «Ընտանիքի սոցիալական գնահատում» հասկացությունը, ինչպես նաեւ նախատեսվում են կարգավորումներ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու, ընտանիքի անապահովության գնահատման հիմնական պայմանների եւ ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է  չեզոք  ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ 1) եւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ 2) ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագիծ 1-ի 3-րդ հոդվածով նախատեսվում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում կատարել լրացում` ըստ որի ցերեկային ժամերին խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում սնունդը տրվում է առնվազն օրական մեկ անգամ (ներկայումս օրական մեկ անգամ): Նշված դրույթի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության:

Նախագիծ 1-ի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի վրա կլինի չեզոք:

Նախագիծ 2-ի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբյալ  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ  եւ  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Oրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող  հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1147-Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հարգանքով`  ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

22 սեպտեմբերի 2017 թվականի  N  1147 - Ա

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որո շում է.

1. Հավանություն տալ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ 


Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. հոկտեմբերի 2
Երեւան