Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-15410-16.10.2017-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում «վերահսկիչ պալատի վերահսկողության» բառերը փոխարինել «հաշվեքննիչ պալատի հաշվեքննության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետում «վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության» բառերը փոխարինել «հաշվեքննիչ պալատի իրականացրած հաշվեքննության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 95-րդ հոդվածը 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«7. Համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, համայնքի սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ հաշվեքննություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:»

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների  210-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետում՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի, «Աուդիտորական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Դատախազության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, Հայաստանի Հանրապետության  Քրեական Դատավարության Օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

1.  Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման    անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է

-  2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կատարված փոփոխություններով, որի գլուխ 13-ը նվիրված է Հաշվեքննիչ պալատին։

- Վերահսկողությունից հաշվեքննության անցում կատարելու նպատակով, այն է վերահսկիչ գործառույթ իրականացնող մարմնից անցնել հաշվեքննիչ գործառույթ իրականացնող մարմնի։

- Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) ստանդարտներին համահունչ բարձրագույն աուդիտորական մարմին ունենալու նպատակով։

Վերահսկիչ պալատի մասին օրենքում շտկման կարիք ունեցող որոշ դրույթներ բերված են ստորեւ՝

- Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը։

- Վերահսկիչ պալատը եզրակացություն է տրամադրում պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության վերաբերյալ։ Ստացվում է, որ Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացնում ոչ թե բյուջեի փաստացի կատարողականի այլ միայն բյուջեի կատարողականի վերաբերյալ կառավարության ներկայացված հաշվետվության նկատմամբ ։

- Վերահսկիչ պալատի աշխատակիցների քաղաքացիական ծառայող լինելը հակասում է Լիմայի հռչակագրով սահմանված սկզբունքներին, քանի որ քաղաքացիական ծառայությունը կարգավորող մարմինը հանդիսանում է վերահսկողության սուբյեկտ։

- Բացակայում են Վերահսկիչ պալատի խորհրդի եւ աշխատակազմի մասնագիտական կարողություններին առաջադրվող պահանջները։

- Վերահսկիչ պալատի խորհրդի անդամի համար սահմանված չեն քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները։

- սահմանված չէ վերահսկիչ պալատի գործունեության նպատակը եւ կարելի է ենթադրել, որ այն զուտ ստուգումներ իրականացնելն է

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի համաձայն Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակ է սահմանվում հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելը։

Նախագծի 2-րդ գլխում սահմանվում են Հաշվեքննիչ պալատի գործունեության սկզբունքները, որոնք բխում են ինչպես նոր Սահմանադրության նորմերից, այնպես էլ INTOSAI հռչակած ստանդարտներից։

Համաձայն օրենքի նախագծի արտաքին պետական հաշվեքննությունը սահմանվում է որպես հաշվեքննության առարկան կարգավորող իրավական ակտերով, կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանականերում կնքված այլ գործարքներով սահմանված չափանիշների եւ պահանջների պահպանման գնահատում: Սահմանվում է նաեւ, որ այդ գնահատումն իրականացվում է հաշվեքննության առարկայի  իրականացման համար իրավական ակտերով, կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանականերում կնքված այլ գործարքներով սահմանված ժամանակաշրջանի կամ փուլի ավարտից հետո:

Այսինքն, հաշվեքննությունը որոշակի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության գնահատումն է, եւ այդ գնահատումը կարելի է իրականացնել միայն համապատասխան իրավական ակտերով սահնանված ժամանակաշրջանի կամ փուլի ավարտից հետո։

Հաշվեքննիչ պալատը գործում է իր հաստատած գործունեության ծրագրի հիման վրա, ինչն Հաշվեքննիր պալատի համար ապահովում է առավել անկախ լինելու հնարավորությունը։ Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրը պետք  է կազմվի Հաշվեքննիչ պալատի կողմից կազմված ռիսկերի գնահատման մեթոդաբանության հիման վրա, որն ավելի արդյունավետ եւ նպատակային կդարձնի պալատի կողմից իրականացվող աշխատանքները։

Հաշվեքննիչ պալատն Ազգային ժողով պետք է ներկայացնի՝

1) տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ.

2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն

3) օրենքով սահմանված դեպքերում` ընթացիկ եզրակացություններ:

Օրենքի նախագծի համաձայն  հաշվեքննության սուբյեկտներ են հանդիսանում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ եւ հիմնարկներ:

Հաշվեքննիչ պալատը իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարելու իրավունք ունի,   եթե՝

1) ոչ առեւտրային իրավաբանական անձը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից.

2) առեւտրային իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի հիսունից ավելի տոկոսը պետական կամ համայնքային մասնակցությամբ է .

3) իրավաբանական անձին  իրավական ակտով եւ պայմանագրով վերապահվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթների իրականացում` պետական կամ համայնքային միջոցների հաշվին` միայն սույն կետով նախատեսված  իրավական ակտի եւ պայմանագրի պահանջների կատարումը ստուգելու համար, եթե դրանցով նախատեսված է նման ստուգման հնարավորություն.

4) իրավաբանական անձը պայմանագրով ստացել է պետական բյուջեից վարկեր, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետության պետական երաշխիքով ապահովված վարկեր կամ այլ ֆինանսական միջոցներ, միայն այդ միջոցների օգտագործման հետ կապված՝ սույն կետով նախատեսված պայմանագրի պահանջների կատարումը ստուգելու համար, եթե այդ պայմանագրով նախատեսված է նման ստուգման հնարավորություն.

5) իրավաբանական անձը պայմանագրով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների կողմից ստացել է դրամաշնորհներ եւ սուբսիդիաներ, միայն այդ միջոցների օգտագործման հետ կապված՝ սույն կետով նախատեսված պայմանագրի պահանջների կատարումը ստուգելու համար, եթե այդ պայմանագրով նախատեսված է նման ստուգման հնարավորություն:

Համաձայն օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, եթե հաշվեքննության ընթացքում հաշվեքննիչ պալատը գալիս է այն հետեւության, որ կատարված արարքը պարունակում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ապա համապատասխան նյութերը, հաշվեքննիչ պալատի որոշմամբ, անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն: Այդ մասով հաշվեքննիչ պալատը կարող է դադարեցնել հաշվեքննությունը:  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը տրամադրված նյութերի հիման վրա կայացված որոշումների վերաբերյալ  գրավոր տեղեկացնում է հաշվեքննիչ պալատին:

Նախագծով սահմանված են հաշվեքննության երեք տեսակները եւ յոթ ընթացակարգերը։

 Հաշվեքննիչ պալատի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։

Հաշվեքննիչ պալատի անդամները, ներառյալ պալատի նախագահը, չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային ակազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել  վճարովի այլ աշխատանք  բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից։ Հաշվեքննիչ պալատի անդամի այդ թվում նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ նախորդ նախադասությամբ սահմանված անհամատեղելիության պահանջի խախտման կամ հաշվեքննիչ պալատի անդամի որեւէ կուսակցության անդամ լինելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքում:

 Նախագծում սահմանվել է աուդիտորի որակավորման պարտադիր պահանջ ինչպես պալատի անդամների, այնպես էլ հաշվեքննություն իրականացնող ստորաբաժանումների ղեկավարների եւ տեղակալների համար։ Միաժամանակ սահմանվել է, որ աուդիտորի որակավորում ունեցող հաշվեքննիչ պալատի անդամները եւ աշխատակազմի ծառայողները օրենքով սահնանված կարգով ստանում են դրամական պարգեւներ:

Նախագծում նախատեսված է, որ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող եւ հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող աշխատակիցները չեն հանդիսանալու քաղաքացիական ծառայողներ, ինչը հանդիսանում է պետական կառավարման համակարգից անկախ գործելու եւս մեկ երաշխիք:

Նախագիծը համապատասխանում է Լիմայի եւ Մեխիկոյի հռչակագրերին, ինչպես նաեւ ֆինանսական վերահսկողության միջազգային նորմերին եւ ղեկավար ուղենիշներին (ISSAI), որը հավաստվում է համապատասխան միջազգային փորձագիտական եզրակացությամբ:

Նախագծի մշակման ընթացքում աշխատանքային խնբի կողմից 4 դիմումներ են ներկայացվել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդին, պարզելու համար օրենքի նախագծում նախատեսվող ձեւակերպումների համապատասխանթյունը սահմանադրության պահանջներին։ Դիմումներում ներկայացված հարցադրումների վերաբերյալ Խորհրդից ստացված առաջարկությունները ներառված են նախագծում, որի վերաբերյալ առկա է Խորհրդի հավաստումը:

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի լիարժեք կիրառման համար անհրաժեշտ փոփոխություններ են իրականացվել նաեւ այլ իրավական ակտերում՝ «Աուդիտորական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Դատախազության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում եւ Հայաստանի Հանրապետության  Քրեական Դատավարության Օրենսգրքում:

Միաժամանակ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ չեն նախատեսվել, ինչպես նաեւ չի ներկայացվել «Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայության մասին» օրենքի նախագիծ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքն ուժի մեջ պետք է մտնի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների  210-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետում՝ նորընտիր  Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, եւ նույն ժամկետում նաեւ պետք է ընդունվի «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքը, որով եւ կարգավորվելու են այդ թվում նաեւ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում ծառայությանը վերաբերող հարցերը։

3. Նախագծի մշակման մասնակցային ձեւաչափը

Նախագիծը մշակմանն օժանդակել է այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը (մասնակցությամբ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Հանրային ֆինանսների կառավարումը հարավային կովկասում եւ Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում ծրագրերի):

Փաթեթի մշակման ընթացքում իրականացվել է՝

- աշխատանքային խմբի ընդլայնված նիստ միջազգային մասնագետների մասնակցությամբ՝ մարտի 18-19, 2016թ.

-  առաջավոր փորձի ուսումնասիրման համար աշխատանքային խմբի  ներկայացուցիչների մասնակցությամբ ուսումնական այց Էստոնիա՝ մարտի 21-24, 2016թ.

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքների փաթեթի ընդունման դեպքում այն իրավական հենք կհանդիսանա ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի կողմից հանրային ֆինանսների կառավարման գործընթացում  ժամանակակից պահանջների համապատասխան էական ու կառուցողական ներդրում ունենալու համար, ինչը կբարձրացնի հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը։

Միաժամանակ ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը համահունչ կլինի զարգացած երկրներում, մասնավորապես, ԵՄ-ում գործող հասկացություններին եւ չափանիշներին:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

«13_» հոկտեմբերի 2017թ.                                                                   N_010-Ե01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

 

Հարգելի  պարոն Բաբլոյան

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության   109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի, «Աուդիտորական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Դատախազության մասին»,

«Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում,

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը՝ (հիմնական զեկուցող՝ Գագիկ Մինասյան):

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`

- օրենքների նախագծերի փաթեթը,

- օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

- գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:

Խնդրում ենք ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
Պատգամավորներ` Գալուստ Սահակյան
Գագիկ Մինասյան
Սամվել Նիկոյան