Armenian ARMSCII Armenian
Պ-125-05.09.2017,19.10.2017-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի 6-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով տնտեսավարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է (են) համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:

Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով տնտեսավարող սուբյեկտ(ներ)ը չի (չեն) կարող համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե նա (նրանք), որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով չի (չեն) գերազանցում տվյալ շուկայի մեկ տասներորդը:

Սույն հոդվածում նշված տնտեսավարող սուբյեկտ(ներ)ը կարող է (են) ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր(ենց) գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Առեւտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, որում ներառված առեւտրային օբյեկտներում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: