Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-176-03.11.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է հանրաքվեի անցկացման սկզբունքների, հանրաքվեին մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի, նախագիծը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, հանրաքվեի դրված ակտերի ուժի մեջ մտնելու եւ հանրաքվեի փաստաթղթերը պահպանման հանձնելու հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Հանրաքվեն եւ դրա անցկացման սկզբունքները

1. Հանրաքվեն ժողովրդի կողմից անմիջականորեն իր իշխանության իրականացման ձեւերից է:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

3. Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք:

4. Հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հոդված 3. Հանրաքվեին մասնակցելու իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրաքվեին կարող են մասնակցել հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2. Հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք:

Հոդված 4. Հանրաքվեի դրվող հարցերը

1. Հանրաքվեի են դրվում`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը,

2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ եւ 15-րդ գլուխներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ եւ 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություններ կատարելու նախագծերը,

3) վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը:

2. Հանրաքվեի կարող են դրվել`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում չնախատեսված հոդվածներում փոփոխություններ կատարելու նախագիծը, եթե դրա ընդունումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից մերժվել է,

2) քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը, եթե դրա ընդունումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից մերժվել է,

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 204-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:

Հոդված 5. Հարցեր, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի

1. Հանրաքվեի չեն կարող դրվել՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 203-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծերը,

2) այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը եւ անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, վարչատարածքային բաժանմանը, միջհամայնքային միավորումներ ստեղծելուն, նախարարարությունների ցանկին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին,

3) այն նախագծերը (հարցերը), որոնք արդեն իսկ դրվել են հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում եւ նույնաբովանդակ են,

4) հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող օրենքի նախագծերը, եթե օրենքի ընդունումից չի անցել առնվազն մեկ տարի:

Հոդված 6. Հանրաքվե անցկացնելու արգելքը

1. Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը:

2. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացը սկսելուց հետո, սակայն մինչեւ Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են եւ վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո:

3. Նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում:

Գ Լ ՈՒ Խ 2.

ՀԱՐՑԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼԸ, ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն`

1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

3) ընտրական իրավունք ունեցող առնվազն 200.000 քաղաքացի:

2. Նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը եւ կայացնում որոշում: Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հոդված 8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների  նախագիծը հանրաքվեի դնելու կարգը

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն`

1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

3) ընտրական իրավունք ունեցող առնվազն 200.000 քաղաքացի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը եւ այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան` նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական  օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման կայացումից հետո 15-օրյա ժամկետում որոշում է ընդունում նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում նախագիծը հանվում է շրջանառությունից:

Հոդված 9. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների  նախագիծը հանրաքվեի դնելու կարգը

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի է դրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, եթե նախագիծը Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, սակայն դրա ընդունումը մերժվել է:

2. Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախագծի ընդունումը մերժելուց հետո մեկամսյա ժամկետում:

Հոդված 10. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու կարգը

1. Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մերժում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` վաթսուն օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող եւս 300.000 քաղաքացու միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ?այսուհետ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով? ստորագրությունների վավերականության հաստատման համար:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատվելու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դիմում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից օրենքի նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում այն հանրաքվեի չի դրվում:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական  օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունելուց հետո եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:

Հոդված 11. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեի դնելու կարգը

1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննարկում է առաջարկությունը եւ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 12. Հանրաքվեի նշանակումը եւ անցկացումը, հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակելուց ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո:

3. Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելուց հետո այլ հանրաքվե նշանակելու անհրաժեշտության դեպքում Հանրապետության նախագահը այլ հանրաքվեն նշանակում է արդեն նշանակված հանրաքվեի հետ նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված հանրաքվեի օրվանից առնվազն 15 օր հետո:

4. Հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հանրապետության նախագահի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքերում, http://www.azdarar.am կայքում, «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»՝ հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

Գ Լ ՈՒ Խ 3.

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՆԱԼԸ


Հոդված 13. Ստորագրությունների հավաքագրումը

1 Քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու համար կազմավորվում է առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած նախաձեռնող խումբ:

2.Սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքում օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումն ապահովում է արդեն իսկ գրանցված այն նախաձեռնող խումբը, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին առաջարկել էր օրենքի նախագիծը, եթե նախաձեռնող խմբի գրանցումը մինչ այդ չի դադարեցվել եւ Ազգային ժողովի մերժումից հետո եռօրյա ժամկետում այդ նախաձեռնող խումբը գրավոր ձեւով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրազեկել է օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու մտադրության մասին:

3. Մինչեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագիծը մերժելը  նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցվելու կամ նախաձեռնող խմբի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու մտադրության մասին չիրազեկելու դեպքում օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումը կարող է ապահովել այլ նախաձեռնող խումբ, որը գրանցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

4. Նախաձեռնող խումբը գրանցման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից ստորագրված նախաձեռնող խումբ կազմավորելու եւ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, նախաձեռնող խմբի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, համապատասխան օրենքի նախագիծը՝ էլեկտրոնային եւ թղթային տարբերակով եւ նախաձեռնող խմբի էլեկտրոնային փոստի հասցեն, որը նախաձեռնող խմբի գրանցումից հետո հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին եւ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պահանջները պահպանված չեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից եւ մինչեւ հաջորդ օրվա ավարտը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խումբը գրանցելու մասին որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելուց հետո եռօրյա ժամկետում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա նախաձեռնող խմբի անդամներին տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած ձեւի վկայագրեր:

7.Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցվում է՝

1) նախաձեռնող խմբի որոշման հիման վրա նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումով,

2) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին չդիմելու դեպքում,

3) քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին ներկայացված օրենքի նախագիծը ընդունվելու դեպքում,

4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում,

 5) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու մասին չիրազեկելու դեպքում,

6) հանրաքվեի դրված ակտը չընդունվելու դեպքում հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկելիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից  հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու դեպքում,

7) հանրաքվեի դրված ակտն ուժի մեջ մտնելուց հետո:

8. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

9. Գրանցումից հետո նախաձեռնող խումբն իրավունք է ստանում ձեռնարկել օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումը՝ ստորագրությունների հավաքագրման միջոցով:

7. Ստորագրությունների հավաքագրմանը (նախաձեռնել, կազմակերպել, օժանդակել) կարող են մասնակցել 18 տարին լրացած քաղաքացիները:

10. Ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները:

11. Ստորագրությունների հավաքագրումն իրականացվում է ստորագրությունների հավաքագրման ձեւաթերթիկների միջոցով՝ տեղում ստորագրելու կամ էլեկտրոնային եղանակով, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի սահմանել ստորագրությունների հավաքագրումը միայն էլեկտրոնային եղանակով իրականացնելու կարգ:

12. Տեղում ստորագրելու դեպքում անձը ձեւաթերթիկում անձամբ (ձեռագիր) լրացնում է իր անձնագրային տվյալները, ստորագրում է այն եւ հանձնում ստորագրությունների հավաքագրումն իրականացնող անձին, իսկ էլեկտրոնային եղանակի դեպքում՝ անձը ձեւաթերթիկը ստորագրում  է էլեկտրոնային եղանակով:

13. Ստորագրությունների հավաքագրումն իրականացվում է նախաձեռնող խմբի գրանցումից հետո 45-օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ 60-օրվա ընթացքում:

142. Ստորագրությունների հավաքագրման ձեւաթերթիկների ձեւերը եւ հավաքագրման մանրամասները սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

15. Ստորագրությունների հավաքագրման ձեւաթերթիկների նմուշները ներբեռնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Հոդված 14. Ստորագրությունների վավերականության հաստատումը

1. Սույն օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պահանջվող նվազագույն քանակի ստորագրություններ հավաքագրելու դեպքում ոչ ուշ, քան սույն օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 15-րդ օրը, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելով ստորագրված ձեւաթերթիկները:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը եւ ստորագրված ձեւաթերթիկները ստանալուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգման արդյունքում որոշում է կայացնում ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին, եթե առկա են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պահանջվող քանակի վավեր ստորագրություններ, իսկ հակառակ դեպքում մերժում է ստորագրությունների վավերականության հաստատումը:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստորագրությունների վավերականությունը հաստատելու կամ հաստատումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում ուղարկում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը չի ստացել որոշումը, ինչպես նաեւ մինչեւ հաջորդ օրվա ավարտը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

5. Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը ստորագրությունների վավերականությունը հաստատելու վերաբերյալ որոշումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում համապատասխան նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

6. Ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու մասին որոշումը քաղաքացիական նախաձեռնության խմբի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

7. Ստորագրությունների վավերականության հաստատման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

8. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 14-րդ մասով, սույն  հոդվածի 7-րդ մասով, 18-րդ հոդվածի 3-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Գ Լ ՈՒ Խ 4.

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 15. Հանրաքվեի հանձնաժողովների համակարգը

1. Հանրաքվեի կազմակերպումն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն կազմավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հանրաքվեի անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն կազմավորված տարածքային ընտրական հանձնաժողովները եւ տեղամասային ընտրական հանձնաժողովները:

2. Հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումն ապահովելու համար ընտրական հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենքով նախատեսված լիազորությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով  Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովներին վերապահված այն լիազորությունները, որոնք կիրառելի են եւ անհրաժեշտ հանրաքվեի կազմակերպման եւ իրականացման համար:

3. Հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովների գործունեության կարգը, ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը, ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների եւ անգործության բողոքարկման կարգը, հանձնաժողովներում դիմումների (բողոքների) եւ առաջարկությունների քննարկման եւ քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:

Հոդված 16. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները, հանրաքվեի տեղամասերը, տեղամասային կենտրոնները եւ հանրաքվեի ֆինանսավորումը

1. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմելու եւ վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու կարգը, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու եւ ցուցակները ճշտելու, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:

2. Հանրաքվեի տեղամասերը եւ տեղամասային կենտրոնները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

3. Հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան:

Գ Լ ՈՒ Խ  5.

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Քարոզչության հիմնական կանոնները

1. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձեւերով եւ միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները եւ հասարակական կազմակերպությունները: Քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

2. Քարոզչությունը սկսվում է հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից հետո յոթերորդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:

3. Հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով կարող է գործել մեկ «ԱՅՈ» եւ մեկ «ՈՉ» քարոզչության կողմ: Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են քարոզչություն իրականացնել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերին միանալու միջոցով կամ առանձին:

4. Քարոզչության իրականացման հանրային եղանակներից եւ միջոցներից (հանրային հեռուստատեսության եւ հանրային ռադիոյի անվճար եւ վճարովի եթերաժամեր, արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր փակցնելու իրավունք,  համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր փակցնելու համար առանձնացված անվճար տեղեր) կարող են օգտվել  «ԱՅՈ» եւ «ՈՉ» քարոզչության կողմերը, իսկ այլ անձինք քարոզչության իրականացման հանրային միջոցներից կարող են օգտվել միայն քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի գրավոր համաձայնության հիման վրա՝ համաձայնության մեջ նշված պայմաններով, որոնք չեն կարող հակասել քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված պահանջներին:

5. Հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակումից հետո հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը համարվում է «ԱՅՈ» քարոզչության կողմ:

6. «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ է համարվում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ քաղաքացիական նախաձեռնության դեպքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա որոշմամբ նշանակված ներկայացուցիչը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության դեպքում, նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրության մեջ որպես ներկայացուցիչ նշված պատգամավորը՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնության դեպքում:

7. «ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձեւավորել համապատասխանաբար հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները:

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված սուբյեկտների կողմից հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակումից հետո յոթնօրյա ժամկետում որպես «ՈՉ» քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում, «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձեւավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը:

9. «ՈՉ» քարոզչության կողմը ենթակա է գրանցման Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

10. «ՈՉ» քարոզչության կողմը ձեւավորման պահից եռօրյա ժամկետում գրանցման նպատակով գրություն է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

11. Գրության մեջ նշվում է «ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչը, իսկ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ ձեւավորելու եւ լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը,  ինչպես նաեւ գրությանը կամ որոշմանը կից ներկայացվում են «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները:

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրությունը եւ փաստաթղթերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում գրանցում է «ՈՉ» քարոզչության կողմին եւ նրա լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե սույն հոդվածի 8-րդ մասում նշված պահանջները պահպանված չեն:

13. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում հրապարակում է տեղեկատվություն այն մասին, թե ով է հանդիսանում «ԱՅՈ» քարոզչության կողմ, ինչպես նաեւ  «ԱՅՈ» եւ «ՈՉ» քարոզչության կողմերի լիազոր ներկայացուցիչների անունը, ազգանունը եւ նրանց հետ կապի միջոցները:

14. Արգելվում է քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) հանրային ծառայողներին, քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին իրենց պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս՝ բացառությամբ, երբ նրանք հանդիսանում են հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակ,

2) ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց պարտականությունները իրականացնելիս,

3) դատավորներին, դատախազներին, քննչական մարմինների ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողներին, պրոբացիոն ծառայության ծառայողներին, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողներին, զինծառայողներին,

4)  ընտրական հանձնաժողովների անդամներին,

5) օտարերկրյա քաղաքացիներին եւ կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց եւ միջազգային կազմակերպություններին:

15. Արգելվում է`

1) քարոզչություն կողմերին` քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, արժեթղթեր, ապրանքներ (այդ թվում՝ սննդամթերք) կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ,

2) քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաեւ տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով,

3) քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը:

16. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի դրույթների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` անկախ  ընտրական հանձնաժողովի պահանջից:

Հոդված 18. Քարոզչության իրականացման եղանակները

1. Քարոզչությունը կարող է կատարվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային քարոզչական միջոցառումների ձեւով (ժողովներ, հանդիպումներ, հրապարակային քննարկումներ, բանավեճեր, հավաքներ), քարոզչական պաստառներ, տպագիր եւ այլ նյութեր հրապարակելու եւ տարածելու միջոցով:

2. Պետությունը երաշխավորում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը:

3. Քարոզչության ազատ իրականացումն ապահովում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները` ժողովներ, հանդիպումներ եւ հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով քարոզչության կողմերին դահլիճներ եւ այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք քարոզչության կողմերին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները քարոզչության կողմերին կարող են տրամադրվել միայն ժամը 18.00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին եւ միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում (Երեւանի վարչական շրջանում) գոյություն չունեն քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ։

4. Հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան յոթ օր հետո մարզպետը, Երեւանում` Երեւանի քաղաքապետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների եւ շինությունների ցանկը, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով անվճար տրամադրվում են քարոզչության կողմերին՝ ժողովներ, հանդիպումներ եւ հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Այդ ցանկը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

5. Քարոզչության կողմերին սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված տարածքները  տրամադրվում են  հավասար պայմաններով:

6. Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձեւով հրապարակել եւ տարածել քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր: Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ:

7. Քարոզչական պաստառները փակցնելու համար համայնքների ղեկավարները, հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, հատկացնում են դրանց փակցման համար նախատեսված հատուկ տեղեր: Համայնքի ղեկավարները հետեւում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն:

8. Քարոզչության կողմերին հատկացված տեղերը պետք է հնարավորինս չափ հարմար եւ մատչելի լինեն քվեարկողների այցելության համար, ապահովեն հավասար մակերես «ԱՅՈ» եւ «ՈՉ» քարոզչության համար։

9. Քվեարկության օրը եւ նրա նախորդ օրը տեղամասային կենտրոնում չգտնվող պաստառները կարող են մնալ իրենց տեղերում:

10. Զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող քարոզչության, ինչպես նաեւ քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի օգտագործման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով  Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության համար սահմանված կանոնները, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ: Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամերի քանակը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

11. Զանգվածային լրատվության միջոցներով տրամադրվող անվճար եւ վճարովի եթերաժամերի ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ եթերաժամ տրամադրելու համար սահմանված ժամկետից առնվազն հինգ օր առաջ: Եթերաժամերի ժամանակացույցը սահմանվում է այնպես, որ ապահովվի քարոզչության կողմերի համար հավասար հնարավորություններ, էականորեն չնվազեցնի քարոզչության ներգործությունը հանրության վրա կամ որեւէ այլ ձեւով հանգեցնի քարոզչության փաստացի արգելմանը կամ նվազեցնի քարոզչության արդյունավետությունը։

12. Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով քարոզչության համար տրամադրվող վճարովի եւ անվճար ժամերի քանակը պետք է հավասար լինի: Քարոզչության կողմերն իրավունք ունեն`

1) անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 120 րոպե,

2) վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե` քարոզչության հիմնադրամի միջոցների հաշվին:

13. Քարոզչության կողմերին վճարովի եւ անվճար եթերաժամը տրամադրվում է եթերաժամ տրամադրողին ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա:

14. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը եւ ընտրանքի ձեւը, հավաքման ձեւը եւ վայրը, հարցի ճշգրիտ ձեւակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը եւ պատվիրատուին:

15. Արգելվում է հանրաքվեի քվեարկության օրը` մինչեւ ժամը 20.00-ը, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին հրապարակել հանրաքվեի մասնակիցների «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկելու արդյունքների մասին:

Հոդված 19.  Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամը

1. Քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող են ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ: Քարոզչության ֆինանսավորման նկատմամբ տարածվում են նախընտրական հիմնադրամներին վերաբերող Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչությանը մասնակցող այլ անձինք առանձին հիմնադրամ ձեւավորելու իրավունք չունեն:

2. Հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հիմնադրամ ձեւավորելու նպատակով քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված ժամանակավոր հատուկ հաշվեհամարներին: Այդ հաշվեհամարներին եկամուտներ չեն հաշվարկվում եւ չեն վճարվում:

3. Հիմնադրամը ձեւավորվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:

4. Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն`

1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները,

2) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները),

3) օտարերկրյա պետությունները, օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք,

4) քաղաքացիություն չունեցող անձինք,

5) բարեգործական, կրոնական,  միջազգային կազմակերպությունները,

6) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները,

7) պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները եւ պետական ու համայնքային մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունները:

Հոդված 20. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը

1. Հիմնադրամի հաշվում կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100000-ապատիկը: Կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 25000-ապատիկը: Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն՝ քվեարկության օրվանից համապատասխանաբար 20 օր եւ տասն օր առաջ, ինչպես նաեւ քվեարկության օրվանից հետո` երրորդ օրը:

2. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է քարոզչության հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչեւ հինգհարյուրապատիկի  չափով կամավոր մուծում: Կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից կամ կուսակցությունների դաշինքներից յուրաքանչյուրը կարող է կատարել մուծում միայն մեկ հիմնադրամում:

3. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում նշված անձանց` հիմնադրամների հաշվին մուծած գումարները, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:

4. Արգելվում է քարոզչության ընթացքում հանրային ֆինանսների ու պետական մարմինների միջոցների ու հնարավորությունների օգտագործումը, ինչպես նաեւ հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը եռօրյա պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք է ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ:

6. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:

7. Քարոզչության կողմերի դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաեւ քվեարկության օրվանից հետո, բայց մինչեւ քվեարկության օրը կատարված գործարքների համար: 

Գ Լ ՈՒ Խ 6.

ԴԻՏՈՐԴՆԵՐ

Հոդված 21. Դիտորդական առաքելության իրավունքը եւ վստահված անձը

1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1)  Հայաստանի Հանրապետության կուսակցությունները`  բացառությամբ այն դեպքերի, երբ հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը,

2) միջազգային կազմակերպությունները եւ օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսական կամ բնապահպանական հարցեր,

3) Հայաստանի Հանրապետության հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները հանրաքվե նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսական կամ բնապահպանական հարցեր:

2. Եթե հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը, ապա սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ  եւ 3-րդ կետերով նախատեսված կազմակերպությունները դիտորդական առաքելության իրավունք ունեն, եթե չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:

3. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են հանրաքվեի ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել հանրաքվեի գործընթացի դիտարկում:

4. Այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են հանրաքվեի ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել հանրաքվեի գործընթացի դիտարկում:

5. Այցելուներին հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

6. Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին եւ օտարերկրյա հասարակական կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

7. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների` հանրաքվեի վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

8. Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

9. Քարոզչության կողմերը կարող են ունենալ վստահված անձինք:

10. Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները: Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմինների ծառայողները, ոստիկանությունում եւ ազգային անվտանգության մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, պրոբացիոն ծառայության ծառայողները, զինծառայողները, դիտորդները, ընտրական հանձնաժողովի անդամները:

11. Քարոզչության կողմը վստահված անձանց վկայականներ ստանալու համար դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում հանրաքվե նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

12. Դիմումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված հանրաքվեի տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ, որոնցում նշվում է քարոզչության կողմի անվանումը: Քարոզչության կողմը լրացնում է վկայականները եւ տրամադրում  վստահված անձանց:

Հոդված 22. Դիտորդների, վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այցելուների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները

1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը, դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրումը, դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով:

2. Հանրաքվեի ժամանակ վստահված անձանց, ինչպես նաեւ այցելուների կարգավիճակը, գրանցումը, իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով:

Գ Լ ՈՒ Խ 7.

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 23. Հանրաքվեի քվեարկության նախապատրաստումը եւ անցկացումը

1. Հանրաքվեի քվեարկության նախապատրաստման եւ անցկացման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգավորումները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 24. Հանրաքվեի քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, կնիքները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը  եւ քվեատուփը

1. Հանրաքվեի քվեաթերթիկի ձեւը եւ նմուշը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկի նմուշը սահմանում է այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը: Քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին:

2. Քվեաթերթիկում նշվում է հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը, «ԱՅՈ» եւ «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

3. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է մեկական քվեաթերթիկ եւ քվեարկության ծրար: Միաժամանակ երկու եւ ավելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դեպքում քաղաքացիներին տրվում են հանրաքվեի դրված հարցերի թվին համապատասխան թվով քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ: Քվեաթերթիկները եւ ծրարները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:

4. Քվեարկության ծրարը պատրաստվում է անթափանց թղթից: Քվեարկության ծրարի ձեւը եւ չափերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այնպես, որ հնարավորություն ընձեռվի ծրարում գտնվող քվեաթերթիկի վրա փակցնելու ինքնասոսնձվող դրոշմանիշ:

Ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են  քվեարկության ամսաթիվը եւ ընտրական տեղամասի համարը: Ինքնասոսնձվող դրոշմանիշը ենթակա է հատուկ հաշվառման:

4. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկանքի հիման վրա:

5. Ինքնասոսնձվող դրոշմանիշերը տպագրվում են յուրաքանչյուր տեղամասի համար ընտրական տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կլորացված դեպի վեր՝ մինչեւ մոտակա հարյուրյակը:

6. Քվեաթերթիկների, քվեարկության ծրարների եւ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվում են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների գրանցման տեխնիկական սարքավորումներ: Տեխնիկական սարքավորումը պետք է պարունակի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների էլեկտրոնային ցուցակը՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան:

8. Հանրաքվեի ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովներին եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անհատական կնիքները, քվեատուփերը, տեխնիկական սարքավորումները եւ մյուս պարագաները հատկացվում եւ հետ են վերադարձվում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 25. Քվեարկության նախապատրաստումը

1. Քվեարկության նախապատրաստումն իրականացվում է  Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝

1) հանրաքվեի դրված  հարցի տեքստը,

2) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը:

3. Հանրաքվեի ժամանակ քվեարկության սենյակի կահավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

4. Քվեարկության համար հատկացվում են քվեարկության խցիկներ` յուրաքանչյուր 750 քաղաքացու հաշվարկով առնվազն մեկ խցիկ: Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ քաղաքացին կարողանա քվեարկության սենյակում գտնվող անձանցից գաղտնի քվեարկել, ունենա բավարար լուսավորվածություն եւ տեղադրված լինի գրիչ:

5. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ եւ այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը:

Հոդված 26.  Ձերբակալվածների, կալանավորվածների, զինծառայողների, դատապարտյալների քվեարկության նախապատրաստումն ու անցկացումը, դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը

1. Ձերբակալվածների, կալանավորվածների, զինծառայողների, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող դատապարտյալների քվեարկության նախապատրաստման ու անցկացման, այդ թվում` տեղամասային կենտրոն մուտք գործելու, հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների գրանցման, քվեարկության, ինչպես նաեւ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգավորումները:

Հոդված 27.  Քվեաթերթիկը լրացնելու կարգը

1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձեւով միատեսակ նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:

2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակիցն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի հանձնաժողովի անդամ, վստահված անձ,  դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ կամ այցելու: Օգնողն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ քաղաքացու: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացուն օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

3. Եթե հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում։

Հոդված 28.  Քվեաթերթիկների վավերականությունը

1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`

1) միաժամանակ «ԱՅՈ» եւ «ՈՉ» բառերի դիմաց նշումներ է ներառում,

2) որեւէ նշում չի ներառում,

3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է այլ` քվեարկողի ինքնությունը բացահայտող նշում,

4) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձեւը:

2. Սահմանված ձեւի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե քվեարկությանը մասնակցողի մտադրությունը հստակ է եւ աներկբա:

3. Քվեաթերթիկը վավեր է, եթե առկա չեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քվեաթերթիկի անվավերության հիմքերից որեւէ մեկը:

Հոդված 29. Սահմանված նմուշի քվեաթերթիկները

1. Սահմանված նմուշի քվեաթերթիկ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշի այն քվեաթերթիկը, որը հանվել է ծրարից, եւ որի վրա փակցված է այդ տեղամասի ինքնասոսնձվող դրոշմանիշը:

Գ Լ ՈՒ Խ 8.

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 30. Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

1. Տեղամասում հանրաքվեի քվեարկության արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

2. Հանրաքվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կամ տեղական հանրաքվեի հետ նույն օրն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները:

Հոդված 31. Տեղամասային ընտրական հանձնաժողովի` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է  տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`

1) հանրաքվեի տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում եւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.

2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների թիվը (լրացնում է տարածքային հանձնաժողովը).

4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների թիվը (լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովը).

5) քվեարկության մասնակիցներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների թիվը.

6) քվեարկության մասնակիցներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը.

7) քվեարկության մասնակիցներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը (սույն մասի 5-րդ եւ 6-րդ կետերում նշված թվերի գումարը).

9) չօգտագործված համարակալված կտրոնների թիվը.

10) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը.

11) անվավեր քվեաթերթիկների թիվը.

12) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը,

13) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

2. Արձանագրության կազմումը եւ ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը, հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը եւ տարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացնելը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 32. Անճշտությունները որոշելու կարգը

1. Անճշտությունների չափը հաշվարկվում եւ արձանագրվում է Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով  սահմանված կարգով:

Հոդված 33. Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները

1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է  տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում: Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները:

2. Տարածքային ընտրական հանձնաժողովը  տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ: Հանրաքվեի քվեարկության արդյունքների աղյուսակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով Ազգային ժողովի ընտրությունների համար սահմանված կարգով եւ ժամկետներում:

3. Տարածքային հանձնաժողովը  տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

4. Հանրաքվեի ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովն քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում եւ այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 34. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝  տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք ու հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում այդ արդյունքները:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով  տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:

3. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`

1) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակներում եւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.

2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

3) տեղամասային հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.

4) տեղամասային հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.

5) քվեարկության մասնակիցներից ստացված  տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը.

6) քվեարկության մասնակիցներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.

7) քվեարկության մասնակիցներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը.

8) չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.

9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.

10) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

11) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

12) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

13) անճշտությունների գումարային չափը:

4. Անճշտությունների գումարային չափը հավասար է կազմավորված հանրաքվեի բոլոր տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:

5. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները: Արձանագրությունը կնքում է հանձնաժողովի նախագահը:

6. Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

 7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքում ընդունած որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է հանրաքվեի արդյունքները եւ որոշում ընդունում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

Հոդված 35. Հանրաքվեի արդյունքների ամփոփումը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է հանրաքվեի արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը՝

1) հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին,

2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին,

3) հանրաքվեի դրված նախագծի չընդունման մասին,

4) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու եւ նոր քվեարկություն նշանակելու մասին:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

3. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ  Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել խախտումների հետեւանքները:

5. Եթե հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացքում կամ  առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ  Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եւ նշանակում է նոր քվեարկություն:

6. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացվել հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, մինչեւ ժամը 18.00-ն:

7. Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակվում եւ անցկացվում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում: Նոր քվեարկությունն անցկացվում է հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, եւ ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 36. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ դրանում փոփոխությունների եւ հանրաքվեով ընդունված օրենքների ուժի մեջ մտնելը

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները եւ հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե հանրաքվեով ընդունված ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

2. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո՝ ութերորդ օրը, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:

3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան, ապա «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումից հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:

Հոդված 37. Հանրաքվեի փաստաթղթերի պահպանման հանձնումը

1. Հանրաքվեի արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում, իսկ հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու դեպքում՝ դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում հանրաքվեի փաստաթղթերը պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար։

Գ Լ ՈՒ Խ 9.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 38. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը՝ բացառությամբ սույն օրենքի՝ Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունքի իրականացման ընթացակարգը սահմանող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից ուժը կորցրած ճանաչել «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-225 օրենքը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս հանրաքվեի անցկացման, դրան մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի, հանրաքվեի անցկացման նախաձեռնությամբ հանդես գալու, հանրաքվե նշանակելու, հանրաքվեի ֆինանսավորման եւ դրա հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2001 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունված «Հանրաքվեի մասին»  ՀՕ-225 օրենքով:

Հարկ է նշել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում էապես փոխվեց հանրաքվեի ինստիտուտի էությունը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում հանրաքվեի ինստիտուտի բարեփոխման արդյունքում նախատեսվեցին հստակ երաշխիքներ ժողովրդավարական գործընթացների անխափանության, քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարության, իշխանության գործունեության նկատմամբ համարժեք հանրային վերահսկողության իրականացման հարցերում:

Հանրաքվեի ինստիտուտի զարգացման համար որպես օրակարգային խնդիրներ առանձնացվեցին հանրաքվեի օբյեկտների ու սուբյեկտների բովանդակության ու շրջանակի հստակեցումը, հանրաքվեի հարցում պետական իշխանության մարմինների լիազորությունների ու քաղաքացիական նախաձեռնության շրջանակների որոշակիացումը:

Հանրաքվեի ինստիտուտի զարգացման արդյունքում նախատեսվեց, որ հանրաքվեի են դրվում այն միջազգային կազմակերպություններին միանալու հարցերը, որոնք հանգեցնում են երկրի ինքնիշխանության մասնակի սահմանափակումների, սահմանադրորեն ամրագրվեցին այն հարցերի շրջանակը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, նախատեսվեց քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի ինստիտուտը, սահմանադրաիրավական նախադրյալներ ստեղծվեցին քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի դրված հարցի կամ օրինագծի առնչությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախապես եզրակացություն տալու համար։

Վերոնշյալ պահանջներով հանրաքվեի ինստիտուտին վերագրվող նոր որակը թելադրեց «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հատուկ կարգավիճակի ամրագրման անհրաժեշտությունը, ինչն իր արտացոլումն ստացավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին սահմանադրական կարգավիճակ տալով, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 210-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ ամրագրվեց, որ այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը եւ ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Վերը նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն առաջացավ մշակել «Հանրաքվեի մասին» սահմանադրական նոր օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որտեղ համապարփակ կկարգավորվեն հանրաքվեի ինստիտուտի բարեփոխման արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նոր հայեցակարգային մոտեցումները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով հստակ կարգավորում են ստացել հանրաքվեի հասկացությունը եւ դրա անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը եւ այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այդ հիմնադրամում մուծումներ կատարելու, քարոզչության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, հանրաքվեի ամփոփման, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միանալու մանրամասները:

Մասնավորապես, Նախագծով տրվում է հանրաքվեի հասկացությունը՝ այն առանձնացնելով որպես ժողովրդի կողմից անմիջականորեն իր իշխանության իրականացման ձեւ: Որպես հանրաքվեի սկզբունքներ առանձնացվում են ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ դրա անցկացումը:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 204-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, որի համաձայն հանրաքվեի չեն կարող դրվել այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը եւ անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ հարցերի, Նախագծով սպառիչ թվարկվել են այն հարցերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի՝ ապահովելով նաեւ իրավական որոշակիության սկզբունքի հետեւողական կենսագործումը:

Մասնավորապես, Նախագծով, ի թիվս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ հստակ նշված հարցերի, նախատեսվել է, որ հանրաքվեի չեն դրվում նաեւ՝

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 203-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծերը,

2. այն նախագծերը, որոնք վերաբերում են վարչատարածքային բաժանմանը, միջհամայնքային միավորումներ ստեղծելուն, նախարարարությունների ցանկին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին,

3. այն նախագծերը (հարցերը), որոնք արդեն իսկ դրվել են հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում,

4. հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող օրենքի նախագծերը, եթե օրենքի ընդունումից չի անցել առնվազն մեկ տարի:

Բացի այդ, Նախագծով հստակ սահմանվել են հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը: Նախագծով ամրագրվեց նաեւ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե անցկացնելու արգելքը՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից, ինչը պայմանավորված էր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 208-րդ հոդվածի պահանջով:

Նախագծի 2-րդ գլխով մանրամասն կարգավորում են ստացել՝

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 204-րդ հոդվածով նախատեսվեց քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հանրաքվեի ինստիտուտը, որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը մերժելու դեպքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը ընտրական իրավունք ունեցող եւս երեք հարյուր հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դնել հանրաքվեի:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նույն հոդվածով ամրագրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը հաստատման պահանջ: Ըստ այդմ, Նախագծով հստակ կարգավորվել են օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միանալու հետ կապված հարաբերությունները:

Հաշվի առնելով վերը նշվածը Նախագծի 3-րդ գլխով նախատեսվել են այդ գործընթացի հաջորդական քայլերը:

Մասնավորապես.

Նախագծի 4-րդ եւ 5-րդ գլուխներով համապատասխանաբար կարգավորվել են հանրաքվեի կազմակերպման, քարոզչության իրականացման հարցերը:

Մասնավորապես, հանրաքվեի կազմակերպման ու անցկացման ապահովման գործառույթը վերապահվել  է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն կազմավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, տարածքային ընտրական հանձնաժողովներին եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներին:

Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձեւերով եւ միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք է վերապահվել քարոզչություն իրականացնողներին: Հստակ սահմանվել են այն սուբյեկտների շրջանակը, որոնք չեն կարող քարոզչություն կատարել եւ այն գործողությունները, որոնք չեն կարող ձեռնարկվել քարոզչության ընթացքում, սահմանվել են քարոզչության իրականացման եղանակները, իսկ քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձանց քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով ընձեռվել է քարոզչության հիմնադրամ ստեղծելու իրավունք: Սահմանվել են այդ հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեցող անձանց շրջանակը, հիմնադրամի հաշվում կատարված մուծումների ընդհանուր գումարի չափը:

Նախագծի 6-8-րդ գլուխներով համապատասխանաբար կարգավորվել են հանրաքվեի, ինչպես նաեւ քարոզչության ժամանակ դիտորդական առաքելության իրականացման հարցերը՝ մասնավորապես սահմանվել են դիտորդական առաքելության իրավունք ունեցող անձանց շրջանակը, սահմանվել են վստահված անձ լինելու պահանջները, կարգավորվել են հանրաքվեի քվեարկության նախապատրաստման եւ անցկացման, հանրաքվեի արդյունքներն ամփոփելու եւ անճշտությունները որոշելու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ դրանում փոփոխությունների եւ հանրաքվեով ընդունված օրենքների ուժի մեջ մտնելու հարցերը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել  է  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Նախագծի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հստակ եւ համապարփակ կարգավորել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում բարեփոխված հանրաքվեի ինստիտուտի կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված հարաբերությունները, ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենք՝ ստեղծելով հուսալի երաշխիքներ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության եւ դերակատարության համար, ինչպես նաեւ նպաստել հանրաքվեի ինստիտուտի դերի եւ նշանակության բարձրացմանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի բնապահպանության  բնագավառում կարգավորման

1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրաքվեի մասին? ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսված փոփոխությունները  պայմանավորված են 2015 թվականին իրականացված Սահմանադրական փոփոխություններով, մասնավորապես` կարգավորվում են հանրաքվեի անցկացման սկզբունքների, հանրաքվեին մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման եւ հանրաքվեի  հետ կապված այլ հարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է հանրաքվեի վերաբերյալ  իրավունքի նորմերը համապատասխանեցնել 2015թ-ի դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխություններին: Նախագծով սահմանվում են հանրաքվեի անցկացման, դրան մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի, դրանց անցկացման նախաձեռնությամբ հանդես գալու, հանրաքվե նշանակելու եւ հանրաքվեի կազմակերպման ու անցկացման հետ կապված այլ հարաբերություններ:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրաքվեի մասին»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով հանրաքվեի դրվող նախագծերի շրջանակի ընդլայնման /4-րդ հոդված/ հետ կապված (վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության, ինչպես նաեւ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեի դնելը, քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը (օրենքների նախագծերի փաթեթը) հանրաքվեի դնելու հնարավորությունը), ինչպես նաեւ Նախագծի առանձին դրույթների ընդունումը, մասնավորապես` ՀՀ կառավարությունը կամ ՀՀ Ազգային ժողովը հանրաքվեի անցկացման նախաձեռնող հանդիսանալու դեպքում, քարոզչության հիմնադրամը պետական բյուջեի միջոցներով ձեւավորելու /20-րդ հոդված, 1-ին կետ/, քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշի կիրառումն ապահովելու /24-րդ հոդված, 3-րդ կետ/, տվյալ տեղամասային կենտրոնում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նաեւ վերջիններիս հասկանալի լեզվով հանրաքվեի տեքստի եւ այլ փաստաթղթերի հասանելիությունն ապահովելու /25-րդ հոդված, 2-րդ եւ 3-րդ կետեր/ վերաբերյալ, կարող է յուրաքանչյուր առանձին դեպքում առաջացնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որը գնահատել հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

Միաժամանակ Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ




Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ, 210-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  N    որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթոր Հովհաննիսյանը:
 
 Հարգանքով`    ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


 
 

2017 թվականի  N   - Ա

 «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ         Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ.
Երեւան

հոկտեմբերի  2017 թվականի  N              - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ   Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2017 թ. հոկտեմբերի
Երեւան