Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-203-06.12.2017-ԱՀ-013/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՑԵՂԱՍՊԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,

Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված նպատակներին եւ սկզբունքներին,

Կարեւորելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի դրույթների կիրառմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը,

Կարեւորելով ազգային եւ կրոնական փոքրամասնությունների  իրավունքները հարգելու գործում միջազգային իրավունքով ամրագրված պետությունների պարտականությունը,

Ընգծելով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման ուղղությամբ պայքարելու Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հանձնառությունը,
Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170 (2014) բանաձեւը, միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների բազմաթիվ հաղորդումները՝

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ՝

Ճանաչում եւ խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունները,
Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսեւորումները եւ ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական եւ հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական եւ պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը, եւ

Կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց,

Կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել միջոցներ եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների նման խախտումները կանխելու, բացառելու եւ վերացնելու համար:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի՜ պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածով, Ձեզ ենք ներկայացնում «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 70-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝

1) հայտարարության նախագիծը (հիմնական զեկուցող` Ռուստամ Մախմուդյան),

2) հայտարարության նախագծի ընդունման հիմնավորումը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝
ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ  (050)
ՌՈւՍՏԱՄ ՄԱԽՄՈւԴՅԱՆ (029)
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ (003)