Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-217-14.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  11-րդ գլխում`
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ: ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ (ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ) ԿԱՐԳԸ».
2) լրացնել նոր 80.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 80.1. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման կարգ

1. Սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն  եւ այլն), որոնք ներկայացվում են գրավոր` անձի ստորագրությամբ, կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով` «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

2. Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը  էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում պետական տուրքը վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:

3. Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը  էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով:

4. էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը` նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացվելուց հետո:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի, ինչպես նաեւ կատարողական թերթի ներկայացման կարգ` համապատասխան փոփոխություն կատարելով դատարանների գործավարության կանոններում: