Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-231-21.12.2017-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «կամ օտարերկրյա պետություններում» բառերը.

2) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողին: Սույն կետի համաձայն՝ քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ ուսումնառության օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները ներկայումս. ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք …:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայության ենթակա բազմաթիվ քաղաքացիներ բնակվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ ընդգրկվում են տվյալ երկրի հանրակրթական եւ նմանատիպ կրթական ծրագրերում:

Բացի այդ, քիչ չեն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիները ընդգրկվում են օտարերկրյա հանրակրթական հաստատություններում: Նման պարագայում բազմաթիվ են նաեւ այն դեպքերը, երբ օտարերկրյա պետություններում կրթություն ստացող, պարտադիր զինվորական ծառայության ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացու զորակոչային տարիքը լրանում է նախքան հանրակրթական ծրագրի ավարտը եւ քաղաքացին ակամայից խուսափում է զորակոչից կրթությունն ավարտելու պատճառով:

Տվյալ դեպքում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի կարգավորում վերը նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորելու ընթացքում տարկետման իրավունքը:

Կարգավորման նպատակը. Կարգավորման նպատակն է իրավական երաշխիքներ ստեղծել անձանց կրթության սահմանադրական իրավունքների իրացման համար:

Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման պարագայում կերաշխավորվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթություն ստանալու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը անկախ կրթական հաստատության գտնվելու վայրի, կնպաստի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերի նվազմանը, ինչպես նաեւ կկարգավորվի օտարերկրյա պետություններում հանրակրթական հաստատություններում սովորող պարտադիր զինվորական ծառայության ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տարկետում ստանալու իրավունքը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ