Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-245-26.01.2018-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքի  24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին կետով.

«2.1. Ֆինանսական հաշվետվությունները տրամադրվում են քաղաքացիներին էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով՝ այդ մասին քաղաքացու դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասի» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով խոշոր կազմակերպությունները պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները մամուլում, ինտերնետով կամ տարածել գրքույկների ձեւով: Սույն պարտավորությունը չկատարելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16912 հոդվածի ուժով առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, ապա տուգանքի նշանակումից հետո երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Արդյունքում խոշոր կազմակերպությունները հնարավորություն են ստանում հինգ հարյուր հիսուն հազար դրամ վճարելով անտեսել օրենքի նշյալ պահանջը՝ չհրապարակելով ֆինանսական հաշվետվությունները:

Խնդիրը հատկապես շոշափելի է դառնում նաեւ այն ժամանակ, երբ հաշվետվությունը հասանելի չի լինում շահագրգիռ կողմերի/անձանց համար. կազմակերպությունները հաճախ մերժում են տրամադրել իրենց ֆինանսական հաշվետվությունները: Խնդիրը առավել առարկայական է գրքույկներով տպագրված ֆինանսական հաշվետվոությունների պարագայում, երբ պատճառաբանվում է, որ ամբողջ տպաքանակը բաժանված է: Սա խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական հաշվետվությունների հասանելիությանը, ինչպես նաեւ քաղաքացիներին հաշվետվություններ չտրամադրելը հակասում է կազմակերպության ֆինանսական հրապարակայնության համընդհանուր սկզբունքներին, իսկ ներկայիս օրենսդրական կարգավորումներով որեւէ իրավական կամ շոշափելի ֆինանսական հետեւանք չի առաջանում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծերով առաջարկվում է պարտավորեցնել խոշոր կազմակերպություններին քաղաքացիների դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվություն տրամադրել դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Առաջարկվում է նաեւ խստացնել պատիժը պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելու կամ դրանք չհրապարակելու համար՝ համաձայն օրենքի, ինչպես նաեւ սահմանել խիստ պատիժ շահագրգիռ կողմերին հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով չտրամադրելու համար:

3. Ակնկալվող արդյունքը

Օրինագծերի ընդունումը կնպաստի խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնացմանը եւ հասանելիությանը: Միեւնույն ժամանակ սույն նախաձեռնությամբ խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնացումը կստանա առարկայական բովանդակություն, չի կրի ձեւական բնույթ եւ հասանելի կլինեն շահագրգիռ կողմերի ուսումնասիրութունների համար, ինչը իր հերթին կնպաստի ՀՀ ներդրումային դաշտի ուսումնասիրման մեխանիզմների զարգացմանը: Համեմատական վերլուծությունները նաեւ հնարավորություն կտան բացահայտելու կազմակերպոությունների ընթացիկ վիճակը, դիտարկելու խոշոր կազմակերպությունների գործունեությունը Հայաստանի տնտեսական իրողությունների պայմաններում եւ հնարավորություն կընձեռեն օբյեկտիվ հարցադրումների եւ եզրակացությունների համար: Սա նաեւ կնպաստի կորպորատիվ արժեթղթերի շուկայի աշխուժացմանը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

25 հունվարի 2018թ.                               095-Ե-45

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Բաբլոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։

Փաթեթին կից ներկայացվում են դրա ընդունման հիմնավորումը եւ տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված կամ լրացված ներկայացվում են օրենքների հոդվածներում առաջարկվող բոլոր փոփոխությունները եւ լրացումները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Մանե Թանդիլյանը։

Խնդրում եմ օրենքների նախագծերի ներկայացված փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 6 թերթ:

Հարգանքով՝                                                 ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ