Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, կարգավիճակը եւ Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության նպատակը, տեսակներն ու ֆինանսավորման աղբյուրները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) բազմազավակ ընտանիք` Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիք, որում ամուսնական մեկ զույգը, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, «բազմազավակ ընտանիք» կարգավիճակը ստանալու համար դիմելու պահին ծնել եւ (կամ) որդեգրել են եւ խնամում են չորս եւ ավելի երեխա: Ընդ որում, երեխաների թվում հաշվի չեն առնվում սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները.

2) բազմազավակ ծնողներ (ծնող)` օրենքով սահմանված կարգով ամուսնության մեջ գտնվող մայր եւ հայր, որոնք ծնել եւ (կամ) որդեգրել են եւ խնամում են չորս եւ ավելի երեխա կամ չորս եւ ավելի երեխա ծնած կամ որդեգրած եւ խնամող ընտանիքի միակ ծնող.

3) բազմազավակ ծնողին հավասարեցված անձ` առանց ծնողների մնացած (ծնողների (կամ միակ ծնողի) մահվան, ծնողական իրավունքից զրկելու, անգործունակ ճանաչվելու, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից խուսափելու, oրենքով սահմանված կարգով մահացած, անհայտ բացակայող ճանաչվելու, անհայտ լինելու, առողջապահական կազմակերպությունում կամ ազատազրկման վայրերում գտնվելու, երեխաների նկատմամբ ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում) չորս եւ ավելի երեխա խնամող այլ անձ.

4) բազմազավակ ընտանիքի երեխա` բազմազավակ ծնողի կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձի խնամքի տակ գտնվող, միեւնույն բնակության վայրում հաշվառված եւ փաստացի բնակվող երեխա (ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայող` մինչեւ պարտադիր զինվորական ծառայության ավարտը եւ նախնական /արհեստագործական/, միջին կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող` մինչեւ ուսման ավարտը, բայց ոչ ավելի, քան 23 տարին լրանալը).

5) բազմազավակ ընտանիքի անդամ` բազմազավակ ծնողը (ծնողները) կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձը եւ բազմազավակ ընտանիքի երեխաները:

Հոդված 3. Բազմազավակ ընտանիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Բազմազավակ ընտանիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 4. Բազմազավակ ընտանիքների աջակցության նպատակը

1. Բազմազավակ ընտանիքների աջակցության նպատակն է`

1) բավարարել բազմազավակ ընտանիքների եւ նրանց անդամների առաջնահերթ պահանջմունքները` սույն օրենքով սահմանված աջակցության տեսակներին եւ գնահատված կարիքներին համապատասխան,

2) նպաստել բազմազավակ ընտանիքների եւ նրանց անդամների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը,

3) կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը,

4) բարելավել ժողովրդագրական իրավիճակը:

ԳԼՈՒԽ 2

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 5. Բազմազավակ ընտանիքի կարգավիճակի տրամադրումը

1.Սույն օրենքով սահմանված հիմքերի առաջացումից հետո բազմազավակ ծնողներից մեկը կամ ծնողին հավասարեցված անձը «բազմազավակ ընտանիք» կարգավիճակը (այսուհետ` Կարգավիճակ) ստանալու համար դիմում է իր փաստացի բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի տարածքային մարմին (այսուհետ` տարածքային մարմին): Կարգավիճակը տրվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի:

2.Կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթղթի ձեւը եւ տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

3. Կարգավիճակը տրվում է մինչեւ բազմազավակ ընտանիքում ծնված (որդեգրված) կրտսեր երեխայի 18 տարեկանը լրանալը (պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայող լինելու դեպքում` մինչեւ պարտադիր զինվորական ծառայության ավարտը, իսկ նախնական /արհեստագործական/, միջին կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողի դեպքում` մինչեւ ուսման ավարտը, բայց ոչ ավելի, քան 23 տարին լրանալը):

4. Բազմազավակ այն ընտանիքը, որում ծնողները կամ ծնողին հավասարեցված անձը հանդիսանում են օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող, Կարգավիճակ տրվում է, երբ ծնողները կամ ծնողին հավասարեցված անձը առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված են/է եւ փաստացի բնակվում են/է Հայաստանի Հանրապետությունում:

Հոդված 6. Կարգավիճակի տրամադրման մերժումը

1.Կարգավիճակի տրամադրումը մերժվում է՝

1) Կարգավիճակի տրամադրման համար սույն օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,

2) Կարգավիճակ ստանալու համար ծնողի կամ ծնողին հավասարեցված անձի կողմից ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու դեպքերում:

2. Ծնողի կամ ծնողին հավասարեցված անձի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա ձեւական սխալների եւ (կամ) փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում Կարգավիճակը տրամադրվում է սխալների շտկումից եւ (կամ) փաստաթղթերի ցանկը համալրելուց հետո՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում:

Հոդված 7. Կարգավիճակի դադարեցումը

1. Կարգավիճակը դադարեցվում է, երբ`

1) համաձայն սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` լրացել է բազմազավակ ընտանիքում ծնված (որդեգրված, խնամվող) կրտսեր երեխայի առավելագույն տարիքը,

2) երեխան (երեխաները) հայտնվել է/են սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն), կամ ստացել է/են առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ,

3) երեխան (երեխաները) եւ ծնողները հաշվառել են բնակության տարբեր վայրերում,

4) ծնողները, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, զրկվել են/է ծնողական իրավունքներից:

2. Կարգավիճակը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված երեխայի մահվան դեպքում Կարգավիճակը պահպանվում է, քանի դեռ ընտանիքում առկա է սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տարիքը չլրացած երեխա: Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված երեխայի մահվան դեպքում Կարգավիճակը դադարեցվում է, եթե ընտանիքում առկա չէ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տարիքը չլրացած երեխա:

Հոդված 8. Բազմազավակ ընտանիքների աջակցության ֆինանսավորման աղբուրները

1. Սույն օրենքով բազմազավակ ընտանիքների աջակցության նպատակով սահմանված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության համայնքները, իրենց իրավասությունների շրջանակներում, կարող են իրականացնել սույն օրենքով չնախատեսված աջակցության այլ միջոցառումներ:

ԳԼՈՒԽ 3

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 9. Բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրումը

1.Սույն օրենքով սահմանված աջակցություն ստանալու համար բազմազավակ ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին` ներկայացնելով կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ըստ աջակցության տեսակների:

Հոդված 10. Աջակցության տրամադրման մերժումը

1.Աջակցության տրամադրումը մերժվում է՝

1) աջակցության տրամադրման համար սույն օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,

2) աջակցության տրամադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու,

3) աջակցություն ստանալու համար բազմազավակ ծնողի կողմից ոչ հավաստի. տվյալներ ներկայացնելու դեպքերում:

2. Ծնողի կամ ծնողին հավասարեցված անձի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա ձեւական սխալների եւ (կամ) փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում աջակցությունը տրամադրվում է սխալների շտկումից եւ (կամ) փաստաթղթերի ցանկը համալրելուց հետո՝ ընդհանուր հիմունքներով:

Հոդված 11. Բազմազավակ ընտանիքների աջակցության տեսակները

1. Բազմազավակ ընտանիքներին տրվում են աջակցության հետեւյալ տեսակները.

1) սոցիալական աջակցություն,

2) բժշկական օգնություն եւ սպասարկում,

3) բնակարանով ապահովման պետական աջակցություն,

4) կենցաղային ապրանքի ձեռբերման նպատակով պետական աջակցությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ,

5) ինքնազբաղվածության ապահովման աջակցություն, այդ թվում` ընտանեկան ձեռնարկատիրություն հիմնելու, գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության հողատարածքի եւ անասունների ձեռբերման, գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման նպատակով պետական աջակցությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ,

6) երեխաների կրթական աջակցություն:

Հոդված 12. Բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցությունը

1. Բազմազավակ ընտանիքները ստանում են սոցիալական աջակցություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 13. Բազմազավակ ընտանիքների բժշկական օգնությունը

1. Յուրաքանչյուր բազմազավակ ընտանիք իրավունք ունի առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում ստանալ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում:

2. Բազմազավակ ընտանիքներին տրամադրվող բժշկական օգնության տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 14. Բազմազավակ ընտանիքներին բնակարանով կամ բնակելի տնով ապահովման պետական աջակցության տրամադրումը եւ դրա տեսակները

1. Բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվում է բնակարանի կամ բնակելի տան (այսուհետ՝ բնակարան) ձեռք բերելու համար պետական աջակցություն, որոնց տեսակներն են՝

1) բնակարանային ապահովության պետական նպատակային ծրագրերում բազմազավակ ընտանիքներին առաջնահերթ ընդգրկումը,

2) բազմազավակ ընտանիքներին բնակարանի գնման կամ շինարարության համար պետական աջակցությամբ արտոնյալ ու երկարաժամկետ վարկի տրամադրումը:

2. Բնակարանով ապահովման պետական աջակցությունը բազմազավակ ընտանիքներին տրամադրվում է մեկ անգամ: Բազմազավակ ընտանիքներին բնակարանով ապահովման պետական աջակցության պայմանները եւ բնակարանային նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 15. Բազմազավակ ընտանիքներին կենցաղային ապրանքի ձեռբերման նպատակով պետական աջակցությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի տրամադրումը

1. Բազմազավակ ընտանիքներին կենցաղային ապրանքի (կահույք, սառնարան, լվացքի մեքենա, հեռուստացույց եւ այլն) գնման համար տրամադրվում է պետական աջակցությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:

2. Կենցաղային ապրանքի ամբողջական ցանկը, այն ձեռքբերելու նպատակով վարկի առավելագույն չափը, տրամադրման պետական աջակցության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 16. Բազմազավակ ընտանիքներին ինքնազբաղվածության ապահովման աջակցության, այդ թվում` ընտանեկան ձեռնարկատիրություն հիմնելու, գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության հողատարածքի եւ անասունների ձեռբերման, գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման նպատակով պետական աջակցությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի տրամադրումը

1. Բազմազավակ ընտանիքներին ընտանեկան ձեռնարկատիրություն հիմնելու նպատակով տրամադրվում է պետական աջակցությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:

2. Գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության հողատարածքի եւ անասունների ձեռբերման, գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման նպատակով պետական աջակցությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկը տրամադրվում է գյուղական համայնքում առնվազն մեկ տարի հաշվառված եւ փաստացի բնակվող բազմազավակ ընտանիքներին:

3. Բազմազավակ ընտանիքներին ինքնազբաղվածության ապահովման աջակցության, այդ թվում` ընտանեկան ձեռնարկատիրություն հիմնելու, գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության հողատարածքի եւ անասունների ձեռբերման, գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման նպատակով պետական աջակցությամբ արտոնյալ պայմաններով տրամադրվող երկարաժամկետ վարկի չափը, տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 17. Բազմազավակ ընտանիքի երեխաների կրթական աջակցությունը

1. Բազմազավակ ընտանիքների երեխաները ստանում են աջակցություն նախադպրոցական, նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ հաճախելու ընթացքում:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատություններ բազմազավակ ընտանիքների երեխաների ընդունումը կատարվում է առաջնահերթ կարգով, իսկ ուսման վարձը փոխհատուցվում է առավելագույնը 50 տոկոսով, որի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում բազմազավակ ընտանիքների երեխաների սովորելու դեպքում ուսման վարձը փոխհատուցվում է առավելագույնը 50 տոկոսով, որի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 18. Բազմազավակ ընտանիքների աջակցության տարեկան ծրագիրը

1. Բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրումն իրականացվում է տարեկան ծրագրի (այսուհետ` տարեկան ծրագիր) միջոցով, որը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո տարեկան ծրագիրը ներառվում է համախմբված պետական բյուջեում եւ ներկայացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ԳԼՈՒԽ 4

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԾՆՈՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ

Հոդված 19. Բազմազավակ ծնողների պետական խրախուսումը

1. Այն բազմազավակ ծնողները, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ բազմազավակ ծնողը, որոնք (որը) ծնել կամ որդեգրել են (է) եւ խնամում են (է) վեց եւ ավելի երեխա, կարող են պարգեւատրվել Ծնողական փառքի մեդալով:

2. Ծնողական փառքի մեդալով պարգեւատրումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

1.Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 21. Օրենքի ուժի մեջ մտնելը

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   

Տեղեկանք-հիմնավորում

««Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

1. Անհրաժեշտությունը.

«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի եւ նրա ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում («Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին») լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է` ՀՀ Սահմանադրության 83 եւ 86-րդ հոդվածներից, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 245-Ա որոշման հավելվածի 21-րդ կետից եւ ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման (ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության ծրագրի) N 1 հավելվածի 127-րդ կետից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության համակարգային միջոցառումների իրականացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներկա ժողովրդագրական կացությամբ, որը, նախ եւ առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Այն չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն եւ հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման, քանզի առաջիկա տարիներին ամուսնական տարիք կմտնի 2000-ական թթ. սկզբին ծնված ոչ բազմաքանակ սերունդը, որի վերարտադրողական ներուժը անհրաժեշտ է առավելագույն օգտագործել:

Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման եւ պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլեւ ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների թվաքանակը՝ վերջիններիս տալով որոշակի երաշխիքներ:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են բազմազավակ ընտանիքների աջակցման սակավաթիվ ծրագրեր, որոնք, չհանդիսանալով բազմազավակության խրախուսման միջոց, ընդամենը լուծում են արդեն իսկ դժվարին կացության մեջ հայտնված այդ ընտանիքների որոշակի խնդիրները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Ժողովրդագրության բնագավառում իրականացվող քաղաքականությունն իր հիմնական ուղղություններով ու առաջնահերթություններով ներկայացված է ՀՀ Կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշման 3-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությամբ:

4. Կարգավորման նպատակը.

«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի եւ նրա ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում («Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին») լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի նպատակն է` կարգավորել բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահանել բազմազավակ ընտանիք հասկացությունը, բավարարել բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը եւ բարելավել ժողովրդագրական իրավիճակը:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրության բաժին:

6. Ակնկալվող արդյունքը.

«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի եւ նրա ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում («Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին») լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է` բազմազավակության եւ ընդլայնված վերարտադրության խրախուսումը` բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի եւ երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության մեծացումը, բազմազավակ ընտանիքի` որպես պետության եւ հասարակության հենասյունի, դերի բարձրացումն ու ամրապնդումը:



ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, նախատեսվում է ծախսերի ավելացում:


Տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների թվաքանակի եւ հիմնական կարիքների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

18 հունվարի 2018 թվականի N 39 - Ա

«ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2018 թ. հունվարի 30
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Բաբլոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 38-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Oրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի N 39 - Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ