Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Լրամշակված տարբերակ

Կ-246-29.01.2018,07.02.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հանրային խորհուրդը

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան` Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է:

2. Հանրային խորհրդի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա:

ԳԼՈՒԽ 2.

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 2. Հանրային խորհրդի խնդիրները

1. Հանրային խորհրդի խնդիրներն են`

1) քաղաքականության մշակման եւ իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերի ներկայացումը.

2) պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, այդ թվում` քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Կառավարությանն առաջարկությունների ներկայացումը.

3) Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության, երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը նպաստելը.

4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի եւ դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտումը.

5) սոցիալական գործընկերների (արհմիություն, գործատուներ, Կառավարություն) միջեւ սոցիալական երկխոսությանն աջակցելը.

6) ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի եւ սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:

Հոդված 3. Հանրային խորհրդի գործառույթները

1. Հանրային խորհուրդն իր առջեւ դրված խնդիրների կենսագործման նպատակով` սույն օրենքով եւ Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով`

1) վարչապետի առաջարկությամբ`

ա. կազմակերպում է հանրային լսումներ կամ քննարկումներ` հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաեւ հասարակական կյանքի կարեւորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ.

բ. իրականացնում է գործող օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի եւ դրանց նախագծերի հասարակական փորձաքննություն եւ տալիս է եզրակացություն` ներառյալ դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.

2) սեփական նախաձեռնությամբ`

ա. իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ,աե ենթակետով նախատեսված միջոցառումները.

բ. հասարակական փորձաքննության է ենթարկում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ,բե ենթակետում նշված իրավական ակտերը, իրավական ակտերի նախագծերն ու փաստաթղթերը եւ տալիս է եզրակացություն, եթե Հանրային խորհրդի գնահատմամբ դրանք ձեռք են բերել կամ կարող են ձեռք բերել հանրային հնչեղություն.

գ. իրականացնում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաեւ հանրության կողմից բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ եւ դրանց արդյունքում տալիս է եզրակացություն.

դ. հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների եւ շահերի միջեւ առկա հակասությունների բացահայտման նպատակով, կարեւորելով սոցիալական գործընկերների միջեւ սոցիալական երկխոսությանն աջակցելը, խորհրդակցություններ կամ քննարկումներ է կազմակերպում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` արդյունքների մասին տեղեկացնելով Կառավարությանը:

2. Կառավարության եւ հասարակության միջեւ արդյունավետ երկխոսության կայացմանը նպաստելու նպատակով Հանրային խորհուրդն իր նախաձեռնությամբ, յուրաքանչյուր դեպքում գնահատելով անհրաժեշտությունը, կարող է դիմել վարչապետին` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ,աե եւ ,դե ենթակետերում նշված միջոցառումներին Կառավարության ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու խնդրանքով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ կետի ,աե, ,բե եւ ,գե ենթակետերով նախատեսված դեպքերում Հանրային խորհուրդն իր եզրակացությունը ներկայացնում է վարչապետին, ով որոշում է դրանց հետագա ընթացք տալու հարցը:

4. Հանրային խորհուրդը կարող է անդամակցել համապատասխան միջազգային հասարակական կազմակերպություններին եւ իրականացնել միջազգային համագործակցություն` իր գործունեությանն առնչվող ոլորտի մարմինների հետ:

ԳԼՈՒԽ 3.

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 4. Հանրային խորհրդի կառուցվածքը

1. Հանրային խորհուրդը կազմված է 45 անդամից:

2. Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությանը ծառայություններ մատուցած, հանրային կամ իր մասնագիտական ոլորտում հեղինակություն վայելող, ինչպես նաեւ Հանրային խորհրդի առջեւ դրված խնդիրների կենսագործման համար անհրաժեշտ հմտություններ ունեցող յուրաքանչյուր անձ:

3. Հանրային խորհրդի անդամ չեն կարող լինել`

1) քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության եւ քննչական մարմինների ծառայողները, հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք.

2) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

3) հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) օրենքի խախտմամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք:

4. Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:

5. Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ:

6. Հանրային խորհրդին առընթեր գործում է Ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ, որի կազմավորման կարգը եւ գործառույթները սահմանվում են օրենքով:

Հոդված 5. Հանրային խորհրդի կազմավորումը եւ գործունեության ժամկետը

1. Հերթական Հանրային խորհրդի կազմավորումը սկսվում է ոչ ուշ, քան Ազգային Ժողովի հերթական ընտրությանը հաջորդող Կառավարության կազմավորումից հետո 30-օրյա ժամկետում:

2. Հանրային խորհուրդը կազմավորվում է հետեւյալ կարգով`

1) 15 անդամ նշանակվում են Կառավարության կողմից.

2) 15 անդամ ընտրվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված կառույցների կողմից ներկայացված թեկնածություններից (մշտական հանձնաժողովների նախագահներ).

3) 15 անդամ ընտրվում են սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգով նշանակված կամ ընտրված անդամների կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետում վարչապետը` նրանց համաձայնությամբ, Կառավարությանն է առաջարկում Հանրային խորհրդի 15 անդամների թեկնածությունները: Կառավարությունը, վարչապետի առաջարկությունը ստանալուց հետո` իր առաջիկա նիստում, քննարկման է դնում Հանրային խորհրդի` սույն մասով նախատեսված անդամների նշանակման հարցը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված Հանրային խորհրդի անդամները, նշանակումից հետո` վարչապետի աշխատակազմի օժանդակությամբ, անհապաղ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակում են հայտարարություն` հասցեագրված տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական եւ ստեղծագործական միություններին, երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների եւ արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին եւ քաղաքացիական հասարակության այլ կառույցներին` Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպությունները` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հայտարարությունը տեղադրելուց հետո` 30 օրվա ընթացքում, կարող են գրավոր եղանակով վարչապետի աշխատակազմ ներկայացնել մշտական հանձնաժողովների անդամների իրենց թեկնածությունները` ներկայացնելով նաեւ նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ:

6. Հանրային խորհրդի անդամները վարչապետի աշխատակազմի մասնակցությամբ մշտական հանձնաժողովների անդամների թեկնածությունների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո երեքշաբաթյա ժամկետում ներկայացված թեկնածուների կազմից գաղտնի քվեարկությամբ իրականացնում են հանձնաժողովների նախագահների ընտրություն: Մշտական հանձնաժողովների ընտրված նախագահների կազմը, որոնք ընտրվում են նաեւ որպես Հանրային խորհրդի անդամներ, անհապաղ ներկայացվում է վարչապետին:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի մյուս 15 անդամների կազմը վարչապետին ներկայացնելուց հետո 20-օրյա ժամկետում Հանրային խորհրդի 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների հնարավորինս լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում է Հանրային խորհրդի անդամի մեկական թեկնածու` մնացյալ 15 տեղերի համար (ընդհանուր թվով` 30 թեկնածու)` ստանալով նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ: Թեկնածուների առաջադրումից հետո 3-օրյա ժամկետում Հանրային խորհրդի նշանակված եւ ընտրված անդամները վարկանիշային կարգով գաղտնի քվեարկությամբ ընտրում են Հանրային խորհրդի հաջորդ 15 անդամներին: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են ,կողմ եմե բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում ,կողմ եմե բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որեւէ նշում չի կատարում: Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել ,կողմե ձայներ ստացած 15 թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն:

8. Հանրային խորհրդի 30 անդամներն անհապաղ վարչապետին են ներկայացնում սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան ընտրված 15 անձանց կազմը, որից հետո` 3-օրյա ժամկետում, վարչապետը բոլոր 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացնում է Կառավարություն:

9. Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկում է Հանրային խորհրդի նախագահ նշանակելու հարցը:

10. Սույն հոդվածի 9-րդ մասում նախատեսված որոշման ընդունման հաջորդ օրը Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված, որի մասին նույն օրը վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

11. Հանրային խորհրդի գործունեության ժամկետն ավարտվում է Ազգային ժողովի հերթական ընտրությունից հետո կազմավորված Կառավարության վարչապետի կողմից սույն հոդվածի 10-րդ մասում նախատեսված գործողությունները կատարելու օրը:

12. Ազգային Ժողովի լիազորությունների ժամկետում նոր Կառավարություն կազմավորվելու դեպքում այն իր կազմավորումից հետո` 30-օրյա ժամկետում, վարչապետի առաջարկության հիման վրա կարող է վաղաժամկետ դադարեցնել Կառավարության կողմից նշանակված անդամների գործունեությունը եւ նշանակել Հանրային խորհրդի նոր նախագահ եւ անդամներ:

13. Նոր կազմավորված Կառավարության կողմից սույն հոդվածի 12-րդ մասում նշված ժամկետում Կառավարության կողմից նշանակված առաջին 15 անդամների կազմի ոչ ավելի, քան կեսը փոխվելու դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան ընտրված վերջին 15 անդամների կազմը մնում է անփոփոխ: Իսկ եթե Կառավարությունը, սույն մասին համապատասխան, փոխում է Կառավարության կողմից նշանակված առաջին 15 անդամների կազմի կեսից ավելին, ապա այդ նոր կազմը` երկրորդ 15 անդամների հետ համատեղ` սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան, իրականացնում են վերջին 15 անդամների նոր ընտրություն: Սույն մասով նախատեսված դեպքում նշանակված Հանրային խորհրդի նախագահը եւ անդամները պաշտոնավարում են մինչեւ Հանրային խորհրդի գործունեության ժամկետի ավարտը:

14. Հանրային խորհրդի` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված անդամների, ինչպես նաեւ Հանրային խորհրդի նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրանց նշանակումից ոչ շուտ քան մեկ տարի հետո եւ նշված անդամներին նշանակած Կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ: Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն Հանրային խորհրդի նախագահի գործունեությունը, ապա այդ դեպքում նա շարունակում է իր գործունեությունը` որպես Հանրային խորհրդի անդամ:

Հոդված 6. Հանրային խորհրդի գործունեության կարգը

1. Հանրային խորհրդի գործունեությունն իրականացվում է Հանրային խորհրդի, ինչպես նաեւ նրա մշտական հանձնաժողովների նիստերի միջոցով:

2. Առանձին հարցերի քննարկման, այդ թվում` հասարակական փորձաքննություն իրականացնելու համար եւ դրանց վերաբերյալ Հանրային խորհրդի որոշումների նախապատրաստման նպատակով` Հանրային խորհուրդը, ներգրավելով մասնագետների (փորձագետների), կարող է ձեւավորել ժամանակավոր հանձնաժողովներ եւ աշխատանքային խմբեր:

3. Հանրային խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Նոր ձեւավորված Հանրային խորհրդի առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան Հանրային խորհրդի ձեւավորումից 10 օր հետո:

4. Հանրային խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են Հանրային խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

5. Հանրային խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է Հանրային խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Հանրային խորհրդի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով: Հանրային խորհրդի արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի օրակարգով:

6. Հանրային խորհրդի նիստերին Հանրային խորհրդի նախագահի կամ անդամների առնվազն մեկ քառորդի առաջարկությամբ կարող են հրավիրվել այլ անձինք:

7. Հանրային խորհրդի նախագահը Հանրային խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի եւ վայրի մասին Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում ծանուցում է Հանրային խորհրդի անդամներին, նիստին մասնակցող այլ անձանց:

8. Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը Հանրային խորհրդի անդամներին տրամադրվում են հարցի քննարկումից առնվազն երկու օր, իսկ հրատապ հարցերի քննարկման դեպքում` ոչ ուշ, քան նիստից առնվազն մեկ ժամ առաջ:

9. Հանրային խորհրդի նիստերը դռնբաց են, եթե Հանրային խորհուրդը նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշում չի կայացնում:

10. Հանրային խորհուրդն ընդունում է որոշումներ, որոնք կարող են լինել առաջարկությունների, եզրակացությունների ձեւով եւ կրում են խորհրդատվական բնույթ: Հանրային խորհուրդն իր որոշումները կարող է տեղադրել իր պաշտոնական համացանցային կայքում:

11. Հանրային խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

12. Հանրային խորհրդի նախագահն անհրաժեշտ նյութեր եւ փաստաթղթեր ստանալու նպատակով իրավասու է հարցումներ ուղղել պետական կառավարման համակարգի մարմիններին:

13. Հանրային խորհրդի գործունեության ընթացակարգային դրույթները, մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտները, դրանց գործունեության, ինչպես նաեւ ժամանակավոր հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում են Հանրային խորհրդի կանոնադրությամբ:

14. Հանրային խորհրդի կանոնադրությունը, ինչպես նաեւ դրանում փոփոխություններն ընդունվում են Կառավարության որոշմամբ: Հանրային խորհուրդը կարող է առաջարկություններ ներկայացնել կանոնադրության, ինչպես նաեւ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Հոդված 7. Հանրային խորհրդի նախագահը

1. Հանրային խորհուրդը գլխավորում է Հանրային խորհրդի նախագահը:

2. Հանրային խորհրդի նախագահը ղեկավարում է Հանրային խորհրդի գործունեությունը, հրավիրում եւ վարում է Հանրային խորհրդի նիստերը, Հանրային խորհրդի անունից ստորագրում է պետական մարմիններին, պաշտոնատար կամ այլ անձանց հասցեագրվող գրությունները, ապահովում է Հանրային խորհրդի բնականոն գործունեությունը:

3. Հանրային խորհրդի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչեւ փետրվարի 15-ը, հաշվետվություն է ներկայացնում Կառավարությանը` Հանրային խորհրդի նախորդ տարվա գործունեության մասին` զուգահեռաբար այն հրապարակելով Հանրային խորհրդի պաշտոնական համացանցային կայքում:

4. Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը` Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը:

ԳԼՈՒԽ 4.

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 8. Հանրային խորհրդի անդամների գործունեության դադարեցումը

1. Հանրային խորհրդի անդամի գործունեությունը դադարեցվում է վարչապետի առաջարկությամբ` Կառավարության որոշմամբ, եթե`

1) նշանակումից հետո ի հայտ են եկել փաստեր, որոնք հավաստում են նրա` սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պահանջներին անհամապատասխանությունը.

2) նշանակվել կամ ընտրվել է սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված որեւէ պաշտոնում.

3) վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Հանրային խորհրդի` երկու անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երեք նիստերին:

2. Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են նաեւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ եւ 14-րդ մասերով նախատեսված դեպքերում:

Հոդված 9. Հանրային խորհրդի անդամների գործունեության դադարումը

1. Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

1) նա այդ մասին դիմում է ներկայացրել.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

3) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ որով նախատեսվում է ազատությունից զրկում.

4) Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվել է վարչապետի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր հայտարարությունը.

5) նա մահացել է:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող օրը, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխան դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը, 4-րդ կետում նախատեսված դեպքում` վարչապետի գրավոր հայտարարությունը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելու օրը, իսկ 5-րդ կետով նախատեսված դեպքում` նրա մահվան օրը:

3. Հանրային խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ եւ 14-րդ մասերով նախատեսված դեպքերում, իսկ դադարում են` նրա` որպես Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու դեպքերում:

Հոդված 10. Հանրային խորհրդի նոր անդամի նշանակման (ընտրության) կարգը

1. Հանրային խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ դադարման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հանրային խորհրդում ընդգրկվում է նոր անդամ` սույն օրենքով տվյալ անդամի նշանակման կամ ընտրության համար սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5.

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 11. Հանրային խորհրդի քարտուղարությունը

1. Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է: Քարտուղարության կանոնադրությունը եւ հաստիքացուցակը հաստատում է վարչապետը:

2. Հանրային խորհրդի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցով` պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակներում:

3. Հանրային խորհրդի ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում եւ պետական բյուջեում` առանձին տողով:

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 12. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքի հիման վրա Հանրային խորհրդի առաջին կազմը ձեւավորում է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումից հետո կազմավորված Կառավարությունը` սույն օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան: Նոր կազմավորված Հանրային խորհուրդը վարչապետի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր հայտարարությունը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելուց հետո մեկամսյա ժամկետում Կառավարության հաստատմանն է ներկայացնում Հանրային խորհրդի կանոնադրությունը:

3. 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան կազմավորված Հանրային խորհուրդը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում է գործել որպես Կառավարության խորհրդակցական մարմին` սույն օրենքին համապատասխան եւ ավարտում է գործունեությունը` սույն օրենքի համաձայն նոր Հանրային խորհրդի կազմավորման վերաբերյալ վարչապետի գրավոր հայտարարությունը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելու օրը:

4. Սույն օրենքի համաձայն կազմավորված նոր Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը` մինչեւ հանձնաժողովների նախագահների ընտրության անցկացումը, սահմանում է վարչապետը` խորհրդակցելով Հանրային խորհրդի` Կառավարության կողմից նշանակված անդամների հետ:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ