Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2681-15.02.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, հանրային ծառայության անցնելու պահանջները, հանրային պաշտոնների դասակարգումը, հանրային ծառայողի հիմնական իրավունքները եւ պարտականությունները, սոցիալական երաշխիքները, պաշտոնների առանձնահատկությունները, բարեվարքության համակարգը, գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաեւ հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքացիական աշխատանք կատարող անձնաց վրա միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։

3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։

4. Հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:

Հոդված 3. Հանրային ծառայությունը, հանրային ծառայության պաշտոն, հանրային ծառայող

1. Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը եւ հանրային պաշտոնները։

2. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացմանը։

3. Պետական ծառայությունն ընդգրկում է դատական ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը, պետական պահպանության ծառայությունը:

4. Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացմանը:

5. Պետական ծառայության առանձին տեսակները, համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ձեւավորված պետական ծառայության առանձին տեսակների համար նախատեսված պաշտոնների անվանացանկով եւ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոնը համարվում է հանրային ծառայության պաշտոն:

6. Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի անվանում, որը հնարավորինս ճշգրիտ արտացոլում է տվյալ պաշտոնի հիմնական գործառույթները եւ չի կրում ընդհանրական բնույթ:

7. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պետական կամ համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձը համարվում է հանրային ծառայող:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ Հոդված 4. Հանրային պաշտոնները

Հոդված 4. Հանրային պաշտոնները

1. Հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական եւ համայնքային:

2. Պետական պաշտոնները դասակարգվում են տեսակաների՝ քաղաքական, վարչական, ինքնավար եւ հայեցողական:

3. Համայնքային պաշտոնները դասակարգվում են տեսակաների՝ քաղաքական, վարչական եւ հայեցողական:

4. Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թվաքանակը որոշում է վարչապետը:

Հոդված 5. Քաղաքական պաշտոնները

1. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձը պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող քաղաքական որոշումների, նպատակների եւ խնդիրների իրականացման համար:

2. Պետական քաղաքական պաշտոններն են՝ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, փոխվարչապետների, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների եւ նրանց տեղակալների, մարզպետների եւ նրանց տեղակալների պաշտոնները:

3. Համայնքային քաղաքական պաշտոններն են՝ համայնքների ղեկավարների եւ նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները:

4. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների եւ կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով։

5. Նախարարի կամ մարզպետի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում համապատասխանաբար նախարարի կամ մարզպետի կամ համայնքի ղեկավարի տեղակալները, որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնում նոր նշանակում կատարելը: Նախարարի կամ մարզպետի կամ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նոր նշանակումը կատարվում է համապատասխանաբար նախարարի կամ մարզպետի նշանակման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 6. Վարչական պաշտոնները

1. Վարչական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովում է պետության քաղաքականության իրականացումը տվյալ ոլորտում եւ պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների իրականացման համար:

2. Վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաեւ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում։

3. Վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի/կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում, վարչական պաշտոն զբաղեցնող անձն, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր պաշտոնում նոր նշանակում կատարելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի/կամ անմիջական ղեկավարի նշանակման օրվանից մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Պետական վարչական պաշտոններն են՝ Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, դատական դեպարտամենտի ղեկավարի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, գլխավոր ռազմական տեսուչի եւ նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնները:

5. Համայնքային վարչական պաշտոններն են՝ Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի գլխավոր ճարտարապետների, Երեւանի վարչական շրջանի ղեկավարի եւ նրա տեղակալի, բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները:

6. Վարչական պաշտոնները կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

7. Օրենքով սահմանված դեպքերում վարչական պետական պաշտոնները զբաղեցվում են պետական ծառայության տվյալ տեսակը կարգավորող օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7. Ինքնավար պաշտոնները

1. Ինքնավար պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ/կամ օրենքով սահմանված որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ անհատական հիմունքներով անկախության սկզբունքի հիման վրա ընդունում է որոշումներ, օրենքով նախատեսված դեպքերում համակարգում դրանց կատարումը, ինչպես նաեւ պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների իրականացման համար:

2. Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի փոփոխվում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում։

3. Ինքնավար պաշտոններն են՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորների, անկախ պետական մարմինների անդամների, ինքնավար մարմինների անդամների, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների դատավորների, գլխավոր դատախազի եւ դատախազների, քննչական մարմինների ղեկավարների եւ ղեկավարների տեղակալների, քննիչների պաշտոնները։

4. Ինքնավար պաշտոն կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

5. Ինքնավար պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` այդ պաշտոնները զբաղեցնելու համար օրենքով կարող են սահմանվել նաեւ այլ պահանջներ։

Հոդված 8. Հայեցողական պաշտոնները

1. Հայեցողական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է իր անմիջական ղեկավարի հանձնարարականները եւ պատասխանատվություն է կրում այդ հանձնարարականների կատարման համար:

2. Հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն իր անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր պաշտոնում նոր նշանակում կատարելը: Հայեցողական պաշտոնում նոր նշանակումը կատարվում է հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի անմիջական ղեկավարի նշանակման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3. Պետական հայեցողական պաշտոններ են Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, փոխվարչապետների խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի եւ ռեֆերենտի պաշտոնները, վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, նախարարների, Ազգային ժողովի նախագահի տեղակալների, գլխավոր դատախազի, կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների, անկախ պետական մարմնի, ինքնավար պետական մարմնի ղեկավարների, մարզպետի խորհրդականի, օգնականի պաշտոնները, նախարարների մամուլի քարտուղարի պաշտոնը, Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականի, Ազգային ժողովի խմբակցության փորձագետի, Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի պաշտոնները, վարչապետի ռեֆերենտների խմբի ղեկավարի պաշտոնը, փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանման ղեկավարի, Մարդու իրավունքների պաշտպանի օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոնները, նախարարների տեղակալների, գլխավոր դատախազի տեղակալի օգնականի, կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների, անկախ պետական մարմնի ղեկավարի, ինքնավար մարմնի ղեկավարի տեղակալների եւ անդամների, մարզպետի տեղակալների օգնականի պաշտոնները:

4. Համայնքային հայեցողական պաշտոններն են՝ համայնքի ղեկավարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, համայնքների ղեկավարի տեղակալի օգնականի, Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականի համայնքների ավագանու խմբակցությունների փորձագետների պաշտոնները:

5. Սույն հոդվածով նախատեսված խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգը տարվա աշխատանքային ստաժ ունեցող եւ 30 տարին լրացած անձը:

6. Սույն հոդվածով նախատեսված օգնականի եւ ռեֆերենտի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող անձը:

7. Նախարարություններում հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է մամուլի քարտուղարը: Մամուլի քարտուղարի պաշտոն կարող է զբաղեցնել հասարակայնության հետ կապերի կամ լրագրության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

8. Հայեցողական պաշտոնների համար նախատեսվում է պաշտոնի անձնագիր, որի համար չափանիշներ սահմանում է այն պաշտոնատար անձը, ում անմիջական ենթակայությամբ աշխատելու է հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը: Պաշտոնի անձնագիրը ներկայացված չափանիշներին համապատասխան հաստատում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը):

9. Հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն պաշտոնի նշանակվում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ՝ առանց մրցույթի՝ բավարարելով տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները:

10. Վարչապետը կարող է ունենալ նաեւ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ, ովքեր պաշտոնատար անձ չեն համարվում: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում վարչապետին հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառի վերաբերյալ, կարող են ընդգրկվել վարչապետի կողմից ստեղծվող հանձնաժողովներում: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն կարող կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված աշխատանքները:

11. Պետական կառավարման համակարգի մարմիններում հայեցողական պաշտոնների թիվն ըստ մարմինների սահմանում է վարչապետը:

Հոդված 9. Հանրային պաշտոններում նշանակելու իրավասությունը

1. Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Կառավարությունը՝ բացառությամբ տեսչական մարմինների:

2. Տեսչական մարմինի ղեկավարին Տեսչական մարմնի կառավարման խորհրդի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3. Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Կառավարությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին նշանակում եւ ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

5. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:

8. Մարզպետների տեղակալներին մարզպետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում եւ ազատում է վարչապետը:

9. Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում եւ ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա մարմնի ղեկավարը, որտեղ վերջիններս գտնվելու են աշխատանքային հարաբերությունների մեջ, բացառությամբ սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված դեպքերի:

10. Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին եւ նրա տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը:

11. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին եւ նրա տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Ազգային ժողովի նախագահը:

12. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին եւ նրա տեղակալներին, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարին, բացառությամբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:

13. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում եւ ազատում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում եւ ազատում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում եւ ազատում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է համապատասխան փոխվարչապետը:

14. Համայնքային վարչական եւ համայնքային հայեցողական պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 10. Բարձրաստիճան պաշտոնատար անձը, փոխկապակցված անձինք

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձ են համարվում Հանրապետության Նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, սահմանադրական դատարանի դատավորները, դատավորները, նախարարները եւ նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ նրա տեղակալները, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, մարզերի, Երեւան քաղաքի եւ կայազորների դատախազները, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը եւ նրա տեղակալները, ինքնավար եւ անկախ պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները եւ անդամները, կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները եւ կենտրոնական բանկի խորհրդի անդամները, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը եւ նրա տեղակալները, պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարը եւ նրա տեղակալները, կառավարությանն ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, բացառությամբ տեսչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, պետը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը եւ նրա տեղակալները, վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, Երեւանի քաղաքապետը եւ նրա տեղակալները, մարզպետները եւ նրանց տեղակալները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, գլխավոր ռազմական տեսուչը եւ նրա տեղակալները, հատուկ հանձնարարություններով դեսպանը, Հանրապետության Նախագահի խորհրդականները, մամուլի քարտուղարը եւ օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները եւ օգնականները, վարչապետի խորհրդականները եւ օգնականները, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ 50000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձի, հանրային ծառայողի հետ փոխկապակցված անձինք են` բարձրաստիճան պաշտոնատար անձի, հանրային ծառայողի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչեւ 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մինչեւ 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձի վերադաս անձ են համարվում Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հանրապետության Նախագահի խորհրդականների, մամուլի քարտուղարի եւ օգնականների համար՝ Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների, օգնականների համար` Ազգային ժողովի նախագահը, սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի համար` սահմանադրական դատարանի նախագահը, նախարարի, կառավարությանն ենթակա մարմինների ղեկավարների, բացառությամբ տեսչական մարմինների ղեկավարների, վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների, Հատուկ քննչական ծառայության պետի, գլխավոր ռազմական տեսուչի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, հատուկ հանձնարարություններով դեսպանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի խորհրդականների եւ օգնականների համար` վարչապետը, նախարարների տեղակալների եւ նախարարությանը ենթակա մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձ համարվող ղեկավարների համար՝ նախարարը, գլխավոր դատախազի տեղակալների, մարզերի, Երեւան քաղաքի եւ կայազորների դատախազների համար` գլխավոր դատախազը, կառավարությանն ենթակա մարմինների ղեկավարների տեղակալների համար` մարմնի ղեկավարը, վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների տեղակալների համար՝ մարմնի ղեկավարը, նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների համար՝ մարմնի ղեկավարը, ինքնավար եւ անկախ պետական մարմինների անդամների համար` տվյալ մարմնի ղեկավարը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալների եւ կենտրոնական բանկի խորհրդի անդամների համար` կենտրոնական բանկի նախագահը, հաշվեքննիչ պալատի անդամների համար` հաշվեքննիչ պալատի նախագահը, Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Երեւանի քաղաքապետի, մարզպետների տեղակալների համար` համապատասխանաբար Երեւանի քաղաքապետը եւ մարզպետները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համար` արտաքին գործերի նախարարը, գլխավոր ռազմական տեսուչի տեղակալների համար` գլխավոր ռազմական տեսուչը: Սույն մասում չթվարկված բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն օրենքի իմաստով համարվում են վերադաս չունեցող:

Հոդված 11. Քաղաքացիական աշխատանքը հանրային իշխանության մարմիններում

1. Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է պայմանագրային հիմունքներով՝ հանրային ծառայության եւ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

2. Կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում պետական մարմինները, առանձին խնդիրների իրականացման համար կարող են ներգրավել փորձագետ:

Հոդված 12. Տեխնիկական սպասարկում իրականացնելը

1. Տեխնիկական սպասարկում իրականացնելը ներառում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացմանն, ինչպես նաեւ քաղաքական, վարչական եւ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը:

2. Տեխնիակական սպասարկում իրականացնող անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:


ԳԼՈՒԽ 3

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13. Հանրային ծառայության հիմնական սկզբունքները

1. Հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների գերակայությունը.

2) հանրային ծառայության կայունությունը.

3) հանրային ծառայության հրապարակայնությունը, թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը.

4) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին եւ կոմպետենցիաներին համապատասխան.

5) հանրային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից.

6) հանրային ծառայողի արհեստավարժությունը.

2. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով՝ օրենքով կարող են սահմանվել կազմակերպման եւ գործունեության լրացուցիչ սկզբունքներ:

Հոդված 14. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքը

1. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (աշխատատեղի նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող եւ պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ համայնքային ծառայության դեպքում նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։

2. Եթե հանրային ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված է բարձրագույն կրթության պահանջ, ապա քաղաքացին պետք է ունենա ինստիտուցիոնալ եւ(կամ) համապատասխան մասնագիտության ծրագրով հավատարմագրված բուհի կողմից շնորհված որակավորում ու դիպլոմ:

Հոդված 15. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

1. Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը:

4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել նաեւ այլ պահանջներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է կառավարությունը՝ հաշվի առնելով հանրային ծառայության տվյալ տեսակի առանձնահատկությունները.

Հոդված 16. Հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը, պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը), հաստիքացուցակը

1. Պետական ծառայության յուրաքանչյուր տեսակը եւ եւ համայնքային ծառայությունն ունեն պաշտոնների անվանացանկ:

2. Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր):

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում նախատեսվում է հաստիքացուցակ: Հաստիքացուցակում ներառվում են տվյալ մարմնի բոլոր պաշտոնները, այդ թվում քաղաքացիական աշխատանք եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:

4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով իրենց համար նախատեսված թվաքանակից ավելի հաստիքներ չեն կարող ունենալ, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

5. Հանրային ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման եւ անվանացանկի վարման մեթոդաբանությունը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

Հոդված 17. Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններում

1. Հանրային ծառայության պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների (կոչումների, աստիճանների) սահմանման եւ շնորհման(զրկման) դեպքերի, պաշտոնները զբաղեցնելու, վերապատրաստման, կատարողականի (աշխատանքի) գնահատման, շարժունության, կադրերի ռեզերվում գրանցվելու, խրախուսման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, պաշտոնից ազատման եւ ծառայության դադարեցման եւ այս հարաբերություններից բխող այլ հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով։

2. Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների եւ աստիճանների համապատասխանությունը սահմանում է կառավարությունը:

Հոդված 18. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անձնական գործը

1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անձնական գործը նրանց ծառայողականգործունեության (պաշտոնավարման) մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի եւ նյութերի ամբողջությունն է, որը վարվում է էլեկտրոնային եղանակով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

2. Անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

ԳԼՈՒԽ 4

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 19. Հանրային ծառայողի հիմնական իրավունքները

1. Հանրային ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի նյութերին, իր գործունեության գնահատականներին եւ ծառայողական գործունեության վերաբերյալ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ տալը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.

4) մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների բարելավման համար վերապատրաստումներին մասնակցելը.

5) աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը.

6) իրավական պաշտպանությունը

Հոդված 20. Հանրային ծառայողի հիմնական պարտականությունները

1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

3) հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին եւ դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին,, այլ սահմանափակումներին եւ շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետեւելը.

4) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը եւ հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ հայտարարգիր ներկայացնելը.

5) վերադաս մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տված հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.

6) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

7) մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների բարելավման համար վերապատրաստումներին մասնակցելը.

Հոդված 21. Հանրային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Հանրային ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք՝

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են։

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում հանրային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին եւ նրա անմիջական ղեկավարին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե անմիջական ղեկավարը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա հանրային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Հանրային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած պաշտոնատար անձը։

3. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող է սահմանվել հանձնարարականներ տալու այլ կարգ:

ԳԼՈՒԽ 5

ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 22. Բարեվարքության համակարգի տարրերը

1. Բարեվարքության համակարգը ներառում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները եւ դրանցից բխող վարքագծի կանոնները (այդ թվում՝ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ), անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները եւ շահերի բախումը:

Հոդված 23. Վարքագծի սկզբունքները

1. Վարքագծի սկզբունքներն են հանրությանը ծառայելու գիտակցումը, հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը եւ հարգալիրությունը, բարեխղճությունը, օբյեկտիվությունը:

Հոդված 24. Հանրությանը ծառայելու գիտակցումը

1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների լիազորությունների իրականացումն ուղղված է հանրության բարօրության ապահովմանը՝ պետության քաղաքականության նպատակների արդյունավետ իրագործման միջոցով:

Հոդված 25. Հավատարմությունը հանրային շահին

1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները լիազորությունները գործադրում են ի շահ հանրության:

2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները մշակված հանրային քաղաքականության կենսագործման գործընթացում դրսեւորում են հավատարմություն եւ հուսալիություն՝ անկախ համոզմունքից եւ դիրքորոշումից:

Հոդված 26. Բարեկրթությունը եւ հարգալիրությունը

1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները դրսեւորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսեւորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են լիազորություններն իրականացնելիս:

2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները հարգում են իրենց վերադասների, անմիջական ղեկավարների, գործընկերների, ենթակաների արժանապատվությունը:

Հոդված 27. Բարեխղճությունը

1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս գործում են ազնիվ եւ բարեխիղճ:

2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները հանրային ռեսուրսներն օգտագործում են արդյունավետ եւ խնայողաբար:

Հոդված 28. Օբյեկտիվությունը

1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները իրենց լիազորություններն իրականացնելիս դրսեւորում են անկողմնակալություն՝ բացառելով որեւէ խտրականություն:

2. Հանրային ծառայողը ծառայության առանձնահատկություններին համապատասխան ծառայողական պարտականությունները կատարելիս քաղաքականապես չեզոք է:

Հոդված 29. Վարքագծի կանոնները

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի)՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ընդունված վարքագծի կանոնագրքով:

2. Պատգամավորի, դատավորի, դատախազի, վարքագծի կանոնները սահմանվում են այլ իրավական ակտերով:

3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են պահպանել սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները եւ դրանցից բխող վարքագծի կանոնները:

4. Հանրային ծառայողների՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

5. Քաղաքացիական ծառայողների՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանում է քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

6. Այլ հանրային ծառայողների՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները կարող են սահմանվել հանրային ծառայության տվյալ տեսակը ղեկավարող մարմնի կողմից՝ ոլորտային առանձնահատկությունների առկայության դեպքում: Դրանց չսահմանման դեպքում գործում են քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնները:

7. Հանրային ծառայողի վարքագծի կանոնները սահմանվում են վարքագծի տիպային կանոնների հիման վրա՝ կանոնագրքերով:

8. Հանրային ծառայողի վարքագծի կանոնների պահպանման կառուցակարգեր կարող են սահմանվել տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտերով։

9. Վարքագծի կանոնների խախտումը հանրային ծառայողների, բարձրաստիճան պաշտոնատար անձնաց համար, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնողների, կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն:

Հոդված 30. Հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Հանրային ծառայողին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է`

1) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկվում է իր կողմից.

2) իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար.

3) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական եւ (կամ) համայնքային այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքել սույն մասի 8-րդ կետում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ (բացառությամբ պատգամավորների).

9) պաշտոնից ազատվելուց հետո՝ առնվազն մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում։

2. Առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում հանրային ծառայողները եւ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման: Հանրային ծառայողները եւ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրավունք ունեն հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ։

3. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող օրենքներով կարող են, ի լրումն սույն հոդվածով սահմանված սահմանափակումների, սահմանվել այլ սահմանափակումներ։

4. Առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող է լինել նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կամ ոչ առեւտրային կազմակերպությունը:

5. Սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտավոր են դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել բացառապես անկանխիկ ձեւով, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 2.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի խախտմամբ ստացված եկամուտը սույն օրենքի իմաստով չի համարվում օրինական:

Հոդված 31. Հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի անհամատեղելիության պահանջները

1. Հանրային ծառայողը եւ բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական, ստեղծագործական կամ ընտրական հանձնաժողովի անդամի կամ ընտրական հանձնաժողովում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի կարգավիճակից բխող աշխատանքից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերի։

2. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`

1) անհատ ձեռնարկատեր լինելը.

2) առեւտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առեւտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման.

3) առեւտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելը, առեւտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը կամ որեւէ այլ ձեւով առեւտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը։

3. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում`

1) վստահության վրա հիմնված ընկերակցության մասնակից ավանդատու (կոմանդիտիստ) լինելը.

2) վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ լինելը.

3) առեւտրային կազմակերպությունից դուրս գալու կամ դրա լուծարվելու դեպքում հասանելիք գույքի մասը կամ դրա արժեքը ստանալը.

4) բանկում ավանդ, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը.

5) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը.

6) սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառելը կամ որոշակի վճարի կամ հատուցման դիմաց վարձակալության հանձնելը.

7) փոխառության դիմաց տոկոսներ եւ այլ հատուցում ստանալը.

8) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առեւտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար հատուցում (ռոյալթի) ստանալը կամ 75 եւ ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում ընդգրկված լինելը, եթե այն ուղղակիորեն առնչվում է հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ` առանց վարձատրության կամ որեւէ այլ ձեւով փոխհատուցում ստանալու կամ ոչ հանրային ծառայողների կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի.

9) պատճառված վնասի (կրած կորստի) դիմաց հատուցում ստանալը։

4. Սույն օրենքի իմաստով ստեղծագործական աշխատանք է համարվում մշակույթի եւ արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ եւ արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական եւ գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ եւ ձեւեր, լեզուներ, բարբառներ եւ խոսվածքներ, ազգային ավանդույթներ եւ սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ եւ մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը։

5. Սույն օրենքի իմաստով գիտական աշխատանք է համարվում գիտական կազմակերպությունում, հիմնարկում, բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ այլ կերպ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտակրթական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարելը։

6. Սույն օրենքի իմաստով կրթական աշխատանք է համարվում ուսուցիչ, դասախոս (դոցենտ, պրոֆեսոր) աշխատելը կամ հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման եւ առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաեւ ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձեւավորմանը նպաստող եւ (կամ) դրանք ապահովող այլ աշխատանք կատարելը։

7. Հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի պարտականությունները գերակա են նրանց կողմից իրականացվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի կամ օրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ:

8. Հանրային ծառայողին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց համապատասխանաբար հանրայինծառայող կամ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

Հոդված 32. Նվերներ ընդունելու արգելքը

1. Հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ, բացառությամբ`

1) պաշտոնական միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների, պարգեւների եւ կազմակերպվող հյուրասիրության.

2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի եւ նմանատիպ այլ նյութերի.

3) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի, որ տրվել են հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում։

2. Սույն հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոնատար անձ չհանդիսացող անձի: Սույն հոդվածի իմաստով «նվեր» հասկացությունը մասնավորապես չի ընդգրկում կենցաղային հյուրընկալությունը, ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերը, եթե նվերը էությամբ եւ չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջեւ հարաբերությունների բնույթին։

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված գույքային ոչ սպառողական նվերը իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա`

1) վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցողն իր նախաձեռնությամբ նվերը տրամադրում է բարեգործության, կամ

2) այդ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունը եւ գույքագրվում է որպես այդպիսին:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված, սակայն սույն հոդվածի 3-րդ մասով չնախատեսված նվերն իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը այդ մասին հայտնում է իր վերադասին:

5. Սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերի արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական գինը, որը նվեր ստացողը գիտեր կամ կարող էր իմանալ նվերի ընդունման պահին կամ դրա ընդունումից հետո:

Հոդված 33. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ հանրային ծառայողի շահերի բախումը

1. Շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձը, հանրային ծառայողը իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում է որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձի, հանրային ծառայողի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի, հանրային ծառայողի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեեւ ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ`

1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը։

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում պատգամավորների, սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների եւ դատախազների վրա։ Նշված անձանց շահերի բախման նորմերը կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով։

3. Ըստ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների` բարձրաստիճան պաշտոնատար անձը, հանրային ծառայողը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն եւ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել։

Հոդված 34. Բարձրաստիճան պաշտոնատար անձի, հանրային ծառայողի գործողությունները շահերի բախման իրավիճակում

1. Շահերի բախում առաջանալու դեպքում բարձրաստիճան պաշտոնատար անձը, բացառությամբ պատգամավորների, սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների եւ դատախազների, ինչպես նաեւ սույն օրենքի իմաստով վերադաս չունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձի, հանրային ծառայողը պարտավոր է իր վերադաս անձին (անմիջական ղեկավարին) գրավոր ներկայացնել շահերի բախման վերաբերյալ հայտարարություն` ներկայացնելով շահերի բախմանը վերաբերող կոնկրետ հանգամանքները: Մինչեւ վերադաս անձից (անմիջական ղեկավարից) գրավոր համաձայնություն ստանալը բարձրաստիճան պաշտոնատար անձը, հանրային ծառայողն իրավունք չունի տվյալ հարցի վերաբերյալ գործողություն կատարելու կամ որոշում կայացնելու: Վերադաս անձն(անմիջական ղեկավարն) իրավունք ունի տվյալ հարցը քննարկելու եւ լուծելու իրավասությունը հանձնարարելու այլ պաշտոնատար անձի, եթե այն օրենքով արգելված չէ։

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձն իրավունք ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստանալու պարզաբանում կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին: Եթե ներկայացված տվյալները եղել են ամբողջական, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը շահերի բախման բացակայության մասին հիմք է վարույթը կարճելու համար, եթե դա հարուցվի։

ԳԼՈՒԽ 6

ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈւՄԸ

Հոդված 35. Գույքի, եկամուտների, շահերի եւ փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականությունը

1. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խմբի 1-ին եւ 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը եւ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետը, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, Երեւան քաղաքի քննչական վարչության պետը, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության նախարարություններին ենթակա մարմինների՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող ղեկավարները եւ նրանց տեղակալները, դատական դեպարատամենտի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալը, դատական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք, պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային մարմիններում բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, բացառությամբ պաշտպանության, ազգային անվտանգության մարմիններում եւ փրկարար ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց, քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի եւ հատուկ քննչական ծառայության քննիչները, 15 000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները, Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, գնումների բողոքարկման խորհրդի անդամները:

2. Հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ նաեւ շահերի հայտարարագիր։

3. Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր։

4. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք՝ նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձ, սույն օրենքով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում եւ կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Անչափահաս զավակի հայտարարագիրը ներկայացնում է հայտարարատու պաշտոնատար անձը:

5. Սույն օրենքի իմաստով՝ համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 եւ ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը:

6. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը սույն օրենքով եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի եւ ժամկետների պահպանմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

7. Հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձը եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տալիս են հաշվետու ժամանակահատվածի համար իրենց վարկային պատմությանը եւ արժեթղթերի, այդ թվում՝ դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններին ծանոթանալու համաձայնություն:

Հոդված 36. Հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու մասին ծանուցելը

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի գործառույթներ իրականացնող անձը տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում հանձնաժողովի կողմից սահմանված ձեւաթղթով ծանուցում է հանձնաժողովին:

Հոդված 37. Հայտարարագրման ժամկետները եւ հայտարարագրում փոփոխություն կատարելը

1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաեւ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը։

2. Եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 15 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու եւ ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիր չի ներկայացնում:

3. Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը կարող են մինչեւ հայտարարագրերի հրապարակման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալը դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հայտարարագրերում իրենց հայտնաբերած վրիպակներն ուղղելու նպատակով: Վրիպակներն ուղղելու նպատակով տրամադրվող ժամկետը չի կարող գերազանցել հինգ աշխատանքային օրը: Հայտարարագրերը նշված ժամկետում չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հիմք է ընդունում սկզբնապես ներկայացված հայտարարագրերը:

4. Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո նշված օրենսգրքով սահմանված ժամկետում դիմում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հայտարարագրերում նշված տվյալներն ուղղելու նպատակով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումն ստանալու եւ վրիպակները սահմանված ժամկետում վերացնելու դեպքում հանձնաժողովը վարույթ չի հարուցում:

Հոդված 38. Գույքի հայտարարագրման բովանդակությունը

1. Հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ամուսնու գույքի հայտարարագիրը պետք է ներառի նրանց սեփականության իրավունքով պատկանող`

1) այն անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք (այսուհետ՝ անշարժ գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

2) այն շարժական գույքը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը (այսուհետ՝ շարժական գույք), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաեւ տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.

3) այն արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի) եւ (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը) (այսուհետ՝ արժեթուղթ եւ (կամ) այլ ներդրում), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

4) այն փոխառությունը, որը հայտարարատուն հանձնել է, կամ որը նրան վերադարձվել է հարկային տարում: Սույն օրենքի իմաստով փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը՝ միեւնույն գումարի դրամ կամ ստացված գույքին հավասար քանակի եւ նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելու պայմանով (այսուհետ՝ փոխառություն).

5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված` 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ՝ թանկարժեք գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

6) դրամական միջոցները (այդ թվում՝ բանկում ունեցած)։

2. Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի հայտարարագրին պետք է կցվի նաեւ իր կողմից ստորագրված ցանկը, որում ներառվում են իր ամուսնու, իր ընտանիքի կազմի մեջ մտնող՝ սույն օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց անունը, հայրանունը, ազգանունը, ազգակցական կապը, ծննդյան տարեթիվը։

3. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող՝ սույն օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց հայտարարագիրը պետք է ներառի նրանց սեփականության իրավունքով պատկանող`

1) անշարժ գույքը, եթե հարկային տարում անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 50 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 50 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են անշարժ գույքի ձեռքբերման եւ օտարման բոլոր գործարքները.

2) շարժական գույքը, եթե հարկային տարում շարժական գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են շարժական գույքի ձեռքբերման եւ օտարման բոլոր գործարքները.

3) արժեթուղթը եւ (կամ) այլ ներդրումը, եթե հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման եւ (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման եւ (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են արժեթղթերի ձեռքբերման եւ (կամ) այլ ներդրման եւ օտարման բոլոր գործարքները.

4) փոխառությունը, եթե հարկային տարում փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են փոխառության հանձնման եւ վերադարձման բոլոր գործարքները.

5) թանկարժեք գույքը, որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում։

4. Սույն հոդվածում նշված հայտարարագրման ենթակա գույքի գինը (արժեքը) կամ արտարժույթով եկամուտը որոշելիս արտարժույթի համարժեքը հաշվարկվում է` ելնելով գործարքի օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից, իսկ բնամթերքով իրականացրած գործարքի գինը (արժեքը)՝ ելնելով բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող գնից (արժեքից)։

5. Գույքը հայտարարագրելիս պետք է նշվեն՝

1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, առկայությունը հարկային տարվա սկզբին եւ վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) եւ արժույթը.

2) շարժական գույքի դեպքում՝ շարժական գույքի տեսակը, մակնիշը եւ սերիան, առկայությունը հարկային տարվա սկզբին եւ վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) եւ արժույթը.

3) արժեթղթի եւ (կամ) այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի եւ (կամ) այլ ներդրման արժույթը, գինը (արժեքը) հարկային տարվա սկզբին եւ վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը).

4) փոխառության դեպքում՝ պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը եւ հայրանունը, հասցեն, փոխառության արժույթը, փոխառության գումարը (չափը) հարկային տարվա սկզբին եւ վերջին, հարկային տարում հանձնված եւ վերադարձված փոխառության գումարը (չափը).

5) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, առկայությունը հարկային տարվա սկզբին եւ վերջին, գույքի ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) եւ արժույթը.

6) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի արժույթը, չափը հարկային տարվա սկզբին` հունվարի 1-ին, ավարտին` դեկտեմբերի 31-ին։

Հոդված 39. Եկամուտների հայտարարագրման բովանդակությունը

1. Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ամուսնու, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող՝ սույն օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց եկամուտների հայտարարագրում ընդգրկվում են հարկային տարում ստացած՝ սույն հոդվածով սահմանված եկամուտները եւ դրանց ստացման աղբյուրները։

2. Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է այն անձը, որը հարկային տարում հայտարարատուին վճարել է սույն հոդվածով սահմանված եկամուտ: Մասնավորապես, եկամուտների ստացման աղբյուր կարող են հանդիսանալ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, առեւտրային, ոչ առեւտրային կազմակերպությունը, հիմնարկը, մասնաճյուղը, ներկայացուցչությունը, անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ կազմակերպությունը) կամ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը։

Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը եւ (կամ) պարտադիր այլ վճարները եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված լինելու դեպքում եկամուտները հայտարարագրվում են առանց այդ գումարների: Սույն կանոնը չի տարածվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող անձանց վրա։

3. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված հետեւյալ եկամուտները.

1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.

2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առեւտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) եւ հեղինակային վարձատրությունը.

3) ստացված փոխառությունները (վարկերը) կամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը.

4) շահաբաժինները.

5) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները).

6) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաեւ վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).

7) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացված).

8) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).

9) ապահովագրական հատուցումները.

10) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.

11) գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց (այդ թվում՝ սույն օրենքի 38-րդ հոդվածում չնշված) ստացված եկամուտը.

12) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.

13) միանվագ վճարները.

14) գույքային իրավունքներից ստացված եկամուտը։

4. Հայտարարագրման ենթակա են նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով չսահմանված այլ եկամուտները՝ նշելով դրանց տեսակները եւ ստացման աղբյուրները։

5. Եկամուտը հայտարարագրելիս պետք է նշվեն՝

1) եկամտի տեսակը.

2) եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը եւ հայրանունը, հասցեն.

3) եկամտի չափը (գումարը).

4) եկամտի արժույթը։

Հոդված 40. Փոխկապակցված անձանց մասին հայտարարագրի բովանդակությունը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում ընդգրկվում են`

1) սահմանադրական դատարանի դատավորի համար` սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

2) նախարարների եւ նրանց տեղակալների համար` նախարարության համակարգում պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

3) գլխավոր դատախազի, նրա տեղակալների, մարզերի, Երեւան քաղաքի եւ կայազորների դատախազների համար` դատախազի, դատավորի, քննիչի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

4) կառավարությանն ենթակա մարմինների ղեկավարների եւ ղեկավարների տեղակալների համար` այդ մարմնում (ներառյալ` կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումներում, ինչպես նաեւ ենթակայությանը հանձնված պետական ոչ առեւտրային կազմակերպություններում) պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

5) ինքնավար եւ անկախ պետական մարմինների ղեկավարների եւ անդամների համար` այդ մարմնի ղեկավարի կամ անդամի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք, ինչպես նաեւ այդ մարմնի կողմից կարգավորվող ոլորտում գործող առեւտրային կազմակերպություններում ղեկավար պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

6) դատավորների համար` դատախազի, դատավորի, քննիչի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք:

2. Փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում պետք է նշվեն փոխկապակցված անձի՝

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) զբաղեցրած պաշտոնը։

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում թվարկված անձը կորցրել է կապը որեւէ փոխկապակցված անձի հետ եւ տեղեկատվության բացակայության պատճառով ի վիճակի չէ հայտարարագրելու նրանց որպես փոխկապակցված անձ, ապա նա հայտարարագրին կցում է համապատասխան հայտարարություն` նշելով ազգակցական կապը եւ անձի անունը, հայրանունը, ազգանունը։

Հոդված 41. Շահերի հայտարարագրի բովանդակությունը

1. Հայտարարագրի՝ «Մասնակցությունը առեւտրային կազմակերպություններում» բաժնում նշվում են կազմակերպության անվանումը, որի հիմնադիր կամ առնվազն 10 տոկոսի մասնակից են հանդիսանում բարձրաստիճան պաշտոնատար անձը եւ (կամ) նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք, հասցեն:

2. Հայտարարագրի` «Ներկայացվածությունը առեւտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը եւ հասցեն, որի կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված է բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես նաեւ այդ կազմակերպությունում անձի կարգավիճակը:

3. Հայտարարագրի՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը եւ հասցեն, որում բարձրաստիճան պաշտոնատար անձի ունեցած բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման, կամ հավատարմագրային կառավարչի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, ինչպես նաեւ հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, պայմանագրի գործողության ժամկետը:

4. Հայտարարագրի՝ «Անդամակցությունը ոչ առեւտրային կազմակերպություններին եւ ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են ոչ առեւտրային կազմակերպության անվանումը, որին բարձրաստիճան պաշտոնատար անձը անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, հասցեն, կազմակերպությունում անձի կարգավիճակը:

5. Հայտարարագրի՝ «Անդամակցությունը կուսակցություններին եւ ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են կուսակցության անվանումը, որին բարձրաստիճան պաշտոնատար անձը անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, կուսակցությունում անձի կարգավիճակը:

6. Հայտարարագրի՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից, ինչպես նաեւ նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը» բաժնում նշվում են այն պայմանագրերը, որոնց գինը (արժեքը) գերազանցում է 5.000.000 (հինգ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, պայմանագրի տեսակը, կողմերը, նրանց հասցեները, տվյալներ պայմանագրի կնքման գործընթացի մասին, պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, գործողության ժամկետը, ինչպես նաեւ գինը (արժեքը):

Հոդված 42. Հայտարարագրի ռեեստրը եւ տվյալների հրապարակումը

1. Հայտարարագիրը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այն զետեղում է հայտարարագրերի ռեեստրում։

2. Հանձնաժողովը հայտարարագիրը ռեեստրում զետեղելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, ապահովում է դրա հրապարակումն իր պաշտոնական կայքէջում:

3. Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը եւ ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հրապարակման ենթակա տվյալների ցանկը չի կարող պարունակել անձը, գույքը նույնականացնող տվյալներ։ Անչափահասի հայտարարագիրը հրապարակման ենթակա չէ:

4. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է հրապարակմանը ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը։

5. Հայտարարատու պաշտոնատար անձի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագրերը մնում են հրապարակված լիազորությունների դադարման կամ դադարեցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն կրկին չստանձնելու դեպքում այդ հայտարարագրերն արխիվացվում են: Այդ ժամկետից հետո տվյալ անձի կողմից հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն ստանձնելու դեպքում նրա արխիվացված հայտարարագրերը վերականգնվում եւ հրապարակվում են:

6. Հայտարարագրերի արխիվացման կարգն ու պայմանները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

ԳԼՈՒԽ 7

ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

Հոդված 43. Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովները

1. Պետական ծառայության առանձին տեսակների եւ համայնքային ծառայության համար ստեղծվում են էթիկայի առանձին հանձնաժողովներ։

2. Հանրային ծառայողների բարեվարքության պահանջների պահպանմանը հետեւում են պետական ծառայության առանձին տեսակների եւ համայնքային ծառայության մասին օրենքներով ստեղծված էթիկայի հանձնաժողովները, որոնց գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակների եւ համայնքային ծառայության մասին օրենքներով:

Հոդված 44. Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների լիազորությունները

1. Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովները՝

1) քննում եւ լուծում են հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների եւ իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները.

2) հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ են ներկայացնում իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին.

Հոդված 45. Բարեվարքության հարցերով կազմակերպիչը

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումներում նախատեսվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի հանրային ծառայության պաշտոն:

2. Բարեվարքության հարցերով կազմակերպիչը՝

6) հանրային ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

7) իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում եւ վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաեւ բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.

8) համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.

9) մշակում է հանրային ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը, դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարի հաստատմանը.

10) վարում է հանրային ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների եւ շահերի բախման դեպքերի վիճակագրություն:

3. Պետական ծառայության առանձին տեսակները եւ համայնքային ծառայությունը կարգավորող օրենքների համաձայն ձեւավորված էթիկայի հանձնաժողովները, որոնք գործում են մշտական հիմունքներով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված գործառույթը իրականացնում են հանձնաժողովները:

ԳԼՈՒԽ 8

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 46. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների սոցիալական երաշխիքները

1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների երաշխիքներն են`

1) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման համար անվտանգ, առողջության համար անվնաս եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանները.

2) վարձատրությունը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները.

3) ամենամյա վճարովի արձակուրդը.

4) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրությունը.

5) պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

7) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը։

2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։

3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար կարող են սահմանվել նաեւ այլ սոցիալական երաշխիքներ։

Հոդված 47. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի վարձատրությունը եւ սոցիալական ապահովությունը

1. Յուրաքանչյուր հանրային պաշտոն զբաղեցնող անձ եւ հանրային ծառայող առանց որեւէ խտրականության ունի օրենքով սահմանված չափով վարձատրության իրավունք։

2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը ստանում է վարձատրություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում։

3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի սոցիալական (այդ թվում՝ կենսաթոշակային) ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 48. Հանրային ծառայության ստաժը

1. Հանրային ծառայության ստաժը ներառում է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը։

2. Հանրային ծառայության ստաժը ներառում է նաեւ պետական եւ համայնքային պաշտոններում աշխատանքը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով փորձագետ աշխատելու ժամանակահատվածները:

3. Հանրային ծառայության ստաժը չի ներառում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրային ծառայության եւ/կամ պետական եւ համայնքային պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենքի խախտմամբ պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը։

ԳԼՈՒԽ 9

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼԸ

Հոդված 49. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը

1. Հանրապետության նախագահին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

2. Ազգային ժողովի նախագահը իրավասու է դիմել Ազգային ժողովի աշխատակազմի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

3. Սահմանադրական դատարանի նախագահը իրավասու է դիմել Սահմանադրական դատարանի աշխատակազմի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

4. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը իրավասու է դիմել Բարձրագույն դատական խորհրդի եւ Դատական դեպարտամենտի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

5. Բացառությամբ սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի՝ վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու Սահմանադրությամբ նախատեսված բոլոր մարմինների հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

Հոդված 50. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը

1. Ազգային ժողովի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ եւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:

2. Սահմանադրական դատարանի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:

3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ եւ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:

4. Վարչապետը բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ եւ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ղեկավարների առաջարկությունների հիման վրա:

5. Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների ղեկավարները առաջարկությունը ներկայացնում են անմիջականորեն, իսկ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարները՝ համապատասխան նախարարի միջոցով:

6. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է գրավոր:

7. Միջնորդությանը կցվում են`

1) բարձրագույն դասային աստիճանի շնորհման հիմնավորումը.

2) բարձրագույն դասային աստիճանի շնորհմանը ներկայացված անձի կենսագրությունը.

3) բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:

8. Բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացվում է գրավոր, որին կցվում են սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը՝ բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի:

9. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում վերադարձվում են առաջարկություն ներկայացրած մարմնին կամ անձին՝ մատնանշելով համապատասխան թերությունները:

10. Համապատասխան մարմինը կամ անձը մատնանշված թերությունները վերացնելուց հետո կարող է ներկայացնել նոր առաջարկություն:

Հոդված 51. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու կարգը

1. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհում է Հանրապետության նախագահը` համապատասխան միջնորդության հիման վրա:

2. Հանրապետության նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհում է հրամանագրի ընդունմամբ։

3. Բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Հանրապետության նախագահը կարող է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմնին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը իր առարկություններով միջնորդությամբ դիմող մարմնին չվերադարձնելու դեպքում Հանրապետության նախագահը 3-օրյա ժամկետում ստորագրում է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:

5. Եթե միջնորդությամբ դիմող մարմինը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը 3-օրյա ժամկետում ստորագրում է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը կամ 3-օրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան:

6. Եթե Սահմանադրական դատարանը համապատասխան մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված միջնորդությունը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա Հանրապետության նախագահը 3-օրյա ժամկետում ստորագրում է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:

7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համապատասխան անձին բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, ինչի մասին համապատասխանաբար վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ Սահմանադրական դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում հայտարարություն է տարածում Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ:

Հոդված 52. Բարձրագույն դասային աստիճաններից զրկելը

1. Բացառությամբ հանցագործության համար որպես պատիժ նշանակելու դեպքի՝ բարձրագույն դասային աստիճանից զրկում է Հանրապետության նախագահը:

2. Բարձրագույն դասային աստիճաններից զրկելու վերաբերյալ միջնորդությանը կցվում են՝

1) բարձրագույն դասային աստիճանից զրկելու հիմնավորումը.

2) բարձրագույն դասային աստիճանից զրկելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:

3. Բարձրագույն դասային աստիճանից զրկումը կատարվում է սույն գլխով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 10

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 53. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց պահից ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի N ՀՕ-172-Ն օրենքը, բացառությամբ վերջինիս 38-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի, 38.1-40, 41.1-44-րդ հոդվածների, ինչպես նաեւ 52-րդ հոդվածի 5-րդ մասի, որոնք շարունակում են գործել մինչեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը:

Հոդված 54. Անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի անցումը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը, եռամսյա ժամկետում, սահմանում է անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի անցման ժամանակացույց եւ կարգ:

Հոդված 55. Հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնի անձնագրերի հաստատումը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատվում են հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնների անձնագրերը եւ կատարվում են համապատասխան նշանակումներ:

Հոդված 56. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքից բխող այլ օրենքներում փոփոխությունները կատարել վեց ամսվա ընթացքում:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, ընդունել սույն օրենքի կիրառումն ապահովող կառավարության որոշումները:

Հոդված 57. Մամուլի քարտուղարների պաշտոնավարումը

1. Այն նախարարություններում, որտեղ համալրված են եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ մամուլի քարտուղարի պաշտոնը, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչեւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թափուր դառնալը: Թափուր դառնալուց հետո մեկ ամսվա ընթացքում այդ պաշտոնը հանվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկից՝ դառնալով հայեցողական պաշտոն:

2. Այն նախարարություններում, որտեղ չկա մամուլի քարտուղարի պաշտոն հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եռամսյա ժամկետում այդ պաշտոնը հանվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկից՝ դառնալով հայեցողական պաշտոն եւ զբաղեցվում է հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի կողմից նույն օրը:

Հոդված 58. Հայտարարագրման ժամկետներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը, հայտարարատու պաշտոնատար անձինք (բացառությամբ պաշտոնավարող հայտարարատու պաշտոնատար անձանց) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիր:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահերի հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք առաջին անգամ շահերի հայտարարագիր են ներկայացնում մինչեւ 2019 թվականի մարտի 30-ը՝ նույն թվականի հունվարի 1-ի դրությամբ:

Հոդված 59. 2019 թվականի փետրվարի մեկից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք» բառերը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության մասին

Ներկայում քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորվում են 2001 թվականին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք): Գործողության 15 տարիների ընթացքում Օրենքում կատարվել են երկու տասնյակից ավելի փոփոխություն. հիմնական նպատակը եղել է համակարգի անցնցում զարգացումը եւ կայացումը: Պետք է արձանագրել, որ այդ հաջողվել է: Սակայն այսօր արդիական է հիմնովին վերանայել քաղաքացիական ծառայության հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը՝ ժամանակին համահունչ քաղաքացիական ծառայություն ունենալու համար: Նախագծի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, համապատասխան մարմիններն ունենալու են մարդկային ռեսուրսները կառավարելու օրենքով սահմնված հստակ լիզորություններ, բացի այդ ապակենտրոնացվելու է քաղաքացիական ծառայության համակարգը:

Նոր օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 57 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Ռազմավարությունից, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-իՆկ-263-Ա կարգադրությունից:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու, հանրային ծառայողների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության համակարգի կատարելագործման հանգամանքով: Բացի այդ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության համապատասխանեցնելու հանգամանքով է պայմնավորված նաեւ Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին նոր օրենքի նախագիծը: Ներկայում պետական մարմինները քաղաքացիական իրավահարաբերություններին եւ կառավարչական իրավահարաբերություններին մանակցում են հիմնարկի միջոցով: Այս հարաբերությունները կարգավորված են 2001 թվականին ընդունված «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի համաձայն՝ Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:

Ստացվում է, որ պետական մարմինը իրավահարաբերություններին մասնակցում է հիմնարկի միջոցով, այսինքն՝ «միջնորդավորված» ձեւով. իրավունքներ եւ պարտականություններ ստանձնում է հիմնարկը, այլ ոչ թե պետական մարմինը, ինչը հակասում է Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա 2-րդ հոդվածի պահանջին, համաձայն որի՝ «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Բացի այդ բազմաթիվ խնդիրներ են առաջանում նաեւ իրավակիրառ պրակտիկայում, մասնավորապես ստացվել է մի իրավիճակ, երբ հիմնականում պետական կառավարման համակարգում հաստատվել է պետական մարմնի կանոնադրությունը եւ Հիմնարկի կառուցվածքը, սակայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հիմնարկը ունի եւ կանոնադրություն եւ կառուցվածք: Խնդիրներ են առաջանում նաեւ հիմնարկի ղեկավարման եւ կառավարման հարցերի հետ կապված: Մասնավորապես՝ պետական մարմնի ղեկավարը եւ տեղակալները, մյուս հայեցողական պաշտոն զբաղեցնող անձիք ընդգրկված չեն հիմնարկի կառուցվածքում: Ավելին ղեկավարման եւ ենթակա հաշվետու լինելու հարցում նույնպես առաջացել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումներն ենթակա եւ հաշվետու են հիմնարկի ղեկավարին՝ աշխատակազմի ղեկավարին: Պետական մարմնի ղեկավարը իրականացնում է հիմնարկի կառավարումը եւ պատասխանատու է պետական մարմնի առջեւ դրված խնդիրների իրականացման համար: Վերջինս այդ խնդիրները լուծում է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով, սակայն այդ ստորաբաժանումները «իրենը» չեն, ավելին՝ կառավարման համակարգում մեծ տեղ եւ դեր են ստանձնել պետական մարմնի ղեկավարի տեղակալները, ովքեր իրավունքներ եւ պարտականություններ ստանձնում են միայն պետական մարմնի կանոնադրությամբ:

Հստակ եւ միանշանակ չեն նաեւ աշխատակազմի ղեկավարի գործառույթները եւ նրա դերն աշխատանքների կազմակերպման հարցերում, մարմնի ղեկավարի եւ տեղակալների, ինչպես նաեւ հայեցողական մյուս պաշտոններ զբաղեցնող անձնաց հետ հարաբերություններում: Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների գնահատման մասով նույնպես առաջանում են բազնաթիվ խնդիրներ, քանի որ ստորաբաժանումներն ենթակա են աշխատակազմի ղեկավարին, սակայն գրեթե հիմնականում աշխատում են մարմնի ղեկավարի եւ տեղակալների հետ եւ արդյունքում նրանց պետք է գնահատի աշխատակազմի ղեկավարը, ինչն էլ բերում է արհեստական լուծումների եւ ազդում վերջնարդյունքի վրա: Բացի այդ պետական մարմինների, մասնավորապես ՀԳՄ-ների աշխատանքների կազմակերպման մասով կանոնակարգումներ են նախատեսվել նաեւ Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով, որի ընդունումը պայմանավորված է Սահմանադրության 85-րդ հոդվածով: Այս հրամանագրով կանոնակարգված է նաեւ պետական մարմինների ստեղծման հարցերը: Իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ հակասություն է առաջանում այս երկու իրավական ակտերի որոշ դրույթների միջեւ:

Հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների արդյունքում օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Սահմանադրությանը համապատասխան պետական մարմինների աշխատանքների կազմակերպման սահմանադրական պահանջը (այս հիմնախնդիրն ամրագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում) առաջարկվում է կանոնակարգել պետական մարմինների կողմից կառավարչական հարաբերությունների մասնակցության առանձնահատկությունները առանձին օրենքով:

Արդյունքում կանոնակարգվում եւ հստակեցվում են վերը նշված խնդիրները, մասնավորապես՝ պետական մարմիններն անմիջականորեն են ստանձնում իրավունքներ եւ կրում պարտականություններ, կանոնակարգվում է պետական մարմինների ստեղծման հարցերը, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության հարցերը, (ինչը համապատասխանում է Քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածին «Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաեւ դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում»: Այսինքն՝ ինչպես հիմնարկն է իր գործունեության նպատակներին, իրավաբանական անձի հանձնարարություններին եւ իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան, տիրապետում, օգտագործում ու տնօրինում այդ գույքը եւ պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը, այնպես էլ այս դեպքում Հայաստանի Հանրապետության անունից գործում է պետական մարմինը եւ որի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:) հստակեցվում են պետական մարմնի ղեկավարի տեղակալների, ենթակա հաշվետու լինելու, պետական մարմնի կառուցվածքի, կառուցվածքային ստորաբաժանումների վերջինիս կողմից իրականացվող գործառույթների, ինչպես նաեւ այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ: Բացի այդ հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրապետության Նախագահի, Կառավարության եւ Ազգային ժողովի լիազորությունների շրջանակը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգում այս մարմինների դերը եւ առանձնահատկությունները տարբերակում է դրվում «աշխատակազմի ղեկավար» եւ «Գլխավոր քարտուղար» պաշտոնների միջեւ: Գլխավոր քարտուղարները լինելու են քաղաքացիական ծառայողներ, սույն օրենքով իրենց վերապահված իրավունքներով եւ պարտականություններով, իսկ Հանրապետության Նախագահի, Կառավարության եւ Ազգային ժողովի աշխատակազմերում այդ պաշտոնը կոչվելու է «աշխատակազմի ղեկավար» եւ լինելու է վարչական պաշտոն, որը բացի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորություններից իրականացնելու է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Իսկ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը պայմանավորվ ած է վերը նշված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հանգամանքով:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ, 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի N 118-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավա-հարաբերությունների կարգավորման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի N 118-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապե-տության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխում-ների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ