Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-2481-31.01.2018,19.03.2018-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի՝ (այսուհետ` Օրենք)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1 եւ 4.2 հոդվածներով.

«Հոդված  4.1  ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացման համակարգումը.

2) աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.

3) աղբահանության ժամանակակից տեխնոլոգիաների, թափոնների հավաքման, տեսակավորման, տեղափոխման, պահպանման, անվտանգ հեռացման մեխանիզմների ներդրումը.

4) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված  4.2  ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման  ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`

1) մասնակցությունը աղբահանության եւ սանիտարական մաքրման  ոլորտում պետական քաղաքականության ձեւավորմանը.

2) աղբահանության եւ սանիտարական մաքրման  ոլորտում տարածքային նշանակության նպատակային ծրագրերի կազմումը.

3)  աղբահանության ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը եւ համակարգումը.

4) աղբահանության եւ սանիտարական մաքրման  ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը.

5) չհսկվող եւ չարտոնագրված աղբավայրերի վերացման  (լիկվիդացման) աշխատանքների համակարգումը.

6) կոշտ կենցաղային թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության մասնակցությունը.

7) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Աղբահանության վճարի դրույքաչափը

1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է.

1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող եւ (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական հիսունից մինչեւ չորս հարյուր ՀՀ դրամ, կամ

2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչեւ քսանհինգ ՀՀ դրամ:

2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական եւ արտադրական շենքերում եւ (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի հետեւյալ դրույքաչափերով.

1) առեւտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի եւ բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչեւ հարյուր ՀՀ դրամ,

2) հյուրանոցների եւ հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաեւ այլ  գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` քսանից մինչեւ հիսուն ՀՀ դրամ,

3) արտադրական, արդյունաբերական եւ գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչեւ տասնհինգ ՀՀ դրամ.

4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական եւ նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համարերեքից մինչեւ տասնհինգ դրամ:

5) Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված  տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով:

3. Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանվում է`

1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝  երեք հազար ՀՀ դրամ, կամ

2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տասը հազար ՀՀ դրամ.

4. Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները եւ աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` սույն հոդվածի 1-ից 3-րդ  մասերով սահմանված դրույքաչափերի սահմաններում:

5. Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ից 3-րդ մասերով սահմանված դրույքաչափեր՝ հաշվի առնելով աղբի գոյացման վայրի (անշարժ գույքի) նպատակային կամ գործառնական նշանակությունը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ  «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են ի կատարումն՝

-  ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի նիստի N 13 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 1-ին եւ 7-րդ կետերի հանձնարարականների,

- ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի թիվ 31 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի 2-րդ եւ 8-րդ կետերի հանձնարարականների,

-  ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի նիստի թիվ 29.7/[404288]-17  արձանագրության 4-րդ կետի հանձնարարականի,

- ՀՀ վարչապետի  2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 02/24.12/21498-17 հանձնարարականի:

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում կոշտ կենցաղային թափոնների կառավարման եւ աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների համակարգված եւ արդյունավետ իրականացման եւ ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ:

Գործող օրենսդրական դաշտը

«Թափոնների մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են արտադրության եւ սպառման ընթացքում գոյացող թափոնների գործածության ընթացքը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության, բնապահպանության եւ առողջապահության բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները: «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանվում են աղբահանության եւ սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, աղբահանության վճարը, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում:  ՀՀ Նախագահի ՆՀ-728 հրամանագրով, ինչպես նաեւ  «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են տարածքային կառավարման մարմինների լիազորություններն ու իրավասությունները այդ բնագավառում:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի /Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառում/ համաձայն` աղբահանության կազմակերպումը համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունն է: Նույն օրենքի 95-րդ հոդվածի 8-րդ համաձայն` պետության պատվիրակած յուրաքանչյուր լիազորության իրականացման նկատմամբ
մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինը այն պետական մարմինն է, որի իրավասության մեջ է մտնում այդ լիազորությունը:

 Սակայն հաշվի առնելով ներկայումս հանրապետությունում առկա  աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների ցածր որակը եւ դրանց ընդգրկվածության ծավալները, բնագավառի համակարգված եւ միասնական քաղաքականության վարման անհրաժեշտություն է  առաջանում:

1.3  Ընթացիկ իրավիճակը

Հանրապետությունում օրական գոյանում է մոտ 1600 տոննա աղբ, որից 1.1 տոննան՝ քաղաքային բնակավայրերում (միայն Երեւանում 650 տոննա): Կազմակերպված աղբահանություն եւ սանիտարական մաքրում իրականացվում է միայն 45 քաղաքներում եւ մի քանի քաղաքամերձ գյուղական բնակավայրերում:

Դրա հետ մեկտեղ, անմխիթար վիճակ է տիրում նաեւ աղբի հեռացման վայրերում` աղբավայրերում եւ աղբանոցներում: Խորհրդային տարիներին պաշտոնապես կառուցվել են 60 կոմունալ աղբավայրեր (շուրջ 250 հեկտար տարածքով) հիմնականում քաղաքային համայնքներում, որոնք ներկայումս չեն համապատասխանում ժամանակակից քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ եւ բնապահպանական նորմերի պահանջներին: Բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել են կամ տարերայնորեն ձեւավորվել են բազմաթիվ աղբավայրեր եւ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ եւ առաջացնում են լուրջ բնապահպանական եւ սանիտարական խնդիրներ: Պրակտիկայում կենցաղային աղբը թափվում է աղբի համար նախատեսված վայրերից դուրս` պատահական վայրերում` բակային տարածքներում, այգիներում, բանջարանոցներում, ավտոճանապարհների եզրերին, ձորերում, գետափերին:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից 2017 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում գույքագրվել եւ անձնագրավորվել ու Google Earth-ի հենքի վրա ստեղծված համակարգում տեղադրվել են թվով 2032 աղբանոց, որոնք զբաղեցնում են մոտ 500 հա հողատարածք:

Ընդ որում, վերջին ամսվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` ՀՀ մարզերում 1530 աղբանոցներն արդեն իսկ վերացվել են:

Աղբահանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ԿԿԹ առաջացնող բոլոր սուբյեկտների ընդգրկվածության, պայմանագրերի կնքման վարձավճարների հավաքագրման գործընթացների նկատմամբ ընդհանուր եւ կենտրոնացված հսկողություն չի իրականացվում: Գործնականում աղբահանության ծառայությունների մատուցման չափորոշիչները նորմավորված չեն, այդ իսկ պատճառով դրանք շատ տարբեր են եւ տեղերում սահմանվում են ըստ տեղական պատկերացման:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով հանրապետությունում աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների ցածր մակարդակը, դրա հետ կապված սոցիալական, բնապահպանական եւ ընդհանուր սանիտարական խնդիրները, անհրաժեշտություն է առաջանում ՀՀ բնակավայրերի աղբահանության եւ սանիտարական մաքրման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման բնագավառում պետական միասնական եւ համակարգված  քաղաքականության գերակայությունների ձեւավորման,  հիմնական սկզբունքների եւ ուղղությունների սահմանման եւ ոլորտում պետական-տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման:

Անարդյունավետ ինստիտուցիոնալ դաշտի, ֆինանսական հոսքերի եւ ներդրումների ոչ  համակարգված  կիրառումը  հանգեցրել են  աղբահանության եւ սանիտարական մաքրման անարդյունավետ համակարգի:

Հաշվի առնելով, որ համաձայն գործող օրենսդրության`

-տեղական ինքնակառավարման մարմիններն են սահմանում աղբահանության իրականացման կարգը, այդ թվում` աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների կամ կոնտեյներների տեղադրման վայրերը, դրանց տեսակները եւ քանակը.

- աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը.

- համայնքի տարածքում համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնում են անմիջականորեն համայնքային հիմնարկները կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորը կամ օպերատորները.

- աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու հաստատած պայմաններով եւ կարգով,

ապա  տարածքային կառավարման հոդվածով սահմանված իրավասությունների համակարգումը եւ դրանց իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է տարածքային կառավարման եւ զարգացման ոլորտի լիազորված պետական մարմինը աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում պետական լիազոր մարմնի իրավասությունների սահմանումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել աղբահանության եւ սանիտարական մաքրման  արդյունավետ, համակարգված եւ միասնական քաղաքականություն: Մասնավորապես. հնարավորություն կընձեռվի՝

- մշակել միասնական աղբահանության կառավարման մոդելներ

-կազմել աղբահանության եւ սանիտարական մաքրման  ոլորտում տարածքային նշանակության նպատակային ծրագրեր

-մշակել եւ համակարգել  աղբահանության ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրեր

-մշակել աղբավայրերի կառուցման, շահագործման եւ չհսկվող ու չարտոնագրված աղբավայրերի վերացման (կոնսերվացման), ինչպես նաեւ թափոնների փոխաբեռնման  կայանների կառուցման ու շահագործման պահանջներ, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ իր իրավասությունների շրջանակներում թափոնների գործածության ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծեր.

- համակարգել չհսկվող եւ չարտոնագրված աղբավայրերի վերացման

- բարելավել աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների պայմանագրային դաշտը, սահմանել եւ վերահսկել բնագավառում ներգրավված անձնաց  գործունեության պայմանները եւ ոչ պատշաճ գործունեություն իրականացնելու դեպքում կիրառել հարկադրանքի միջոցներ:

Առաջարկվում է նաեւ նախագծերով՝

- հստակ սահմանել կոշտ կենցաղային թափոններ հասկացությունը,  քանի որ անհրաժեշտություն է առաջացել տարանջատել «կոշտ կենցաղային թափոնները» արտադրական, արտադրության, շինարարական եւ այլ թափոններից, աղբահանության ծառայությունները հստակեցնելու եւ համակարգելու նպատակով: Ընդ որում նման  սահմանում գործում է շատ երկրների համապատասխան օրենքներում, այդ թվում ՌԴ-ի «Արտադրական եւ սպառման թափոնների մասին» օրենքում, որը լրացվել է «կոշտ կենցաղային թափոնի» նմանատիպ  սահմանմամբ 2014 թվականի դեկտեմբերին:

- տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների մեջ ներառել համայնքում սպառման թափոնների տեսակավորված հավաքման համակարգի ներդրմանն ուղղված աջակցությունը:

 ՀՀ բնակավայրերում աղբահանության վճարների վերլուծությունների արդյունքներով առաջարկվում է  սահմանել նաեւ աղբահանության դրույքաչափի նվազագույն շեմը, ինչպե նաեւ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական եւ արտադրական շենքերում եւ (կամ) շինություններում աղբահանության դրույքաչափեր սահմանել ըստ շինության ընդհանուր մակերեսի եւ տարբերակելով դրույքաչափերն ըստ շինության նպատակային նշանակության՝

- առեւտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի եւ բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով,

- հյուրանոցների եւ հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով,

- արտադրական, արդյունաբերական եւ գրասենյակային նշանակության շինությունների մասով,

- կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական եւ նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի կողմից:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հանրապետության աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների որակը, ձեւավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ, ապահովել հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումը կազմակերպված աղբահանության եւ սանիտարական մաքրման համակարգում, ինչպես նաեւ կատարելագործել ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտը ու ներդնել բնագավառում պետական կառավարման  միասնական համակարգ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ  «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու» եւ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ  «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ եւ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու» եւ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում  չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ