Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-308-26.04.2018,18.05.2018-ՊԻՄԻ-017/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Պաշտպանն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի` 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում եւ պաշտպանություն:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «օրենքին համապատասխան» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Այլ անձի իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել այդ անձի ներկայացուցիչը, նրա իրավահաջորդը, ժառանգը, խնամակալության եւ հոգաբարձության մարմինները` երեխաների, անգործունակ եւ սահմանափակ գործունակ անձանց, ինչպես նաեւ ազատությունից զրկված անձանց եւ զինծառայողների մերձավոր ազգականները` նրանց իրավունքների պաշտպանության նպատակով:»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Առցանց դիմելու կարգը հաստատում է Պաշտպանը:»:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաեւ այն դեպքում, երբ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում բարձրացված հարցը ստացել է լուծում, անձը դրանում բարձրացված նույն հարցով դիմել է դատարան, բողոք ներկայացրած անձն այն անհետեւանք թողնելու կամ բողոքի քննարկումը դադարեցնելու խնդրանքով դիմել է Պաշտպանին, առկա է նույն հարցի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ, կամ այն անձը, ում իրավունքների ենթադրյալ խախտմանն առնչվել է բողոքը, մահացել է կամ օրինական ուժի մեջ է մտել նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը:».

2) 4-րդ մասից հանել «, կամ բողոք ներկայացրած անձն այն անհետեւանք թողնելու կամ չքննարկելու խնդրանքով դիմել է Պաշտպանին» բառերը.

3) 5-րդ մասում «այդ բողոքի քննարկման` օրենքով նախատեսված կարգը» բառերը փոխարինել «Պաշտպանի լիազորությունները եւ Պաշտպանին դիմելու` օրենքով նախատեսված կարգը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «շահագրգիռ անձին» բառերը փոխարինել «բողոք ներկայացրած անձին» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Որոշման օրինակն ուղարկվում է բողոք ներկայացրած անձին` այդ որոշման առանձին հավելվածով ներկայացնելով իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող այն բոլոր հնարավորությունները, որոնցից անձը չի օգտվել կամ կարող է օգտվել:»:

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «ներկայացնողի» բառից հետո լրացնել «գրավոր» բառը:

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետի «այցելությունների» բառը փոխարինել «այցերի» բառով.

2) 6-րդ մասի «Պաշտպանի սահմանած» բառերը փոխարինել «պայմանագրով սահմանված» բառերով.

3) 7-րդ մասը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողի,» բառերը:

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետի «այցելությունների» բառը փոխարինել «այցերի» բառով, իսկ 3-րդ կետից հանել «հատուկ» բառը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Պաշտպանի աշխատակազմի պետական ծառայողների կողմից սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ կարող են իրականացվել միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա` այդ որոշմամբ նախատեսված կարգով եւ ծավալով:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.1-ին հոդվածով.

«Հոդված 30.1. Պաշտպանի լիազորությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում

1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Պաշտպանն իրավասու է`

1) իրականացնելու օրենսդրության` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի` 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների համապատասխանության մշտադիտարկում.

2) իրականացնելու պարբերական, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության անարգել այցեր այն հաստատություններ, որտեղ գտնվում են հաշմանդամություն ունեցող անձինք: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցերի ժամանակի եւ նպատակի մասին.

3) հանդես գալու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հրապարակային զեկույցներով.

4) իրավասու մարմիններ ներկայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող իրավական ակտերի կամ դրանց նախագծերի կամ պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.

5) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Պաշտպանի աշխատակազմի պետական ծառայողների կողմից սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ կարող են իրականացվել միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա` այդ որոշմամբ նախատեսված կարգով եւ ծավալով:»:

Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, 39-րդ հոդվածի 2-րդ մասում «քարտուղարության ղեկավար» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «գլխավոր քարտուղար» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Պաշտպանի աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատում եւ փոփոխում է Պաշտպանը:»:

Հոդված 14. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերը փոխարինել «Սահմանադրությամբ» բառով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «Ազգային ժողով» բառերով եւ դրանց հոլովաձեւերով, «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «Սահմանադրական դատարան» բառերով եւ դրանց հոլովաձեւերով, «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով, «Հայաստանի Հանրապետության նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության նախագահը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերով:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: