Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-349-11.07.2018-ԱՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի մարտի 15-ին ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի  պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրության վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրության եւ գործող օրենքների միջեւ հակասություններ չկան:

ՏԵՂԵԿԱՆՔ

««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի  պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրության վավերացման նպատակահարմարության մասին

««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի  պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2018թ մարտի 15-ին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նախագահների կողմից:

2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում (այսուհետ՝ Պայմանագիր):

Պայմանագրի 10-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները: Հաշվի առնելով 2015թ. Սահմանադրությամբ ՀՀ անցումը խորհրդարանական համակարգի եւ դրանով իսկ ՀՀ Նախագահի լիազորությունների սահմանափակումը եւ ՀՀ վարչապետի լրազորությունների ընդլայնումը՝ առաջարկվել է Պայմանագրի 10-րդ կետում կատարել փոփոխություն, որը կնախատեսի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում կառավարության ղեկավարի մակարդակով ներկայացված լինելու հնարավորություն, եթե համապատասխան պետության օրենսդրությամբ նա օժտված է բարձրագույն խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով որոշումներ ընդունելու լիազորություններով:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Միաժամանակ, ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի դրույթների հիմքով:

Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ:

Արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն՝ այն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացված տեղեկատվության՝ Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտել է Ռուսաստանի Դաշնությունը:

Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում Արձանագրության վավերացումը ՀՀ Ազգային ժողովի կողմից:

ՈՒՂՂՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» N 554-Ա որոշման 1-ին կետում «18-ին» բառերը կարդալ որպես «15-ին»:
 
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

11 մայիսի  2018  թվականի  N  554  - Ա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ  ՏՆՏԵՍԱԿԱՆ  ՄԻՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ
 ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ  ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1.  Հավանություն տալ 2018 թվականի մարտի 18-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

3. Սահմանադրական դատարանի կողմից արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու մասին որոշման դեպքում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:

4. Սահմանադրական դատարանում եւ Ազգային ժողովում Կառավարության ներկայացուցիչ նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. մայիսի 15
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են  «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 11-ի N 554 - Ա որոշումը, սույն որոշման ուղղումը, արձանագրության վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքը, արձանագրության վավերացման կապակցությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, արձանագրության եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (2018թ. հունիսի 26,  ՍԴՈ-1422):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հարգանքով`

Նիկոլ Փաշինյան