Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում 2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն է:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքով կարգավորվում են 2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Շահառուները, հատուցման վճարման հիմքերը
1. Սույն օրենքի համաձայն՝ շահառուներ են համարվում այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով: Սույն հոդվածի իմաստով՝
1) անձի կյանքին պատճառված վնաս է համարվում անձի մահանալը.
2) անձի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացված վնասվածքի կամ խեղման հետեւանքով անձի աշխատունակության կորուստը:
2. Անձի զոհված լինելու դեպքում շահառու են համարվում անձի՝
1) Ամուսինը.
2) Զավակը (զավակները).
3) Ծնողը (ծնողները):
3. Սույն օրենքի համաձայն՝ հատուցման ենթակա դեպք է համարվում 2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելը: Պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե՝
1) անձը մահացել է մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կամ այդ իրադարձությունների ավարտից հետո՝ իրադարձությունների ժամանակ ստացված վնասվածքի կամ խեղման պատճառով:
2) անձը մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով ստացել է հաշմանդամություն:
Հոդված 3. Հատուցման վճարման կարգը, պայմանները
1. Սույն օրենքով նախատեսված հատուցման գումարների չափերը, վճարման կարգն ու պայմանները սահմանվում է իրավասու պետական մարմնի որոշմամբ:
ԳԼՈՒԽ 2
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 4. Այլ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ իրավասու պետական մարմինը անմիջապես սահմանում է սույն օրենքով նախատեսված հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները:
Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1, 2-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Սույն նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը եւ հաստատել հանրային համերաշխություն:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Գրությանը կից ներկայացվում է՝
ա) նախագիծը,
բ) նախագծի ընդունման հիմնավորումը:
Խնդրում եմ նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ՝Լենա Նազարյան (հիմնական զեկուցող)
Ալեն Սիմոնյան