Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-341-15.06.2018,07.09.2018-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 26-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Գործունեության ծրագրի երկրորդ մասում ընդգրկված ծրագրային կետի.

1) կատարման արդյունքում կազմված՝

ա. կատարողականի հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը ներառում է հաշվետվություն հաշվեքննության առարկայի տնտեսման եւ/կամ նպատակային արդյունավետության եւ/կամ ծախսային արդյունավետության վերաբերյալ.

բ. ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները ներառում են սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի տեղեկատվությունը եւ 2-րդ կետի ա. կամ բ. կամ գ. կամ դ. ենթակետով նախատեսված կարծիքը:

2) կատարման արդյունքում կազմված ընթացիկ եզրակացությունը, ըստ անհրաժեշտության, ներառում է՝

ա. գրառում` անհամապատասխանություն կամ խեղաթյուրում չհայտնաբերելու մասին.

բ. գրառում` անհամապատասխանության կամ խեղաթյուրման վերաբերյալ.

գ. առաջարկություններ հաշվեքննության օբյեկտի ղեկավարությանը եւ այլ շահագրգիռ կողմերին.

դ. հաշվեքննության արձանագրությունների վերաբերյալ հաշվեքննության օբյեկտների ղեկավարների ներկայացրած առարկությունները եւ բացատրությունները.

ե. եզրակացություններ.

զ. այլ տեղեկատվություն:»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «տարեկան հաղորդումը Ազգային ժողով ուղարկվելուց առնվազն մեկ ամիս առաջ» բառերը փոխարինել «մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Համաձայն գործող «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ընթացիկ եզրակացության բովանդակությունը բաղկացած է ըստ անհրաժեշտության ներկայացվող բաղադրիչներից:

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում իրականացված փոփոխությունը, ընթացիկ եզրակացության բովանդակությունում պահպանելով ըստ անհրաժեշտության ներկայացվող բաղադրիչների վերաբերյալ պահանջը, պարտադիր պահանջներ է սահմանում հաշվեքննության յուրաքանչյուր տեսակի համար:

Մասնավորապես, կատարողականի հաշվեքննության համար սահմանվում է, որ՝

- կատարողականի հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը ներառում է հաշվետվություն հաշվեքննության առարկայի տնտեսման եւ/կամ նպատակային արդյունավետության եւ/կամ ծախսային արդյունավետության վերաբերյալ:
Իսկ ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննության համար սահմանվում է, որ՝

- ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները ներառում են օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի տեղեկատվությունը եւ 2-րդ կետի (ա) կամ (բ) կամ (գ) կամ (դ) կարծիքը:

Գործող օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված են ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների վերաբերյալ ներկայացվող եզրակացության բովանդակությունը:

Գործող օրենքի 26-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության արդյունքում ընթացիկ եզրակացությունները՝ կախված իրականացված հաշվեքննության տեսակից, կունենան որոշակի ձեւաչափ:

Գործող օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանվում է, որ մինչեւ հունիսի 1-ն Ազգային ժողով ներկայացվող տարեկան հաշվետվության մեջ պետք է ներառվեն միայն այն ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունները, որոնք Ազգային ժողով են ներկայացվել տարեկան հաղորդումը Ազգային ժողով ներկայացվելուց առնվազն մեկ ամիս առաջ:

Քանի որ եռամսյա ժամկետը բավարար է ավարտված հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը Ազգային ժողով ներկայացվելու համար, ապա 28-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ Ազգային ժողով ներկայացվող տարեկան հաղորդման մեջ ներառվեն մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ն Ազգային ժողով ներկայացված ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Այս պարագայում Ազգային ժողով ներկայացվող հաղորդման մեջ կներառվեն նույնիսկ դեկտեմբերի վերջին ավարտված հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունները:

Գործող օրենքի 28-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության արդյունքում Ազգային ժողովը շուրջ մեկ ամիս ավելի ժամանակ կունենա հաշվեքննությունների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու համար:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ