Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2026

Հոդված 1. 1985  թվականի  դեկտեմբերի  6-ի  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.32-րդ հոդվածով.

«Հոդված 189.32.  Ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից օտարերկրացու հետ կնքված կրթության (ուսումնառության) մասին պայմանագիրը լուծելու կամ կրթությունը (ուսումնառությունը)  ընդհատվելու մասին սահմանված կարգով չհայտնելը

1. Ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից օտարերկրացու հետ կնքված կրթության (ուսումնառության) մասին պայմանագիրը լուծելու կամ կրթությունը (ուսումնառությունը)  ընդհատվելու մասին սահմանված կարգով լուծելու կամ ընդհատելու օրվանից տասնօրյա ժամկետում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին չհայտնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման բողոքարկման սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված  2.  Օրենսգրքի 224.2-րդ հոդվածի 1-ին մասը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «189.32-րդ,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի  նոյեմբերի 1-ից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.02.2026
Երեւան
ՀՕ-14-Ն