Armenian      
Գնումների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.05.2026

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-րդ եւ 26-րդ կետերով.

«25) շահերի բախում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացում.

26) փոխկապակցված մասնակից՝ մասնակից, որը հանդիսանում է՝

ա. սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կամ Կառավարության կողմից նույն մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի (այսուհետ սույն հոդվածում՝ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար կամ նրա ժամանակավոր պաշտոնակատար) ամուսինը, հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կամ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված համատեղ բնակվող անձը,

բ. այն կազմակերպությունը, որում մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը կամ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարը կամ սույն կետի «ա» ենթակետում նշված անձը կամ վերջիններս միասին՝ հանրագումարային եղանակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առք ու վաճառքի, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության, լիազորագրի կամ այլ գործարքների միջոցով) դրա կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) եւ (կամ) տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին եւ 12.2-րդ կետերով.

«12.1) գնման գործընթացների վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը՝ գնումների գործընթացների վրա վերջիններիս փաստացի կամ հնարավոր ազդեցությունից ելնելով.

12.2) գնման գործընթացների վրա սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմնի ղեկավարներին կամ գործադիր մարմնի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներին սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված երկրորդ եւ երրորդ մակարդակներում ներառելու եւ (կամ) մակարդակները բարձրացնելու դեպքերը.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետում «գումարը,» բառը փոխարինել «գումարը: Սույն ենթակետի պահանջները չեն կիրառվում, եթե պայմանագիրը միակողմանիորեն լուծվել է սույն օրենքի
36-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով:» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Արգելվում է՝

1) ազդեցության առաջին մակարդակում ներառված հանրային պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված մասնակիցներին մասնակցել գնման գործընթացներին: Ազդեցության առաջին մակարդակում պարտադիր ներառվում են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, լիազորված մարմնի ղեկավարը եւ լիազորված մարմնի գործառույթները համակարգող նախարարի տեղակալը.

2) ազդեցության երկրորդ մակարդակում ներառված հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի հետ փոխկապակցված մասնակիցներին մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության երկրորդ մակարդակում պարտադիր ներառվում են վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների եւ համայնքի ղեկավար չհանդիսացող ավագանու անդամների), գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները.

3) ազդեցության երրորդ մակարդակում ներառված հանրային պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված մասնակիցներին մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության երրորդ մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը.

4) սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված փոխկապակցված անձանց եւ (կամ) միեւնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ղեկավարվող կամ ավելի քան հիսուն տոկոս միեւնույն անձին (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միեւնույն գործընթացին, բացառությամբ՝

ա. պետության կամ համայնքների հիմնադրած կազմակերպությունների,

բ. սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մասնակցության դեպքերի:»:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ. իր հաստատած հայտարարությունը՝ գնման տվյալ գործընթացի շրջանակում սույն օրենքով նախատեսված փոխկապակցված մասնակցի (մասնակիցների) բացակայության մասին:»:

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Պայմանագրով (նախագծով) սահմանվում է, որ այն դեպքում, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրվում է, որ գնման գործընթացում՝ մինչեւ պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված մասնակցության արգելքը, ապա եզրակացության հիման վրա պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը: Ընդ որում՝

1) եթե պայմանագիրը միակողմանիորեն լուծելու որոշումը կայացնելու օրվա դրությամբ առկա են պատշաճ կատարված, սակայն պատվիրատուի կողմից պայմանագրի՝ դեռեւս չընդունված արդյունքներ, ապա պատվիրատուն ապահովում է դրանց ընդունումը եւ վճարումների կատարումը.

2) պատվիրատուն պայմանագրի միակողմանի լուծման հետեւանքով չի կրում պայմանագրի կողմի համար առաջացող իրական վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ պայմանագրի կողմը պատվիրատուին վերադարձնում է գործարքով իրեն վճարված գումարի 20 տոկոսը: Այդ գումարը հաշվանցվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձեւով ներկայացված` պայմանագրի եւ (կամ) որակավորման ապահովման գումարներից: Եթե գումարը՝

ա. պակաս է ապահովման (ապահովումների) չափից, ապա ապահովման գումարի մնացորդը վերադարձվում է պայմանագրի կողմին,

բ. ավելի է ապահովման չափից, ապա պայմանագրի կողմն ապահովում է պակասող գումարի վճարումը պատվիրատուին:»:

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն սկսված եւ չավարտված գնման գործընթացների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.05.2026
Երեւան
ՀՕ-218-Ն