ՕՐԵՆՔԸ
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերությունները եւ սահմանում է բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման կարգը, կառավարման ձեւերը, շենքի կառավարման մարմինների իրավասությունները, դրանց կազմավորման, գործունեության, գործունեության դադարման կարգը, ինչպես նաեւ դրանց փոխհարաբերությունները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝
բնակարան ` շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված եւ իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված եւ համարակալված տարածք.
ոչ բնակելի տարածք ` շենքում բնակարան չհանդիսացող իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված եւ համարակալված տարածք.
բազմաբնակարան շենք ՝ շենք, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում են բնակարաններ եւ (կամ) ոչ բնակելի տարածքներ (այսուհետ` շինություն), եւ որոնց սեփականատերերն ունեն նաեւ բաժին՝ շենքի ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում.
բազմաբնակարան բնակելի շենքի շինության սեփականատեր ` բազմաբնակարան շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ (այսուհետ` շինության սեփականատեր).
բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն ` բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման եւ պահպանման համար նախատեսված տարածքներ, շինություններ, գույք եւ այլ գույքային իրավունքներ, որոնք սեփականության իրավունքով պատկանում են շինության բոլոր սեփականատերերին.
բազմաբնակարան շենքի բաժնային սեփականության մեջ սեփականատիրոջ բաժին ՝ սեփականատիրոջըսեփականության իրավունքով պատկանող բոլոր շինությունների տարածքների մակերեսի հարաբերությունն է շենքի բոլոր շինությունների տարածքների ընդհանուր մակերեսների գումարին՝ արտահայտված տոկոսով.
բազմաբնակարան շենքի շինության եւ ընդհանուր սեփականության սահման ՝ շինության միջհարկային ծածկերի (առաստաղների, հատակների) եւ կրող կառուցվածքների ներքին մակերեսները՝ հարդարման նյութերի հաստության ներառմամբ.
բազմաբնակարան շենքի շինության սեփականատիրոջ սեփականություն ` շինության ամբողջ ներքին տարածքը, դռները, պատուհանները, կրող կառույց չհանդիսացող ներքին կոնստրուկցիաները, միայն տվյալ շինության սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային եւ այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական եւ այլ սարքավորումները, ինչպես նաեւ շինության այլ պատերի, հատակի ու առաստաղի ներքին մակերեսները` հարդարման նյութերի հաստության ներառմամբ.
բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարում ` բաժնային սեփականության սեփականատերերի կողմից օրենքով եւ իրավական այլ ակտերով, ինչպես նաեւ պայմանագրերով նախատեսված իրենց իրավունքների, պարտականությունների եւ պարտավորությունների իրագործումը:
Հոդված 3. Բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենսդրությունը
1. Բազմաբնակարան շենքի կառավարման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը
Օրենքի գործողությունը տարածվում է բազմաբնակարան շենքերի շինությունների սեփականատերերի վրա:
Հոդված 5. Բազմաբնակարան բնակելի շենքում սեփականության իրավունքները
1. Բազմաբնակարան շենքի շինության սեփականատեր կարող է լինել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները (այսուհետ՝ անձ):
2. Շինությունը սեփականության իրավունքով կարող է պատկանել մեկ, ինչպես նաեւ մեկից ավելի անձանց` ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով:
3. Շինությունների սեփականատերերը տիրապետում, տնօրինում եւ օգտագործում են դրանք քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:
4. Շինության սեփականատիրոջ կողմից շինությունը վաճառելու դեպքում բազմաբնակարան շենքի մյուս շինությունների սեփականատերերը դրա գնման նախապատվության իրավունքը չունեն:
Հոդված 6. Բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը
Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաեւ մեկից ավելի շինություններ սպասարկող եւ բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային եւ այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական եւ այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով կարող է պատկանել նաեւ տվյալ կամ այլ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք, ինչպես նաեւ հողամաս, շարժական, անշարժ կամ ցանկացած այլ գույք:
Հոդված 7. Ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ սեփականատերերի իրավունքները
1. Շինության սեփականատերերն ընդհանուր բաժնային սեփականությունը տիրապետում, օգտագործում եւ տնօրինում են սույն օրենքով սահմանված կարգով:
2. Շինության սեփականատերերի կողմից սույն օրենքով սահմանված կարգով ընդունված որոշմամբ ընդհանուր սեփականությունից կարող է առանձնացվել բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ դրա մաս, որը սույն օրենքով նախատեսված հարաբերակցությամբ հանդիսանալու է շինության սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն:
Սույն օրենքով սահմանված կարգով շինության սեփականատերերի կողմից ընդունված որոշմամբ կարող է օտարվել շենքի ընդհանուր բաժնային սեփականության առանձնացված մասը:
3. Շինության սեփականատերն իրավունք չունի առանձին օտարել ընդհանուր սեփականության իր բաժինը, ինչպես նաեւ կատարել շինության նկատմամբ սեփականության իրավունքից առանձին այդ բաժինն ուրիշին օտարման հանգեցնող այլ գործողություններ:
4. Շինության սեփականատերն իրավունք չունի պահանջել, որ իր տիրապետմանը եւ օգտագործմանը տրամադրվի ընդհանուր գույքի մեջ իր բաժնին համաչափ մաս կամ բաժանել ընդհանուր բաժնային սեփականությունը:
5. Ընդհանուր բաժնային սեփականությունը կարող է օտարվել, տիրապետման կամ օգտագործման հանձնվել կամ դրա նկատմամբ սերվիտուտ սահմանվել, եթե այն օգտագործվելու է իր նպատակային նշանակությանը համապատասխան եւ չի խոչընդոտելու կամ վնաս պատճառելու շինության սեփականատերերին՝ իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու ժամանակ:
6. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականությունը տնօրինելուց, տիրապետելուց եւ օգտագործելուց ստացված միջոցները ներառվում են ընդհանուր գույքի կազմում՝ բաժնային սեփականության սեփականատերերի բաժիններին համամասնորեն, որոնք ուղղվում են պարտադիր նորմերի կատարմանը եւ շենքի կառավարմանը:
7. Ընդհանուր բաժնային սեփականության բաժանելի բարելավումներն անցնում են այն սեփականատիրոջ սեփականությանը, որը դրանք կատարել է, եթե այլ բան նախատեսված չէ բաժնային սեփականության սեփականատերերի ժողովի որոշմամբ:
8. Շինության սեփականատերն իրավունք ունի սահմանված նորմերի պահպանմամբ, առանց մյուս սեփականատերերի համաձայնության, օգտագործել իր շինության ներքին պատերը:
9. Շինության սեփականատերն իրավունք ունի նախօրոք, սույն օրենքով նախատեսված կարգով, իրազեկելով շենքի կառավարման մարմնին կամ շինության սեփականատերերին, իր ուժերով վերացնել ընդհանուր բաժնային սեփականության այն թերությունները, որոնք անմիջական վտանգ են սպառնում ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ անձանց գույքին, մարդկանց կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին: Նշված թերությունների վերացման ծախսերը պետք է հատուցվեն շինությունների սեփականատերերի կողմից այն չափով, որքան դրանք կլինեն հիմնավորված, համաչափ եւ չեն գերազանցի պատճառվելիք վնասի չափը թերությունները չվերացնելու դեպքում:
Հոդված 8. Բազմաբնակարան շենքում անշարժ գույքի կամ դրա սահմանների փոփոխությունները
1. Շինության սեփականատերը հարակից շինության կամ հարակից շինության մասի սեփականության իրավունքով ձեռքբերման ժամանակ կամ միայն հարակից շինության սեփականատիրոջ համաձայնությամբ կարող է վերացնել կամ տեղափոխել ցանկացած բաժանիչ միջնապատ կամ դրանց կամ պատերի մեջ բացվածքներ անել (ներառյալ այն դեպքերը, երբ այդ միջնապատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն):
2. Շինության սեփականատերն իրավունք ունի առանց մյուս սեփականատերերի համաձայնության, ոչ առեւտրային նպատակներով, իր շինության պատերից բացել կամ փակել պատուհաններ, դռներ, մուտքեր, ծխնելույզներ, պատերի այլ բացվածքներ, աստիճանավանդակներ, աստիճաններ, իր շինության ներքին կամ արտաքին պատերի վրա կամ դրանց կից իրականացնել այլ քաղաքաշինական գործունեություն (ներառյալ այն դեպքերը, երբ այդ պատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն):
3. Շինության սեփականատերն իրավունք ունի առանց մյուս սեփականատերերի համաձայնության դեպի իր շինությունն անցկացնել մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական եւ այլ կոմունիկացիաներ (ներառյալ այն դեպքերը, երբ այն ամբողջությամբ կամ մասնակիորեն անցկացվելու է ընդհանուր բաժնային սեփականության միջով կամ վրայով, կամ դրա օգտագործմամբ), եթե նման գործողությունները չեն թուլացնում շենքի կրողունակությունը, չեն խոչընդոտում ինժեներային կոմունիկացիաների, շենքի մեխանիկական եւ այլ սարքավորումների բնականոն գործունեությանը եւ դրանց հետեւանքով չեն խախտվում շինությունների սեփականատերերի` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու, ինչպես նաեւ ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու իրավունքները:
4. Հարակից շինությունների միջեւ սահմանները կարող են տեղաշարժվել կամ գոյություն ունեցող շինությունները կարող են բաժանվել երկու եւ ավելի շինությունների՝ առանց մյուս շինությունների սեփականատերերի համաձայնության, եթե նման տեղաշարժերը կամ բաժանումը առաջ չեն բերում շինությունների սեփականատերերի բաժնի փոփոխություն:
5. Սույն հոդվածի 1-4-րդ կետերում նշված գործողությունները շինության սեփականատերն իրավունք ունի իրականացնել միայն օրենսդրությամբ սահմանված նորմերի ու կանոնների պահպանմամբ՝ նախօրոք տեղեկացնելով շենքի կառավարման մարմնին:
6. Եթե սույն հոդվածով նշված գործողություններն իրականացնելու հետեւանքով խախտվելու են շինությունների սեփականատերերի` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու, ինչպես նաեւ ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու իրավունքները, ապա համապատասխան գործողություններ իրականացնել ցանկացող շինության սեփականատերը կարող է այդ գործողություններն իրականացնել վերջիններիս համաձայնությամբ՝ հատուցելով շինությունների սեփականատերերին պատճառվող վնասները:
Սույն կետով նշված դեպքերում շինության սեփականատերերի կողմից համապատասխան գործունեության իրականացման կամ հատուցվող վնասների չափի հետ անհամաձայնություններ լինելու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:
Հոդված 9. Ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ սեփականատերերի պարտականությունները
1. Ընդհանուր բաժնային սեփականության սեփականատերերի պարտականությունը այդ սեփականությունն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով պահպանելն ու շահագործելն է:
2. Ընդհանուր բաժնային սեփականության յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է իր բաժնին համաչափորեն մասնակցել պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերին, հարկերին, տուրքերին եւ մյուս վճարներին, ինչպես նաեւ գույքի պահպանման եւ շահագործման այլ ծախսերին:
3. Սեփականատերերից մեկի կամ կառավարման մարմնի կամ համայնքի կամ այլ անձի կողմից առանց սույն օրենքով նախատեսված կարգով սեփականատերերի համաձայնության կատարած անհարկի ծախսերը սեփականատերերի կողմից չեն հատուցվում:
4. Սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող շինության չօգտագործումը կամ ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելուց հրաժարվելը հիմք չի հանդիսանում պարտադիր նորմերի իրականացման համար սահմանված ծախսերին նրա մասնակցելուց լրիվ կամ մասնակիորեն ազատվելու համար:
Հոդված 10. Ընդհանուր բաժնային սեփականության պահպանումը
1. Շինության սեփականատերերը պարտավոր են իրականացնել ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները եւ պարտադիր միջոցառումներն ու աշխատանքները (այսուհետ` պարտադիր նորմեր), որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:
2. Պարտադիր նորմերի մեջ ներառվում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման եւ այլ միջոցառումներ:
Պարտադիր նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Շինության բոլոր սեփականատերերը պարտավոր են, շինության սեփականատերերի ժողովի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հաստատված նորմերից ելնելով, կատարել համապատասխան վճարումներ կամ իրենց ուժերով ու միջոցներով իրականացնել պարտադիր նորմերի պահանջները:
4. Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման համար վճարի չափը շինության սեփականատիրոջ համար սահմանվում է՝ ելնելով շենքի բաժնային սեփականության մեջ նրա բաժնի չափից:
Վճարման ենթակա գումարի չափի, ժամկետների եւ կարգի մասին շենքի կառավարման մարմինը նախօրոք ծանուցում է շինության սեփականատերերին՝ սույն օրենքով սահմանված կարգով:
5. Շինությունների սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի իրականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարի վճարումը երկու անգամ ուշացնելու դեպքում շենքի կառավարման մարմինն իրավունք ունի դրա բռնագանձման համար դիմել դատարան՝ մինչ այդ գրավոր նախազգուշացնելով պարտատիրոջը, բացի այդ շենքի կառավարման մարմինն իրավունք ունի պարտադիր նորմերն իրականացնել այլ միջոցներից` չվճարողներից պահանջելով հատուցել դրա հետեւանքով իրեն եւ շինության այլ սեփականատերերին պատճառված վնասները:
6. Եթե շինությունների սեփականատերերի կամ շինության կառավարման մարմնի կողմից պարտադիր նորմերը չկատարելու հետեւանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա համապատասխան համայնքի ղեկավարն ստուգման կամ ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է համայնքի միջոցներով վերացնել այդ վտանգը` նախօրոք այդ մասին ծանուցելով շինության սեփականատերերին եւ շենքի կառավարման մարմնին:
Ուղղակի վտանգի փաստը պետք է հաստատի տվյալ բնագավառում պետական լիազորված մարմինը:
Սույն կետով նշված աշխատանքների կատարման ծախսերը պետք է հատուցվեն շենքի շինությունների սեփականատերերի կողմից այն չափով, որքանով դրանք կլինեն հիմնավորված, համաչափ եւ չեն գերազանցի թերությունները չվերացնելու դեպքում պատճառվելիք վնասի չափը: Սույն կետով նախատեսված հատուցման չափի հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
7. Շենքում պարտադիր նորմերի պահպանման ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է տվյալ համայնքի ղեկավարը:
Հոդված 11. Ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը
1. Ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է (այսուհետ` ժողով), որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը:
2. Ժողովը հրավիրվում է ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ: Ժողով հրավիրելու իրավունք ունեն շինության յուրաքանչյուր սեփականատեր եւ շենքի կառավարման մարմինը: Շենքի կառավարման մարմին ընտրելու համար ժողով հրավիրելու իրավունք ունեն շինության յուրաքանչյուր սեփականատեր կամ համապատասխան համայնքի ղեկավարը:
3. Շինության յուրաքանչյուր սեփականատեր ժողովում օժտված է իր բաժնին հավասար ձայների քանակով:
4. Եթե շինությունն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի անձանց, ապա ժողովում նրանց անունից պետք է հանդես գա համասեփականատերերից մեկը` մյուսների համաձայնությամբ:
Եթե շինությունն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի անձանց, ապա ժողովում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի հանդես գալ իր բաժնին համամասնորեն, կամ նրանց անունից կարող է հանդես գալ համասեփականատերերի կողմից լիազորված անձը:
5. Ժողովի կողմից սույն օրենքով նախատեսված՝ իր լիազորությունների սահմաններում եւ համապատասխան ձայների առկայությամբ ընդունված որոշումը պարտադիր է բազմաբնակարան շենքի շինությունների բոլոր սեփականատերերի համար, այդ թվում եւ նրանց, ովքեր անկախ պատճառներից չեն մասնակցել քվեարկությանը կամ դեմ են քվեարկել որոշմանը:
6. Ժողովի որոշումները կարող են ընդունվել ժողովի գումարման, հարցման (հեռակա կարգով քվեարկության), ինչպես նաեւ իրազեկման միջոցով:
Իրազեկման կարգով որոշումներն ընդունվում են միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում:
7. Ժողովի լիազորություններն են`
ա) բազմաբնակարան շենքի կառավարման ձեւի, կառավարման մարմնի ընտրությունը.
բ) բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի լիազորությունների դադարեցումը.
գ) սույն օրենքով նախատեսված պարտադիր նորմերի իրականացումից բացի, կառավարման մարմնին տրվող այլ լիազորությունների ցանկի հաստատումը.
դ) ընդհանուր բաժնային սեփականության շարժական գույքի օտարման կամ գրավ դնելու մասին որոշումների ընդունումը.
ե) ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացման, դրա օտարման, գրավադրման մասին որոշումների ընդունումը.
զ) ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող շարժական գույքի օտարման, օգտագործման, գրավադրման մասին որոշումների ընդունումը.
է) խոշոր գործարքների կնքման համաձայնեցումը.
ը) ընդհանուր բաժնային սեփականության անշարժ գույքի առանձնացված մասի անհատույց օգտագործման հանձնելու մասին որոշման ընդունումը.
թ) ընդհանուր բաժնային սեփականության անշարժ գույքի առանձնացված մասի հատուցմամբ օգտագործման տրամադրելու մասին որոշման ընդունումը.
ժ) ընդհանուր բաժնային սեփականության կամ դրա մի մասի կառուցապատման կամ փոփոխման մասին որոշման ընդունումը.
ժա) գույքային իրավունքների (օգտագործման, վարձակալության եւ այլն) ձեռքբերման վերաբերյալ գործարքների մասին որոշումների ընդունումը.
ժբ) ընդհանուր բաժնային սեփականության վրա գովազդ տեղադրելու կամ սեփականությունն այլ կերպ առեւտրային նպատակներով օգտագործելու, իրազեկելու եւ ծանուցելու համար նախատեսված տեղի մասին որոշման ընդունումը.
ժգ) շենքի կառավարման մարմինների կողմից շինությունների սեփականատերերին տեղեկանքներ տալու կամ սույն օրենքով նախատեսված այլ ծառայություններ մատուցելու համար գանձվող գումարի չափի որոշումը, որը չի կարող լինել ավելի, քան տվյալ գործողությունների համար ծախսված գումարի չափը.
ժդ) պարտադիր նորմերի գծով շինությունների սեփականատերերից գանձվող պարտադիր վճարների վճարման կարգի եւ ժամկետների սահմանումը.
ժե) պարտադիր վճարներից դուրս շինությունների սեփականատերերից գանձվող վճարների չափի, վճարման կարգի եւ ժամկետների սահմանումը.
ժզ) շինության սեփականատերերի եւ (կամ) շենքի բնակիչների կողմից ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու կարգի սահմանումը.
ժէ) շինության սեփականատերերի եւ (կամ) շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունն օգտագործելու կարգի սահմանումը.
ժը) բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման տարեկան բյուջեի հաստատումը.
ժթ) կառավարման մարմնի գործունեության վերահսկողության բյուջեի միջոցների հաշվին աուդիտի իրականացումը.
ի) ընդհանուր բաժնային սեփականության կառավարման հարցերով այլ որոշումների կայացումը, այդ թվում նաեւ՝ կոմունալ ծառայություններ մատուցողների հետ շենքի կառավարման մարմնի կողմից պայմանագրեր կնքելու հարցերը:
8. Սույն հոդվածի 7-րդ կետի «դ» եւ «ե» ենթակետերում նշված հարցերով որոշումները պետք է ընդունվեն բոլոր սեփականատերերի կողմից միաձայն:
9. Սույն հոդվածի 7-րդ կետի «ժ» եւ «ի» ենթակետերում նշված հարցերով որոշումներն ընդունվում են շինության սեփականատերերի ձայների առնվազն երկու երրորդով:
10. Սույն հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետում նշված հարցերով որոշումներն ընդունվում են շինության սեփականատերերի այնքան ձայների քանակով, որքան նախատեսված է սույն հոդվածով համապատասխան գործառույթների իրականացման համար:
11. Սույն հոդվածի 7-րդ կետի մնացած ենթակետերում նշված հարցերով որոշումներն ընդունվում են շինության սեփականատերերի ձայների կեսից ավելիով:
12. Սույն հոդվածի 7-րդ կետով նշված հարցերով որոշումները կարող են ընդունվել գումարման կամ հարցման միջոցով, իսկ «զ», «է», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժէ» եւ «ժը» ենթակետերով նշվածները` նաեւ իրազեկման միջոցով: Եթե բազմաբնակարան շենքի կառավարումն իրականացվում է համատիրության կողմից, ապա սույն հոդվածի 7-րդ կետի «զ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժէ» եւ «ժը» ենթակետերով նախատեսված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են համատիրության ժողովի որոշմամբ՝ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե ժողովը գումարման կամ հարցման միջոցով տվյալ հարցի վերաբերյալ այլ որոշում չի ընդունել:
13. Օրենքով նախատեսված դեպքերում պարտադիր նորմերի իրականացումից դուրս հարցերի վերաբերյալ ընդունված որոշումները կամ տրված լիազորագրերը (լիազորությունները) պետք է վավերացվեն նոտարական կարգով:
14. Եթե շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում համապատասխան որոշում ընդունելու համար նախաձեռնողները հավաքել են կեսից ավելի ձայների քանակը, սակայն չեն հավաքել սույն հոդվածով նախատեսված անհրաժեշտ ձայների քանակը, եւ եթե այդ որոշումն ուղղված է ընդհանուր բաժնային սեփականության պահպանմանը կամ բխում է շինության բոլոր սեփականատերերի շահերից, ապա նախաձեռնողներն իրավունք ունեն հարցը լուծել դատական կարգով:
Հոդված 12. Ժողովի գումարման միջոցով որոշումների ընդունման կարգը
1. Շինության սեփականատերը, շենքի կառավարման մարմինը կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ համայնքի ղեկավարը, իրենց առաջարկությունները շինության սեփականատերերի ժողովի քննարկմանն իրավունք ունեն ներկայացնել գումարման միջոցով: Այս դեպքում նախաձեռնողը պարտավոր է ժողովի օրակարգի մասին ծանուցել շինության սեփականատերերին: Ծանուցումն իրականացվում է ծանուցման տեքստը շենքի յուրաքանչյուր մուտքի առավել տեսանելի կամ դրա համար նախատեսված տեղում փակցնելով կամ անձամբ շինության յուրաքանչյուր սեփականատիրոջը տրամադրելու կամ ուղարկելու միջոցով: Ժողովի օրակարգի տեքստը տրվում է նաեւ շենքի կառավարման մարմնին:
2. Շինության սեփականատիրոջ պահանջով շենքի կառավարման մարմինը ժողովի օրակարգի տեքստն ուղարկում է նրա կողմից նշված հասցեով: Այս դեպքում օրակարգի տեքստն ուղարկելու համար կառավարման մարմնի կատարված ծախսերը հատուցում է շինության սեփականատերը:
3. Ժողով նախաձեռնողը, իսկ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ շենքի կառավարման մարմինը, պարտավոր են հատուցել ժողովի օրակարգը շինության սեփականատիրոջը պատշաճ ձեւով չտալու կամ չուղարկելու հետեւանքով նրան պատճառված վնասները:
4. Ժողովի օրակարգում նշվում են նաեւ ժողով հրավիրողի անունը (անվանումը), ստորագրությունը (եթե իրավաբանական անձ է կամ շենքի կառավարման մարմին` նաեւ կնիքը), նրա բնակության կամ գտնվելու վայրը, նրա բաժնի չափը (եթե նա շինության սեփականատեր է), ժողովի հրավիրման օրը, ժամը եւ վայրը, օրակարգի վերաբերյալ առաջարկությունների ընդունման օրը եւ վայրը, քննարկման ենթակա հարցերի ցանկը, օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու համար անհրաժեշտ ձայների քանակը, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
5. Ժողովի հրավերի մասին ծանուցվում է ոչ ուշ, քան դրա անցկացման օրվանից 7 օր առաջ:
6. Հրավիրված ժողովն իրավասու է, եթե դրան ներկա են այնքան սեփականատերեր կամ նրանց ներկայացուցիչներ, որոնց պատկանում է սեփականատերերի ընդհանուր ձայների թվի կեսից ավելին:
7. Ժողովը վարում է կառավարման մարմնի ներկայացուցիչը (լիազոր կառավարիչը), իսկ նրա բացակայության դեպքում` ժողովի նախաձեռնողը: Ժողովի արձանագրությունը կազմում է ժողովի կողմից ընտրված քարտուղարը:
8. Ժողովն իրավունք չունի քննարկման դնել այնպիսի հարցեր, որոնք չեն նշվել օրակարգում: Օրակարգում սույն օրենքով սահմանված կարգով չնշված, սակայն ժողովի կողմից քննված հարցերի վերաբերյալ կայացված որոշումներն անվավեր են:
Ժողովը համարվում է անվավեր նաեւ, եթե դրա օրակարգը պատշաճ ձեւով չի ներկայացվել շինության սեփականատերերի 10 տոկոսից ավելիին:
9. Շենքի կառավարման մարմինը, իսկ նրա բացակայության դեպքում՝ ժողովը նախաձեռնողը, պարտավոր են ժողովում ընդունված որոշումների պատճենները, ինչպես նաեւ ժողովը չկայանալու փաստի մասին տեղեկատվությունը երկու օրվա ընթացքում, սույն հոդվածով սահմանված կարգով, ծանուցել շինությունների սեփականատերերին:
Հոդված 13. Հարցման միջոցով որոշումների ընդունման կարգը
1. Շինության սեփականատերը, շենքի կառավարման մարմինը կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ համայնքի ղեկավարը, իրենց առաջարկությունները շինության սեփականատերերի ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավունք ունեն հարցման միջոցով: Նախաձեռնողը պարտավոր է ժողովի որոշման նախագիծը, իսկ կառավարման մարմնին կամ այլ անձանց լիազորությունների վերապահում նախատեսող համապատասխան լիազորագրի կամ պայմանագրի նախագիծը ներկայացնել ստորագրման կամ դրա պատճենն ուղարկել շինության յուրաքանչյուր սեփականատիրոջ:
Որոշման նախագիծը պետք է կազմվի մեկ միասնական փաստաթղթի ձեւով:
Սույն կետում նշված փաստաթղթերի պատճեններն ի գիտություն են հանձնվում նաեւ շենքի կառավարման մարմնին:
2. Շինության սեփականատիրոջ պահանջով շենքի շինության կառավարման մարմինը սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը կամ դրանց պատճեններն ուղարկում է նրա նշած հասցեով: Այս դեպքում օրակարգի տեքստն ուղարկելու համար կառավարման մարմնի կատարած ծախսերը հատուցում է շինության սեփականատերը:
3. Ժողով նախաձեռնողը, իսկ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` շենքի կառավարման մարմինը, պարտավոր են հատուցել համապատասխան փաստաթղթերը շինության սեփականատիրոջը պատշաճ ձեւով չհանձնելու կամ չուղարկելու հետեւանքով նրան պատճառված վնասները:
4. Ժողովի որոշման նախագծում նշվում են նաեւ ժողով հրավիրողի անունը (անվանումը), ստորագրությունը (եթե իրավաբանական անձ է կամ շենքի կառավարման մարմին՝ նաեւ կնիքը), նրա բնակության կամ գտնվելու վայրը, նրա բաժնի չափը (եթե նա շինության սեփականատեր է), ընդունվող որոշումների ցանկը, քվեարկության տեղը, նախագծում ընդգրկված հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու համար անհրաժեշտ ձայների քանակը, քվեարկության համար նախատեսվող ժամկետը, որը չի կարող 5 օրից պակաս լինել, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
5. Որոշման նախագծի բնօրինակի վրա, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ առանձին, շինության սեփականատերերը պարտավոր են իրենց ստորագրությամբ գրավոր քվեարկել (կողմ, դեմ, ձեռնպահ):
Ընդունված են համարվում որոշման նախագծի այն հարցերը, որոնք հավաքել են սույն օրենքով նախատեսված ձայների համապատասխան քանակ:
6. Որոշման նախագծի քվեարկության ժամանակ արգելվում է լրացումներ կամ փոփոխություններ կատարել դրանում: Եթե քվեարկության ժամանակ անհրաժեշտություն է առաջանում փոփոխել կամ լրացնել որոշման նախագիծը, ապա պետք է կազմվի նոր նախագիծ: Փոփոխություններով կամ լրացումներով ընդունված որոշումներն անվավեր են:
Ընդունված որոշման նախագիծը համարվում է անվավեր նաեւ, եթե նախագիծը պատշաճ ձեւով չի ներկայացվել շինության սեփականատերերի տասը տոկոսից ավելիին:
7. Ժողով նախաձեռնողը պարտավոր է ժողովում ընդունված որոշումների պատճենները` ընդունման օրվանը հաջորդող երկու օրվա ընթացքում, ծանուցել շինությունների սեփականատերերին՝ նշելով դեմ քվեարկած սեփականատերերի անունները:
Հոդված 14. Իրազեկման միջոցով որոշումների ընդունման կարգը
1. Շինության սեփականատերը, շենքի կառավարման մարմինը կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի ղեկավարը, իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում իրենց նախաձեռնությունը շինության սեփականատերերի քննարկմանը ներկայացնել իրազեկման միջոցով: Այս դեպքում նախաձեռնողը պարտավոր է ժողովի որոշման նախագծի տեքստը փակցնել շենքի յուրաքանչյուր մուտքի առավել տեսանելի կամ դրա համար նախատեսված տեղում:
Որոշման նախագծի վրա նշվում են նաեւ նախագծի հեղինակի անունը (անվանումը), ստորագրությունը (եթե իրավաբանական անձ է կամ շենքի կառավարման մարմին՝ նաեւ կնիքը), նրա բնակության կամ գտնվելու վայրը, նրա բաժնի չափը (եթե նա շինության սեփականատեր է), իրազեկման քննարկման ժամկետը, առաջարկությունների ներկայացման ժամկետը եւ վայրը, առաջարկությունների քննարկման օրը եւ ժամը, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
2. Շինության սեփականատիրոջ պահանջով նշված իրազեկման տեքստը նրանց տրամադրվում է անձամբ, որի դիմաց կարող են գանձվել միայն դրա բազմացման ծախսերը:
Շինության սեփականատիրոջ պահանջով շենքի շինության կառավարման մարմինն իրազեկումն ուղարկում է նրա կողմից նշված հասցեով: Այս դեպքում իրազեկումն ուղարկելու համար կառավարման մարմնի կատարված ծախսերը հատուցում է շինության սեփականատերը:
3. Իրազեկումը համարվում է տրված, եթե սույն հոդվածում նշված տեղեկատվության վերջնական տարբերակը փակցված է մնացել ոչ պակաս, քան 7 օր անընդմեջ:
Իրազեկման միջոցով ներկայացված ժողովի որոշման նախագծի քննարկման ժամկետը չի կարող 10 օրից պակաս լինել:
4. Իրազեկման միջոցով ներկայացված ժողովի որոշմանը գրավոր դեմ չքվեարկած կամ դեմ չարտահայտված շինության սեփականատերերը համարվում են կողմ քվեարկած, եթե տվյալ ժամանակամիջոցում գումարման կամ հարցման միջոցով կայացած ժողովում այդ անձինք տվյալ հարցի վերաբերյալ այլ որոշում չեն կայացրել: Վերջին դեպքում գումարման կամ հարցման ձեւով կայացված որոշումը կամ դրա պատճենը ոչ ուշ, քան իրազեկման համար նախատեսված ժամկետի ավարտին հաջորդող երկրորդ օրը, հանձնվում է նախաձեռնողին:
5. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ իրազեկման միջոցով ներկայացված եւ (կամ) ընդունված ժողովի որոշման նախագիծն անվավեր է:
6. Նախաձեռնողը պարտավոր է իրազեկման կարգով որոշումն ընդունելու կամ այն մերժելու դեպքում` երկու օրվա ընթացքում, սույն հոդվածով սահմանված կարգով ծանուցել շինությունների սեփականատերերին՝ նշելով դեմ քվեարկած սեփականատերերի անունները:
Հոդված 15. Շինությունների սեփականատերերի իրավունքները եւ պարտականությունները շենքի կառավարման բնագավառում
1. Շինության սեփականատերերն իրավունք ունեն`
ա) տեղեկատվություն ստանալ շենքի կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ սահմանված կարգով մասնակցել շենքի կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունմանը.
բ) ցանկացած պահին լիազորություններ վերապահել շենքի կառավարման մարմնին կամ հետ վերցնել նրան տրված իր լիազորությունները.
գ) ցանկացած պահին կառավարման լիազորություններ վերապահել շենքի կառավարման մարմին չհանդիսացող անձանց (բացառությամբ սույն օրենքով միայն շենքի կառավարման մարմնին վերապահված լիազորությունների) կամ հետ վերցնել նրանց տրված լիազորությունները.
դ) սահմանված կարգով ստանալ հաշվետվություն շենքի կառավարման մարմնի գործունեության վերաբերյալ.
ե) առաջարկություններ ներկայացնել շենքի կառավարման մարմնին ընդհանուր բաժնային սեփականության կառավարման վերաբերյալ.
զ) մասնակցել շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարմանը:
2. Շինության սեփականատերերը պարտավոր են`
ա) կատարել սահմանված պարտադիր վճարները, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված այլ վճարները.
բ) պահպանել շենքի ընդհանուր բաժնային սեփականության օգտագործման սահմանված կարգի պահանջները.
գ) բարեխղճորեն վերաբերվել շենքի ընդհանուր բաժնային սեփականությանը, պահպանել շենքի շահագործման եւ պահպանման պարտադիր նորմերը.
դ) կատարել սեփականատերերի ժողովի եւ կառավարման մարմնի որոշումները:
Հոդված 16. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի պատասխանատվությունը
1. Շինության սեփականատերը շինության կամ ընդհանուր բաժնային սեփականության պարտադիր նորմերը խախտելու համար կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
2. Շինության սեփականատիրոջ կողմից անձամբ կամ նրա հետ համատեղ ապրող անձանց, ինչպես նաեւ վարձակալության պայմանագրի համաձայն կամ շինության սեփականատիրոջ կողմից վերապահված այլ որեւէ իրավունքով շինությունը զբաղեցնող անձանց կողմից այլ շինություններին կամ ընդհանուր բաժնային սեփականությանը վնաս պատճառելու դեպքում շինության սեփականատերը պարտավոր է իր հաշվին վերացնել հասցված վնասը:
3. Վնաս կրած շինության սեփականատերն օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման պահանջի իրավունք ունի:
Հոդված 17. Շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմինների ձեւերը
1. Պարտադիր նորմերի պահպանման հարցերում ընդհանուր բաժնային գույքի կառավարման համար շինության սեփականատերերը կարող են ընտրել շենքի կառավարման մարմին: Մինչեւ 4 սեփականատեր ունեցող շենքերում պարտադիր նորմերի ապահովումը կարող է իրականացվել նաեւ ժողովի միջոցով:
2. Շինությունների սեփականատերերն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմնի ձեւը:
3. Ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը կարող է իրականացվել հետեւյալ ձեւերով`
ա) շինության սեփականատերերի կողմից ստեղծված իրավաբանական անձի համատիրության միջոցով.
բ) լիազորագրային կառավարչի (ներկայացուցչության) միջոցով.
գ) հավատարմագրային կառավարչի միջոցով:
Մեկ շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը պարտադիր նորմերի կատարման մասով կարող է իրականացնել միայն մեկ կառավարման մարմին:
4. Պարտադիր նորմերի պահպանման բնագավառում ընդհանուր բաժնային սեփականության կառավարման խնդրից բացի, բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման այլ խնդիրները լուծելու համար շինության սեփականատերերը դրանց իրականացման լիազորությունը կարող են սույն օրենքով սահմանված կարգով վերապահել թե ընտրված շենքի կառավարման մարմնին, եւ թե այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Այլ խնդիրների իրականացման լիազորությունները կարող են վերապահվել միայն օրենքով նախատեսված փաստաթղթեր (պայմանագրեր, լիազորագրեր եւ այլն) կազմելու միջոցով:
5. Ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն իրականացնել միայն սույն օրենքով նրանց վերապահված լիազորություններ:
6. Լիազորագրային կառավարիչ, հավատարմագրային կառավարիչ կարող է լինել ֆիզիկական կամ իրավաբանական անձը:
Կառավարչի լիազորություններ իրականացնող այն ֆիզիկական անձը, որն այդ գործառույթներն իրականացնում է որպես ձեռնարկատիրական գործունեություն, պարտավոր է սահմանված կարգով գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր:
7. Շենքի կառավարման մարմինը պետք է ունենա կլոր կնիք, որի վրա պետք է նշվեն համապատասխան շենքի հասցեն, «կառավարման մարմին» բառերը, ինչպես նաեւ կարող է ունենալ դրոշմակնիք եւ ձեւաթղթեր: Համատիրություն ձեւավորած շենքի կառավարման գործառույթներն իրականացվում են համատիրության կնիքով, դրոշմակնիքով եւ ձեւաթղթերով:
8. Շենքի կառավարման մարմին ընտրելու մասին որոշմամբ պետք է սահմանվեն կառավարման մարմնի լիազորությունները, իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, գործունեության ժամկետը:
9. Նոր ընտրված շենքի կառավարման մարմինը պարտավոր է այդ մասին երկու օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարին:
Շենքի կառավարման մարմինը հաղորդմանը կից ներկայացնում է շենքի կառավարման մարմին ընտրելու մասին ժողովի որոշման եւ համապատասխան պայմանագրի կամ լիազորագրի պատճենը:
Համայնքի ղեկավարը շենքի կառավարման մարմնի՝ սույն կետով նշված փաստաթղթերի
համաձայն վարում է տվյալ համայնքի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային կառավարման մարմինների գրանցամատյան:
Հոդված 18. Համատիրությունը
1. Շինության սեփականատերերն ընդհանուր բաժնային գույքի պարտադիր նորմերի մասով կառավարման նպատակով կարող են ստեղծել իրավաբանական անձ` համատիրություն:
2. Համատիրությունն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Համատիրություն ստեղծելու մասին որոշման մեջ պետք է նշվեն համատիրության անդամների անունները, ազգանունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը, ընդհանուր գույքում բաժնի չափը, ստորագրությունները, շինության հասցեն, տրվող լիազորությունների հստակ ցանկը, լիազորությունների ժամկետը:
3. Համատիրության ստեղծման մասին որոշման մեջ պետք է արտացոլվեն պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքների ցանկը, ինչպես նաեւ շինության սեփականատերերի կողմից տրված այլ լիազորություններ:
4. Համատիրությունն իր լիազորություններն իրականացնում եւ գործարքներ է կնքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` իր անունից:
Հոդված 19. Լիազորագրային կառավարիչը (ներկայացուցչությունը)
1. Լիազորագրային (ներկայացուցչական) կառավարումը, սույն օրենքի համաձայն, ինչպես նաեւ շինության սեփականատերերի գրավոր լիազորագրի եւ կնքված լիազորագրային կառավարման պայմանագրի հիման վրա շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման իրականացումն է:
2. Լիազորագրային կառավարման լիազորագիրը տրվում է, իսկ պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով:
Լիազորագրում եւ պայմանագրում պետք է նշվեն լիազորողների եւ պայմանագրի կողմերի անունները, ազգանունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը, ընդհանուր գույքում բաժնի չափը, ստորագրությունները, շինության հասցեն, տրվող լիազորությունների հստակ ցանկը, լիազորված անձի անունը, ազգանունը (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը, լիազորությունների ժամկետը:
3. Լիազորագրում եւ պայմանագրում պետք է արտացոլվեն պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքների ցանկը, ինչպես նաեւ շինության սեփականատերերի կողմից տրված այլ լիազորություններ:
Նոտարական ձեւ պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը եւ պայմանագիրը պետք է վավերացնի նոտարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
4. Լիազորագրային կառավարիչն իր լիազորություններն իրականացնում եւ գործարքներ է կնքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` շինության սեփականատերերի անունից:
5. Օրենքի կամ սույն հոդվածի պահանջների խախտմամբ, ինչպես նաեւ վերապահումով տրված լիազորագիրը կամ կնքված պայմանագիրը համարվում է անվավեր:
Հոդված 20. Հավատարմագրային կառավարիչը
1. Շենքի ընդհանուր բաժնային սեփականության հավատարմագրային կառավարումն իրականացվում է շինության սեփականատերերի եւ հավատարմագրային կառավարչի միջեւ կնքված գույքի հավատարմագրային կառավարման կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի համաձայն:
2. Հավատարմագրային կառավարման կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում ենթակա է նոտարական վավերացման:
3. Շենքի ընդհանուր բաժնային սեփականության հավատարմագրային կառավարման կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում պետք է պարտադիր նշվեն իրենց բաժինը հավատարմագրային կառավարման հանձնող շինության սեփականատերերի անունները, ազգանունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը, ընդհանուր գույքում բաժինը, ստորագրությունները, շինության հասցեն, տրվող լիազորությունների հստակ ցանկը, հավատարմագրային կառավարչի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը, լիազորությունների ժամկետը:
Պայմանագրում պետք է արտացոլվեն պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքները, ինչպես նաեւ շինության սեփականատերերի կողմից տրված այլ լիազորություններ:
4. Հավատարմագրային կառավարիչն իր լիազորություններն իրականացնում եւ գործարքներ է կնքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` իր անունից:
5. Օրենքի կամ սույն հոդվածի պահանջների խախտմամբ, ինչպես նաեւ վերապահումով ստորագրված պայմանագիրը համարվում է անվավեր:
Հոդված 21. Բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում տեղական
ինքնակառավարման մարմնի իրավասությունները
1. Շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացվում է սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
2. Տեղական ինքնակառավարման մարմինն իր լիազորություններն իրականացնում եւ գործարքներ է կնքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ իր անունից:
3. Օրենքի կամ սույն հոդվածի պահանջների խախտմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կնքած գործարքները համարվում են անվավեր:
Հոդված 22. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի լիազորությունները
1. Շենքի կառավարման մարմինը`
ա) ապահովում է շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարումը.
բ) սույն օրենքով նախատեսված կարգով շինության սեփականատերերից գանձում է պարտադիր վճարները եւ սահմանված կարգով որոշված այլ վճարներ.
գ) օրենքով նախատեսված կարգով դիմում է դատարան՝ շինության սեփականատերերի կողմից չվճարված վճարների բռնագանձման համար.
դ) սույն օրենքով նախատեսված կարգով շինության սեփականատերերին ներկայացնում է ամսական, տարեկան եւ այլ հաշվետվություններ ու ծանուցումներ.
ե) կազմում եւ շինության սեփականատերերի քննարկմանն է ներկայացնում պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքների նախահաշիվ.
զ) իր կամ շինության սեփականատերերի անունից տրված լիազորությունների սահմաններում եւ շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բյուջեի հոդվածներով նախատեսված պայմաններով եւ չափով կնքում է պայմանագրեր.
է) մասնակցում է շենքում օրենքով սահմանված կարգով անցկացվող ստուգումներին եւ ստորագրում է ստուգման ակտերը (արձանագրությունները).
ը) մասնակցում է շենքին, դրա հարակից տարածքներին առնչվող հարցերի քննարկմանը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում.
թ) շենքին վերաբերող քաղաքաշինական եւ բնապահպանական հարցերով հրապարակային քննարկումների ժամանակ շինության սեփականատերերի անունից տալիս է կարծիք կամ եզրակացություն.
ժ) շինության սեփականատերերի անունից առաջարկություններ է ներկայացնում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ նրանց կողմից իրենց շենքի եւ հարակից տարածքների բարեկարգման հարցերով.
ժա) իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է ներկայացնել եւ (կամ) պաշտպանել շինության սեփականատերերի իրավունքները եւ օրինական շահերը պետական (այդ թվում՝ դատական) եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում.
ժբ) օրենքով սահմանված կարգով շենքի ընդհանուր բաժնային սեփականության կամ շինության սեփականատերերի վերաբերյալ տալիս է վիճակագրական հաշվետվություններ.
ժգ) շենքում մահացած անձանց ժառանգների շահերի պաշտպանության նպատակով դիմում է նոտարին՝ ժառանգական գույքի պահպանման համար.
ժդ) շինության սեփականատերերին, շենքում բնակվող կամ գործունեություն իրականացնող անձանց կամ շահագրգիռ այլ անձանց տալիս է տեղեկանքներ`
- շենքի բաժնային սեփականության կառավարման մարմնի ձեւի մասին,
- շինության սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում չկատարված պարտավորությունների մասին,
- շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման համար նախատեսված պարտադիր վճարների չափի մասին,
- շենքի ընդհանուր բաժնային սեփականության մեջ շինության սեփականատիրոջ բաժնի մասին,
- շենքում բնակվելու, նրանց ընտանիքի կազմի կամ շենքում գործունեություն իրականացնելու մասին,
- շինության տիրապետման կամ օգտագործման մասին,
- օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում.
ժե) վարում է շենքի բաժնային սեփականության մեջ սեփականատերերի բաժնային հաշվառման գրանցամատյանը.
ժզ) ապահովում է շենքի անձնագրավորման, ինչպես նաեւ շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի տարեկան գույքագրման իրականացումը.
ժէ) կազմում է շինություններին եւ (կամ) ընդհանուր բաժնային սեփականությանը հասցված վնասների վերաբերյալ արձանագրությունները.
ժը) իրականացնում է շինության սեփականատերերի կողմից սահմանված կարգով տրված այլ լիազորություններ.
ժթ) իր նախաձեռնությամբ իրականացնում է օրենքին, շինությունների սեփականատերերի որոշումներին եւ վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին չհակասող ընդհանուր բաժնային սեփականության կառավարմանն ուղղված այլ լիազորություններ:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«զ» եւ «ժբ»-«ժզ» ենթակետերով նախատեսված լիազորությունները համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորություններ եւ չեն կարող փոխանցվել այլ անձանց:
Օրենքով կամ իրավական այլ ակտերով այլ բացառիկ լիազորություններ կառավարման մարմնին չեն կարող տրվել: Սույն կետի խախտմամբ տրված լիազորություններն անվավեր են:
3. Շենքի կառավարման մարմնի բացառիկ լիազորություններ չհանդիսացող գործառույթները կարող են իրականացնել նաեւ շինության սեփականատերերը:
4. Տեղական ինքնակառավարման մարմինը, որպես շենքի կառավարման մարմին, իրավունք ունի իրականացնել միայն սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«է» եւ «ժա»-«ժէ» ենթակետերով նախատեսված լիազորությունները:
5. Սույն հոդվածի 1-ին կետի «գ», «թ», «ժ», «ժա» եւ «ժէ» ենթակետերով նախատեսված լիազորությունները շենքի կառավարման մարմինն իրականացնում է միայն սույն օրենքով սահմանված կարգով հարցի վերաբերյալ իրազեկում տալուց հետո` հաշվի առնելով շինության սեփականատերերի կարծիքը:
6. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «զ», «է», «ժա» եւ «ժզ» ենթակետերով նախատեսված լիազորություններն իրականացնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, շենքի կառավարման մարմինը դրանց արդյունքների վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով ծանուցում է շինության սեփականատերերին:
7. Սույն հոդվածի 1-ին կետի «ժթ» ենթակետով նախատեսված լիազորությունները շենքի կառավարման մարմինն իրականացնում է միայն սույն օրենքով սահմանված կարգով:
8. Օրենքի պահանջների խախտմամբ կամ իր լիազորություններից դուրս շենքի կառավարման մարմնի կողմից կնքված գործարքը կամ իրականացված գործունեությունն անվավեր է:
9. Շենքի կառավարմանն առնչվող փաստաթղթերը պահպանվում են կառավարման մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ պակաս, քան 3 տարի:
10. Կառավարման մարմինը պարտավոր է իրեն լիազորություն տված անձանց փոփոխության մասին յուրաքանչյուր փոփոխությունից հետո՝ երկօրյա ժամկետում, ծանուցել շենքի սեփականատերերին՝ նշելով լիազորություն տված սեփականատերերի ձայների տոկոսը:
Հոդված 23. Խոշոր գործարքները
1. Խոշոր է համարվում այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքներ, որոնք կապված են շենքի կառավարման մարմնի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման տարեկան բյուջեի 20 տոկոսից ավելին:
Շենքի կառավարման մարմինը խոշոր գործարքներ կարող է կնքել միայն սույն օրենքով սահմանված կարգով իրազեկումից 10 օր հետո:
2. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կնքված խոշոր գործարքը կարող է ճանաչվել անվավեր՝ շինության սեփականատիրոջ հայցով:
Հոդված 24. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի հաշվետվությունը
Շենքի կառավարման մարմինը պարտավոր է շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բյուջեի հետ մեկտեղ հրապարակել իր տարեկան հաշվետվությունը, որտեղ պետք է բերվի նրա հաշվեկշիռը, հավաքված վճարների չափը` ըստ շինության սեփականատերերի, կատարված ծախսերը` ըստ ուղղությունների, եւ այլ տվյալներ:
Հաշվետվությունը հրապարակվում է կամ շինության սեփականատերերին է ուղարկվում սույն օրենքով սահմանված ծանուցման ձեւով:
Կառավարչի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը, պատրաստվում է հաշվետվություն՝ շինությունների սեփականատերերի կողմից անվանական վճարումների, նախատեսված եւ իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ, եւ ծանուցվում է բնակիչներին: Շինության սեփականատերի պահանջով նշված հաշվետվությունը տրամադրվում է նրան, որի դիմաց գանձվում են միայն հաշվետվության բազմացման ծախսերը:
Հոդված 25. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի պատասխանատվությունը
Շենքի կառավարման մարմինը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով շինության սեփականատերերին պատճառած վնասի համար:
Հոդված 26. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի լիազորությունների դադարումը
1. Շենքի կառավարման մարմնի լիազորությունները դադարում են`
ա) շենքի կառավարման մարմնին լիազորագրով կամ պայմանագրով տրված լիազորությունների ժամկետը լրանալու հաջորդ օրվանից.
բ) ժողովի որոշմամբ շենքի այլ կառավարման ձեւ կամ մարմին ընտրվելու հաջորդ օրվանից.
գ) շենքի կառավարման մարմնի՝ իր լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին ծանուցում տալու օրվանից մեկ ամիս հետո.
դ) օրենքով սահմանված կարգով շենքի կառավարման մասին լիազորագրի կամ պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու օրվանը հաջորդող օրվանից.
ե) ֆիզիկական անձ հանդիսացող շենքի կառավարման մարմնի մահվան կամ իրավաբանական անձ հանդիսացող շենքի կառավարման մարմնի լուծարման օրվանից.
զ) շենքի կառավարման մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ ձայների քանակ չապահովելու օրվանը հաջորդող օրվանից.
է) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Շենքի կառավարման մարմնի ընտրությանը կողմ քվեարկած շինության սեփականատերն իրավունք ունի հետագայում ցանկացած ժամանակ չեղյալ համարել իր որոշումը: Այդ նպատակով շինության սեփականատերը գրավոր դիմում է շենքի կառավարման մարմին: Շինության սեփականատիրոջ կողմից տրված լիազորությունները չեղյալ են համարվում դիմումը շենքի կառավարման մարմնին հանձնելու հաջորդ օրվանից, եթե դիմումում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Շենքի կառավարման մարմնին պարտադիր լիազորությունների մասով կողմ քվեարկած շինության սեփականատերն իրավունք չունի կողմ քվեարկել շենքի այլ կառավարման մարմին ստեղծելու մասին որոշմանը՝ առանց նախորդ իր որոշումը սույն հոդվածով սահմանված կարգով չեղյալ համարելու:
Սույն պահանջի խախտմամբ կատարված քվեարկությունն առ ոչինչ է:
Եթե որոշումները չեղյալ համարելու հետեւանքով շենքի կառավարման մարմնին տրված ձայների քանակը պակասում է սույն օրենքով սահմանված համապատասխան լիազորություններ ստանալու համար նախատեսված քանակից, ապա շենքի կառավարման մարմնի համապատասխան լիազորությունները համարվում են դադարած, եւ շենքը համարվում է կառավարում չունեցող: Այդ մասին շենքի կառավարման մարմինը պարտավոր է անմիջապես, սույն օրենքով սահմանված կարգով, ծանուցել շինության սեփականատերերին, ինչպես նաեւ համապատասխան համայնքի ղեկավարին:
3. Լիազորությունները դադարած շենքի կառավարման մարմինը պարտավոր է իր լիազորությունները դադարելու օրվանից 5 օրվա ընթացքում շենքի կառավարման մարմնի կնիքը, փաստաթղթերը, շենքի կառավարման ընթացքում գոյացած ֆինանսական միջոցները եւ գույքն անհատույց ի պահ ընդունել եւ նոր շենքի կառավարման մարմինն ստեղծվելու օրվանից երկու օրվա ընթացքում նրան հանձնել հանձնման-ընդունման ակտով: Այդ ընթացքում շենքի կառավարման մարմնի կնիքի, փաստաթղթերի, ֆինանսական միջոցների եւ գույքի պատահական կորստի ռիսկը կրում է պահառուն:
4. Շենքի կառավարման մարմնի գործառույթներն իրականացնող ֆիզիկական անձի մահվան կամ իրավաբանական անձի լուծարման դեպքում շենքի կառավարման մարմնի կնիքը, փաստաթղթերը, շենքի կառավարման ընթացքում գոյացած ֆինանսական միջոցները եւ գույքը, սույն հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետով, ի պահ են հանձնվում նոտարին:
5. Եթե շենքի կառավարման մարմնի լիազորությունները դադարելու օրվանից երկու ամսվա ընթացքում շենքի կառավարման նախկին մարմինը ձեռք չի բերում համապատասխան լիազորություններ, կամ շինության սեփականատերերը չեն ընտրում շենքի նոր կառավարման մարմին, ապա մինչեւ շինությունների սեփականատերերի կողմից շենքի կառավարման մարմնի ստեղծումն այդ մարմնի՝ սույն օրենքով նախատեսված բացառիկ լիազորություններն անցնում են համապատասխան համայնքի ղեկավարին, որը շենքի կառավարման մարմնի լիազորություններն իրականացնում է սույն օրենքով նախատեսված կարգով: Շենքում կառավարման մարմին ստեղծվելու մասին համայնքի ղեկավարին տեղեկատվություն տալու հաջորդ օրվանից դադարում են համայնքի ղեկավարի՝ սույն կետով նախատեսված լիազորությունները, եւ նա պարտավոր է եռօրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով շենքի կառավարման մարմնի կնիքը, փաստաթղթերը, ֆինանսական միջոցները եւ գույքը հանձնել շենքի նոր կառավարման մարմնին:
6. Շինության այն սեփականատերը, որը կողմ չի քվեարկել շենքի կառավարման մարմնին կամ չեղյալ է համարել շենքի կառավարման մարմնին կողմ քվեարկելու մասին իր որոշումները, իրավունք ունի ցանկացած ժամանակ գրավոր համապատասխան լիազորություններ վերապահել կառավարման առկա կամ նոր ստեղծվող մարմնին: Այդ նպատակով շինության սեփականատերը գրավոր դիմում է շենքի կառավարման մարմնին:
Շինության սեփականատիրոջ լիազորությունները տրված են համարվում դիմումը շենքի կառավարման մարմին հանձնելու հաջորդ օրվանից, եթե դիմումում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
7. Շենքի կառավարման մարմնին տրված այլ լիազորությունները դադարեցվում են, կամ նոր լիազորությունները տրվում են օրենքով նախատեսված կարգով:
8. Համատիրության անդամությունից դուրս գալու, ինչպես նաեւ համատիրության գործունեության դադարման կարգը սահմանվում է «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 27. Բազմաբնակարան շենքի շինության օտարման դեպքում այն ձեռք բերողի իրավունքի պաշտպանությունը
1. Բազմաբնակարան շենքի շինության օտարման դեպքում օտարողը գնորդին պետք է օրենքով նախատեսված փաստաթղթերից բացի գրավոր ներկայացնի նաեւ տեղեկություններ՝
ա) շենքի բաժնային սեփականության կառավարման ձեւի մասին.
բ) ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում շինությունն օտարողի չկատարված պարտավորությունների մասին.
գ) շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման համար նախատեսված պարտադիր վճարների չափի մասին.
դ) շենքի ընդհանուր բաժնային սեփականության մեջ շինություն օտարող սեփականատիրոջ բաժնի մասին:
2. Շինություն օտարողն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունների չտրամադրման կամ շինության օտարման առաջարկում խեղաթյուրումների կամ անճշտությունների հետեւանքով գնորդին պատճառած վնասների համար:
3.Գնորդն իրավունք ունի ծանոթանալ շենքի ընդհանուր սեփականության կառավարման համար նախատեսված տարեկան բյուջեին եւ նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությանը, ինչպես նաեւ շենքի կառավարումն իրականացնող իրավաբանական անձի կանոնադրությանը, շենքի կառավարման մարմնին տրված լիազորագրին կամ պայմանագրին:
Հոդված 28. Բազմաբնակարան շենքի շինության նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք բերած անձանց պարտականությունները
Բազմաբնակարան շենքի շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձը կրում է նախկին սեփականատիրոջից պարտադիր նորմերի իրականացման, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված կամ նրա համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու պարտականությունը, եթե այդ պարտավորությունների կատարման պարտականությունն իր վրա չի վերցրել տվյալ շինության նախորդ սեփականատերը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Հոդված 29. Բազմաբնակարան շենքի կառավարման տարեկան բյուջեն
1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման եւ պահպանության ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է տարեկան բյուջեի միջոցով (այսուհետ՝ բյուջե): Բյուջեն հաստատվում է ժողովում՝ մեկ տարվա համար` հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, եւ կարող է տարվա ընթացքում փոխվել միայն ժողովի որոշմամբ:
2. Բյուջեի նախագիծը կազմելիս եւ հաստատելիս հաշվի են առնվում շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման եւ շահագործման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ շենքի կառավարման մարմնի պահպանման ծախսերը:
3. Բյուջեի եկամուտները գոյանում են`
ա) շինության սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված վճարումներից եւ այլ վճարումներից.
բ) ընդհանուր բաժնային սեփականությունն օտարելու կամ այն վարձակալության (օգտագործման) հանձնելու դիմաց ստացված եկամուտներից.
գ) ընդհանուր բաժնային սեփականության տիրապետման, օգտագործման եւ տնօրինման ընթացքում ստացված եկամուտներից.
դ) պետության կամ համայնքի կողմից տրված սուբսիդիաներից ու դոտացիաներից.
ե) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
4. Բյուջեով կարող են նախատեսվել հետեւյալ ծախսերը`
ա) պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսեր.
բ) աշխատանքի վարձատրությանն ուղղված ծախսեր.
գ) տնտեսական ծախսեր (փոստային, կապի, տպագրական, գրասենյակային պիտույքներով ապահովման եւ այլն).
դ) ընդհանուր բաժնային սեփականության գույք հանդիսացող շինության վերակառուցման ու վերանորոգման ծախսեր.
ե) ընդհանուր բաժնային սեփականության արժեքի ավելացմանն ուղղված ծախսեր.
զ) ժողովի կողմից հաստատված այլ ծախսեր:
Հոդված 30. Բյուջեի կազմելու եւ հաստատելու կարգը
Շենքի կառավարման մարմինն ընթացիկ տարվա բյուջեն կազմում է նախահաշվի հիման վրա: Նորընտիր շենքի կառավարման մարմինը շենքի բյուջեի բացակայության դեպքում ընտրվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, սույն օրենքով սահմանված կարգով, ներկայացնում է ընթացիկ տարվա բյուջեի նախագիծը: Ժողովի կողմից մեկամսյա ժամկետում բյուջեի նախագիծը չընդունվելու դեպքում պարտադիր նորմերի գծով համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար սահմանված անհրաժեշտ վճարների հիման վրա հաշվարկվում է նոր բյուջե, որը կառավարման մարմնի հաստատելուց հետո համարվում է ընդունված, ինչի վերաբերյալ շենքի կառավարման մարմինը երկօրյա ժամկետում ծանուցում է շենքի սեփականատերերին:
Պարտադիր նորմերի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ պետական լիազորված մարմինների կողմից:
Հոդված 31. Բազմաբնակարան շենքի կառավարման պետական աջակցության հիմնական
ուղղությունները
Բազմաբնակարան շենքի կառավարման պետական աջակցության հիմնական ուղղություններն են՝
ա) իրավական բարենպաստ դաշտի ձեւավորումը.
բ) ֆինանսական եւ ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը.
գ) բազմաբնակարան շենքերն սպասարկող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելը.
դ) տեղեկատվական ու խորհրդատվական օգնությունը.
ե) նորարարական գործունեության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը.
զ) բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը.
է) կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը.
ը) վիճակագրական հաշվետվությունների եւ հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը:
Հոդված 32. Անցումային դրույթներ
1. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում շենքի կառավարման մարմին չձեւավորվելու դեպքում շենքի կառավարման մարմնի համապատասխան լիազորությունները, սույն օրենքով սահմանված կարգով, անցնում են համայնքի ղեկավարին:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի սպասարկման համար անհրաժեշտ (այդ թվում նաեւ՝ շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը 2 տարվա ընթացքում անհատույց փոխանցվում է այդ շենքի բնակարանների եւ (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն օրենքից բխող՝ շենքի ընդհանուր օգտագործման գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար շինությունների սեփականատերերն ազատվում են պետական տուրքից:
Հոդված 33. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 հունիսի 2002թ.
ՀՕ-334