Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2002


ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայողների վարձատրության հիմնական սկզբունքները, կարգավորում է նրանց վարձատրության, պարգեւատրման եւ դրամական օգնության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

աշխատավարձի սանդղակ՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների որեւէ ենթախմբի համար աշխատավարձի մակարդակների (դրույքաչափերի) շարք՝ նվազագույն մեծությունից առավելագույնը.

աշխատավարձի մակարդակ՝ պաշտոնային դրույքաչափի հերթական դիրք, որին համապատասխանում է բազային աշխատավարձի նկատմամբ սահմանված գործակիցը.

բազային աշխատավարձ (բազային պաշտոնային դրույքաչափ)՝ քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձի օրենքով սահմանված նվազագույն չափ.

գործակից՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային աշխատավարձն այդ թվով բազմապատկելու համար սահմանված մեծություն.

հիմնական աշխատավարձ (պաշտոնային դրույքաչափ)՝ քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբին եւ այդ պաշտոնում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխան պաշտոնային դրույքաչափ.

աշխատավարձի բնականոն աճ՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում ծառայության ստաժի վրա հիմնված վերընթաց շարժում՝ համապատասխան ենթախմբի աշխատավարձի սանդղակով.

միավոր ավելացում (աճ)՝ աշխատավարձի սանդղակում պաշտոնային դրույքաչափերի հերթական ավելացման համար սահմանված տոկոսային աճ.

աշխատավարձի վերանայում՝ սույն օրենքով սահմանված կարգով բազային դրույքաչափի բարձրացման կամ աշխատավարձի սանդղակների կառուցվածքի, գործակիցների կամ դրանց միջեւ գոյություն ունեցող հարաբերակցությունների փոփոխության արդյունքում՝ հիմնական աշխատավարձի բոլոր դրույքաչափերում իրականացվող համարժեք փոփոխություններ.

հավելում՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հատուկ պայմաններում աշխատելու դեպքում տոկոսային ավելացում.

հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացում, որը սահմանված է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար.

պարգեւատրում՝ միանվագ վճար, որը տրվում է քաղաքացիական ծառայողին՝ հիմք ընդունելով նրա՝ տվյալ տարվա ծառայողական գործունեության կամ հատուկ առաջադրանքների վերաբերյալ անմիջական ղեկավարի եզրակացությունը:

Հոդված 3. Սույն օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:

Հոդված 4. Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

Քաղաքացիական ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, ինչպես նաեւ իրավական այլ ակտերով:

Հոդված 5. Քաղաքացիական ծառայողների վարձատրության հիմնական սկզբունքները

Քաղաքացիական ծառայողների վարձատրության հիմնական սկզբունքներն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում որակյալ կադրերի ներգրավման ապահովումը.

2) աշխատանքի սոցիալական էթիկան բավարարող աշխատավարձի մակարդակի ապահովման ձգտումը.

3) համարժեք աշխատանքի եւ փորձառության համար համարժեք վարձատրությունը.

4) ծառայության ընթացքում քաղաքացիական ծառայության ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ձգտման խթանումը.

5) քաղաքացիական ծառայության տարբեր պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջեւ հիմնավորված հարաբերակցության ապահովումը` աշխատավարձը տարբերակելով քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների գրաված դիրքին համապատասխան.

6) քաղաքացիական ծառայողների ունակությունների բացահայտումը եւ անձնական ավանդի խթանումը ծառայության մեջ.

7) ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից կախված՝ քաղաքացիական ծառայողների վարձատրության խտրականության բացառումը:


ԳԼՈՒԽ 2.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԸ

Հոդված 6. Քաղաքացիական ծառայողների վարձատրության կառուցվածքը

1. Քաղաքացիական ծառայողների աշխատավարձը ձեւավորվում է սույն օրենքով սահմանված հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերից:

2. Հիմնական աշխատավարձը քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբին պատկանելությանը եւ այդ պաշտոնում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխան պաշտոնային դրույքաչափն է:

3. Լրացուցիչ աշխատավարձը ներառում է՝

1) աշխատանքի հատուկ պայմաններում աշխատելու դեպքում տրվող հավելումները.

2) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճանի համար տրվող հավելավճարը.

3) ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով տրվող տարեկան միանվագ պարգեւատրումը, ինչպես նաեւ հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգեւատրումները.

4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված աղբյուրներից եւ կարգով տրվող պարգեւատրումները:

Հոդված 7. Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը եւ հիմնական աշխատավարձի հաշվարկման սանդղակները

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչեւ առավելագույնը հաշվարկելու հետեւյալ սանդղակների աղյուսակը (այսուհետ՝ աղյուսակ):
 
Աշխատավարձի մակարդակները
Աշխատավարձի բնականոն աճը
Կրտսեր
պաշտոններ
Առաջատար պաշտոններ
Գլխավոր պաշտոններ
Բարձրագույն պաշտոններ
3-րդ ենթախմբի սանդղակ 2-րդ ենթախմբի սանդղակ 1-ին ենթախմբի սանդղակ 3-րդ ենթախմբի սանդղակ 2-րդ ենթախմբի սանդղակ 1-ին ենթախմբի սանդղակ 3-րդ ենթախմբի սանդղակ 2-րդ ենթախմբի սանդղակ 1-ին ենթախմբի սանդղակ 2-րդ ենթախմբի սանդղակ 1-ին ենթախմբի սանդղակ
11
Աճ չկա 1.34 1.56 1.81 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.38 5.08 5.89
10
Երեք տարին մեկ 1.30 1.51 1.75 2.03 2.36 2.73 3.17 3.67 4.26 4.93 5.72
9
1.27 1.47 1.70 1.97 2.29 2.65 3.07 3.56 4.13 4.79 5.55
8
1.23 1.43 1.65 1.92 2.22 2.58 2.99 3.46 4.01 4.65 5.39
7
Երկու տարին մեկ 1.19 1.38 1.60 1.86 2.16 2.50 2.90 3.36 3.90 4.52 5.23
6
1.16 1.34 1.56 1.81 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.38 5.08
5
1.13 1.30 1.51 1.75 2.03 2.36 2.73 3.17 3.67 4.26 4.93
4
Յուրաքանչյուր տարի
1.09 1.27 1.47 1.70 1.97 2.29 2.65 3.07 3.56 4.13 4.79
3
1.06 1.23 1.43 1.65 1.92 2.22 2.58 2.99 3.46 4.01 4.65
2
1.03 1.19 1.38 1.60 1.86 2.16 2.50 2.90 3.36 3.90 4.52
1
1.00 1.16 1.34 1.56 1.81 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.38

2. Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է աշխատավարձի 11 մակարդակից, որոնցից յուրաքանչյուրում հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանվում է բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից: Միեւնույն սանդղակի ներսում աշխատավարձի միմյանց հաջորդող մակարդակների միջեւ սահմանվում է միջինը երեք տոկոսի չափով միավոր ավելացում:

3. Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է քաղաքացիական ծառայողների կրտսեր պաշտոնների երրորդ ենթախմբի համար սահմանված սանդղակի նվազագույն դրույքաչափին, որը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:

4. Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային պաշտոնային դրույքաչափից ավելի ցածր:

Հոդված 8 . Քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկը

Բազային պաշտոնային դրույքաչափի միջոցով քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափի եւ սույն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասով սահմանված՝ նրա պաշտոնին համապատասխանող սանդղակի համապատասխան գործակցի արտադրյալով:

Հոդված 9. Քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձը պաշտոնում նշանակվելիս

1. Առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբի համապատասխան սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով (պաշտոնային դրույքաչափով):

2. Մրցույթի արդյունքով քաղաքացիական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար դրույքաչափի առկայության դեպքում ստանում է վերջինիս նկատմամբ երկու միավոր ավելացում, հակառակ դեպքում՝ նոր ենթախմբի սանդղակի նվազագույն դրույքաչափ:

3. Մրցույթի արդյունքով քաղաքացիական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողն ստանում է աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ դրույքաչափ:

4. Քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողն ստանում է համապատասխան աշխատավարձի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ:

Հոդված 10. Աշխատավարձի բնականոն աճը

1. Քաղաքացիական ծառայության միեւնույն պաշտոնում քաղաքացիական ծառայողի անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է աշխատավարձի բնականոն աճ՝ աշխատավարձի համապատասխան սանդղակի պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը:

2. Աշխատավարձի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է աղյուսակի համաձայն, հետեւյալ սխեմայով.

1) աշխատավարձի 1-4-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավելացում տարին մեկ անգամ.

2) աշխատավարձի 5-7-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավելացում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.

3) աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավելացում յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ.

4) աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ:

3. Տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն աճը կիրառվում է քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատմամբ:

Քաղաքացիական ծառայողների աշխատավարձի հերթական միավոր ավելացման ժամանակ հաշվի են առնվում նաեւ նրանց ծառայողական գործունեության գնահատման արդյունքները:

4. Երեք տարի անընդմեջ ծառայողական գործունեության պահանջները գերազանցող արդյունքների համար տրվում է աշխատավարձի արագացված աճ՝ երկու միավոր ավելացման չափով, սակայն ոչ շուտ, քան նախորդ արագացված աճից հինգ տարի անց:

5. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հերթական միավոր ավելացումն իրականացվում է այդ իրավունքի ծագմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից: Սույն օրենքով նախատեսված աշխատավարձի հերթական միավոր ավելացումն ստանում են այն քաղաքացիական ծառայողները, ովքեր տվյալ պաշտոնում հունվարի 1-ի դրությամբ ունեն ավելի, քան վեց ամսվա ստաժ, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Քաղաքացիական ծառայողների համար, ովքեր հունվարի 1-ի դրությամբ տվյալ պաշտոնում ունեն վեց ամսից պակաս ստաժ, աշխատավարձի հերթական ավելացումն իրականացվում է հաջորդ տարվա հունվարի 1-ից:

Հոդված 11. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի աճի կասեցումը եւ աշխատավարձի իջեցումը

1. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն հերթական միավոր ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկի եզրակացությունը բացասական է:

2. Նախորդ տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողի ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների երկու բացասական եզրակացությունների դեպքում նրա աշխատավարձն իջեցվում է մեկ միավորով, եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց:

Հոդված 12. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի նկատմամբ սահմանվող ավելավճարները եւ հավելումները

1. Քաղաքացիական ծառայողին տրվող հավելավճարները եւ հավելումները սահմանվում են նրա պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:

2. Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է հավելավճար` նրա հիմնական աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

3. Հատուկ պայմաններում աշխատելու դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում են հավելումներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով:

Հոդված 13 . Քաղաքացիական ծառայողների պարգեւատրման աղբյուրները, չափերը եւ կարգը

1. Տվյալ մարմնի համար քաղաքացիական ծառայողների պարգեւատրման ֆոնդը հաշվարկվում է այդ մարմնի քաղաքացիական ծառայողների՝ պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, որը սահմանվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված բոլոր մարմինների համար քաղաքացիական ծառայողների պարգեւատրման ֆոնդը հաշվարկվում է միասնական տոկոսային դրույքաչափով:

2. Քաղաքացիական ծառայողի պարգեւատրումը քաղաքացիական ծառայողների պարգեւատրման ֆոնդից ունի միանվագ բնույթ: Քաղաքացիական ծառայողի պարգեւատրման չափը հաշվարկվում է նրա տարեկան հիմնական աշխատավարձի նկատմամբ:

Քաղաքացիական ծառայողի պարգեւատրման չափը քաղաքացիական ծառայողների պարգեւատրման ֆոնդից հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը (մարմինը)՝ հիմք ընդունելով քաղաքացիական ծառայողի ներկայացրած հաշվետվությունների հիման վրա նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը:

Քաղաքացիական ծառայողը պարգեւատրում չի ստանում, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկը գնահատվել է բացասական:

3. Քաղաքացիական ծառայողների պարգեւատրման ֆոնդից պարգեւատրումները նախորդ տարվա արդյունքների հիման վրա տրվում են հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

4. Քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը (մարմինը) տարվա ընթացքում հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար կարող է պարգեւատրել քաղաքացիական ծառայողների աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայողները կարող են պարգեւատրվել դրանցով սահմանված աղբյուրներից եւ կարգով:

Հոդված 14. Քաղաքացիական ծառայողների վարձատրության վերանայումները

1. Քաղաքացիական ծառայողների վարձատրության չափերի փոփոխություն իրականացվում է բազային պաշտոնային դրույքաչափի մեծության կամ քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի վերանայման միջոցով` ելնելով ըստ մասնագիտությունների եւ տարածքների աշխատանքի շուկայի վերլուծությունից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը յուրաքանչյուր տարի բազային աշխատավարձի մեծության եւ վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույց է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:


ԳԼՈՒԽ 3.

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Քաղաքացիական ծառայողներին տրվող դրամական օգնության դեպքերը եւ պայմանները

1. Քաղաքացիական ծառայողին, իսկ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն՝ քաղաքացիական ծառայողի մինչեւ մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով:

2. Դրամական օգնությունը կարող է տրվել՝

1) քաղաքացիական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան,

2) քաղաքացիական ծառայողի երկարատեւ հիվանդության,

3) տարերային աղետի հետեւանքով պատճառված վնասի դեպքերում:

2. Դրամական օգնությունը կարող է տրվել քաղաքացիական ծառայողի (նրա մահվան դեպքում ընտանիքի անդամների) դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի կողմից՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված միջոցների առկայության դեպքում:

Հոդված 16. Քաղաքացիական ծառայողներին տրամադրվող արտոնությունները եւ փոխհատուցումները

Քաղաքացիական ծառայողներին տրամադրվում են հետեւյալ արտոնությունները.

1) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման եւ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում քաղաքացիական ծառայողի գործող աշխատավարձը պահպանվում է նույն չափով.

2) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ՝ իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը.

3) հիմնական արձակուրդային վճարից բացի, քաղաքացիական ծառայողին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ իր միջին ամսական աշխատավարձի չափով.

4) այլ արտոնություններ, ինչպես նաեւ առանձին ծախսերի փոխհատուցումներ (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ եւ այլն) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում:


ԳԼՈՒԽ 4.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 17. Քաղաքացիական ծառայողների վարձատրության կարգը

1. Աշխատավարձը վճարվում է քաղաքացիական ծառայողին ամսական առնվազն մեկ անգամ՝ հաջորդ ամսվա առաջին յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

2. Քաղաքացիական ծառայողի վարձատրության եւ դրամական օգնության վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:

3. Քաղաքացիական ծառայողներին վճարումները տրվում են անկանխիկ, նրանց հայեցողությամբ` չեկերով կամ նրանց նշած բանկային հաշվին դրամական փոխանցումներով:

4. Քաղաքացիական ծառայողի վճարովի արձակուրդի համար հիմնական արձակուրդային ու սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված վճարները տրվում են արձակուրդից առնվազն երեք օր առաջ, ընդ որում, լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ տարվա վերջում, եթե արձակուրդը տեղափոխվում է հաջորդ տարի:

5. Քաղաքացիական ծառայողի աշխատանքից ազատման դեպքում վարձատրության հարցերը, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձի վճարումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

6. Քաղաքացիական ծառայողի վարձատրության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն աշխատողի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:

7. Աշխատաժամանակի հաշվարկի, ինչպես նաեւ գիշերային, հանգստյան, տոներին եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար, պարապուրդի, ինչպես նաեւ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում քաղաքացիական ծառայողների վարձատրությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում սահմանված վարձատրությունը քաղաքացիական ծառայողն ստանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդից:

Հոդված 18. Քաղաքացիական ծառայողների վարձատրության եւ դրամական օգնության ֆինանսավորման աղբյուրները

1. Քաղաքացիական ծառայողների վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից՝

1) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված մարմինների քաղաքացիական ծառայողների համար՝ այդ մարմինների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից.

2) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից:

2. Քաղաքացիական ծառայողների միանվագ դրամական օգնության ֆինանսավորումն իրականացվում է աշխատավարձի եւ դրան հավասարեցված միջոցների խնայողությունների հաշվին:


ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 19. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենսդրությունը խախտելու համար

1. Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաեւ դատական կարգով:

2. Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 20 . Քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրումը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիական ծառայողին նշանակվում է զբաղեցրած պաշտոնի ենթախմբին եւ այդ պաշտոնում նրա ստաժին համապատասխանող պաշտոնային դրույքաչափ՝ հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված բնականոն առաջընթացի սխեման:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի ստաժը հաշվարկվում է լրիվ աշխատած տարիներով՝ ավելացնելով մեկ տարի, եթե ոչ լրիվ աշխատած տարվա աշխատած ամիսները վեց ամսից ավելի են:

3. Քաղաքացիական ծառայողների վարձատրության նոր համակարգի ներդրումըչի կարող հանգեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի աշխատավարձի չափի նվազեցման: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիական ծառայողին նշանակվող պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործողի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի գործող դրույքաչափը:

4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված քաղաքացիական ծառայողների համար աշխատավարձի բնականոն աճը կասեցվում է մինչեւ տվյալ պաշտոնում նրա գործող պաշտոնային դրույքաչափին հավասար պաշտոնային դրույքաչափ ստանալու իրավունքի ձեռքբերումը:

Հոդված 21 . Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 17-րդ հոդվածի երրորդ մասն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 օգոստոսի 2002թ.
ՀՕ-409




25.12.2003 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
04.10.2005 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
25.12.2006 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
27.11.2008 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
07.10.2009 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
22.12.2010 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
02.03.2011 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
13.11.2012 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
20.06.2013 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին