ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենքով սահմանված են գործողության մեջ դնելու այլ ժամկետներ եւ կարգ:
Հոդված 2. 2003 թվականի օգոստոսի 1-ից ուժը կորցրած ճանաչել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:
Հոդված 3. 2003 թվականի օգոստոսի 1-ից հիմնական կամ լրացուցիչ պատժից ազատել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն այն արարքների համար դատապարտված անձանց, որոնք, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություններ չեն համարվում:
1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված եւ պատիժ չկրած անձանց նկատմամբ կիրառվող պատժի չափերը համապատասխանեցնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն չափից:
Եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենգիրքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած, այդ թվում՝ պատիժ կրող կամ պատիժ կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց վիճակը, դատարանների դատավճիռները եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերը ենթակա են վերանայման՝ դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից:
Մահապատժի վերացման վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն:
Պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը, հանցանք կատարած անձանց վիճակը բարելավելը, սույն հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ մասերով նախատեսված դեպքերում իրականացվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ եւ 438-րդ հոդվածներով նախատեսված կարգով:
Դատվածություն չունեցող համարել սույն հոդվածի առաջին եւ երրորդ մասերին համապատասխան պատժից ազատվող անձանց, ինչպես նաեւ նախկինում պատիժ կրած կամ պայմանական վաղաժամկետ ազատված անձանց, եթե նրանք դատապարտված են եղել այնպիսի արարքների համար, որոնք, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում:
2003 թվականի օգոստոսի 1-ից կարճել դատարանների, նախաքննության եւ հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը եւ դադարեցնել քրեական հետապնդումն այն արարքների վերաբերյալ, որոնք, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում, ինչպես նաեւ այն քրեական գործերը, որոնցով քրեական պատասխանատվության ենթարկելու՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները լրացել են:
1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելվածը՝ դատապարտյալի եւ նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ այն առարկաների ցուցակը, որոնք չեն կարող բռնագրավվել դատարանի դատավճռով, կիրառվում է մինչեւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրեսդրությամբ նախատեսված նոր ցանկի հաստատումը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 4. Կալանքի ձեւով պատիժների վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի դրույթները գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:
Հոդված 5. 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով՝ պաշտոնանկության (21-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետ), պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելու (21-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետ), հասարակական պարսավանքի (21-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետ) ձեւով պատիժների դատապարտված անձինք ազատվում են պատիժը կրելուց՝ դատավճիռը կայացրած դատարանի կողմից` դատվածությունը հանելով:
Հոդված 6. Մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ը 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածով մահապատժի դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատիժը դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի:
Հոդված
7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 ապրիլի 2003թ.
ՀՕ-529