ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի՝
ա) 2-րդ կետի «հաշվետվությունների» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի եւ պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ՝ հաշվետվություն)» բառերը.
բ) 6-րդ կետի «անցկացման,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության հետ կապված հարաբերությունները,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների, ինչպես նաեւ առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքերում իրականացվող ստուգումների:»:
Հոդված 4. Օրենքի՝
ա) 4-րդ հոդվածի 1-ին կետի «օրացուցային օր» բառերը փոխարինել «անընդմեջ աշխատանքային օր» բառերով.
բ) 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ղեկավարի» բառից հետո լրացնել «(փոխարինող պաշտոնատար անձի)» բառերը, «օրացուցային» բառը փոխարինել «անընդմեջ աշխատանքային» բառերով, իսկ «օրը» բառից հետո լրացնել «(չհաշված կասեցման ժամկետը)» բառերը.
գ) 4-րդ հոդվածի 3-րդ կետի՝
- առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« 3. Միեւնույն պետական մարմնի կողմից միեւնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգում կարող է իրականացվել օրացուցային տարում ոչ ավելի, քան մեկ անգամ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի:»,
- վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից իրականացվող տնտեսավարող սուբյեկտի համալիր կամ թեմատիկ ստուգումից հետո նույն տնտեսավարող սուբյեկտում նույն ժամանակաշրջանի համար կատարվող պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ցանկացած ստուգում համարվում է կրկնակի ստուգում:».
դ) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
« 4. Կրկնակի ստուգման անցկացման հիմքեր ներկայացրած անձինք կրկնակի ստուգման հետեւանքով այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) դեպքում ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է» եւ «ը» կետերով.
«է) սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի գրավոր հանձնարարությամբ.
ը) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:»:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի՝
ա) 1-ին կետի «է» ենթակետի «ստուգման հետ առնչվող» բառերից առաջ լրացնել «անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող» բառերը.
բ) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«ը) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի գրավոր հանձնարարությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում իրականացվող կրկնակի ստուգման ժամանակ խախտումներ հայտնաբերելիս կիրառել միայն ստուգման հարցին (հարցերին) առնչվող խախտումների համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները:»:
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի՝
ա) 2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարունակել հետեւյալ բովանդակությամբ. «, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի:».
բ) 3-րդ կետի «15 օրացուցային» բառերը փոխարինել «15- 30 օրացուցային» բառերով:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 ապրիլի 2001թ.
ՀՕ-172