Armenian   Russian    
Տեղական տուրքերի եվ վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.05.2002
Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 0-ից 12,500 դրամ.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 0-ից 17,500 դրամ:

5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

ա) գազի եւ վառելիքաքսայուղային նյութերի համար՝ ընթացիկ տարվա համար՝ 50.000-350.000 դրամ.

բ) գյուղատնտեսական մթերքների համար՝ յուրաքանչյուր օրվա համար՝ 0-250 դրամ.

գ) այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 0-25000 դրամ:»:

Հոդված 2. Օրենքը 20-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 201 -րդ հոդվածով՝

«Հոդված 201 . Համայնքի անդամներին տեղական տուրքերի եւ վճարների վերաբերյալ իրազեկումը

1. Համայնքի ղեկավարն ապահովում է տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերի, վճարման կարգի եւ ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի եւ վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաեւ համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց եւ համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը:

2. Իրազեկման այլ միջոցների թվում համայնքի ղեկավարն ապահովում է իր գտնվելու վարչական շենքում, մուտքից ներս գտնվող առավել տեսանելի վայրում գտնվող ցուցատախտակների վրա իր կողմից հաստատված՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները պարունակող տեղեկանքների հրապարակումը:

3. Համայնքի ղեկավարը տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերի, դրանց վճարման կարգի եւ ժամկետների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Համայնքի ղեկավարն ամսվա ընթացքում ստացված տեղական տուրքերի եւ վճարների գումարների, ինչպես նաեւ համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց եւ համապատասխան գումարների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հունիսի 2002թ.
ՀՕ-348