Գործում է «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքը
ՕՐԵՆՔԸ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի կիրառման ոլորտը
Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի հետ կապված գործառնություններին ներկայացվող պահանջները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝
սպառող՝ սնունդ օգտագործելու նպատակով սննդամթերք ձեռքբերող ֆիզիկական անձ.
պարենային հումք՝ սննդամթերքի արտադրության համար օգտագործվող բուսական, կենդանական, մանրէաբանական, օրգանական ու հանքային ծագում ունեցող նյութեր եւ ջուր.
սննդամթերք՝ մարդու կողմից սպառման համար նախատեսված այն բոլոր ապրանքները (ներառյալ՝ խմիչքը եւ մաստակը), որոնք արտադրության ընթացքում ստացվել են տարբեր հումքատեսակներից.
սննդամթերքի անվտանգություն՝ մարդկանց կյանքի եւ առողջության համար վտանգի բացառում, որը պայմանավորված է պետական առողջապահական մարմինների կողմից տվյալ սննդամթերքի համար սահմանված սանիտարական կանոնների եւ հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխանությամբ.
սպառման համար ոչ պիտանի սննդամթերք՝ ակնհայտ թունավոր, անորակ սննդամթերք, որը կարող է առաջացնել թունավորում, առողջության վատթարացում կամ մարդու օրգանիզմի գործունեության խաթարում՝ անկախ դրա մեկանգամյա կամ շարունակական օգտագործման հանգամանքից.
սննդամթերքի հետ կապված գործառնություններ՝ սննդամթերքի արտադրություն, մշակում, պատրաստում, ներմուծում, արտահանում, մատուցում, մակնշում, փաթեթավորում, չափածրարում, վաճառքի նպատակով գովազդում, մատակարարում, իրացում, պահեստավորում, փոխադրում, առաքում.
աղտոտող նյութեր՝ նյութեր, որոնք չեն մտնում սննդամթերքի բաղադրության մեջ, սակայն դրա հետ կապված գործառնությունների ընթացքում կամ շրջակա միջավայրի աղտոտվածության հետեւանքով հայտնվում են սննդամթերքի մեջ.
հավելում՝ որպես սննդամթերք չօգտագործվող եւ սննդամթերքի բաղադրամաս չհանդիսացող որեւէ նյութ, որը, անկախ դրա սննդարարության արժեքից, տեխնոլոգիական (այդ թվում` օրգանոլեպտիկ) նպատակներով ավելացվում է սննդամթերքին.
մակնշում՝ սննդամթերքին առնչվող որեւէ բառի, էլեմենտի, ապրանքային նշանի, անվան, գծագրի կամ խորհրդանշի զետեղումը սննդամթերքին կցված կամ ուղեկցող փաստաթղթի, փաթեթավորման, պիտակի, բռնակի կամ կապոցափոկի վրա.
սննդամթերքի արտադրման եւ իրացման համար հատկացվող տարածք՝ շենք, շինություն կամ դրանց մի մասը, տրանսպորտային միջոցներ ու հարմարություններ, որտեղ իրականացվում են սննդամթերքի հետ կապված գործառնություններ:
Հոդված 3. Սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությունը
1. Սննդամթերքի անվտանգության բնագավառում իրավահարաբերու-թյունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով եւ օրենսդրական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Սննդամթերքի իրացման պահանջները
Սննդամթերքի իրացումն արգելվում է, եթե՝
ա) պարունակում է հավելում, որն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գերազանցում է նորմատիվ փաստաթղթերով սահմանված թույլատրելի առավելագույն քանակները.
բ) պարունակող թունաքիմիկատների, անասնաբուժական դեղամիջոցների կամ աղտոտող նյութերի մնացորդային քանակները գերազանցում են օրենսդրությամբ սահմանված թույլատրելի առավելագույն քանակները.
գ) պիտանիության ժամկետն անցել է.
դ) իրացման համար բացակայում են համապատասխան հիգիենիկ պայմանները.
ե) փաթեթավորող եւ սննդամթերքի հետ շփման մեջ մտնող նյութերը չեն համապատասխանում գործող նորմերին.
զ) չի համապատասխանում նորմատիվ փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջներին:
Հոդված 5. Սննդամթերքի անվտանգությանն առնչվող հիգիենիկ պահանջները
1. Սննդամթերքի հետ կապված գործառնությունները պետք է իրականացվեն սանիտարական կանոններին եւ հիգիենիկ նորմերին համապատասխանող պայմաններում:
2. Սննդամթերքը պետք է բավարարի սանիտարական կանոնների եւ հիգիենիկ նորմատիվների պահանջները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ՄԱԿ-ի Պարենամթերքի եւ գյուղատնտեսական արտադրանքի կազմակերպության Codex Alimentaris-ի պահանջները:
3. Սննդամթերքի մեջ օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի գործող նորմատիվային պահանջներին:
4. Սննդամթերքի արտադրման եւ իրացման համար հատկացվող տարածքները պետք է կառուցվեն, կահավորվեն, վերանորոգվեն, պահպանվեն եւ օգտագործվեն այնպես, որ այնտեղ տարբեր գործառնությունների ենթարկվող սննդամթերքը քաղաքացիների կյանքի եւ առողջության համար լինի անվտանգ, եւ որ դրանք համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաստատված՝ տվյալ սննդամթերքին ներկայացվող սանիտարական կանոններին եւ հիգիենիկ նորմերին:
5. Արգելվում է սննդամթերքի հետ կապված գործառնությունների իրականացման համար հատկացված տարածքների օգտագործումն առողջությանն սպառնացող նպատակներով:
Հոդված 6. Սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները
1. Սննդամթերքի անվտանգության պահանջները (նորմերը) սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով, որոնք մշակում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները եւ հաստատվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:
2. Տեխնիկական կանոնակարգերը պետք է հիմնավորված լինեն գիտականորեն՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային եւ միջպետական ստանդարտները:
3. Սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները պետք է մշակվեն ինչպես ընդհանուր դեպքերի (հավելումների օգտագործում, աղտոտող նյութերի սահմանային քանակությունների պահպանում եւ այլն), այնպես էլ սննդամթերքի առանձին խմբերի համար:
4. Սննդամթերքի նորմատիվ փաստաթղթերը պետք է ներառեն ցուցանիշներ եւ պահանջներ, որոնք կապահովեն դրա ակնհայտ ստույգ պատկանելությունը տվյալ արտադրատեսակին, եւ որոնց ստուգումը կընդգրկի կեղծումները բացահայտող մեթոդներ:
Հոդված 7. Ներմուծվող սննդամթերքի անվտանգությունը
Ներմուծվող սննդամթերքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության նորմերին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան միջազգային կամ միջպետական ստանդարտներին եւ նորմերին:
Հոդված 8. Արտահանվող սննդամթերքի անվտանգությունը
Հայաստանի Հանրապետությունից արտահանվող սննդամթերքը պետք է համապատասխանի ներմուծող երկրի օրենսդրությամբ սահմանված նորմերին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան միջազգային կամ միջպետական ստանդարտներին եւ նորմերին:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները
Հայաստանի Հանրապետությունում սննդամթերք արտադրող, վերամշակող, փաթեթավորող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պարտավոր է այն մակնշել հայերեն լեզվով: Մակնիշը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝
ա) իրացվող սննդամթերքի անվանումը, զտաքաշը կամ ծավալը, եթե սննդամթերքը փաթեթավորված է.
բ) սննդամթերքում հավելումների ցանկը.
գ) արտադրության տարեթիվը եւ պիտանիության ժամկետը.
դ) սննդամթերքի օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող պատշաճորեն օգտագործվել (հատկապես բուժիչ, դիետիկ, մանկական սննդամթերք), առանձնահատուկ հանձնարարականներ դրա պահպանման եւ օգտագործման մասին: Այդպիսի սննդամթերքի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ե) տվյալներ արտադրողի մասին.
զ) սննդամթերքի ծագման երկիրը.
է) ոգելից խմիչքներում ալկոհոլի պարունակության տոկոսը.
ը) սննդային եւ էներգետիկ արժեքը.
թ) գծային ծածկագիրը.
ժ) նորմատիվ փաստաթղթերով սահմանված այլ տեղեկատվություն:
Հոդված 10. Սննդամթերքի անվտանգության արտադրական վերահսկողությունը
Արտադրողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է վերահսկողություն սահմանեն իրենց կողմից արտադրվող սննդամթերքի անվտանգության նկատմամբ:
Հոդված 11. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողությունը
1. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ իր լիազորած մարմինների միջոցով:
2. Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաեւ դրա հետ առնչվող սարքավորումների տեխնոլոգիական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման վերահսկողությունը սննդամթերքի հետ կապված գործառնություններում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 12. Փորձարկման լաբորատորիաները
1. Սննդամթերքի անվտանգության լաբորատոր փորձարկումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում:
2. Փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտներին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան միջազգային կամ առողջապահության մարմինների կողմից սահմանված չափանիշներին:
Հոդված 13. Սննդամթերքի արտադրության եւ իրացման գործընթացի մասնակիցների իրավասությունները
Արտադրողի եւ սպառողի պարտականություններն ու իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 14. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
Սույն օրենքի դրույթների պահանջները խախտողները կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 15. Եզրափակիչ դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 4 ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ 30 դեկտեմբեր 1999թ,
|
02.05.2005 | «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին |