Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.10.2000
Հոդված 1. Օրենքի նպատակը   

Սույն օրենքը սահմանում է Աղետի գոտու վերականգնման պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները եւ կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները։  

Հոդված 2. Աղետի գոտու հասկացությունը    

Սույն օրենքի իմաստով Աղետի գոտի են համարվում Հայաստանի Հանրապետության այն տարածքները, որոնցում տեղաբաշխված բնակելի, արտադրական, սոցիալական, պատմամշակութային, կոմունալ եւ այլ նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները տուժել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետեւանքով։  

Հոդված 3. Աղետի գոտու վերականգնման մասին իրավական ակտերը   

Աղետի գոտու վերականգնման գործընթացը եւ դրա հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով։  

Հոդված 4. Աղետի գոտու վերականգնման պետական քաղաքականության ծրագրային հիմունքները    

1. Աղետի գոտու վերականգնողական աշխատանքներն իրականացվում են Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրով (այսուհետ՝ Համալիր ծրագիր) սահմանված ժամկետներում եւ կարգով։

2. Համալիր ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքի ընդունմամբ։

3. Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանվում են կառավարության կողմից եւ արտացոլվում Աղետի գոտու վերականգնման տարեկան ծրագրերում (այսուհետ՝ Տարեկան ծրագիր)։

Տարեկան ծրագիրը մշակվում է կառավարության կողմից։

4. Տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն առանձին տողով արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում՝ որպես պաշտպանված հոդված։  

Հոդված 5. Համալիր եւ Տարեկան ծրագրերի բովանդակությունը եւ դրանց մշակման սկզբունքները

1. Համալիր եւ Տարեկան ծրագրերը ներառում են՝

ա) հիմնական խնդիրները.

բ) նախատեսված վերականգնողական աշխատանքների ծավալները եւ իրականացման ժամանակացույցը՝ ըստ մարզերի եւ բնակավայրերի.

գ) Աղետի գոտու բնակավայրերի կառուցապատման հատակագծային փաստաթղթերի համալրում եւ ճշգրտում՝ թաղամասերի համալիր սպասարկման ենթակառուցվածքների եւ բարեկարգման միջոցառումների ներառմամբ.

դ) վերականգնողական աշխատանքների ծավալները՝ ըստ վերականգնման ենթակա օբյեկտների նշանակության.

ե) վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման սկզբունքները.

զ) վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման ծավալները՝ ըստ դրանց ստացման աղբյուրների.

է) ծրագրերի կատարման սկզբունքները եւ նախատեսված աշխատանքների իրականացման առաջնայնությունները.

ը) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրերի համակողմանի ներկայացման համար։

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանվածից բացի, Համալիր ծրագիրը ներառում է նաեւ՝

ա) տեղեկանք՝ Աղետի գոտում 1989 թվականից իրականացված վերականգնողական աշխատանքների, երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած եւ բնակարանային հերթում գտնվող ընտանիքների քանակի, ինչպես նաեւ կրթության, առողջապահության, մշակութային, կոմունալ տնտեսության, արդյունաբերական եւ այլ ոլորտներում առկա վիճակի վերաբերյալ.

բ) վերականգնողական աշխատանքները համակարգող լիազորված պետական մարմնի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները.

գ) վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության կարգը.

դ) բնակչությանը եւ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող արտոնությունները.

ե) վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման վճարահաշվարկային սպասարկման կարգը.

զ) վերականգնողական աշխատանքների եւ դրանց ֆինանսավորման գործընթացի վերահսկողության կարգը։

3. Տարեկան ծրագիրը ներառում է վերականգնողական աշխատանքների ընթացքի եւ սպասվելիք կատարողականի վերլուծությունը։

4. Համալիր եւ Տարեկան ծրագրերը մշակվում են այդ ծրագրերի համապատասխանության ապահովման, անկախ բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակից՝ ծրագրերով սահմանված վերականգնողական աշխատանքների պարտադիր ֆինանսավորման, վերականգնողական աշխատանքների եւ դրանց ֆինանսական ապահովման հաշվեկշռվածության, Համալիր եւ Տարեկան ծրագրերի համադրելիության եւ հաշվետվության սկզբունքների պահպանմամբ։  

Հոդված 6. Համալիր եւ Տարեկան ծրագրերի հաստատումը    

1. Տարեկան ծրագրի նախագիծը կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում մինչեւ 2000 թվականի նոյեմբերի 15-ը։

2. Տարեկան ծրագիրն ընդգրկվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծում:

3. Համալիր ծրագիրը կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնում է Ազգային ժողովի հաստատմանը։  

Հոդված 7. Տարեկան ծրագրի եւ դրա կատարման մասին հաշվետվության քննարկման եւ հաստատման կարգը

1. Տարեկան ծրագիրն Ազգային ժողովի կողմից քննարկվում եւ հաստատվում է հերթական տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հետ միասին՝ որպես պետական բյուջեի բացատրագրի բաղկացուցիչ մաս։

2. Տարեկան ծրագրի կատարման մասին կառավարությունը ներկայացնում է ամենամյա հաշվետվություն։

3. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հանդիսանում է հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասը։

4. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներառում է սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթների շուրջ վերլուծականներ եւ Տարեկան ծրագրի կատարման գնահատականը։

5. Տարեկան ծրագրի կատարման արդյունքներով վերականգնողական աշխատանքների թերակատարված ծավալները ներառվում են հաջորդ տարվա Տարեկան ծրագրում, բայց ոչ ուշ, քան Համալիր ծրագրով նախատեսված վերջին ժամկետը։

6. Տարեկան ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության նպատակով Ազգային ժողովում կազմակերպվում են խորհրդարանական լսումներ՝ ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ։  

Հոդված 8. Անցումային դրույթ

Տարեկան ծրագիրն ընդգրկում է նաեւ 1997 թվականի հուլիսի 17-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետեւանքների վերացման շինարարական-վերականգնողական աշխատանքները:  

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը    

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։  


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝   Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

08 դեկտեմբերի 2000թ.
 ՀՕ-95




20.11.2002 «Աղետի գոտու վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին