Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.03.1998

Հոդված 1. Պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակելի տների եւ բնակելի տարածությունների (այսուհետ՝ բնակարաններ) սեփականատեր՝ գույքահարկ վճարող համարվող ֆիզիկական անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ) ազատվում են գույքահարկի վճարումից բնակարանների համար բնակշահագործման եւ շինարարական նորոգման հիմնարկների կամ դրանց իրավահաջորդների (այսուհետ՝ բնակշահագործման ձեռնարկություններ) կողմից 1995 թվականի հուլիսի 1-ից հետո օրենսդրության խախտմամբ գանձված բնակարանային վարձի գումարների չափով, եթե բնակշահագործման ձեռնարկությունների եւ քաղաքացիների միջեւ (մինչեւ հարկային տեսչության մարմիններին սույն օրենքի 3 հոդվածով սահմանված կարգով տվյալներ ներկայացնելը) չկա գրավոր համաձայնություն՝ այդ գումարները քաղաքացիներին այլ ձեւով փոխհատուցելու մասին:

Հոդված 2. Սույն օրենքի 1 հոդվածին համապատասխան սահմանված արտոնության գումարի չափով առաջին հերթին նվազեցվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով քաղաքացիների կողմից վճարման ենթակա գույքահարկի գումարները:

Հոդված 3. Բնակշահագործման ձեռնարկությունները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած կարգով, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում տվյալներ՝ սեփականաշնորհված բնակարանների համար գանձված բնակարանային վարձի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած կարգով, բնակշահագործման ձեռնարկություններին տեղեկություններ են հաղորդում բնակարանների սեփականաշնորհման տվյալների վերաբերյալ:

Հոդված 4. Սույն օրենքի 3 հոդվածին համապատասխան տվյալները ներկայացնելու պահին նույն համայնքի տարածքում հարկվող օբյեկտ համարվող գույք չունեցող քաղաքացիներն օրենսդրության խախտմամբ գանձված բնակարանային վարձի գումարները հետ են ստանում բնակշահագործման ձեռնարկություններից:

Հոդված 5. Սույն օրենքին համապատասխան՝ քաղաքացիների համար սահմանված արտոնության չափով հաշվարկված գումարները բնակշահագործման ձեռնարկությունները փոխհատուցում են համապատասխան բյուջեներ, եթե սեփականաշնորհված բնակարանների համար բնակշահագործման ձեռնարկությունների կողմից 1995 թվականի հուլիսի 1-ից հետո օրենսդրության խախտմամբ գանձված բնակարանային վարձի գումարները չեն հաշվեգրվել տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների օգտին:

Հոդված 6. Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10 ապրիլի 1998թ.
ՀՕ-204