Օրենքը չի գործում:
Գործում է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին«» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին » ՀՀ օրենքը

Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.03.2000

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սիգարների, սիգարելաների եւ սիգարետների (այսուհետ՝ ծխախոտի արտադրանք) համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի եւ մաքսատուրքի, եւ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար՝ ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման եւ վճարման կարգը:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ծխախոտի արտադրանքի վրա:

Հոդված 2. Հաստատագրված վճար վճարողները

Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող եւ հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք (այսուհետ՝ վճարողներ):

 Ծխախոտի արտադրանք ներմուծող քաղաքացիները վճարող են համարվում 400 հատ սիգարետը կամ սիգարելան եւ 10 հատ սիգարը գերազանցող մասի համար:

Հոդված 3. Հաստատագրված վճարների չափը

Վճարողները, տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, հաստատագրված վճարը հաշվարկում եւ վճարում են հետեւյալ չափերով`
 
Ապրանքի ծածկագիրն ըստ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի
Ապրանքի անվանումը
Հաստատագրված վճարի չափը (ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ 1,000 հատի համար)
ներմուծվող արտադրանքի համար
ներքին արտադրության արտադրանքի համար
2402 10 001 սիգարներ
3,000
2,200
2402 10 009 սիգարելաներ
30
22
2402 20 900 սիգարետներ ֆիլտրով
10
8
2402 20 910 սիգարետներ առանց ֆիլտրի
3
2.2

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 15, իսկ մաքսատուրքի հաշվարկային մեծությունը՝ 8.5 տոկոս:

Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 20 տոկոս:

Հոդված 4. Հաշվառումը

Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

Վճարողները՝

ա) ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության եւ իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.

բ) գործունեության այդ մասով հաշվարկում եւ վճարում են օրենսդրությամբ սահմանված այլ հարկեր, ինչպես նաեւ գործունեության այլ տեսակների համար՝ օրենսդրությամբ սահմանված հարկերը եւ պարտադիր այլ վճարները.

գ) սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի համաձայն հաշվարկված հաստատագրված վճարներից հաշվանցում են վճարողների կողմից հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների եւ ծառայությունների գնումների դիմաց ստացված՝ այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները.

դ) սույն օրենքով հարկման ենթակա գործունեության մասով ազատվում են իրենց գրանցման վայրի հարկային մարմիններին ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի հաշվարկներ ներկայացնելու պարտավորությունից:

Վճարողների համար ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության եւ իրացման մասով կասեցվում են մաքսատուրքի եւ (կամ) ավելացված արժեքի հարկի ու ակցիզային հարկի գծով օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:

Վճարողները, ինչպես նաեւ սույն օրենքի համաձայն վճարող չհամարվող՝ հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանք իրացնող անձինք Հայաստանի Հանրապետություն ներմուծված եւ հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքի իրացման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափի եւ գումարի նշում չեն կատարում: Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում եւ վճարվում է սահմանված ընդհանուր կարգով՝ անկախ հաստատագրված վճարների վճարումից:

Սույն օրենքի համաձայն վճարող չհամարվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանք իրացնող անձինք դրա իրացման գծով ապրանքների (շրջանառության ծախքերին վերաբերող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների եւ ծառայությունների) դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են ապրանքների ձեռքբերման արժեքին (շրջանառության ծախքերին)՝ իրացման ընդհանուր շրջանառության մեջ ծխախոտի արտադրանքի իրացման շրջանառության տեսակարար կշռին համապատասխանող չափով:

Հոդված 5. Հաստատագրված վճարի վճարումը

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ամսվա արդյունքներով՝ մինչեւ հաջորդ ամսվա 25-ը: Վճարողներն այդ ժամկետում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձեւով:

Հաստատագրված վճարը վճարվում է հայկական դրամով՝ ելնելով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած, իսկ հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արձանագրված եւ մինչեւ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից տրամադրված հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքից:

Հոդված 6. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ:

Հոդված 7. Օրենքի խախտումների համար պատասխանատվությունը

Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 մարտի 2000թ.
ՀՕ-40
 




14.12.2001 «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
05.05.2005 «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
25.05.2006 «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
26.12.2008 «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
07.10.2010 «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
28.11.2011 «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին