Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2000

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի եւ աղի արդյունահանված պաշարների համար.» :

Հոդված 2. Օրենքի 8 հոդվածում «հաշվարկվում են» բառերը փոխարինել «հաշվարկվում են սույն օրենքին համապատասխան» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9 հոդվածում՝

ա) 2-րդ կետում «Ձկնաբուծական» բառը փոխարինել «Ձկնաբուծական եւ խեցգետնաբուծական» բառերով.

բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների հիման վրա:

Ստորերկրյա քաղցրահամ եւ հանքային ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի եւ աղի ծավալների հիման վրա:

Սույն օրենքով պինդ օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված եւ արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների :

Սույն օրենքով ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերեւույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը :

Սույն օրենքով հանքային ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերեւույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների :

Ըստ օգտակար հանածոների առանձին տեսակների եւ առանձին հանքավայրերի՝ բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:».

գ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Անտառանյութի օգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա:

Մնացած կենսապաշարների համար վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա՝ սույն օրենքին համապատասխան, եւ պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ՝ մինչեւ կենսապաշարների տեղափոխումը:»:

Հոդված 4. Օրենքի 10 հոդվածի 1-ին կետի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում եւ վճարվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:

Հոդված 5. Օրենքի 11 հոդվածում՝

ա) վերնագրում «հաշվետվությունների» բառը փոխարինել «հաշվարկ-հաշվետվությունների» բառակապակցությամբ.

բ) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ- հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման՝ մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ տարեկան հաշվետվությունները՝ մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 25-ը , եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:

Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:».

գ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Վճարողները հաշվարկված եռամսյակային վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ, իսկ տարեկան վճարները՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող երրորդ ամսվա 1-ը:»:

Հոդված 6. Օրենքի 16 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

«4. Արտադրության եւ սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարից ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք՝ սպառման թափոնների համար:»:

Հոդված 7. Օրենքի 18 հոդվածում՝

ա) 3-րդ կետում «0.25տոկոսի չափով» բառերը փոխարինել «0.2 տոկոսի չափով» բառերով.

բ) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) վճարման օբյեկտի գծով վճարի գումարի նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:».

գ) 4-րդ կետում «հարկային մարմնին ներկայացվող հաշվարկը, ինչպես նաեւ լիազոր մարմնին ներկայացվող հաշվետվությունները» բառերը փոխարինել «հարկային եւ լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները» բառերով.

դ) 6-րդ կետի առաջին մասում «հաշվետվություններում եւ հաշվարկներում» բառերը փոխարինել «հաշվարկ-հաշվետվություններում» բառակապակցությամբ.

ե) 9-րդ կետում «հաշվետվություններ, հաշվարկներ» բառերը փոխարինել «հաշվարկ-հաշվետվություններ» բառակապակցությամբ:

Հոդված 8. Օրենքի 20 հոդվածի 2-րդ կետում «6 հոդվածով» բառերը փոխարինել «7 հոդվածով» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից :
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 դեկտեմբերի 2000թ.
ՀՕ-122