Գործում է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքը
ՕՐԵՆՔԸ
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է դատավորի անկախության, նյութական եւ սոցիալական ապահովության, անվտանգության եւ գործունեության այլ երաշխիքների հետ կապված հարաբերությունները, սահմանում է դատավորի լիազորությունների դադարեցման եւ կարգապահական պատասխանատվության հիմքերը, դատավորներին շնորհվող որակավորման դասերը եւ դրանց հետ կապված արտոնությունները:
Պետական ծառայողների կարգավիճակին վերաբերող օրենքները եւ այլ նորմատիվ իրավական ակտերը դատավորներին վերաբերում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:
Հոդված 2. Դատավորների կարգավիճակի միասնականությունը
Հայաստանի Հանրապետությունում դատավորներ են՝ օրենքով սահմանված կարգով նշանակված առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահները եւ դատավորները, վճռաբեկ դատարանի նախագահը, դրա պալատների նախագահները եւ դատավորները:
Դատավոր է այն անձը, ով Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ եւ իր պաշտոնեական պարտականություններն իրականացնում է մշտական հիմունքներով:
Բոլոր դատավորներն ունեն միասնական կարգավիճակ եւ միմյանցից տարբերվում են իրենց լիազորություններով եւ իրավասությամբ:
Հոդված 3. Օրենքի գործողությունը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորների վրա:
Հոդված 4. Դատավորի կարգավիճակը սահմանող օրենսդրությունը
Դատավորի կարգավիճակը սահմանվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերով, սույն օրենքով , «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով:
Հոդված 5. Դատավորի անկախությունը
Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին:
Արդարադատություն իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որեւէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի:
Դատավորի պատասխանատվության հիմքերը եւ կարգը սահմանվում են օրենքով:
Հոդված 6. Դատավորի գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը
Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց, կուսակցությունների, հասարակական միավորումների եւ լրատվության միջոցների ցանկացած միջամտություն դատավորի գործունեությանը՝ արդարադատություն իրականացնելիս անթույլատրելի է եւ առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Դատավորը պարտավոր չէ բացատրություններ տալ իր վարույթում գտնվող գործի կամ նյութի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
Հոդված 7. Պատասխանատվությունը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար
Արդարադատության իրականացման կապակցությամբ դատավորին կամ նրա մերձավորներին սպառնալը, նրան վիրավորանք հասցնելը, դատարանի վճիռը, դատավճիռը կամ որոշումը դիտավորյալ չկատարելը կամ դրանց կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաեւ գործին մասնակցող կամ դատական նիստին ներկա անձանց կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելը, ինչ ձեւով էլ որ դա արտահայտված լինի, առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 8. Դատավորի ապաքաղաքականացվածությունը
Դատավորը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ, ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը կամ ցանկացած այլ ձեւով զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Հոդված 9. Դատավորի` այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը
Դատավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Դատավորը չի կարող լինել պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման որեւէ ներկայացուցչական մարմնի անդամ:
Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Հոդված 10. Դատավորի անփոփոխելիությունը
Դատավորն անփոփոխելի է:
Նա պաշտոնավարում է մինչեւ իր 65 տարին լրանալը:
Դատավորը չի կարող առանց իր գրավոր համաձայնության փոխադրվել աշխատանքի՝ այլ դատարան:
Դատավորն իր համաձայնությամբ կարող է ժամանակավորապես գործուղվել նույն ատյանի այլ դատարան:
Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը եւ կարգը սահմանվում են սույն օրենքով եւ այլ օրենքներով:
Հոդված 11. Դատավորի անձեռնմխելիությունը
Դատավորն անձեռնմխելի է:
Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, որն էլ հսկողություն է իրականացնում տվյալ գործի քննության օրինականության նկատմամբ:
Դատավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել՝ առանց արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:
Դատավորի ձերբակալման, բերման ենթարկելու, նրա կամ նրա բնակարանի խուզարկության դեպքում համապատասխան մարմինն այդ մասին անմիջապես տեղյակ է պահում Հանրապետության Նախագահին, արդարադատության նախարարին եւ դատարանների նախագահների խորհրդի նախագահին:
Հոդված 12. Դատավորի երդումը
Դատավորի պաշտոնում նշանակված անձն իր պաշտոնն ստանձնում է արդարադատության խորհրդում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, երդվում եմ՝ արդարադատություն իրականացնելիս ենթարկվել միայն Սահմանադրությանն ու օրենքներին, լինել անաչառ եւ սկզբունքային, արդարացի եւ մարդասեր, բարձր պահել պետության եւ դատարանի հեղինակությունը»:
Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում, անհատական կարգով` յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:
Դատավորը ստորագրում է երդման տեքստը:
Երդումը տրվում է դատավորի նշանակման օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. Դատավորի իրավունքները
Դատավորի` արդարադատության իրականացման հետ կապված իրավունքները սահմանվում են Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերով եւ այլ օրենքներով:
Դատավորները կարող են կազմավորել միավորումներ եւ անդամակցել դրանց՝ իրենց շահերի ներկայացման, մասնագիտական մակարդակի բարձրացման եւ կարգավիճակի պաշտպանության նպատակով:
Դատավորն իրավունք ունի առաջադրվել արդարադատության խորհրդի անդամության թեկնածու:
Հոդված 14. Դատավորի պարտականությունները
Դատավորը քաղաքացիական, տնտեսական, քրեական կամ վարչական գործեր լսելիս պարտավոր է խստիվ ղեկավարվել օրենքով, ապահովել անձանց` Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ արժանապատվության պաշտպանությունը:
Դատավորը պարտավոր է հոգ տանել իր մասնագիտական գիտելիքների մակարդակի եւ աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ:
Դատավորը թե դատարանում իր պարտականությունները կատարելիս, թե արտածառայողական հարաբերություններում պարտավոր է խուսափել այն ամենից, ինչը կարող է վնասել դատարանի հեղինակությանը եւ դատավորի բարձր կոչմանը, կասկած հարուցել դատավորի անաչառության եւ անկողմնակալության նկատմամբ:
Դատավորն իրավունք չունի հրապարակել դատավորների խորհրդակցության եւ քվեարկության գաղտնիքը, դռնփակ դատաքննության ժամանակ ստացած տեղեկություններն ինչպես պաշտոնավարության ժամանակ, այնպես էլ պաշտոնաթողությունից հետո:
Հոդված 15. Դատավորը եւ հասարակությունը
Դատավորը պարտավոր է խստագույնս պահպանել էթիկայի եւ բարոյականության նորմերը:
Դատավորին արգելվում է հրապարակայնորեն ցանկացած ձեւով անհարգալից վերաբերմունք արտահայտել օրենքի կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի նկատմամբ: Հավասարապես արգելվում են բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վնասել պետության եւ դատարանի հեղինակությանը:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 16. Դատավորի աշխատավարձը
Դատավորի աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով, ընդ որում`
1) միեւնույն ատյանի բոլոր դատարանների դատավորները եւ միեւնույն ատյանի բոլոր դատարանների նախագահները համապատասխանաբար վարձատրվում են հավասար չափով.
2) վերաքննիչ դատարանների դատավորների եւ դատարանների նախագահների աշխատավարձերը գերազանցում են համապատասխանաբար առաջին ատյանի դատավորների եւ դատարանների նախագահների աշխատավարձերը տասը տոկոսով.
3) վճռաբեկ դատարանի դատավորների եւ դատարանի նախագահի աշխատավարձերը գերազանցում են համապատասխանաբար վերաքննիչ ատյանի դատավորների եւ դատարանների նախագահների աշխատավարձերը տասը տոկոսով:
Դատավորի աշխատավարձը չի կարող պակաս լինել համապատասխան ատյանի դատարանի նախագահի աշխատավարձից ավելի, քան տասը տոկոսով:
Վճռաբեկ դատարանի պալատների դատավորների աշխատավարձը չի կարող պակաս լինել վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձից ավելի, քան հինգ տոկոսով:
Հոդված 17. Հավելավճարներ դատավորների աշխատավարձին
Դատավորն ստանում է դրամական հավելավճար իր աշխատավարձին որակավորման դասի եւ աշխատանքային ստաժի համար:
Հոդված 18. Դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքը
Դատավորն իրավունք ունի ստանալ աշխատանքային կենսաթոշակ դատավորի՝ իր վերջին զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված աշխատավարձի 75 տոկոսի չափով: Նշված իրավունքից չեն օգտվում այն անձինք, ովքեր դատավորի պաշտոնում աշխատել են 3 տարուց պակաս, կամ որոնց լիազորությունները դադարեցվել են Հանրապետության Նախագահի կողմից սույն օրենքի 30 հոդվածի առաջին մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված հիմքերով:
Հոդված 19. Դատավորին տրամադրվող արձակուրդը
Դատավորներն ունեն 30 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
Առանձին դեպքերում անձնական, ընտանեկան կամ այլ հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել լրացուցիչ չվճարվող արձակուրդ՝ մինչեւ 30 օրացուցային օր տեւողությամբ:
Հոդված 20. Դատավորի ապահովումը ծառայողական բնակարանով
Իր մշտական բնակության վայրից դուրս աշխատանքի նշանակվելիս դատավորին, կառավարության սահմանած չափերով եւ կարգով, վճարվում է իր եւ իր ընտանիքի անդամների տեղափոխման հետ կապված ծախսերի, ինչպես նաեւ բնակարանային վարձի փոխհատուցում:
Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին, կառավարության սահմանած չափերով եւ կարգով, վճարվում են գործուղման ծախսեր:
ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 21. Դատավորի աշխատասենյակը
Դատավորն ունի առանձին ծառայողական աշխատասենյակ՝ կառավարության սահմանած տիպային կահավորման ցանկին համապատասխան: Դատավորի աշխատասենյակում պետք է տեղադրված լինի հանրապետության տարածքում հեռախոսակապ հաստատելու միջոց:
Դատավորի աշխատասենյակում առկա է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, իսկ աշխատասեղանի մոտ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Հոդված 22. Դատավորի հանդերձանքը դատական նիստի ընթացքում
Դատական նիստին դատավորը մասնակցում է սահմանված ձեւի պատմուճանով (թիկնոցով), որը նրան տրամադրվում է անվճար:
Պատմուճանի նկարագրությունը հաստատում է կառավարությունը:
Հոդված 23. Դատավորի աշխատակազմը
Օրենքով յուրաքանչյուր դատավորի տրամադրվող հաստիքներում նշանակումը կատարվում է դատավորի ներկայացմամբ՝ տվյալ ատյանի դատարանի նախագահի կողմից:
Հոդված 24. Դատավորի անվտանգությունը
Դատավորը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատավորի դիմումի հիման վրա իրավասու պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները դատավորի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Հոդված 25. Դատավորի անձնական պաշտպանության միջոցները
Դատավորներն ունեն հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ ունենալու եւ կրելու իրավունք:
Հոդված 26. Դատավորի զինվորական ամրագրումը
Դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է զինվորական ծառայությունից, զորահավաքներից եւ վարժական հավաքներից:
Հոդված 27. Կապի միջոցներից օգտվելու իրավունքը
Հանրապետության տարածքում կապ հաստատելու համար դատավորն իրավունք ունի օգտվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող կապի միջոցներից:
Հոդված 28. Դատավորի ծառայողական վկայականը
Դատավորին` իր գործունեության ողջ ժամանակահատվածի համար, Հանրապետության Նախագահի կողմից տրվում է ծառայողական վկայական:
Հոդված 29. Դատավորի՝ ընդունելության իրավունքը
Դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք արդարադատության խորհրդի անդամների եւ փոխնախագահների մոտ:
ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը
Դատավորի լիազորություններն արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա դադարեցնում է Հանրապետության Նախագահը, եթե`
1) նա դիմում է այդ մասին (հրաժարական է տալիս).
2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).
3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
4) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
5) նա ավելի քան տասն օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի.
6) նա նշանակվել է դատավորի պաշտոնում՝ օրենքի պահանջների խախտմամբ.
7) նա կատարել է այնպիսի արարք, որը «Դատավորի վարքագծի կանոնագրքի» համաձայն հիմք է լիազորությունների դադարեցման համար.
8) նա արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում .
9) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
10) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
11) նա խախտել է սույն օրենքի 8 կամ 9 հոդվածների պահանջները.
12) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
Դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում արդարադատության նախարարը:
Սույն հոդվածի առաջին մասի յոթերորդ կետով նախատեսված հիմքով դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով արդարադատության նախարարը արդարադատության խորհուրդ է դիմում միայն դատարանների նախագահների խորհրդի եզրակացությունն ստանալուց հետո: Նշված եզրակացությունը ներկայացվում է արդարադատության խորհուրդ:
Հոդված 31. Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերը
Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում արդարադատության խորհուրդը:
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի արդարադատության նախարարը:
Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են`
1) արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը.
2) աշխատանքային կարգապահությունը խախտելը.
3) դատավորին անվայել արարք կատարելը.
4) սույն օրենքի 14 կամ 15 հոդվածների պահանջները խախտելը:
Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած (կայացմանը մասնակցած) դատավորի պատասխանատվություն, եթե արդարադատություն իրականացնելիս նա թույլ չի տվել օրենքի կանխամտածված խախտում կամ անբարեխղճություն, որն էական հետեւանքներ է առաջացրել:
Դատավորը կարող է կարգապահական տույժի ենթարկվել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո՝ չհաշված կարգապահական վարույթի ընթացքը կամ աշխատանքից հարգելի պատճառներով դատավորի բացակայության ժամանակը, բայց ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարի հետո:
Մինչեւ կարգապահական վարույթի նյութերն արդարադատության խորհուրդ ուղարկելը դրանց հետ իրավունք ունի ծանոթանալ այն դատավորը, ում նկատմամբ վարույթ է հարուցվել: Ընդ որում, դատավորն իրավունք ունի ներկայացնել լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցել լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին:
Հոդված 32. Կարգապահական պատասխանատվության տեսակները
Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել հետեւյալ կարգապահական տույժերը`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն:
Եթե արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` կարճելով հարուցված կարգապահական վարույթը:
Արդարադատության խորհուրդը (իսկ մինչեւ խորհրդում հարցի քննարկումը՝ արդարադատության նախարարը) կարգապահական վարույթը կարճում է նաեւ այն դեպքերում, երբ հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, կամ երբ բաց են թողնված սույն օրենքի 31 հոդվածի հինգերորդ մասով սահմանված ժամկետները:
Եթե կարգապահական տույժ տալու օրվանից երկու տարվա ընթացքում դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:
Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել մի քանի փաստերի հիման վրա, ապա նրա նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժի միայն մեկ միջոց:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ
Հոդված 33. Դատավորների որակավորման դասերը
Հայաստանի Հանրապետության դատավորներին շնորհվում են հետեւյալ որակավորման դասերը՝
1) բարձրագույն որակավորման դաս.
2) առաջին որակավորման դաս.
3) երկրորդ որակավորման դաս.
4) երրորդ որակավորման դաս.
5) չորրորդ որակավորման դաս.
6) հինգերորդ որակավորման դաս:
Հոդված 34. Որակավորման դասերի շնորհման հաջորդականությունը
Յուրաքանչյուր որակավորման դաս, որպես կանոն, շնորհվում է հաջորդական կարգով` զբաղեցրած պաշտոնին, աշխատանքային փորձին, մասնագիտական եւ գործնական հատկանիշներին համապատասխան` նախորդ որակավորման դասը կրելու հետեւյալ նվազագույն ժամկետները լրանալու դեպքում՝
1) հինգերորդ որակավորման դաս` 3 տարի.
2) չորրորդ որակավորման դաս` 3 տարի.
3) երրորդ որակավորման դաս` 4 տարի.
4) երկրորդ որակավորման դաս` 4 տարի:
Առաջին որակավորման դասը կրելու նվազագույն ժամկետ չի սահմանվում:
Հոդված 35. Որակավորման դասերի շնորհումը
Որակավորման դասերը, որպես կանոն, շնորհվում են`
1) բարձրագույն որակավորման դասը եւ առաջին որակավորման դասը` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներին.
2) երկրորդ որակավորման դասը եւ երրորդ որակավորման դասը` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանների դատավորներին.
3) չորրորդ որակավորման դասը եւ հինգերորդ որակավորման դասը` Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների դատավորներին:
Որակավորման դասերը շնորհում է Հանրապետության Նախագահը` արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա: Դատավորներին որակավորման դասեր շնորհելու միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում արդարադատության նախարարը:
Առաջին անգամ դատավորի պաշտոնում նշանակված անձանց՝ երկամսյա ժամկետում շնորհվում է համապատասխան որակավորման դաս:
Հոդված 36. Որակավորման դասերի աստիճանային հաջորդականության ժամկետը խախտելը
Առանց որակավորման դասերի աստիճանային հաջորդականության եւ տվյալ աստիճանում գտնվելու ժամկետի պահպանման` նոր որակավորման դաս, բայց ոչ ավելի, քան երկու աստիճան, մինչեւ առաջին որակավորման դասը ներառյալ, կարող է շնորհվել`
1) դատավորի՝ ավելի բարձր վարձատրվող պաշտոն զբաղեցնելու կապակցությամբ.
2) ակնհայտ բարձր որակավորում կամ աշխատանքային առանձնահատուկ ցուցանիշներ ունենալու դեպքում` անկախ զբաղեցրած պաշտոնից:
Հոդված 37. Որակավորման դասերի համար տրվող հավելավճարները եւ այլ արտոնությունները
Դատավորներին շնորհվող որակավորման դասերը եւ այդ կապակցությամբ սահմանվող արտոնությունները, բացի սույն հոդվածի երրորդ մասով սահմանված հավելավճարներից, պահպանվում են ցմահ: Այլ աշխատանքի անցնելու դեպքում դրանք պահպանվում են, եթե նոր պաշտոնի հետ կապված դասեր (կոչումներ)՝ համապատասխան արտոնություններով սահմանված չեն:
Դատավորներն իրենց շնորհված որակավորման դասերից կարող են զրկվել միայն սույն օրենքի 30 հոդվածի առաջին մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված հիմքերով նրանց լիազորությունները դադարեցվելու դեպքում: Որակավորման դասից զրկելը կատարվում է դրա շնորհման համար սահմանված կարգով:
Որակավորման դաս կրող դատավորների աշխատավարձի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար հետեւյալ չափերով`
1) բարձրագույն որակավորման դաս` 50 տոկոսի չափով.
2) առաջին որակավորման դաս` 40 տոկոսի չափով.
3) երկրորդ որակավորման դաս` 30 տոկոսի չափով.
4) երրորդ որակավորման դաս` 25 տոկոսի չափով.
5) չորրորդ որակավորման դաս` 20 տոկոսի չափով.
6) հինգերորդ որակավորման դաս` 15 տոկոսի չափով:
Որակավորման դաս կրող դատավորներին վճարվում է հավելավճար աշխատանքային ստաժի համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետեւյալ տոկոսային արտահայտությամբ`
1) 5 - 10 տարի` 5 տոկոսի չափով.
2) 10 - 15 տարի` 10 տոկոսի չափով.
3) 15 - 20 տարի` 15 տոկոսի չափով.
4) 20 - 25 տարի` 20 տոկոսի չափով.
5) 25 տարուց ավելի` 25 տոկոսի չափով, իսկ 25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` հավելյալ մեկ տոկոսի չափով:
Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված հավելավճարի սահմանման համար հիմք համարվող աշխատանքային ստաժը ներառում է՝
1) այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ դատավորը կրել է զինվորական, հատուկ, պատվավոր կոչումներ կամ այլ դասային աստիճաններ.
2) իրավաբանի մասնագիտությամբ ցանկացած այլ աշխատանք:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 38. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից:
Հոդված 39. Որոշ իրավական ակտերն ուժը կորցրած ճանաչելը
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել՝ «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին որակավորման դասեր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ 1993 թվականի հուլիսի 30-ի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին որակավորման դասեր շնորհելու եւ դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրությունը:
Հոդված 40. Անցումային դրույթ
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի եւ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների՝ որակավորման դասեր կրող դատավորների որակավորման դասերը պահպանվում են ցմահ, եթե դատական նոր համակարգը ձեւավորվելուց հետո դատավորի պաշտոնում նշանակվելու դեպքում նրանց որակավորման ավելի բարձր դասեր չեն շնորհվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 հուլիսի 1998թ.
ՀՕ-230