ՕՐԵՆՔԸ
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Գլուխ I Ընդհանուր դրույթներ
- Գլուխ II Արհեստակցական միության հիմնադրումը
- Գլուխ III Արհեստակցական միության գործունեությունը
- Գլուխ IV Արհեստակցական միության նպատակները, իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը
- Գլուխ V Արհեստակցական միության գործունեության իրականացման երաշխիքները եւ գործունեության վերահսկողությունը
- Գլուխ VI Արհեստակցական միության սեփականությունը եւ դրա տնօրինման կարգը
- Գլուխ VII Եզրափակիչ դրույթ
Հոդված 1 . Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է արհեստակցական միությունների հիմնադրման կարգը, նրանց գործունեության սկզբունքները եւ հարաբերությունները պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ, ինչպես նաեւ կարգավորում է արհեստակցական միությունների եւ նրանց մասնակիցների (անդամների) իրավունքների ու շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող արհեստակցական միությունների վրա:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
արհեստակցական միություն՝ արհեստակցական կազմակերպություն կամ արհեստակցական կազմակերպությունների միություն.
արհեստակցական կազմակերպություն՝ հասարակական միավորում, որը կամավորության սկզբունքով միավորում է աշխատողներին՝ նրանց աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական եւ այլ շահերն ու իրավունքները ներկայացնելու եւ պաշտպանելու համար.
արհեստակցական կազմակերպությունների միություն՝ իրավաբանական անձանց միություն, որը միավորում է արհեստակցական կազմակերպություններին եւ (կամ) արհեստակցական կազմակերպությունների միություններին.
արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն՝ իրավաբանական անձանց միություն, որը միավորում է մասնագիտական գործունեության որոշակի ոլորտում կամ հարակից ոլորտներում գործող արհեստակցական կազմակերպությունների եւ (կամ) արհեստակցական կազմակերպությունների միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ ոլորտի առավելագույն թվով աշխատողներ.
արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միություն՝ իրավաբանական անձանց միություն, որը միավորում է արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են հանրապետությունում գործող արհեստակցական միությունների առավելագույն թվով անդամներ.
գործատու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գործունեություն իրականացնող հիմնարկ, իրավաբանական անձ կամ որեւէ այլ կազմակերպություն՝ անկախ սեփականության ձեւից, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով վարձու աշխատանք օգտագործող ֆիզիկական անձ.
աշխատող՝ օրենքով աշխատելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք է կատարում գործատուի մոտ.
արհեստակցական միության մասնակից (անդամ) ՝ անձ, որը կամավորության սկզբունքով մասնակից է դարձել (անդամագրվել է) արհեստակցական միությանը՝ վերջինիս կանոնադրության համաձայն։
Հոդված 3. Արհեստակցական միության գործունեության հիմնական սկզբունքները
Արհեստակցական միության գործունեության հիմնական սկզբունքներն են՝
ա) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպություններից անկախությունը.
բ) արհեստակցական միություններին մասնակցելու (անդամակցելու) կամավորությունը.
գ) արհեստակցական միությունների իրավահավասարությունը.
դ) աշխատողի իրավունքների սահմանափակում թույլ չտալը՝ կապված նրա՝ արհեստակցական միության մասնակից (անդամ) լինելու հանգամանքի հետ:
Արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն երեք աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ:
Հիմնադիր ժողովը հաստատում է կազմակերպության կանոնադրությունը, ընտրում է ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններ:
Հոդված 5. Արհեստակցական կազմակերպությունների միության հիմնադրումը
Երկու եւ ավելի արհեստակցական կազմակերպություններ եւ (կամ) արհեստակցական կազմակերպությունների միություններ իրենց ներկայացուցիչների ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ կարող են հիմնադրել արհեստակցական կազմակերպությունների մեկ միություն՝ հաստատելով նրա կանոնադրությունը եւ ընտրելով ղեկավար ու վերահսկողություն իրականացնող մարմիններ:
Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական եւ ճյուղային հանրապետական միություններն իրավունք ունեն իրենց անվանման մեջ օգտագործել «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կամ դրա հապավումը:
Հոդված 6. Արհեստակցական կազմակերպության մասնակիցները (անդամները)
Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատողները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք:
Աշխատողը կարող է մասնակից (անդամ) լինել մեկից ավելի կազմակերպությունների, եթե դա չի հակասում նրանց կանոնադրություններին:
Արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) լինելու կարգը սահմանվում է այդ կազմակերպության կանոնադրությամբ:
Արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ իրավապահ մարմինների ծառայողները:
Գործատուն չի կարող ընտրվել այն արհեստակցական կազմակերպության ղեկավար մարմինների կազմում, որին մասնակցում (անդամակցում) է տվյալ գործատուի աշխատողը:
Հոդված 7. Արհեստակցական կազմակերպությունների միության մասնակիցները (անդամները)
Արհեստակցական կազմակերպությունների միության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել արհեստակցական կազմակերպությունները եւ (կամ) արհեստակցական կազմակերպությունների միությունները:
Արհեստակցական կազմակերպությունը եւ արհեստակցական կազմակերպությունների միությունը կարող են մասնակից (անդամ) լինել արհեստակցական կազմակերպությունների մեկ միության:
Արհեստակցական միությանը մասնակից (անդամ) լինելը կարգավորվում է նրա կանոնադրությամբ:
Հոդված 8. Արհեստակցական միության բարձրագույն մարմինը
Արհեստակցական միության բարձրագույն մարմինը նրա ժողովն է (համաժողովը, համագումարը), որը հրավիրվում է նրա կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ:
Արհեստակցական միության բարձրագույն մարմինն ունի նրա գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք: Նրա բացառիկ իրավասությունն է՝
ա) արհեստակցական միության կանոնադրության հաստատումը եւ փոփոխումը.
բ) արհեստակցական միության ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը.
գ) արհեստակցական միության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումների ընդունումը:
Հոդված 9. Արհեստակցական միության կանոնադրությունը
Կանոնադրությունը պետք է բովանդակի արհեստակցական միության՝
ա) անվանումը, որը պետք է ներառի համապատասխանաբար «արհեստակցական կազմակերպություն» կամ «արհեստակցական կազմակերպությունների միություն» բառերը.
բ) գործունեության առարկան եւ նպատակները.
գ) կառուցվածքը, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման եւ գործունեության կարգը, նրանց գործառույթները.
դ) մասնակից (անդամ) դառնալու եւ մասնակցությունից (անդամակցությունից) դուրս գալու կարգը.
ե) մասնակիցների (անդամների) իրավունքները եւ պարտականությունները.
զ) գտնվելու վայրը (հասցեն).
է) վերակազմակերպման եւ լուծարման կարգը.
ը) կանոնադրությունում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու կարգը.
թ) մուտքի վճարների, անդամավճարների չափը, մուծումների կարգը եւ գույքի ձեռքբերման այլ աղբյուրներ:
Հոդված 10. Արհեստակցական միության իրավունակությունը
Արհեստակցական միության իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից եւ դադարում է նրա լուծարման ավարտի մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառում կատարելու պահին:
Արհեստակցական միության գրանցումը եւ գրանցման մերժումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 11. Արհեստակցական միության վերակազմակերպումը եւ լուծարումը
Արհեստակցական միության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը) իրականացվում է նրա բարձրագույն մարմնի որոշմամբ՝ օրենքով եւ նրա կանոնադրությամբ սահմանված կարգով:
Արհեստակցական միության վերակազմավորում չի թույլատրվում:
Արհեստակցական միության լուծարումը տեղի է ունենում օրենքով եւ արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով ու դեպքերում:
Հոդված 12. Արհեստակցական միության գործունեության իրավական հիմքերը
Արհեստակցական միությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ արհեստակցական միության կանոնադրությանը համապատասխան:
Հոդված 13. Արհեստակցական միության անկախությունը
Արհեստակցական միությունն անկախ է պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, այլ կազմակերպություններից եւ կուսակցություններից. նրանց հաշվետու չէ եւ նրանց կողմից վերահսկողության ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 14. Արհեստակցական միությունների համագործակցությունը
Արհեստակցական միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ արհեստակցական միության կանոնադրությանը համապատասխան կարող է համագործակցել միջազգային եւ այլ երկրների արհեստակցական միությունների ու այլ հասարակական միավորումների հետ, ինչպես նաեւ մասնակցել (անդամակցել) միջազգային եւ այլ երկրների արհեստակցական միություններին։
Արհեստակցական միության նպատակներն են՝
ա) ներկայացնել եւ պաշտպանել արհեստակցական միության մասնակցի (անդամի) աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական ու այլ շահերը եւ իրավունքները գործատուի եւ (կամ) երրորդ անձի մոտ.
բ) գործատուի հրավերով մասնակցել արտադրական ծրագրերի մշակմանը եւ դրանց կենսագործմանը.
գ) գործատուին ներկայացնել առաջարկություններ՝ աշխատողների աշխատանքի եւ հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթեւացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի եւ կարգի վերաբերյալ.
դ) գործատուի հետ համագործակցել արհեստակցական միության մասնակցի (անդամի) պարգեւատրման եւ խրախուսման հարցերում.
ե) գործատուի ներկայացմամբ քննարկել աշխատանքային կարգապահության խախտում թույլ տված արհեստակցական միության մասնակցի (անդամի) հարցը:
Հոդված 16. Արհեստակցական միության՝ կոլեկտիվ պայմանագիր (համաձայնագիր) կնքելու իրավունքը
Արհեստակցական միությունը, ի դեմս իր ղեկավար մարմնի կամ ներկայացուցչի, իրավունք ունի կոլեկտիվ պայմանագիր (համաձայնագիր) կնքել (վերակնքել) գործատուի հետ:
Գործատուն պարտավոր է իր աշխատողներին միավորող արհեստակցական միության հետ կնքել (վերակնքել) կոլեկտիվ պայմանագիր (համաձայնագիր):
Կոլեկտիվ պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կարող է բանակցել եւ համաձայնագիր կնքել արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը, պետական կառավարման մյուս մարմինների հետ կարող են բանակցել եւ համաձայնագիր կնքել արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունները։
Հոդված 17. Արհեստակցական միության՝ աշխատանքի պայմանների հետ կապված իրավունքները
Արհեստակցական միության ղեկավար մարմնի ներկայացուցիչները, աշխատանքի պայմանների ուսումնասիրման նպատակով, իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այցելել այն աշխատատեղերը, որտեղ աշխատում են տվյալ արհեստակցական միության մասնակիցները (անդամները):
Աշխատատեղում, աշխատանքի պայմանների հետ կապված, աշխատողի կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող իրադրություն ի հայտ գալու դեպքում արհեստակցական միությունն իրավունք ունի գործատուից միջնորդագրով պահանջել միջոցներ ձեռնարկել ի հայտ եկած վտանգը վերացնելու կամ մինչ այդ աշխատանքն այդ աշխատատեղում դադարեցնելու համար: Միջնորդագրերին ի պատասխան՝ գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում արհեստակցական միությանը տեղյակ պահել ձեռնարկված միջոցառումների մասին:
Հոդված 18. Արհեստակցական միության՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքը
Արհեստակցական միությունն իր կանոնադրական խնդիրներն իրագործելու նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից ստանալ ծառայողական, առեւտրային կամ բանկային գաղտնիք չհամարվող տեղեկություններ:
Արհեստակցական միությունն իրավունք ունի իր գործունեությունը լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով կամ այդ նպատակով, օրենքով սահմանված կարգով, ունենալ լրատվության միջոցներ:
Հոդված 19. Արհեստակցական միության՝ միջնորդագիր ներկայացնելու իրավունքը
Արհեստակցական միությունը, արհեստակցական միության մասնակցի (անդամի) իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով, իրավասու է միջնորդագրով դիմել պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուին կամ այլ անձանց, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով բողոքարկել նրանց գործողությունները (անգործությունը):
Հոդված 20. Արհեստակցական միության՝ գործադուլներ եւ զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու իրավունքը
Արհեստակցական միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կազմակերպել եւ անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ, զանգվածային այլ միջոցառումներ, դրանց հետ կապված բանակցություններ վարել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, այլ կազմակերպությունների, նրանց պաշտոնատար անձանց հետ:
Հոդված 21. Արհեստակցական միության մասնակցությունն օրենսդրության ձեւավորմանը
Արհեստակցական միությունը կարող է առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ արհեստակցական միության մասնակիցների (անդամների) աշխատանքային եւ սոցիալական իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական նորմատիվ ակտեր ընդունելու, այդ ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ:
Հոդված 22. Արհեստակցական միության պատասխանատվությունը
Կոլեկտիվ կամ այլ պարտավորություններ չկատարելու, ինչպես նաեւ անօրինական
գործադուլներ եւ այլ միջոցառումներ կազմակերպելու ու անցկացնելու համար արհեստակցական միությունը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 23. Արհեստակցական միության եւ նրա մասնակիցների (անդամների) գործունեության երաշխիքները
Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, գործատուներն ու այլ կազմակերպությունները, նրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ այլ անձինք պարտավոր են չխախտել արհեստակցական միության եւ նրա մասնակիցների (անդամների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները:
Արհեստակցական միության, նրա ներկայացուցչի իրավունքները խախտելը կամ կազմակերպության կանոնադրական գործունեությանը խոչընդոտելը, արհեստակցական միության ղեկավարներին ու ներկայացուցիչներին հետապնդելն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գործատուի նախաձեռնությամբ, այդ թվում՝ նաեւ աշխատատեղերի կրճատման դեպքում աշխատողի աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու, ինչպես նաեւ աշխատողին այլ աշխատանքի փոխադրելու, նրան կարգապահական տույժի ենթարկելու հետ կապված հարաբերություններին, կոլեկտիվ եւ անհատական վեճերին արհեստակցական միության մասնակցությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Հոդված 24. Արհեստակցական միության գործունեության իրականացման համար պայմաններ տրամադրելը
Գործատուն, կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով) սահմանված կարգով,
արհեստակցական միությանը տրամադրում է անհրաժեշտ պայմաններ՝ արհեստակցական միության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպման եւ կատարման համար։
Արհեստակցական կազմակերպության անդամի դիմումի առկայության դեպքում գործատուն կազմակերպում է արհմիութենական անդամավճարի գանձումը եւ հատկացումը՝ արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ եւ կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով) սահմանված կարգով ու ժամկետում։
Հոդված 25. Արհեստակցական միության ղեկավար մարմիններում ընտրված անձանց
երաշխիքները
Հասարակական պարտականությունների կատարման, արհմիութենական միջոցառումներին մասնակցելու ժամանակահատվածում արհեստակցական միության ընտրովի մարմինների անդամների աշխատանքից բացակայության եւ այդ ընթացքում նրանց վարձատրության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ գործատուի հետ կնքած կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով):
Արհեստակցական միության մարմիններում ընտրված անձանց համար կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով) կարող են նախատեսվել այլ երաշխիքներ:
Հոդված 26. Արհեստակցական միության գործունեության վերահսկողությունը
Արհեստակցական միության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով եւ արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Արհեստակցական միությունների կողմից սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Արհեստակցական միության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից, կամավոր ներդրումներից, նվիրատվություններից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Գործատուն, կոլեկտիվ պայմանագրին (համաձայնագրին) համապատասխան, արհեստակցական միությանը տրամադրում է ֆինանսական միջոցներ եւ այլ գույք՝ աշխատողների աշխատանքի եւ հանգստի պայմանների բարելավմանը, ինչպես նաեւ նրանց առողջության պահպանմանը նպատակաուղղված միջոցառումներ կազմակերպելու համար:
Պետությունը երաշխավորում է արհեստակցական միությունների սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը եւ պաշտպանությունը:
Հոդված 28. Արհեստակցական միության սեփականության տնօրինման կարգը
Արհեստակցական միությունը տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իր սեփականությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Արհեստակցական միությունը յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում, հրապարակում է իր սեփականության օգտագործման տարեկան հաշվետվությունը:
Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՕ-135