ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գլխավոր դատախազի աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների եւ մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալների եւ Երեւան քաղաքի դատախազի աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի աշխատավարձի դրույքաչափի 90 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների պետերինը եւ Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներինը՝ 80 տոկոսի չափով, նրանց տեղակալներինը եւ Հայաստանի Հանրապետության դատախազության բաժինների պետերինը՝ 70 տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների դատախազների եւ քննիչների աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների աշխատավարձի դրույքաչափի 60 տոկոսի չափով, իսկ մարզերի, համայնքների, զինվորական կայազորների դատախազների օգնականներինը եւ այդ դատախազությունների քննիչներինը՝ 50 տոկոսի չափով:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 մարտի 2001թ.
ՀՕ-147