Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Դատարանակազմության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2001
Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Տնտեսական դատարանում գործերը քննվում են միանձնյա, իսկ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ կոլեգիալ, երեք դատավորի կազմով:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«2.1) տնտեսական դատարանը.»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը «վճռաբեկ դատարանի» բառերից առաջ լրացնել «տնտեսական դատարանի նախագահին եւ դատավորներին,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի «քաղաքացիական, տնտեսական» բառերը փոխարինել «քաղաքացիական (բացառությամբ տնտեսական դատարանի իրավասությանը վերապահված գործերի)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ մասի՝

ա) «երեք» բառը փոխարինել «երկու» բառով.

բ) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ գլխով.

«Գ Լ ՈՒ Խ 3.1.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 20.1. Տնտեսական դատարանի հասկացությունը, դրա կազմը եւ տեղաբաշխումը

Տնտեսական դատարանն ըստ էության քննում է բոլոր տնտեսական վեճերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով եւ այլ օրենքներով իր իրավասությանը վերապահված այլ գործեր:

Բոլոր տնտեսական վեճերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա: Վճռաբեկ դատարանի բեկանած վճիռներով տնտեսական գործերը, բացառությամբ սնանկության գործերի եւ օրենքով նախատեսված այլ գործերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում քննվում են դատավորների կոլեգիալ կազմով:

Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո: Տնտեսական դատարանի վճիռը կարող է բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով:

Տնտեսական դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 15 դատավորի կազմով:

Տնտեսական դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Տնտեսական դատարանի նստավայրը Երեւանն է: Տնտեսական դատարանը կարող է նստավայրեր ունենալ նաեւ առանձին մարզերում:

Հոդված 20.2. Տնտեսական դատարանի նախագահը

Տնտեսական դատարանի նախագահը՝

1) իրականացնում է տնտեսական դատարանի դատավորներին՝ օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.

2) հետեւում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.

3) օրենքով սահմանված կարգով, դատավորներին տրամադրում է արձակուրդ.

4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը եւ ամփոփումը, դատական վիճակագրության վարումը.

5) կառավարության սահմանած նորմատիվների եւ աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում ու ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

7) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.

8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.

9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 20.3. Տնտեսական դատարանի աշխատակազմը

Տնտեսական դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է դատավորի օգնականի եւ դատական նիստերի քարտուղարի մեկական հաստիք:

Տնտեսական դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ եւ այլ աշխատողներ՝ կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:»:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասը «վերաքննիչ դատարանների» բառերից հետո լրացնել «, տնտեսական դատարանի՝ » բառերով:

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասը «վերաքննիչ դատարանների» բառերից առաջ լրացնել «, տնտեսական դատարանի» բառերով:

Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետը «վերաքննիչ» բառից առաջ լրացնել «, տնտեսական» բառով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 հոկտեմբերի 2001թ.
ՀՕ-213