Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.09.2001
Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի, կառավարության, վարչապետի, սահմանադրական դատարանի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կենտրոնական բանկի, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ օրենքով կամ կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում պետական այլ մարմինների կամ նրանց լիազորած անձանց պաշտոնապես ներկայացրած եւ հրապարակման ենթակա՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, հանրության շահերի պաշտպանությանն առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն:»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածը՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երրորդ եւ չորրորդ մասերով.

«Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում են այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ՝ Հանրային հեռուստառադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերությունները:

Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հարցերով դիմելուն հատկացված՝ Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների, ինչպես նաեւ Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների եւ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունն իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությունը: Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եռօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների հայտարարություններին հատկացվող ժամանակահատվածի տեսագրության, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի եւ այլ հաղորդումների արտադրությունն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմը:»:

Այդ կապակցությամբ՝ հոդվածի երրորդից տասներորդ մասերը համապատասխանաբար համարել հինգից տասներկուերորդ մասեր.

2) նոր վեցերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ա» կետով.

«ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաղորդումները հեռարձակել այդ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում.»:

Այդ կապակցությամբ՝ հոդվածի «ա»-«դ» կետերը համապատասխանաբար համարել «բ»-«ե» կետեր.

3) նոր վեցերորդ մասի նոր «դ» կետի 1-ին ենթակետի «վերաբերյալ» բառից հետո լրացնել «պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը)» բառերը.

4) նոր ութերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «դ» կետով.

«դ) Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տեւողությունը նրանցից յուրաքանչյուրի համար մեկ օրվա ընթացքում չի կարող գերազանցել 3 րոպեն.»:

Այս կապակցությամբ՝ նույն մասի «դ» կետը համարել «ե» կետ.

5) նոր ութերորդ մասի «ե» կետը «գովազդի» բառից հետո լրացնել «եւ զվարճալի հաղորդումների» բառերով.

6) «Հանրային հեռուստառադիոընկերությունը հիմնականում ֆինանսավորվում է պետական բյուջեից:» նախադասությունը հանել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 հոկտեմբերի 2001թ.
ՀՕ-233