Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ֆիրմային անվանումների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.04.2001

Հոդված 1. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 5. Ֆիրմային անվանման գրանցման հայտը

1. Մինչեւ առեւտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի պետական գրանցումը իրավաբանական անձի ֆիրմային անվանումը պետք է գրանցվի Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունում (այսուհետ՝ գերատեսչություն):

2. Ֆիրմային անվանման ցանկացած փոփոխություն կատարվում է միայն նոր ֆիրմային անվանումը սույն օրենքով սահմանված կարգով գերատեսչությունում գրանցելուց հետո: Առեւտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի բացառիկ իրավունքը նոր ֆիրմային անվանման նկատմամբ ուժի մեջ է մտնում միայն կանոնադրության համապատասխան փոփոխության պետական գրանցումից հետո:

3. Ֆիրմային անվանման գրանցման հայտը (այսուհետ՝ հայտ) իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին (այսուհետ՝ պետական ռեգիստր) ներկայացնում է իրավաբանական անձի հիմնադիրներին ներկայացնող լիազորված անձը կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը:

4. Հայտը պետք է պարունակի՝

ա) դիմում ֆիրմային անվանման գրանցման մասին, որի մեջ նշվում են գրանցման ներկայացված ֆիրմային անվանման նախընտրելի տարբերակը (ները), դրա (նց) հապավումը կամ կրճատ ձեւը (եթե այդպիսին կա), հայտատուի հասցեն.

բ) գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ:

5. Հայտին կցվում են՝

ա) սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դեպքերում համապատասխան համաձայնությունը կամ թույլտվությունը.

բ) լիազորագիր, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով.

գ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

6. Պետական ռեգիստրը ներկայացված հայտին համապատասխան, ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում, գերատեսչություն է ներկայացնում հայտ, որը բովանդակում է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված տեղեկությունները:

7. Հայտը ներկայացվում է հայերեն:

8. Պետական ռեգիստր ներկայացվող եւ պետական ռեգիստրի կողմից գերատեսչություն ներկայացվող հայտերի ձեւը, դրանց լրացման կարգը եւ ֆիրմային անվանման գրանցման համար հիմք հանդիսացող սկզբնական փաստաթղթերը գերատեսչություն հանձնելու կարգը սահմանում է գերատեսչությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Գերատեսչությունը, պետական ռեգիստրից հայտն ստանալու օրվանից մեկօրյա ժամկետում, անցկացնում է փորձաքննություն եւ որոշում է հայտի եւ գրանցման ներկայացված ֆիրմային անվանման համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին: Եթե հայտը եւ ֆիրմային անվանումը համապատասխանում են սույն օրենքի պահանջներին, ապա գերատեսչությունը որոշում է կայացնում ֆիրմային անվանումը գրանցելու մասին եւ պետական ռեգիստրի հայտի ստացման օրվանից մեկօրյա ժամկետում տալիս է համապատասխան որոշում:».

բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա գերատեսչությունը որոշում է կայացնում ֆիրմային անվանման գրանցումը մերժելու վերաբերյալ, ինչի մասին մերժման հիմնավորմամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում ծանուցում է պետական ռեգիստրին: Պետական ռեգիստրը մերժումն ստանալու օրվանից մեկօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին:».

գ) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Գրանցված ֆիրմային անվանումների հաշվառումն իրականացնում է գերատեսչությունը՝ պետական ռեգիստրի տրամադրած տեղեկությունների հիման վրա:»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ երկրորդ մասով՝

«Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին որոշում կայացվելու դեպքում պետական տուրքը սահմանված կարգով ենթակա է վերադարձման:»:

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երեք ամիս հետո:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 ապրիլի 2001թ.
ՀՕ-168