ՕՐԵՆՔԸ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 հունիսի 1997 թվականի, ՀՕ-118) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28-րդ կետով՝
«28) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա եւ Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ՝ բարեգործական), կրոնական եւ նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաեւ նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված եւ դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարողների կողմից:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական բնույթի, ինչպես նաեւ սույն հոդվածի դրույթների համաձայն` ԱԱՀ՟ից ազատվող ապրանքների եւ ծառայությունների շրջանակները որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 391 -րդ հոդվածով՝
«Հոդված 391 . Սույն օրենքի 15-րդ հոդվածի 28-րդ կետում նշված արտոնության կիրառման առումով մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրեր իրագործողներն այդ մասին նշումներ պետք է կատարեն Հայաստանի Հանրապետությունում գտնվող մատակարարների հետ կնքվող պայմանագրերում։
Մատակարարված ապրանքների գծով ստացված հասույթները կամ ստացված (առանց ԱԱՀ-ի) ապրանքները եւ ծառայությունները կանոնադրական (ծրագրային) նպատակներով չօգտագործելու դեպքում նշված ծրագրի (գործունեության) որակավորումը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործականի կարող է փոփոխել կամ կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը բերում է նշված արտոնությունների գործունեության դադարմանը կամ կասեցմանը:
Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաեւ այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում է`
ա) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագիրն իրականացրած կազմակերպությունն այն մասով, որով իրականացվող ծրագրի շահառու կողմը եղել են ֆիզիկական անձինք կամ կազմակերպություններ, եթե նախատեսված էր, որ ծրագրի շրջանակներում նշված անձինք պետք է ստանային ապրանքներ կամ ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ապրանքները կամ ծառայությունները փաստացի ստացված չլինելու պատճառով.
բ) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագրի շահառուներից յուրաքանչյուրը, եթե վերջիններս կազմակերպություններ են եւ նախատեսված էր, որ նշված անձինք պետք է ծրագրի շրջանակներում ստացած ապրանքների կամ ծառայությունների օգտագործման արդյունքում երրորդ անձանց մատուցեին ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ծառայությունները փաստացի մատուցած չլինելու պատճառով:
Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի պարտավորությունների մասով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 301 -րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում ծրագրով սահմանված` դրա գործողության ժամկետի վերջը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-461