Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հանրաքվեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 31.03.2003

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-225, այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածում եւ ամբողջ տեքստում «մարզային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի`

1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենտրոնական հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ստեղծված կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».

2) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը, ապա հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ստեղծված տեղամասային ընտրական հանձնաժողովը:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «հրապարակման պահից» բառերը փոխարինել «հրապարակումից յոթ օր հետո» բառերով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի`

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Օժանդակ աշխատանքների համար կենտրոնական հանձնաժողովի նախագահը կազմավորում է մշտական հիմունքներով գործող աշխատակազմ: Նման աշխատակազմ ընտրատարածքային հանձնաժողովում ժամանակավոր հիմունքներով կարող է ստեղծվել կենտրոնական հանձնաժողովի համաձայնությամբ: Աշխատակազմի աշխատակիցների վարձատրության դրույքաչափերը որոշում է կենտրոնական հանձնաժողովը:».

2) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է քվեարկության մասնակիցների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նիստը վարողի) ձայնը վճռորոշ է:».

3) 9-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Երեք անհարգելի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ`

1) հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրաքվեի հանձնաժողովները գործում են հրապարակայնորեն: Հանրաքվեի հանձնաժողովների` հանրաքվեի նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող որոշումները պաշտոնական մամուլում հրապարակվում են որոշումն ընդունվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում:».

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Քաղաքացիները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են հանրաքվեի հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, տեղամասերի եւ տեղամասային կենտրոնների կազմավորման, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետի, քվեարկության օրվա եւ քվեարկության արդյունքների մասին:»:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ, ապա հանրաքվեի հանձնաժողովի որոշումները, գործողությունները եւ անգործությունը, բացառությամբ քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովի որոշումների, կարող են բողոքարկվել վերադաս հանձնաժողով կամ դատարան` որոշումը հրապարակելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետեւանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, բացառությամբ քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղամասային հանձնաժողովի որոշումների, որոնք կարող են բողոքարկվել քվեարկության հաջորդ օրը` մինչեւ ժամը 14.00-ն: Այդ բողոքների վերաբերյալ վերադաս հանձնաժողովը եւ դատարանը որոշում են կայացնում մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումը: Եթե օրենքով այլ բան սահմանված չէ, ապա վերադաս հանձնաժողովը եւ դատարանը որոշումները կայացնում են հնգօրյա ժամկետում: Քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները բողոքարկվում են կենտրոնական հանձնաժողով:».

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում ստացված դիմումները քննարկվում են, եւ որոշումը կայացվում է անհապաղ:».

4) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Դատարանների եւ դատախազության աշխատակիցների համար քվեարկության օրն աշխատանքային օր է:»:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հանրաքվեի հանձնաժողովներին ֆինանսական միջոցները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` կենտրոնական հանձնաժողովի կազմած նախահաշիվների հիման վրա: Հանձնաժողովների նախագահները տնօրինում են ֆինանսական միջոցները եւ պատասխանատվություն են կրում այդ միջոցները կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով օգտագործելու համար:»:

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Այդ տեղերը պետք է հարմար լինեն քվեարկողների այցելության համար: Այդպիսի տեղեր յուրաքանչյուր տեղամասում պետք է լինեն մեկից ոչ պակաս:»:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

ա) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը.

բ) միջազգային կազմակերպությունները.

գ) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.

դ) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

Եթե հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը, ապա սույն մասի «դ» կետով նախատեսված կազմակերպությունները դիտորդական առաքելության իրավունք ունեն, եթե չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:

2. Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:»:

Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետի «տասը» բառը փոխարինել «ինը» բառով:

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետի «22» թիվը փոխարինել «18» թվով.

2) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Տեղամասային հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամի գրավոր պահանջով ընտրատարածքային հանձնաժողովը ստուգում է համապատասխան տեղամասում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունը քվեարկության փաստացի արդյունքներին: Ստուգումներին կարող են ներկա գտնվել համապատասխան տեղամասային հանձնաժողովում տեղամասային արձանագրությունները կազմելիս հատուկ կարծիքի հեղինակները, այդ հանձնաժողովի նախագահը եւ դիտորդները:»:

Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետի «7» թիվը փոխարինել «6» թվով:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 ապրիլի 2003թ.
ՀՕ-522