Armenian   Russian    
Բանկերի եւ բանկային գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2002

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների (փող, թանկարժեք մետաղներ եւ այլն) շրջանառությունը բանկերում՝ բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության, բանկում հաշիվ կամ ավանդային հաշիվ բացելու, դրանցով փոխանցում կատարելու կամ դրանցով այլ գործարքներ ու գործառնություններ իրականացնելու ձեւով, արգելվում է: Կենտրոնական բանկը սահմանում է բանկերում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության եւ տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման կարգը: Կենտրոնական բանկը կարող է սահմանել կասկածելի գործառնությունների վերաբերյալ բանկերի կողմից ներկայացվող տեղեկանքների եւ հաշվետվությունների ներկայացման հատուկ կարգ եւ ձեւեր, բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկ, դադարեցնել այն հաշիվներով գործառնությունները, որոնց տերերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ տեռորիզմի ֆինանսավորման մեջ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 926 հոդվածի, ինչպես նաեւ իրականացնել սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է բանկից, բանկի հաճախորդից, պարտատերից, կոնտրագենտից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել սույն հոդվածով նախատեսված միջոցների ծագման օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Այդ միջոցների ծագման, շրջանառության օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում, եթե տվյալ անձը հակառակը չի ապացուցում, Կենտրոնական բանկն իրավասու է մերժել սույն օրենքով սահմանված նախնական համաձայնության, համաձայնության, հավանության, գրանցման կամ նման ցանկացած դիմում կամ միջնորդագիր, ինչպես նաեւ կիրառել սույն օրենքով նախատեսված պատժամիջոցներ:

3. Կենտրոնական բանկն իր կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերին համապատասխան կարող է հանձնարարել բանկին՝ բանկի հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել սույն հոդվածով նախատեսված միջոցների ծագման օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-426