Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.07.2001
  • Գլուխ I    Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II  Գանձապետարանի հարաբերությունները այլ մարմինների հետ
  • Գլուխ III Գանփապետարանի խնդիրների իրագործումը
  • Գլուխ IV Օրենքի ուժի մեջ մտնելը

  •   ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգը (այսուհետ՝ գանձապետարան), կարգավորում է  գանձապետարանի գործունեության  հետ կապված հարաբերությունները:

    Հոդված 2. Օրենքի նպատակը

    Սույն օրենքի նպատակն է գանձապետարանի հետ կապված հարաբերությունների կարգավորման միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության եւ համայնքների ֆինանսական ակտիվների եւ պարտավորությունների արդյունավետ կառավարման համակարգի առկայությունը:

    Հոդված 3.Գանձապետարանը

    1. Գանձապետարանը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված՝ ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի (այսուհետեւ` լիազոր մարմին) կենտրոնական գանձապետարանը (այսուհետեւ` Կենտրոնական գանձապետարան) եւ լիազոր մարմնի տեղական գանձապետական բաժանմունքները (այսուհետեւ՝ գանձապետական բաժանմունքներ):

    2. Կենտրոնական գանձապետարանը, լիազոր մարմնի կենտրոնական ապարատի՝ սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացման կազմակերպումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների ամբողջությունն է, որը ղեկավարվում է լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ-գլխավոր գանձապետի (այսուհետեւ՝ գլխավոր գանձապտտ) կողմից:

    3. Գանձապետական բաժանմունքները գանձապետարանի առաջին տարածքային ստորաբաժանումներն են, որոնք սահմանված կարգով ապահովում են գանձապետարանի գործառույթնրի կատարումը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում: Գանձապետական բաժանմունքը ղեկավարում է բաժանմունքի պետը:

    4. Գանձապետական բաժանմունքների թվաքանակը, կառուցվածքն ու տեղաբաշխումը սահմանվում է լիազոր մարմինընը:

    5. Կենտրոնական գանձապետարանը եւ գանձապետական բաժանմունքներն ունեն կանոնադրություն, Հայաստանի Հանրապետության զինանշանով եւ իրենց անվանումով ձեւաթուղթ: Կենտրոնական գանձապետարանի եւ գանձապետական բաժանմունքների կանոնադրությունները հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

    6. Սույն օրենքով նախատեսված խնդիրների իրագործման ժամանակ գանձապետարանը հանդես է գալիս լիազոր մարմնի անունից:

    Հոդված 4. Գանձապետարանի իրավասությունը

    Սույն օրենքով իր առջեւ դրված խնդիրներն իրագործելու նպատակով գանձապեստարաննը իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ իր կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

    Հոդված 5. Գանձապետարանի խնդիրները

    Գանձապետարանի խնդիրներն են`

    ա) Հայաստանի Հանրապետության եւ համայնքների դրամական միջոցների կառավարման եւ ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը.

    բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական եւ համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը.

    գ)  Հայաստանի Հանրապետության եւ համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման կազմակերպումը.

    դ) Հայաստանի Հանրապետության եւ համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման եւ դրանց  հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը.

    ե) պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու եւ ամփոփելու հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման եւ բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառման նորմերի սահմանման ապահովումը.

    զ) պետական եւ համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը.

    է) Հայաստանի Հանրապետության եւ համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը.

    ը) պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը.

    թ) Հայաստանի Հանրապեստության պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների, արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվությունների ստացումը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատության գնահատումը, ամփոփումը եւ ներկայացումը.

    ժ) Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկումը.

    ժա) Հայաստանի Հանրապետության ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարումը.

    ժբ) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի եւ դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը, եւ դրանց հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիտորինգ):

    ժգ) Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանված պարտավորությունների սպասարկումը.

    ժդ) սույն օրենքից բխող այլ գործառույթների իրականացումը:

    Հոդված 6. Գլխավոր գանձապետը

    1. Գլխավոր գանձապետըն ի պաշտոնե լիազոր մարմնի ղեկավարի տեղակալն է:

    2. Գանձապետարանի՝ սույն օրենքով նախատեսված խնդիրներն իրագործելու նպատակով Գլխավոր գանձապետն իրականացնում է իրեն վերապահված լիազորություններ, այդ թվում՝ կազմակերպում եւ ղեկավարում է  գանձապետարանի աշխատանքները:

    Հոդված 7. Գանձապետարանի աշխատակիցները

    1. Գանաձապետարանի աշխատակիցներ են համարվում Կենտրոնական գանձապետարանի եւ գանձապետական բաժանմունքների՝ սահմանված կարգով հաստատված հաստիքացուցակներում ներառված պաշտոնները զբաղեցնող անձինք:

    2. Գանաձապետարանի աշխատակիցներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է լիազոր մարմնի ղեկավարը՝ Գլխավոր գանձապետի ներկայացմամբ:

    ԳԼՈՒԽ II

    ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ  ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

    Հոդված 89. Գանձապետարանի խնդիրների իրականացման ընթացքում այլ մարմինների եի առաջացող հարաբերությունների կարգավորումը

    1. Գանձապետարանի խնդիրների իրականացման ընթացքում այլ մարմինների հետ առաջացող հարաբերությունների կարգավորման նպատակով բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման հոդվածներով նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման յուրաքանչյուր մարմնում (այսուհետե` պետական մարմին) պաշտոնի է նշանակվում եւ ազատվում գլխավոր ֆինանսիստ:

    2. Գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է պետական մարմնի ֆինանսական եւ հաշվապահական ծառայությունները, գործում է պետական մարմնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ եւ համապատասխան լիազորությունների դեպքում կարող է կատարել այլ պարտականություններ:

    3. Գլխավոր ֆինանսիստի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պետական մարմնի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա:

    4. Պետական մարմնի եւ համակարգի պետական հիմնարկների ֆինանսական եւ հաշվապահական ծառայությունների կառուցվածքը եւ խնդիրները սահմանվում են լիազոր մարմնի համաձայնությամբ:

    Հոդված 9. Գլխավոր ֆինանսիստի պարտականությունները.

    1. Գլխավոր ֆինանսիստնը ապահովում է պետական մարմնի կողմից՝

    ա) ֆինանսական հոսքերի կառավարման եւ ներքին հսկողության համակարգի առկայությունը.

    բ) լիազոր մարմնի կողմից սահմանված ներքին աուդիտի անցկացման կարգին համապատասխան՝ ներքին աուդիտի համակարգի առկայությունը, որը ներառում է պետական մարմնում եւ համակարգի պետական հիմնարկներում ֆինանսական հարցերի վերաբերյալ հաստատված ակտերի պահանջների կատարման գնահատումը եւ հածվապահական հաշվառման գարանցումների մեջ անհամապատասխանությունների բացահայտումը եւ դրանց ճշգրտման ապահովումը.

    գ) գնումների մասին օրենսդրությանը համապատասխան՝ գնումների համակարգի առկայությունը:

    2. Գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է պետական մարմնի տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների արդյունավետ եւ հրապարակային օգտագործման համար եւ ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված միջոցներ՝

    ա) պետական մարմնի կողմից օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով ֆինանսական միջոցների հավաքումն ապահովելու համար.

    բ) միջոցների վատնումը, չնախատեսված ծախսերի կատարումը կանխելու համար.

    գ) պետական մարմնի ֆինանսական պարտավորությունների եւ հիմնական միջոցների կառավարման համար, ներառյալ՝ հիմնական միջոցների հաշվառումը, պահպանությունը եւ շահագործումը.

    դ) համակարգի պետական հիմնարկներին՝ բյուջետային դասակարգմանը համապատասխան, բյուջեով նախատեսված միջոցների բաշխումն ապահովելու համար:

    3. Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է՝

    ա) պետական մարմնի եւ/կամ համակարգի որեւէ պետական հիմնարկի միջոցներ հատկացնելուց առաջ համոզվել, որ վերջինս շարունակում է ապահովել ֆինանսական միջոցների կառավարման եւ ներքին աուդիտի կառավարման համակարգը.

    բ) ապահովել պետական մարմնի կողմից սույն օրենքի եւ այլ ակտերի դրույթների պահպանումը.

    գ) ապահովել ծախսերի գերակատարումը կամ պետական մարմնի կողմից հավաքագրվող եկամուտների թերակատարումը բացառելու անհնարինության դեպքում՝ պետական մարմնի անունից լիազոր մարմնին այդ մասին հաշվետվությունների ներկայացումը.

    դ) ապահովել պետական մարմնի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ սահմանված կարգով հաշվապահական գրանցումները.

    ե) ապահովել ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը եւ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով պետական մարմնի անունից ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժԺողովին, Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատին եւ լիազոր մարմնին.

    զ) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ, այդ թվում՝ նաեւ տեղեկատվություն՝ հաշվետու ժամանակահատվածի փաստացի եկամուտների, ծախսերի եւ կանխատեսումների մասին:

    Հոդված 10. Պետական հիմնարկի գլխավոր հաշվապահը

    1. Պետական մարմնի համակարգում յուրաքանչյուր պետական հիմնարկի ղեկավարը վերադաս պետական մարմնի գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ նշանակում է հիմնարկի գլխավոր հաշվապահ:

    2. Սույն օրենքով գլխավոր ֆինանսիստին վերապահված լիազորությունները եւ պարտականությունները պետական հիմնարկում իրականացնում է գլխավոր հաշվապահը:

    3. Գլխավոր հաշվապահի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պետական հիմնարկի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա:

    ԳԼՈՒԽ III

    ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

    Հոդված 11. Հայաստանի Հանրապետության եւ համայնքների դրամական միջոցների կառավարման ապահովումը

    Հայաստանի Հանրապետության եւ համայնքների դրամական միջոցների կառավարման նպատակով գանձապետարաննը ապահովում է՝

    ա) օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության եւ համայնքների ծախսերի ֆինանսավորման իրականացումը.

    բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի ընթացիկ կառավարումը.

    գ) լիազոր մարմնի եւ Հայաստանի Հանրապետության ՀՀ կենտրոնական բանկի համատեղ հաստատած համաձայնագրի շրջանակներում դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգմանն ուղղված գործողությունների իրականացումը.

    դ) դրամական հոսքերի կառավարման եռամսյակային, ամսական, շաբաթական եւ օրական ծրագրերի կազմումը.

    ե) դրամական հոսքերի կառավարման ծրագրերի փաստացի կատարման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը եւ հաջորդ ժամանակահատվածի ծրագրերում համապատասխան ճշգրտումների կատարումը:

    Հոդված 12. Հայաստանի Հանրապետության եւ համայնքների ակտիվների ու պասսիվների հաշվառումը.

    Հայաստանի Հանրապետության եւ համայնքների ակտիվների եւ պասսիվների հաշվառման նպատակով գանձապետարանն ապահովում է՝

    ա) Հայաստանի Հանրապետության բյուջեների կատարման շրջանակներում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից պետական բյուջեի կատարման, համայնքների բյուջեների կատարման, արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծրագրերի, Հայաստանի Հանրապետության եւ համայնքների բյուջեների պարտքերի, եւ պետական ու համայնքների բյուջեների կատարման ընթացքում ստանձնված պարտավորությունների մասին  հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը եւ լիազոր մարմնի կողմից դրանց արդյունքների սահմանված կարգով ներկայացումը.

    բ) Հայաստանի Հանրապետության ՀՀ բյուջետային հատվածի վերաբերյալ պետական մարմիններից պետական հիմնարկների հաշվեկշիռների (ակտիվների ու պասսիվների), ֆինանսական հոսքերի (ներառյալ՝ արտաբյուջետային միջոցների գոյացման ու տնօրինման) մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը եւ սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից դրանց արդյունքների ներկայացումը:

    Հոդված 13. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական եւ համայնքների բյուջեների կատարման  կազմակերպումը.

     Լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով, գանձապետարանի միջոցով ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը:

    Հոդված 14. Գանձապետական միասնական հաշիվը.

    1. Կենտրոնական գանձապետարանի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացվում եւ սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում է լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշիվը (այսուհետ՝ գանձապետական միասնական հաշիվ), որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված հաշիվ:

    2. Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին:

    3. Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկները չեն կարող ունենալ բանկային հաշիվներ առեւտրային բանկերում:

    4. Հայաստանի Հանրապետության եւ համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից՝ լիազոր մարմնի  սահմանված կարգով:

    5. Գանձապետական միասնական հաշիվը ներառում է լիազոր մարմնի կողմից վարվող հտեւյալ ենթահաշիվները՝

    ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.

    բ) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի եւ դրամաշնորհների (գրանտների) միջոցները.

    գ) պետական մարմինների կողմից վարվող ավանդային հաշիվները (դեպոզիտները):

    6. Գանձապետական միասնական հաշիվը ներառում է նաեւ հետեւյալ ենթահաշիվները, որոնք վարվումեն կենտրոնական գանձապետարանի կողմից, բայց միջոցնրը տնօրինում են կառավարման մարմինները՝

    ա) արտաբյուջետային միջոցները.

    բ) համայնքների միջոցները.

    գ) սոցիալական ապահովության պետական հիմնադրամի միջոցները.

    դ) պետական մարմինների այլ ավանդային հաշիվները (դեպոզիտները):

    Հոդված 15. Գանձապետական արտարժութային հաշիվները

    Կենտրոնական գանձապետարանի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացվում եւ սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում են նաեւ լիազոր մարմնի գանձապետական արտարժութային հաշիվները:

    Հոդված 16. Պետական մարմինների գործունեության մասին հաշվետվությունների կազմումը, ամփոփումը եւ ներկայացումը

    1. Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով պետական մարմինը գանձապետարանին է ներկայացնում ֆինանսատնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն): Տարեկան հաշվետվությունը, ի լրումն հաշվետու ժամանակաշրջանի գործունեության, այլ հարցերի հետ պետք է ներառի հետեւյալ հիմնական բաղկացուցիչները՝

    ա) պետական մարմնի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ նկարագիրը, դրանք են՝

    բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը՝ բյուջետային ծախսերի գործառնական եւ տնտեսագիտական դասակարգմամբ, որը պետք է ունենա հետեւյալ կառուցվածքը՝ գ) հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական մարմնի ամփոփ հաշվեկշիռը՝ ըստ ակտիվների եւ պասսիվների.

    դ) բյուջետային տարվա ընթացքում դեբիտորական պարտքերի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական եւ տնտեսագիտական դասակարգման.

    ե) տվյալ բյուջետային տարվա ընթացքում ֆինանսական ակտիվների շարժի վերաբերյալ հաշվետվությունը (բացի դեբիտորական պարտքերից).

    զ) տվյալ բյուջետային տարվա ընթացքում պարտավորություննրի շարժի վերաբերյալ հաշվետվությունը (բացի կրեդիտորական պարտքերից).

    է) բյուջետային տարվա ընթացքում կրեդիտորական պարտքերի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը՝ բյուջետային ծախսերի գործառնական եւ տնտեսագիտական դասակարգմամբ.

    ը) բյուջետային տարվա ընթացքում ոչ ֆինանսական ակտիվների փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը:

    2. Պետական հիմնարկի գլխավոր հաշվապահը լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով պատրաստում եւ հիմնարկի անունից պետական մարմնի գլխավոր ֆինանսիստին է ներկայացնում ամսական հաշվետվություններ, որոնք պետք է ներառեն՝

    ա) հաշվետվություն՝ նախորդ ամսվա ընթացքում պետական հիմնարկի եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ՝ բյուջետային ծախսերի գործառնական եւ տնտեսագիտական դասակարգմամբ.

    բ) ընթացիկ ֆինանսական տարվա մնացած ժամանակահատվածի համար սպասվող եկամուտների եւ ծախսերի կանխատեսումները.

    գ) ամփոփ գործողությունների նկարագրությունը, որոնց իրագործման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ծրագրավորված եկամուտները եւ ծախսերը:

    Պետական մարմնի գլխավոր ֆինանսիստը, սահմանված կարգով պետական հիմնարկներից ստանալով հաշվետվությունները, ամփոփում է դրանք եւ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ներկայացնում է վերջինիս:

    Պետական հիմնարկներից ստացված հաշվետվություններից բացի, գլխավոր ֆինանսիստըն ապահովում է նաեւ պետական մարմնի կողմից իրականացվող միջոցառումների եւ ծրագրերի կատարման մասին հաշվետվությունների ամփոփումը եւ լիազոր մարմնին ներկայացնելը:

    Գլխավոր ֆինանսիստը հաշվետվության հետ միասին լիազոր մարմնին է ներկայացնում նաեւ հաշվետվության մանրամասն վերլուծությունը՝ ծրագրի համեմատ շեղումների պատճառների բացահայտմամբ:

    Հոդված 17. Հայաստանի Հանրապետության եւ համայնքների բյուջեների կատարման եւ պետական հիմնարկների ֆինանսական գործունեության նկատմամբ նախնական հսկողության
    իրականացումը

    1. Հայաստանի Հանրապետության եւ համայնքների բյուջեների կատարման նկատմամբ գանձապետարաննը իրականացնում է նախնական հսկողություն, որի կարգը սահմանում է կառավարությունը:

    2. Նախնական հսկողության շրջանակներում, նախքան պետական հիմնարկների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը, արտահոսը գանձապետարանում գնահատվում է պետական հիմնարկների կողմից իրականացվող ֆինանսական գործառույթների համապատասխանությունը՝ բյուջեների կատարման գործընթացը կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ ակտերով սահմանված պահանջներին: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում, պետական հիմնարկների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը ժամանակավորապես դադարեցվում, որից հետո՝

    ա) պետական հիմնարկների համար, արձանագրված անհամապատասխանությունը վերջիններիս կողմից չկարգավորելու դեպքում՝ Գլխավոր գանձապետը հայտնում է լիազոր մարմնի ղեկավարին, որը տալիս է ցուցում հետագա գործողությունների մասին.

    բ) համանքների կողմից ստեղծված պետական հիմնարկների համար գանձապետական բաժանմունքի պետը տեղյակ է պահում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, որըն ապահովում է անհամապատասխանության շտկումը:

    Հոդված 18. Գանձապետարանի կողմից հաշվետվությունների ստացումը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատության գնահատումը, համախմբումը եւ ներկայացումը

    Գանձապետարանը գնահատում է պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների արժանահավատությունը, համախմբում է ներկայացված հաշվետվությունները եւ ապահովում է սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից ամփոփ հաշվետվությունների ներկայացումը:

    Հոդված 19. Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկումը

    Գանձապետարանն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկման ծրագրավորումը եւ այդ ծրագրին համապատասխան՝ արտաքին պետական պարտքի սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի մասին օրենքների եւ համապատասխան համաձայնագրերով սահմանված պայմանների համաձայն:

    Հոդված 20. Հայաստանի Հանրապետության ներքին պետական պարտքի
    ընթացիկ կառավարումը

    Գանձապետարանը Հայաստանի Հանրապետության եւ համայնքների բյուջեներին պատկանող դրամական միջոցների եւ ընթացիկ դրամական հոսքերի արդյունավետ կառավարման նպատակով մշակում է եւ իրականացնում է ծրագրեր՝ ընթացիկ ներքին պետական պարտքի արդյունավետ կառավարման համար, ինչպես նաեւ ապահովում է ներքին պետական պարտքի սպասարկման հետ կապված գործառնությունների սպասարկումը:

    Հոդված 21. Հայաստանի Հանրապետության նկատմամբ պարտավորությունների սպասարկումը

    Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտավորությունների սպասարկումը գանձապետարաննը ապահովում է լիազոր մարմնի  սահմանված կարգով:
     


    ԳԼՈՒԽ IV

    ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

    Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
     
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    22 օգոստոսի 2001թ.
    ՀՕ-211




    24.10.2007 «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    22.12.2010 «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    30.04.2013 «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    14.12.2017 «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    16.01.2018 «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    21.01.2020 «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    26.10.2022 «Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին