ՕՐԵՆՔԸ
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ նախադասություններով՝ «Մասհանումները տվյալ (այսուհետ՝ առաջիկա) բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից՝ սուբվենցիայի տեսքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված նախա- պայմանների կատարման դեպքում: Մասհանումների չափերը որոշվում են՝ ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված բնապահպանական վճարի գումարից:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
- հանել առաջին մասը,
- երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ծրագրի նախագիծը մշակում եւ հրապարակում է համայնքի ղեկավարը:»,
- հինգերորդ մասը «մարմինների հետ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով,
- նախավերջին մասից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասեր՝
«Բնապահպանության եւ առողջապահության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրի նախագիծը համայնքի ղեկավարի կողմից ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանու կողմից հաստատված ծրագրի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված մասհանումների շրջանակներում հատկացումներ նախատեսելու հարցը քննարկման առարկա դարձնելու նպատակով նշված ծրագիրը առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման համար Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը.
ա) համադրելով սույն հոդվածի համաձայն ստացված բոլոր ծրագրերը եւ հաշվի առնելով այդ ծրագրերի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն օրենքի 1-ին հոդվածի համապատասխան նախատեսվելիք հատկացումների ընդհանուր գումարները կազմում է առաջիկա բյուջետային տարում պետական բյուջեից ծրագրերի ֆինանսավորման համար մասհանումներ ստացող համայնքների ցանկի նախագիծը՝ այդ ցանկում ընդգրկված համայնքների բյուջեներին հատկացվելիք մասհանումների գումարների բաշխմամբ, որը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում.
բ) մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնում է վերջիններիս կողմից ներկայացված ծրագրերի գծով առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսվելիք հատկացումների չափի մասին:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-281