Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Արտոնագրերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.11.2003

Հոդված 1. «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի (26 հոկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-15, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31 –րդ կետ.

«31 . Արտոնագրված գյուտի օբյեկտ համարվող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաեւ այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին եւ դրանց ստացման եղանակներին կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն՝ գյուտի հայտի ներկայացման թվականի եւ այդ օբյեկտը Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ մտցնելու համար համապատասխան իրավասու մարմնի կողմից թույլտվություն տալու թվականների միջեւ ընկած ժամկետով, բայց 5 տարուց ոչ ավելի:

Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է սույն կետի 1-ին պարբերությունում նշված իրավասու մարմնի տված թույլտվությունը, գերատեսչություն է ներկայացվում այդ թույլտվության տրման օրվանից վեցամսյա ժամկետում կամ մինչեւ հիմնական արտոնագիր տալու օրվանից 6 ամիսը լրանալը, եթե նշված թույլտվությունը տրվել է ավելի շուտ, քան հիմնական արտոնագիրը։»։

Հոդված 2. Oրենքի 5-րդ հոդվածի՝

1) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Գյուտի առարկա կարող են լինել սարքը, եղանակը, նյութը, կենսատեխնոլոգիական արգասիքը, ինչպես նաեւ հայտնի սարքի, եղանակի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կիրառումը նոր նշանակությամբ:».

2) 8-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) բույսերի տեսակները եւ կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաեւ դրանց ստացման բնական կենսաբանական եղանակները.».

3) 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9 –12-րդ ենթակետերով.

«9) մարդու կլոնավորման եղանակները.

10) արդյունաբերական կամ առեւտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.

11) մարդու սաղմի բջիջների գենետիկական նույնականության ձեւափոխման եղանակները.

12) կենդանիների գենետիկական նույնականության ձեւափոխման եղանակները, ինչպես նաեւ այդ եղանակով ստացված կենդանին։»:

Հոդված 3. Oրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի «բույսերի եւ կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը» բառերը փոխարինել «կենսատեխնոլոգիական արգասիք» բառերով:

Հոդված 4. Oրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Հեղինակն իրավունք ունի իր ստեղծած արդյունաբերական սեփականության օբյեկտն անվանակոչել իր անվամբ կամ հատուկ անվանմամբ, եթե դրանով չեն խախտվում երրորդ անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահպանվող իրավունքները: »։

Հոդված 5. Oրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է հայտատուի տված լիազորագրով, որը կարող է գերատեսչություն ներկայացվել հայտին կից կամ հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:»:

Հոդված 6. Oրենքի 23-րդ հոդվածի՝

1) 6-րդ կետի «նշված ժամկետում» բառերը փոխարինել «նշված երկամսյա ժամկետում» բառերով.

2) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:»:

Հոդված 7. Oրենքի 26-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Առարկության քննարկումը եւ նախնական արտոնագիր տալու վերաբերյալ որոշում կայացնելը».

2) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:»:

Հոդված 8. Oրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Գյուտի ըստ էության փորձաքննությունը

1. Հայտատուի կամ, եթե տրվել է նախնական արտոնագիր, արտոնագրատիրոջ դիմումի հիման վրա, որը կարող է տրվել հայտ ներկայացնելու օրվանից մինչեւ նախնական արտոնագրի գործողության ժամկետի 7-րդ տարին լրանալը, գերատեսչությունն անցկացնում է գյուտի ըստ էության փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-3-րդ եւ 6-րդ կետերով սահմանված արտոնագրաունակության պայմաններին:

Դիմումը կարող է ներկայացվել նաեւ նշված ժամկետի ավարտից հետո՝ 12 ամսվա ընթացքում, լրացուցիչ տուրք վճարելու պայմանով:

2. Գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում գերատեսչությունը հարցման հիման վրա կարող է հայտատուից կամ արտոնագրատիրոջից պահանջել փորձաքննության անցկացումը հնարավոր դարձնող լրացուցիչ նյութեր: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ նյութերը նշված երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է հետ կանչված։

3. Գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքում գերատեսչությունը որոշում է կայացնում հիմնական արտոնագիր տալու կամ հիմնական արտոնագիր տալը մերժելու մասին:

4. Գերատեսչության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն կարող է դիմել կրկնական փորձաքննության խնդրանքով: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

5. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

7. Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման կարգը սահմանում է գերատեսչությունը:»:

Հոդված 9. Oրենքի 29-րդ հոդվածի՝

1) 6-րդ կետի «նշված ժամկետում» բառերը փոխարինել «նշված երկամսյա ժամկետում» բառերով.

2) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:»:

Հոդված 10. Oրենքի 30-րդ հոդվածի՝

1) 6-րդ կետի «նշված ժամկետում» բառերը փոխարինել «նշված երկամսյա ժամկետում» բառերով.

2) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:»:

Հոդված 11. Oրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետի «օգտակար մոդելի հայտի,» բառերից հետո լրացնել «եթե դա համապատասխանում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված պահանջներին,» բառերը:

Հոդված 12. Oրենքի 35-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Նախնական արտոնագրի գործողությունը գերատեսչության հաստատած կարգով դադարեցվում է վաղաժամկետ, եթե սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն անցկացվել է գյուտի ըստ էության փորձաքննություն:».

2) 3-րդ կետի «Նախնական արտոնագրի» բառերը փոխարինել «Արտոնագրի» բառով:

Հոդված 13. Oրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Սահմանված ժամկետների երկարաձգումը եւ բաց թողնված ժամկետների վերականգնումը
 

1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-5-րդ կետերով, 25-րդ հոդվածի 4-րդ կետով, 27-րդ հոդվածի 2-րդ կետով, 29-րդ հոդվածի 4-5-րդ կետերով, 30-րդ հոդվածի 4-5-րդ կետերով սահմանված՝ փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետները գերատեսչությունը կարող է երկարաձգել մեկ անգամ 2 ամսով:

Երկարաձգման մասին դիմումը պետք է ներկայացվի մինչեւ սահմանված ժամկետների ավարտը՝ դրան կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

2. Սույն օրենքի 23-րդ, 26-27-րդ, 29-30-րդ հոդվածներով սահմանված եւ հայտատուի կողմից բաց թողնված ժամկետները կարող է վերականգնել գերատեսչությունը, բացառությամբ դատարան դիմելու համար՝ 23-րդ հոդվածի 13-րդ, 26-րդ հոդվածի 7-րդ, 27-րդ հոդվածի 6-րդ, 29-րդ հոդվածի 14-րդ եւ 30-րդ հոդվածի 14-րդ կետերով սահմանված ժամկետների:

Բաց թողնված ժամկետների վերականգնման մասին դիմումը կարող է ներկայացվել նշված ժամկետն ավարտվելու օրվանից վեցամսյա ժամկետում՝ դրան կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:»:

Հոդված 14. Oրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտն օտարերկրյա պետություն ներկայացնելը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում, հայտատուն պարտավոր է արդյունաբերական սեփականության տվյալ օբյեկտի հայտը ներկայացնել գերատեսչություն՝ հայտնելով նաեւ օտարերկրյա պետությունում դա արտոնագրելու մտադրության մասին:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արտոնագիր տալու գործընթացն ամբողջովին կամ մասնակիորեն իրականացնում է միջազգային մարմինը, ապա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտը նշված միջազգային մարմին է ներկայացվում միայն գերատեսչության միջոցով՝ ազգային անվտանգության պահանջներին դրա համապատասխանության դեպքում:»:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

08.12.2003
ՀՕ-34