Armenian   Russian    
Մաքսային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.2002
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (9 օգոստոսի 2000 թվականի, ՀՕ-83) 83-րդ հոդվածի «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«դ) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության եւ մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ ներմուծվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`

- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի եւ համանման այլ առարկաների արժեքը,

- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների եւ համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,

- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,

- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ եւ ներմուծման երկրից բացի այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձեւավորման, նախագծման եւ համանման այլ աշխատանքների արժեքը.»:

Հոդված 2. Մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Սույն օրենսգրքի 83 հոդվածի «գ» եւ «զ» ենթակետերում նշված ծախսերը ներառվում են մաքսային արժեքի մեջ, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքների ձեռքբերման գնում եւ առաջացվել են գնորդի կողմից:»:

Հոդված 3. Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ, եթե փոխկապակցված են, ապա գնորդի եւ վաճառողի միջեւ փոխկապակցության փաստը չի ազդել գնի վրա: Որպեսզի որոշվի, թե արդյոք գնորդի եւ վաճառողի միջեւ փոխկապվածությունը ազդել է գնի վրա թե ոչ, մաքսային մարմինը կարող է ուսումնասիրել վաճառքի պայմանները: Համապատասխան վաճառքի պայմանների ուսումնասիրության ժամանակ կարող է դիտարկվել, թե ինչ եղանակով են գնորդը եւ վաճառողը կազմակերպում իրենց առեւտրային կապերը, եւ թե ինչպես են գնորդը եւ վաճառողը ստացել գործարքում այդ գինը: Մաքսային մարմինները որոշում են ընդունում, որ փոխկապվածությունը չի ազդել գնի վրա, եթե հայտարարատուն հիմնավորում է, որ գինը սահմանված է եւ համապատասխանում է արդյունաբերության մեջ գնի որոշման քաղաքականության նորմերին, եւ որ վաճառողը նույն եղանակով է գին որոշում ոչ փոխկապակցված գնորդների հետ, կամ եթե այդ գինը բավարար է ծածկելու վաճառողի բոլոր ծախսերը՝ գումարած այն շահույթը, որը ներկայացնում է վաճառողի ամբողջ վաճառքից ստացված շահույթը՝ նմանատիպ կամ նման դասի ապրանքների վաճառքից տվյալ ժամանակաշրջանում:

Հայտարարատուն կարող է ցույց տալ, որ գնորդի եւ վաճառողի միջեւ փոխկապակցությունը չի ազդել գնի վրա՝ հիմնավորելով, որ գործարքի գինը մոտ է հետեւյալ արժեքներից մեկին`»:

Հոդված 4. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«է) եթե փոխկապակցված կողմերի միջեւ գործարքի գնի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքը չի կարող ընդունվել սույն օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի համաձայն»:

Հոդված 5. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Որոշումների ընդունման համար հարցումները կատարվում են մինչեւ տվյալ ապրանքը վաճառքի հանելը եւ կարող են կատարվել նաեւ հետագայում: Որոշումները ուժի մեջ են մնում երեք տարվա ընթացքում, եթե փաստերն ու պայմանները, ներառյալ՝ ծագման կանոնները, որոնք առկա էին որոշումների ընդունման ժամանակ, էականորեն չեն փոփոխվել: Կողմերին նախապես տեղեկացնելու դեպքում որոշումներն ուժը կորցրած են ճանաչվում, եթե ընդունվում է հակառակ որոշում՝ սույն օրենսգրքի 169 հոդվածում նշված վերանայումից հետո: Որոշումները պետք է հրապարակվեն ըստ սույն օրենսգրքի 167 հոդվածի առաջին մասում սահմանված կարգի:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-448