ՕՐԵՆՔԸ
ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Վճռաբեկ դատարանը կազմված է՝
1) վճռաբեկ դատարանի նախագահից.
2) քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատից.
3) քրեական եւ զինվորական գործերով պալատից։
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է վճռաբեկ դատարանի պալատի նախագահից եւ պալատի հինգ դատավորից։
Հոդված 3. Մինչեւ 1998 թվականի հուլիսի 8-ը արդարադատության խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95 հոդվածի 3-րդ կետին համապատասխան եւ «Արդարադատության խորհրդի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների թեկնածությունները։
Հոդված 4. Մինչեւ 1998 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետին համապատասխան, նշանակում է վճռաբեկ դատարանի անդամներին՝ վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահներին եւ դատավորներին։
Հոդված 5. 1998 թվականի հուլիսի 10-ից վճռաբեկ դատարանը համարվում է կազմավորված եւ իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116 հոդվածի 10-րդ կետին համապատասխան, 1998 թվականի հուլիսի 10-ից դադարում են Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամների լիազորությունները։
Հոդված 6. Անցումային ժամանակաշրջանում վճռաբեկ դատարանի նախագահը՝
1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
2) հրավիրում եւ վարում է վճռաբեկ դատարանի լիագումար նիստը.
3) նշանակում է գործը լուծող վճռաբեկ դատարանի կազմը եւ նիստը նախագահողին.
4) դատավորին բացարկ հայտնելու կամ դատավորի ինքնաբացարկի դեպքում նշանակում է փոխարինող դատավոր.
5) իրականացնում է գործող օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի նախագահին վերապահված այլ լիազորություններ։
Հոդված 7. Անցումային ժամանակաշրջանում վճռաբեկ դատարանի պալատի նախագահը՝
1) հրավիրում եւ վարում է պալատի նիստերը.
2) վճռաբեկ դատարանի նախագահի բացակայության դեպքում՝ վերջինիս հանձնարարությամբ, ժամանակավորապես իրականացնում է նրա լիազորությունները։
Հոդված 8. Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվանից Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի քաղաքացիական գործերով դատական կոլեգիայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը՝ երեք դատավորի կազմով։
Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվանից Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի եւ զինվորական գործերով դատական կոլեգիայի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը՝ երեք դատավորի կազմով։
Հոդված 9. Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվանից Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի նախագահության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը՝ երեք դատավորի կազմով։
Տվյալ գործով չեն կարող մասնակցել վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի այն անդամները, որոնք նախկինում մասնակցել են այդ գործի քննությանը։
Հոդված 10. Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվանից Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի նախագահության՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը՝ երեք դատավորի կազմով։
Տվյալ գործով չեն կարող մասնակցել վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի այն անդամները, որոնք նախկինում մասնակցել են այդ գործի քննությանը։
Հոդված 11 . Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվանից Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի պլենումի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված լիազորություններն իրականացնում է վճռաբեկ դատարանի լիագումար նիստը։
Վճռաբեկ դատարանի լիագումար նիստին մասնակցում են վճռաբեկ դատարանի նախագահը, պալատների նախագահները եւ վճռաբեկ դատարանի դատավորները։
Վճռաբեկ դատարանը լիագումար նիստի միջոցով հսկողության կարգով իրականացնում է գործերի քննությունը՝ վճռաբեկ դատարանի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի կազմով։
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական, քրեական եւ զինվորական գործերով կոլեգիաների՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն առաջին ատյանի կարգով իրենց վարույթ ընդունած գործերը, որոնցով մինչեւ հուլիսի 9-ը ներառյալ չի կայացվել դատավճիռ, վճիռ կամ այլ վերջնական որոշում, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի կողմից ուղարկվում են առաջին ատյանի դատարան, եւ գործի քննությունը վերսկսվում է։
Հոդված 13. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28 եւ 29 հոդվածները.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114 հոդվածը.
3) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 9 հոդվածի չորրորդ եւ հինգերորդ մասերը։
Հոդված 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1 հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Քաղաքացիական գործերի վարույթի կարգը Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով եւ «Դատաիրավական բարեփոխումների անցումային ժամանակաշրջանում վճռաբեկ դատարանի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։ Սույն օրենսգրքի եւ վերոհիշյալ օրենքի միջեւ հակասությունների դեպքում գործում էեն վերջինիս նորմերը։»:
Հոդված 15. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 1 հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերի վարույթի կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով եւ «Դատաիրավական բարեփոխումների անցումային ժամանակաշրջանում վճռաբեկ դատարանի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։ Սույն օրենսգրքի եւ վերոհիշյալ օրենքի միջեւ հակասությունների դեպքում գործում էեն վերջինիս նորմերը։»:
Հոդված 16. Վճռաբեկ դատարանի կազմավորումից հետո մեկշաբաթյա ժամկետում վճռաբեկ դատարանի նախագահն ստեղծում է լուծարային հանձնաժողով, որը վեցամսյա ժամկետում իրականացնում է գերագույն դատարանի լուծարման հետ կապված աշխատանքները։
Վճռաբեկ դատարանի կազմում չնշանակված՝ գերագույն դատարանի անդամների աշխատավարձը եւ օրենսդրությամբ սահմանված հավելավճարները պահպանվում են մինչեւ 1999 թվականի հունվարի 1-ը։
Հոդված 17. Վճռաբեկ դատարանն իր գործունեությունն իրականացնում է Երեւան քաղաքում, նախկին գերագույն դատարանի նստավայրում (Խորհրդարանի 6)։
Հոդված 18.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից եւ գործում է մինչեւ 1999 թվականի հունվարի 12-ը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
Երեւան
2 հուլիսի 1998 թ.
ՀՕ-225