Armenian     English  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.10.1998

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետով նախատեսված՝ կառավարության կազմավորման եւ հրաժարականի հետ կապված գործընթացները:

Հոդված 1. Կառավարության կազմավորումը

Կառավարությունը կազմավորում է Հանրապետության Նախագահը՝ կառավարության հրաժարականի դեպքում՝ քսանօրյա ժամկետում:

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության բոլոր անդամները:

Հոդված 2. Կառավարության հրաժարականը

Կառավարությունը հրաժարական է տալիս Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու, Հանրապետության Նախագահի կողմից վարչապետի հրաժարականն ընդունելու կամ վարչապետին ազատելու դեպքերում:

Հրաժարական տված կառավարության անդամները շարունակում են իրենց գործունեությունը մինչեւ իրենց պաշտոններում նոր նշանակումներ կատարվելը կամ նոր կառավարություն կազմավորվելը:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 նոյեմբերի 1998թ.
ՀՕ-256