Armenian   Russian    
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.02.2004

Հոդված 1. «Դատական  ակտերի հարկադիր կատարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ եկրորդ մասով.

«Սույն օրենքի  գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների, այդ թվում՝ անհատ  ձեռնարկատերերի,  իրավաբանական անձանց,  օտարերկրյա  պետությունների քաղաքացիների եւ  իրավաբանական  անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց,  ինչպես նաեւ սույն   օրենքի 7-րդ  հոդվածով նախատեսված  այլ սուբյեկտների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության  դատարանների վճիռներին եւ որոշումներին համապատասխան հանդես են  գալիս որպես կատարողական  վարույթի կողմեր:»։

Հոդված 2.   Օրենքի՝

1) 2-րդ հոդվածի 4-րդ կետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների եւ միջնորդ  դատարանների քաղաքացիական եւ տնտեսական գործերով  վճիռները եւ որոշումները, ինչպես նաեւ  քրեական  գործերով օտարերկրյա  դատարանների դատավճիռներն ու  որոշումները՝ վնասի  հատուցման եւ գույքային այլ  բռնագանձումների մասով.».

2) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5–րդ կետով.

«5) Հայաստանի  Հանրապետության  անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային  դատարանի, ինչպես նաեւ միջազգային արբիտրաժի կամ այլ  միջազգային միջնորդ դատարանի՝  քաղաքացիական եւ տնտեսական գործերով վճիռները եւ որոշումները։»։

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ   բովանդակությամբ 31–րդ հոդվածով.

«Հոդված 31.  Դատական  ակտերի հարկադիր կատարման  մասին  օրենսդրությունը

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից եւ իրավական այլ  ակտերից։

Դատական ակտերի հարկադիր կատարման հարցերով Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրերով կարգավորումներ նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են նաեւ այդ  պայմանագրերի նորմերը։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված  են այլ նորմեր, քան  նախատեսված են սույն  օրենքով, ապա կիրառվում են միջազգային  պայմանագրերի նորմերը։»։

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-3-րդ  մասերի  «անձն է,»  բառերից հետո  լրացնել «Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը» բառերը։

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21–րդ մասով.

 «21. Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությունը կատարողական  վարույթին  իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  օրենսգրքով սահմանված կարգով`  համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության կամ  համայնքի անունից հանդես եկող պետական կամ  տեղական  ինքնակառավարման  մարմինները, դրանց  պաշտոնատար անձինք,  ինչպես նաեւ  իրավաբանական անձինք եւ քաղաքացիները։

Օտարերկրյա պետությունը  կատարողական վարույթին  մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում այդ պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ  հյուպատոսական հիմնարկի միջոցով կամ  միջազգային  իրավունքի  նորմերով սահմանված  այլ ձեւով։»։

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ  4-րդ կետով.

«4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային  դատարանի  (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա։»։

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 3-4-րդ մասերով.
 
«3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա  պետության դատարանի  վճիռների եւ որոշումների  կատարման վերաբերյալ  կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը  Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիական  դատավարության  օրենսգրքով  սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ  օտարերկրյա  պետության  դատարանի  վճիռը եւ որոշումը  Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու  վերաբերյալ։
 Եթե կատարման  ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը՝  վնասի հատուցման կամ այլ գույքային  բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության  իրավասու դատարանը։

 4. Եթե Հայաստանի Հանրապետության  անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի  հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ  կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը՝ պահանջատիրոջ կամ  նրա լիազոր  ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային  դատարանը, իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր  է Հայաստանի Հանրապետության  համար։»։

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ  4-րդ մասով.

«4. Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրերով  նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության  միջնորդ դատարանի  վճիռների եւ որոշումների  կատարման վերաբերյալ  կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով որոշում է  կայացրել տվյալ օտարերկրյա պետության միջնորդ դատարանի վճիռը եւ որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետությունում ճանաչման ենթակա  միջազգային  արբիտրաժի կամ միջազգային միջնորդ այլ դատարանի  վճռի եւ որոշման  կատարման վերաբերյալ  կատարողական թերթը տալիս է այդ վճիռը եւ որոշումը Հայաստանի  Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության  վճռաբեկ դատարանը՝  պահանջատիրոջ կամ նրա լիազոր  ներկայացուցչի դիմումը  ներկայացնելուց հետո  անհապաղ։»։

Հոդված 9. Օրենքի 74-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 74. Դատական ակտերի կատարումն օտարերկրյա քաղաքացիների եւ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ

Հայաստանի Հանրապետության  տարածքում  օտարերկրյա  քաղաքացիների եւ  իրավաբանական  անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ  դատական ակտերը  հարկադիր  կատարելիս նրանց  վրա  տարածվում են սույն  օրենքի  դրույթները, եթե Հայաստանի   Հանրապետության   միջազգային  պայմանագրերով այլ  բան նախատեսված չէ։»։

Հոդված 10. Ուժը կորցած ճանաչել օրենքի 75-րդ հոդվածը։

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական  հրապարակման  հաջորդ  օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25.02.2004
ՀՕ-32