ՕՐԵՆՔԸ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
- Գլուխ 2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները եւ կոչումները
- Գլուխ 3. Ծառայության անցնելըհարկադիր կատարման ծառայությունում
- Գլուխ 4. Հարկադիր կատարողի ատեստավորումը եւ վերապատրաստումը
- Գլուխ 5. Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը
- Գլուխ 6. Հարկադիր կատարողների իրավունքները եւ պարտականությունները
- Գլուխ 7. Լիազորությունները` հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում
- Գլուխ 8. Հարկադիր կատարողի պաշտոնեակամ երաշխիքները եւ սահմանափակումները
- Գլուխ 9. Հարկադիր կատարողի ծառայության եւ հանգստի ժամանակը, արձակուրդը
- Գլուխ 10. Հարկադիր կատարողներին խրախուսելը, կարգապահական տույժի ենթարկելը
- Գլուխ 11.Հարկադիր կատարողին պաշտոնից ազատելը, ծառայությունը դադարեցնելը
- Գլուխ 12..Հարկադիր կատարման ծառայությունում ծառայության կամ պաշտոնում վերականգնումը
- Գլուխ 13.Այլ դրույթներ
- Գլուխ 14.Անցումային դրույթներ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում (այսուհետ` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) ծառայության հիմնական սկզբունքները, ծառայության անցնելու կարգը եւ պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
1. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ հարկադիր կատարման ծառայություն) ապահովում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը:
2. Հարկադիր կատարման ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
Հարկադիր կատարման ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:
3. Ծառայությունը հարկադիր կատարման ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
4. Հարկադիր կատարման ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում: Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքը եւ հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
5. Հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններից ելնելով` ծառայությունում կարող են աշխատանքի ընդունվել նաեւ քաղաքացիական ծառայողներ՝ քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 3. Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը
1. Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները
1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.
1) հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ՝
- հարկադիր կատարման ծառայության ղեկավար` Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող (այսուհետ՝ գլխավոր հարկադիր կատարող),
- հարկադիր կատարման ապահովման վարչության (այսուհետ՝ վարչություն) պետ,
- վարչության պետի տեղակալ.
2) հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններ՝
- վարչության բաժնի պետ,
- Երեւանի քաղաքային բաժնի պետ,
- մարզային բաժնի պետ,
- բաժնի պետի տեղակալ,
- բաժանմունքի պետ,
- գլխավոր խորհրդատու.
3) հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններ՝
- առաջատար խորհրդատու,
- առաջին կարգի խորհրդատու,
- ավագ հարկադիր կատարող,
- հարկադիր կատարող, տեսուչ:
2. Հարկադիր կատարման ծառայությունում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողները (բացառությամբ քաղաքացիական ծառայողների) համարվում են հարկադիր կատարողներ:
3. Գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 5. Հարկադիր կատարողների կոչումները
1. Հարկադիր կատարողներին շնորհվում են արդարադատության հատուկ կոչումներ (այսուհետ՝ կոչումներ), որոնք դասակարգվում են հետեւյալ խմբերի.
1) բարձրագույն խմբի կոչումներ՝
- արդարադատության գեներալ-լեյտենանտ,
- արդարադատության գեներալ-մայոր.
2) գլխավոր խմբի կոչումներ՝
- արդարադատության գնդապետ,
- արդարադատության փոխգնդապետ.
3) առաջատար խմբի կոչումներ՝
- արդարադատության մայոր,
- արդարադատության կապիտան,
- արդարադատության ավագ լեյտենանտ,
- արդարադատության լեյտենանտ:
2. Բարձրագույն խմբի կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Գլխավոր եւ առաջատար խմբերի կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:
6. Հարկադիր կատարողը եւ հարկադիր կատարման ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտվելու դեպքում կարող են զրկվել կոչումից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 6. Հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները
Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետեւյալ կոչումները.
խումբը |
ներքին եւ վերին սահմանները |
|
գլխավոր հարկադիր կատարող | գնդապետ - գեներալ-լեյտենանտ | |
բարձրագույն | հարկադիր կատարման ապահովման վարչության (այսուհետ՝ վարչություն) պետ | գնդապետ - գեներալ-մայոր |
վարչության պետի տեղակալ | գնդապետ - գեներալ-մայոր | |
վարչության բաժնի պետ | փոխգնդապետ - գնդապետ | |
Երեւանի քաղաքային բաժնի պետ | փոխգնդապետ - գնդապետ | |
գլխավոր | մարզային բաժնի պետ | փոխգնդապետ - գնդապետ |
բաժնի պետի տեղակալ | մայոր - փոխգնդապետ | |
բաժանմունքի պետ | մայոր - փոխգնդապետ | |
գլխավոր խորհրդատու | մայոր - փոխգնդապետ | |
առաջատար խորհրդատու | կապիտան մայոր | |
առաջին կարգի խորհրդատու | կապիտան մայոր | |
առաջատար | ավագ հարկադիր կատարող | կապիտան մայոր |
հարկադիր կատարող | լեյտենանտ կապիտան | |
տեսուչ | լեյտենանտ-ավագ լեյտենանտ |
Հոդված 7. Կոչումների շնորհման ժամկետները
1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները.
1) առաջատար խմբի կոչումներ՝
- արդարադատության լեյտենանտ կոչումով՝ 1 տարի,
- արդարադատության ավագ լեյտենանտ կոչումով՝ 2 տարի,
- արդարադատության կապիտան կոչումով՝ 3 տարի,
- արդարադատության մայոր կոչումով՝ 3 տարի.
2) գլխավոր խմբի կոչումներ՝
- արդարադատության փոխգնդապետ կոչումով՝ 4 տարի:
Արդարադատության գնդապետի եւ արդարադատության բարձրագույն խմբի կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:
2. Այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան կոչում:
3. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն օրենքով սահմանված կոչումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության դասային աստիճաններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկելը
1. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման մասին հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:
Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը հանվում է:
2. Սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 9. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները
1. Հարկադիր կատարման ծառայությունում, որպես հարկադիր կատարող, ծառայության կարող է անցնել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների եւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր մասնագիտական գիտելիքներով, գործնական եւ անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով ունակ է կատարելու հարկադիր կատարողի պարտականությունները` անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական եւ առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հարկադիր կատարման ծառայությունում որպես հարկադիր կատարող ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.
5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:
Հոդված 10. Հարկադիր կատարողի երդումը
1. Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձինք, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջեւ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով, տալիս են հետեւյալ բովանդակությամբ երդում.
«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ.
հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:
2. Հարկադիր կատարողը երդում տալիս է մեկ անգամ, անհատական կարգով՝ երդման տեքստն ընթերցելու միջոցով:
3. Հարկադիր կատարողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում
1. Հարկադիր կատարման ծառայությունը ղեկավարում է գլխավոր հարկադիր կատարողը, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մյուս պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ:
3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը՝ քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին եւ իրավական այլ ակտերին համապատասխան:
Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները
1. Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, ով մինչեւ նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ վերջին երեք տարին գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:
2. Վարչության պետ կամ վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, ով նշանակման պահին զբաղեցնում է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ մինչեւ նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:
3. Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբում պաշտոնի կարող է նշանակվել նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում կամ պետական այլ մարմնում՝ սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված պաշտոններին համապատասխանող խմբում պաշտոն զբաղեցնող եւ զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացին:
4. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոններում, բացառությամբ հարկադիր կատարողի եւ տեսուչի պաշտոնների, կարող են նշանակվել այն հարկադիր կատարողները, ովքեր ունեն տվյալ պաշտոնի համար՝ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված նվազագույն կոչումից ոչ ցածր կոչում:
5. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոններում առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում՝ թափուր պաշտոնի համար նախատեսված նվազագույն կոչումով առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
6. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի կարող են նշանակվել սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվող կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
7. Պաշտոնի նշանակվողներին շնորհվում է նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին (որակավորման դաս) համապատասխանող արդարադատության կոչում: Զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան (որակավորման դաս) չունեցող, ինչպես նաեւ տվյալ պաշտոնի համար սահմանված նվազագույն կոչումից ցածր կոչում ունենցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելուց 3 ամիս հետո շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված նվազագույն կոչումը:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 13. Հարկադիր կատարողի ատեստավորման կարգը եւ պայմանները
1. Յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
2. Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
3. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր հարկադիր կատարողի պատճառաբանված որոշման հիման վրա կամ հարկադիր կատարողի ցանկությամբ:
5. Ատեստավորումն անցկացվում է հարկադիր կատարողի անմիջական մասնակցությամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն՝
1) հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.
2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
3) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
4) սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:
Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
7. Ատեստավորման ենթակա հարկադիր կատարողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկադիր կատարողի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկադիր կատարողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հարկադիր կատարողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:
Հարկադիր կատարողն ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հարկադիր կատարողի ատեստավորման արդյունքների վրա:
9. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում, ինչպես նաեւ ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
10. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից միայն մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.
3) կարող է ներկայացվել խրախուսման.
4) ատեստավորումը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով եւ առաջարկել՝ հարկադիր կատարողին գործուղելու վերապատրաստման.
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
11. Հարկադիր կատարողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին եւ բողոքարկելու դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո` ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:
12. Ատեստավորման հանձնաժողովը, ատեստավորման օրվանից մեկշաբաթյա ժամկետում, ատեստավորման արդյունքները եւ կայացված որոշումները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, որն ընդունում է համապատասխան որոշում:
13. Սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
Հարկադիր կատարողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա` ծառայության ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
14. Ատեստավորման արդյունքները պահվում են հարկադիր կատարողի անձնական գործում:
Հոդված 14. Հարկադիր կատարողի վերապատրաստումը եւ հատուկ ուսուցումը
1. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ:
2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում հարկադիր կատարողներն անցնում են եռամսյա վերապատրաստում:
3. Հատուկ ուսուցում անցնելուց հետո հարկադիր կատարողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու եւ գործադրելու (կիրառել) հրազեն եւ օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:
4. Վերապատրաստում եւ հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ
Հոդված 15. Հարկադիր կատարողին նրա համաձայնությամբ այլ պաշտոնի փոխադրելը
Հարկադիր կատարողը կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի եւ (կամ) ծառայության այլ վայր՝ իր դիմումի համաձայն, տվյալ պաշտոնում առնվազն 6 ամիս ծառայելուց հետո:
Հոդված 16. Հարկադիր կատարողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը
1. Հարկադիր կատարողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել՝
1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո.
2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում՝ ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.
3) ատեստավորման արդյունքում՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում:
2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն մեկ տարի առաջ:
Հոդված 17. Այլ պաշտոնի փոխադրելը
Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն եւ գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, սույն օրենքով սահմանված կարգով, այլ պաշտոնի փոխադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ առաջատար խմբի ծառայողներին՝ գլխավոր հարկադիր կատարողը:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. Հարկադիր կատարողի իրավունքները
Հարկադիր կատարողի իրավունքներն են՝
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի բոլոր նյութերին՝ իր գործունեության գնահատականներին եւ այլ փաստաթղթերի ծանոթանալն ու բացատրություններ ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար` սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.
4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.
5) դրամական բավարարում ստանալը.
6) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.
7) իրավական պաշտպանությունը.
8) կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.
9) նշանակման եւ ատեստավորման արդյունքները բողոքարկելը.
10) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
Հարկադիր կատարողը կարող է ունենալ սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
Հոդված 19. Հարկադիր կատարողի պարտականությունները
1. Հարկադիր կատարողի պարտականություններն են՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը եւ հաշվետվություն ներկայացնելը.
4) վերադաս մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տրված հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.
5) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.
6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.
7) եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:
Հարկադիր կատարողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաեւ այլ արտականություններ:
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հոդված 20. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում, վերահսկում եւ մեթոդական ղեկավարում է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ:
Հոդված 21. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները
Գլխավոր հարկադիր կատարողը՝
1) ղեկավարում եւ վերահսկում է հարկադիր կատարման ծառայության գործունեությունը.
2) ապահովում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների, կարգադրությունների կատարումը.
3) հրապարակում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, հրահանգներ եւ կարգադրություններ.
4) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ծառայության կառուցվածքի վերաբերյալ.
5) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ հարկադիր կատարման ծառայության ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
6) քննում է հարկադիր կատարողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում է անօրինական որոշումները.
7) իրականացնում է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.
8) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է ծառայության դեպոզիտ հաշիվը.
9) սահմանում է մարզային (Երեւանի քաղաքային) բաժինների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը եւ ժամկետները.
10) կազմակերպում է ծառայողների մասնագիտական եւ հատուկ ուսուցումը.
11) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հարկադիր կատարման ծառայության ծառայողներին:
Գլխավոր հարկադիր կատարողն ունի նաեւ օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 22. Վարչության պետի լիազորությունները
Վարչության պետը՝
1) կազմակերպում եւ վերահսկում է վարչության գործունեությունը.
2) կազմակերպում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների եւ կարգադրությունների, ինչպես նաեւ գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, հրահանգների եւ կարգադրությունների կատարումը.
3) առաջարկություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին՝ հարկադիր կատարման ծառայության ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
4) քննում է հարկադիր կատարողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում է անօրինական որոշումները.
5) իր իրավասության սահմաններում տալիս է պարտադիր կատարման ենթակա ցուցումներ՝ իրազեկելով գլխավոր հարկադիր կատարողին.
6) կատարում է գլխավոր հարկադիր կատարողի ցուցումները եւ հանձնարարությունները:
Հոդված 23. Մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի պետի լիազորությունները
Մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի պետը՝
1) կազմակերպում եւ վերահսկում է բաժնի աշխատանքները.
2) գլխավոր հարկադիր կատարողի սահմանած կարգով եւ ժամկետներում ներկայացնում է հաշվետվություններ.
3) իրականացնում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների եւ կարգադրությունների, գլխավոր հարկադիր կատարողի հրահանգների եւ կարգադրությունների, ինչպես նաեւ վարչության պետի ցուցումների ու հանձնարարությունների կատարումը.
4) լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ նրան հայտնված բացարկի հարցը.
5) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարողի գործողությունների դեմ բերված բողոքները, վերացնում անօրինական որոշումները` այդ մասին իրազեկելով գլխավոր հարկադիր կատարողին կամ վարչության պետին.
6) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է բաժնի դեպոզիտ հաշիվը:
Հոդված 24. Հարկադիր կատարողների իրավունքները եւ պարտականությունները դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում
1. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը`
1) միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի ժամանակին, լրիվ եւ ճիշտ կատարման համար.
2) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) եւ նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու կատարողական վարույթի նյութերին, դրանցից անելու քաղվածքներ եւ ստանալու պատճեններ.
3) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները եւ միջնորդությունները, կայացնում է համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները եւ կարգը.
4) օրենքով սահմանված դեպքերում տուգանում է իր որոշումները չկատարած քաղաքացիներին եւ պաշտոնատար անձանց.
5) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում կարող է հայտնել ինքնաբացարկ:
2. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողն իրավունք ունի`
1) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալու անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ եւ գործին վերաբերող այլ նյութեր.
2) գործատուների մոտ ստուգելու նրանց մոտ աշխատող պարտապանների կողմից իրենց կատարողական թերթի կատարումը.
3) իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ) եւ քաղաքացիներին հանձնարարություններ տալ կոնկրետ կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով.
4) ընթերակաների ներկայությամբ սահմանված կարգով մուտք գործելու պարտապանի շենքը (բնակարան, պահեստ եւ այլ շինություններ), այնտեղ կատարելու զննումներ.
5) արգելանք դնելու գույքի վրա, առգրավելու գույքը, հանձնելու պահատվության եւ իրացնելու օրենքով սահմանված կարգով.
6) կատարողական թերթում նշված չափով արգելանք դնելու պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում եւ այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների եւ այլ արժեքների վրա.
7) գույքի փոխադրման համար օգտագործելու պարտատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ պարտատիրոջ հաշվին.
8) կատարողական թերթում նշված պահանջների պարզ չլինելու դեպքում դիմելու կատարողական թերթ տված դատարան` պարզաբանելու դրա կատարման կարգը.
9) օրենքով սահմանված կարգով հայտարարելու պարտապանի եւ (կամ) նրա գույքի հետախուզում` անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոստիկանության հետ.
10) կատարողական գործողությունների ընթացքում հրավիրելու քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց.
11) կատարելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործողություններ:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 25. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը
1. Յուրաքանչյուր հարկադիր կատարող ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման իրավունք:
2. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը կազմվում է՝
1) հիմնական աշխատավարձից՝ պաշտոնային դրույքաչափից, որը պայմանավորվում է հարկադիր ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով եւ ծառայողի՝ պետական կառավարման ոլորտում ունեցած աշխատանքային ստաժով: Պետական կառավարման ոլորտի ստաժում հաշվարկվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
2) լրացուցիչ աշխատավարձից՝ աշխատանքի հատուկ պայմանների եւ աշխարհագրական միջավայրի համար տրվող հավելավճարից.
3) կոչման համար տրվող հավելավճարից.
4) նյութական խրախուսման համար տրվող պարգեւատրումներից:
3. Հարկադիր կատարման ծառայության հիմնական աշխատավարձի համակարգը հետեւյալն է.
1) պաշտոնների համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ՝ նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչեւ առավելագույնը.
2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ, յուրաքանչյուր մակարդակում՝ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Պաշտոնային դրույքաչափերի համակարգը
աշխատավարձի մակարդակները |
հարկադիր կատարող | ավագ հարկադիր կատարող
առաջ. խորհրդատու |
գլխավոր
խորհրդատու |
բաժանմունքի պետ.
բաժնի պետի տեղա կալ |
մարզային
բաժնի պետ. Երեւանի
|
վարչ. բաժնի
պետ, վարչ. պետի տեղակալ |
ապահովման վարչության պետ | գլխավոր
հարկադիր կատարող |
||
հաշ
|
վառման | գործա
|
կիցը | |||||||
տարի |
||||||||||
տարի |
||||||||||
տարի |
||||||||||
տարի |
3) որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով.
4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան՝ տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
4. Բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին՝ 1.00 գործակցին, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով էլ հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:
5. Բազային պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բազային պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա համար սահմանվածից:
6. Լրացուցիչ աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Կոչման համար սահմանվում է հավելավճար՝ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, հետեւյալ չափերով.
դրույքաչափի նկատմամբ (տոկոսներով) |
|
գեներալ-լեյտենանտ | |
գեներալ-մայոր | |
գնդապետ | |
փոխգնդապետ | |
մայոր | |
կապիտան | |
ավագ լեյտենանտ | |
լեյտենանտ |
Հոդված 26. Նպաստները՝ հարկադիր կատարողի զոհվելու, հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում հարկադիր կատարողի ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաեւ հարկադիր կատարողին` նրա հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում, վճարվող նպաստի չափն ու վճարման կարգը սահմանվում է զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով:
Հոդված 27. Գույքային վնասի հատուցումը
1. Հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը, որը պայմանավորված է հարկադիր կատարողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:
2. Վնասի հատուցման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:
Հոդված 28. Հարկադիր կատարողի կողմից տրանսպորտից օգտվելը
Ծառայողական պարտականությունները կատարելիս հարկադիր կատարողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու պայմանները, ինչպես նաեւ անձնական տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու ծախսերի հատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 29. Հարկադիր կատարողի համազգեստը, վկայականը եւ կնիքը
1. Հարկադիր կատարողը ծառայողական պարտականությունները կատարելիս կրում է համազգեստ, որն ունի տարբերանշաններ եւ խորհրդանշան, որոնց նկարագրերը, ինչպես նաեւ դրանք կրելու եւ հատկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
2. Հարկադիր կատարողներին տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաեւ նրանց անվամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված եւ համարակալված անձնական կնիքներ:
Հոդված 30. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Հարկադիր կատարողն իրավունք չունի՝
1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.
2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
4) ստանալու հոնորար ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույք եւ ծառայողական տեղեկատվությունը.
6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
7) լինելու որեւէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական եւ նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ.
8) կազմակերպելու գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ մասնակցելու դրանց:
2. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հարկադիր կատարողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 10 եւ ավելի տոկոս բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Հարկադիր կատարողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:
3. Հարկադիր կատարողին արգելվում է համատեղ ծառայելու մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Հոդված 31. Հարկադիր կատարողի աշխատաժամանակի տեւողությունը
1. Հարկադիր կատարողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:
2. Հարկադիր կատարողն անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության:
3. Հարկադիր կատարողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տեւողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Հարկադիր կատարողի արտաժամյա ծառայության տեւողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով:
4. Արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը եւ ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 32. Հարկադիր կատարողի արձակուրդը
1. Հարկադիր կատարողին տրամադրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տեւողությունը կազմում է 28 օրացուցային օր:
2. Կին հարկադիր կատարողին տրամադրվում է նաեւ նախածննդյան եւ հետծննդյան, իսկ հարկադիր կատարողին՝ երեխային խնամելու արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3. Ամենամյա արձակուրդից հետկանչը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:
4. Տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը, հարկադիր կատարողի ցանկությամբ, կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ծառայության տասնմեկ ամիսը լրանալուց հետո:
6. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած հարկադիր կատարողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով՝ հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:
7. Հարկադիր կատարողներին ընտանեկան հանգամանքների բերմամբ եւ հարգելի այլ պատճառներով կարող է տրամադրվել մինչեւ 10 օր տեւողությամբ կարճատեւ արձակուրդ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում, եւ որի համար չի վճարվում:
8. Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն եւ գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին արձակուրդ տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ առաջատար խմբի ծառայողներին՝ գլխավոր հարկադիր կատարողը:
Հոդված 33. Ժամանակավոր անաշխատունակության դեպքում հարկադիր կատարողին ծառայությունից ազատելը
Ժամանակավոր անաշխատունակության դեպքում հարկադիր կատարողը առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապես ազատվել ծառայությունից, սակայն մեկ տարվա ընթացքում 4 ամսից ոչ ավելի ժամանակով:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ
Հոդված 34. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները գերազանց կատարելու համար հարկադիր կատարողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգեւատրում.
3) հուշանվերով պարգեւատրում.
4) արտահերթ կոչումի շնորհում:
2. Հարկադիր կատարողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:
4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ 1-2-րդ կետերով նախատեսված խրախուսանքները` նաեւ գլխավոր հարկադիր կատարողը:
Հոդված 35. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 3 ամիս ժամանակով.
4) պաշտոնի իջեցում կամ այլ պաշտոնի փոխադրում.
5) կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.
6) ծառայությունից ազատում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ 1-2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը` նաեւ գլխավոր հարկադիր կատարողը:
Հոդված 36. Կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգը
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին:
2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտումը կատարելու օրվանից:
4. Կարգապահական տույժի մասին հարկադիր կատարողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ եռօրյա ժամկետում:
5. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում հարկադիր կատարողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:
6. Կարգապահական տույժը կարող է հանվել նաեւ նշանակումից վեց ամիս հետո՝ մինչեւ մեկ տարին լրանալը, եթե հարկադիր կատարողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:
7. Հարկադիր կատարողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են մինչեւ քրեական գործի ավարտը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչեւ երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում:
Հոդված 37. Հարկադիր կատարողին հրամաններ տալու սահմանափակումները
1. Հարկադիր կատարողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ եւ կարգադրություններ), որոնք՝
1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին.
2) հրամաններ (հրահանգներ եւ կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:
2. Հարկադիր կատարողը, սույն հոդվածի 1-ին մասում նշված հրամաններ (հրահանգներ եւ կարգադրություններ) ստանալիս, պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
3. Ակնհայտ անօրինական հրամանը (հրահանգը եւ կարգադրությունը) չկատարելը հարկադիր կատարողին ազատում է հրամանը չկատարելու համար պատասխանատվությունից:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 38. Հարկադիր կատարման ծառայությունից ազատելը
1. Հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայությունից ազատվում է՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.
2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.
3) սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.
4) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հարկադիր կատարողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
5) ծառայությանը` հիվանդության պատճառով ոչ պիտանի լինելու դեպքում.
6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
7) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել են երկու եւ ավելի կարգապահական տույժեր, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.
8) սույն օրենքի 30-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.
9) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում.
10) դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
11) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում չորս ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված նախածննդյան եւ հետծննդյան արձակուրդը.
12) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում:
Հարկադիր կատարողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ:
Հոդված 39. Հարկադիր կատարման ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը
Հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է՝
1) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.
2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում՝ այլ պաշտոնի նշանակվելիս.
3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
4) ատեստավորման արդյունքների հիման վրա.
5) սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.
6) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Հոդված 40. Հարկադիր կատարման ծառայությունում տարիքային սահմանափակումները
1. Բարձրագույն խմբի հարկադիր կատարողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը:
Գլխավոր եւ առաջատար խմբերի հարկադիր կատարողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 55 տարեկանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, հարկադիր կատարողի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում հարկադիր կատարողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչեւ 5 տարի ժամկետով:
3. Հարկադիր կատարման ծառայությունից ազատումը, սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո՝ հաջորդ ամսվա 1-ին:
Հոդված 41. Հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները եւ կենսաթոշակի ապահովումը
Հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը եւ կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը սահմանվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 42. Ծառայությունում կամ պաշտոնում վերականգնելը
Այն հարկադիր ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, պաշտոնը կամ կոչումը իջեցված, ինչպես նաեւ ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչումի կամ պաշտոնում վերականգնման:
Հոդված 43. Վեճերի լուծման համար դիմելու կարգը եւ ժամկետները
Ծառայությունում փոխադրելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, ծառայությունից ազատման հետ չհամաձայնվելու դեպքում հարկադիր կատարողը կարող է բողոքարկել դա դատական կարգով` համապատասխան հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հոդված 44. Կոչման շնորհումը եւ ծառայության ժամկետի հաշվարկը ծառայությունում վերականգնելուց հետո
1. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված եւ հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում տոկոսային հավելավճարը հաշվարկելիս եւ կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաեւ անհիմն կամ անօրինական ազատումից մինչեւ վերականգնումն ընկած ժամանակահատվածը:
2. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրան չվճարված դրամական բավարարման չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:
Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչեւ վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, հատուցումը վճարվում է նրանց՝ ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի եւ ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջեւ եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 45. Քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի պահպանումը
Հարկադիր կատարողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան եւ իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի որեւէ խախտում:
Հոդված 46. Հարկադիր կատարողի պահանջների կատարման պարտադիր լինելը
1. Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար:
2. Հարկադիր կատարողի պահանջով նրան անվճար տրամադրվում են իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերն ու դրանց պատճենները:
3. Հարկադիր կատարողի պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 47. Ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելը
1. Հարկադիր կատարողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ` իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում:
2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ հարկադիր կատարողի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
Հոդված 48. Հրազեն գործադրելը
1. Հարկադիր կատարողն իրավունք ունի հրազեն գործադրելու`
1) իր վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրա կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգը.
2) հրազենի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձերը կանխելու համար:
2. Մինչեւ հրազեն գործադրելը դա պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:
3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ հարկադիր կատարողի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
4. Հարկադիր կատարողին հրազենով ապահովելու կարգը, հրազենի տեսակների եւ հատուկ միջոցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 49. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելու պայմաններն ու սահմանները
1. Հարկադիր կատարողը, սույն օրենքի 47-48-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում եւ կարգով, իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:
2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելիս հարկադիր կատարողը պարտավոր է`
1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում հարկադիր կատարողի կյանքի կամ առողջության համար.
2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին եւ աստիճանին համաչափ.
3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:
3. Հարկադիր կատարողը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին, դրանց գործադրման պահից քսանչորս ժամվա ընթացքում, գրավոր հաղորդում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի պետին, իսկ մարմնական վնասվածք կամ մահ պատճառելու դեպքում` նաեւ դատախազին:
4. Ֆիզիկական ուժը, հատուկ միջոցները եւ հրազենը` լիազորությունները գերազանցելով գործադրելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 50. Հարկադիր կատարողի պատասխանատվությունը, հսկողությունը նրա գործունեության նկատմամբ
1. Հարկադիր կատարողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով եւ (կամ) դատարան:
2. Հարկադիր կատարողն օրենքին համապատասխան պատասխանատվություն է կրում իր կատարած զանցանքների եւ այլ իրավախախտումների համար:
3. Հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
4. Հարկադիր կատարողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազությունը, իսկ հարկադիր կատարման միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացվում է վերադասության կամ դատական կարգով: Հարկադիր կատարողի կողմից կիրառվող հարկադրանքի միջոցներն են՝
1) հրազենի գործադրումը.
2) ֆիզիկական ուժի կիրառումը.
3) հատուկ միջոցների կիրառումը:
Հրազեն եւ հատուկ միջոցներ հատկացնելու եւ պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 51. Հարկադիր կատարման ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող քաղաքացիները
Հարկադիր կատարման ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք ծառայողներ չեն համարվում: Նրանց աշխատանքի է ընդունում գլխավոր հարկադիր կատարողը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 52. Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովումը
Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 53. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի հունիսի 3-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հոդված 54. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը
Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Հոդված 55. Հարկադիր կատարողների առաջին ատեստավորումը
Հարկադիր կատարողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո: Յուրաքանչյուր տարի ատեստավորվում է հարկադիր կատարողների մեկ երրորդը:
Հոդված 56. Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը
Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարկադիր կատարողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:
Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի եւ 39-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքերով հարկադիր կատարողին ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված եւ սահմանված կարգով չմարված կարգապահական տույժերը:
Հոդված 57. Նախկինում շնորհված կոչումները
1. Հարկադիր կատարման ծառայությունում ծառայողներին նախկինում շնորհված կոչումները եւ դասային աստիճանները, անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից, պահպանվում եւ համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:
Կոչում (դասային աստիճան) չունեցող ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ատեստավորման արդյունքում շնորհվում է զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված նվազագույն կոչում:
2. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, տրվում են քաղաքացիական ծառայողի համար սահմանված համապատասխան դասային աստիճաններ:
Հոդված 58. Վարձատրության նոր համակարգի ներդրումը
1. Վարձատրության նոր համակարգը ներդրվում է 2004 թվականի հունիսի 1-ից: Մինչեւ վարձատրության նոր համակարգի ներդրումը ծառայողների վարձատրությունը կատարվում է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման չափի նվազեցման:
3. Կոչում չունեցող հարկադիր կատարողին եւ նախկինում շնորհված կոչումներն ու դասային աստիճանները սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով չհամապատասխանեցված հարկադիր կատարողներին, մինչեւ համապատասխան կոչում շնորհելը, վճարվում է իրենց ունեցած դասային աստիճանի (կոչում) համար նախատեսված հավելավճար:
Հոդված 59. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը
Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16.03.2004
ՀՕ-40